Страницы

Sunday, 26 June 2022

Դպրոցական կյանք

Ծաղկեփունջ ու երախտիքի խոսքեր ծննդյան օրվա առթիվ

Ամստերդամի Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցը (Հիմնադրամի նախագահ` Վահան Ավագյան) բոլորում է իր գոյության ութերորդ տարին: Մինչ 2022 թվականի ուսումնական տարվա ավարտը սաներն ու ուսուցիչները կպատրաստվեին  Հունիսի 26-ի Կիրակի օրվա հաշվետու համերգ-հանդեսին` Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի կոլեկտիվը տոնական այլ առիթ ունեցավ:

Այս անգամ աշակերտները, համակուրսեցիներն ու ծնողները հավաքվել էին նշելու ուսուցչուհիներից մեկի` Անի Կանյանի  ծննդյան տարեդարձը։  Նա նախադպրոցական խմբի սաների հետ դպրոցի հիմնադրման օրվանից աշխատում է արդեն ութ տարի  և շատ գնահատելի գործ  է  կատարում: 

Դպրոցի կոլեկտիվը, ղեկավարությունը հայ համայնքի երիտասարդ սերնդին կրթելու գործում ունեցած աշխատանքի համար իր երախտիքը հայտնեց Անիին` շնորհավորեց  նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ,  մաղթելով`  առողջություն, երջանկություն եւ երկար տարիների ստեղծագործ աշխատանք:

Միանում ենք շնորհավորանքներին, իսկ դպրոցի կոլեկտիվին մաղթում արդյունավետ ու երկարամյա գործունեություն:


Հրաժեշտ ուսումնական տարվան




Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում»  միության Վան դպրոցը (տնօրեն Սվետա Աբրահամյան) ազդարարեց 2021 /2022 ուսումնական տարվա ավարտը։

Դպրոցի 3 խմբերից յուրաքանչյուրը ներկայացավ փոքրիկ բեմադրություններով։ Բացի այդ, նրանք երգեցին իրենց ուստարվա ծրագրի  շրջանակներում սովորած երգերը( երգի ուսուցչուհի՝ Թամարա Ստեփանյան)։

Դպրոցին հրաժեշտ տվեցին ու իրենց ավարտական վկայականները ստացան Մորիս Ասլանյանն ու Արիս Ստեփանյանը։ Նրանք խոստացան  պահպանել ու զարգացնել դպրոցում սովորած իրենց գիտելիքները, չմոռանալ մայրենի լեզուն։

Օրը լի էր նաև այլ ելույթներով։  Սաներին ուրախ արձակուրդ ճանապարհեցին պարի փոքրիկ խումբը և  «Մեղեդի» երգչախումբը։

Բարի և հաճելի արձակուրդներ Վան դպրոցի մանկավարժներին (Անահիտ Բալայան, Նելլի Մկրտչյան, Սոնա Խաչատրյան, Թամարա Ստեփանյան, Սիլվա Համբարձումյան) սաներին ու նրանց ծնողներին։ 

Մինչ հանդիպում՝ սեպտեմբերի 4֊ին։




No comments:

Post a Comment