The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 9 June 2022

Վրաերթի մեղավորը Գերմանիայի մայրաքաղաքում բնակվող 29-ամյա հայ է

 Բեռլինում առնվազն մեկ մարդու մահվան պատճառ դարձած զանգվածային վրաերթի մեղավորը Գերմանիայի մայրաքաղաքում բնակվող 29-ամյա հայ է` Գոռ անունով։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում գրել է Deutsche Welle-ի լրագրող Թոմ Սպարոուն։



Հայազգի վարորդը ձերբակալվել է հարձակումից անմիջապես հետո։ Տեղեկությունը հաստատում է նաև գերմանական DPA գործակալությունը։ Ականատեսներն ասում են, որ նա ակնհայտ շփոթված ու մոլորված տեսք ուներ: « Կներեք, կներեք, ես դա չէի ուզում...»- ասել է նա: Երեխաներին ուղեկցող ուսուցիչը զոհվել է, կան տասնյակ վիրավորներ։
Գերմանացի իրավապահները առայժմ չեն հստակեցնում` արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, թե ահաբեկչական հարձակում։ Միջադեպը տեղի է ունեցել այն նույն վայրում, որտեղ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին «Իսլամական պետություն» խմբավորման աջակից, Թունիսի քաղաքացի Անիս Ամրին բեռնատարով վրաերթի էր ենթարկել Ծննդյան տոների առթիվ բացված փողոցային շուկայի այցելուներին։ Այդ հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, ևս 55-ը վիրավորվել էին։
Ոստիկանությունը մեքենայի մեջ հայտնաբերել է հակաթուրքական կոչերով գրություններ։
Միջադեպի կապակցությամբ ցավակցական հաղորդագրություն է արել Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամի Հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրինությունը, որտեղ ասված է.
«Հարգելի գործընկերներ, Կաուլբախի դպրոցի հարգելի աշակերտներ,
Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայկական կիրակնօրյա դպրոցի ողջ կազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անցյալ չորեքշաբթի Բեռլինում ձեր դպրոցի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ։ Ցավակցում ենք մահացած ուսուցչի ընտանիքին և մերձավորներին, մեր աղոթքներն ենք փոխանցում տուժած աշակերտներին` մաղթելով նրանց արագ ապաքինում: Ինչպիսի պատճառներ կամ շարժառիթներ էլ լինեն այս զազրելի արարքի հիմքում, միևնույնն է այն անընդունելի ու անհամատեղելի է մեր ժողովրդի նկարագրին ու մարդասիրական համոզմունքներին։ Չարը չի հաղթի.
Մենք ձեր կողքին ենք ու աղոթում ենք ձեզ համար»:
Grigor Narekatsi Zondagsschool

No comments:

Post a Comment