Ամստերդամի Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի կայքը` հետաքրքիր լուսանկարներ ու տեսաերիզներ է տեղադրել անցած կիրակի տեղի ունեցած դպրոցի սաների ուսումնական տարվա ավարտական հանդեսից:
Արդեն 8 տարի անընդմեջ կրթական այս օջախը` մեծ ջանասիրությամբ ու հայկական ոգով սերունդ է դաստիարակում:
Իրենց ուսուցիչների հետ լարված ու քրտնաջան, նախապատրաստական աշխատանքներից հետո, բոլոր խմբերի սաները` ծնողների, ընկերների, ընտանիքի անդամների, Տեր Հայր Տարոնի, «Նարեկացի» հիմնադրամի և Սուրբ Հոգի եկեղեցու խորհրդի անդամների ուշադիր հայացքների ներքո հանդես եկան գեղեցիկ թատերականացված, եզրափակիչ ներկայացմամբ:
Կատարված երգերին, արտահայտիչ ասմունքին, հուզական բանաստեղծություններին ու Արցախին նվիրված հմայիչ պարերին հաջորդում էին լեփ-լեցուն դահլիճի բուռն ու երկարատև ծափահարությունները։
Այդ օրը երեխաների ու դահլիճում ներկա գտնվողներին հատուկ տեսաուղերձով ողջունեցին Վատիկանից Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ` Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հայաստանից երգիչ` Արամոն, դերասան` Լուիզա Ղամբարյանը, լրագրող, հաղորդավար, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը և այլոք: Միջոցառումը դեռ երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ. մնաս բարով` 2021-22 ուսումնական տարի: Նոր` 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկը կտրվի սեպտեմբերի 11-ին։ Մինչ նոր ուսումնական տարի:
Ավելի շատ լուսանկարներ ու տեսաերիզներ դիտելու համար այցելեք Ամստերդամի Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի կայք-էջ
No comments:
Post a Comment