Страницы

Sunday, 6 March 2022

Սարիկ Սևադայի «Հայի հետքը Սփյուռքում» գրքի շնորհանդես Ալմելոյում

 

Երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սևադան  աշխատել է սփյուռքի նախարարությունում: Նախարարությունում, նաև «Հայերն այսօր» պարբերականում  աշխատած  ժամանակ  շփվել է բազմաթիվ սփյուռքահայերի հետ, նրա հոդվածների հերոսները պարզ ու շիտակ, հաճախ կյանքի դժվարին դպրոց անցած սփյուռքահայեր են, որոնցից շատերի  հետ Սարիկը ձևավորել է մտերմիկ  հարաբերություններ, ուսումնասիրել ու գրի է առել նրանց` հաճախ դժվարին կյանքից վերցրած  դրվագները: Դրանք այսօր արժեքավոր  հուշագրություն են դարձել: «Նիդերլանդական օրագրի» թղթակիցը Նիդերլանդներում հանդիպել է Սարիկ Սևադային և զրուցել նրա հետ:

Սարիկ, բարով եք եկել Նիդերլանդներ: Ընթերցողի սեղանին է «Հայի հետքը Սփյուռքում» նոր լույս տեսած գիրքը: Ինչպես ծնվեց գրքի գաղափարը: 

 Գրքի գաղափարը, եթե անկեղծ, միանգամից է ծնվել: Ես միշտ հետաքրքրված եմ եղել Սփյուռքով, սփյուռքաբնակ հայրենակիցներով, նրանց գործունեությամբ և հայապահպանության համար նրանց կատարած գործով: Այս ամենը առիթ հանդիսացավ, որ սկսեմ իմ նոր նախաձեռնությունը` հայրենանվեր հայերին համախմբել մի գրքում` «Հայի հետքը Սփյուռքում»: 

Հետք, որը պատմության դառը էջերից է առաջացել, բայց այսօր, այդ հետքը շատ է փոփոխությունների ենթարկվել: Այն ապրեցնող, շունչ տվող հետք է այսօր, կռիվ տվող, պայքարող հետք է...

 Ի՞նչ չափանիչներով եք ընտրել հերոսներին:

Հատուկ չափանիշներ չկան: Սփյուռքի նախարարութան աշխատանքային տարիներից սփյուռքաբնակ հայրենակիցների հետ ձևավորված ջերմ հարաբերությունները թույլ են տվել ճանաչելու այն հայրենանվեր հայերին, ովքեր իրենց գործով հայի հետք են թողնում, օտար շրջանակում ճանաչելի են դարձնում հայի լավագույն տեսակին:

 Ո՞վքեր են ձեր հերոսները:

Իմ հերոսները Սփյուռքում հայապահպան մարտիկներն են, ովքեր ամենօրյա պայքարի մեջ են` հայ մնալու համար: Ես, լինելով Հայաստանում ծնված-մեծացած, չեմ զգացել մի շարք նրբություններ սփյուռքաբնակ հայերի կենցաղավարման վերաբերյալ: Պետք է տեսնես այն, որոշ ժամանակ բնակվես որևէ օտար պետությունում, նոր ինքդ քո մեջ վերլուծես այն դժվարությունները, որոնք առկա են այսօր: 

Եթե անդրադառնամ հերոսներին, ապա շատ բազմապրոֆիլ պատկեր ենք ունենում, հիմնականում համայնքային, միութենական մարդիկ են, գործարարներ, մշակութային գործիչներ, ովքեր իրենց գործով և հայի տեսակով  հետք են թողել սփյուռքահայ իրականության մեջ:

Ձեր առաջին գրքի`  «Հայրենադարձի աչքերով» ժողովածուի շնորհանդեսը կայացել է դեռ 2020 թվականին, այն դրական արձագանք ունեցավ ոչ միայն Հայաստանում` նաև սփյուռքի հայության շրջանում:  «Հայի հետքը Սփյուռքում» գիրքը` երկրորդն է, որի  շնորհանդեսը  տեղի ունեցավ այստեղ` Նիդերլանդներում,  ինչու՞ հենց մեզ մոտ, կիսվեք խնդրեմ տպավորություններով: 

Այո, գրքիս շնորհանդեսի  կայացավ Նիդերլանդների  ամենից հայաշատ`  Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում: Հրավերը և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Դեն Բոսի «Կոմիտաս» համայնքի կողմից` ի դեմս համայնքի նախագահ տիկին Մարո Քառյանի, ով  նաև գրքիս հերոսներից մեկն է: Ուզում եմ առիթից օգտվել և իմ խորին շնորհակալությունը  հայտնել նրան, «Կոմիտաս» համայնքի անդամներին` «Սփյուռքը Հայաստանին լավագույնս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար» շնորհակալագրին արժեցնելու համար. այն ինձ համար շատ պարտավորեցնող է, և միաժամանակ շատ քաջալերող, քանի որ գնահատված ես զգում, քո աշխատանքը ստացված ես համարում, և դա ոչ թե արվում է այս կամ այն գրասենյակի կամ նախարարության կողմից, որոնց անդավաճան աշխատելաոճը միշտ մնում է նույնը` ուղղորդված, միջնորդավորված, այլ արվում է 100% արդար ու անկողմնակալ սկզբունքով, գործելաոճով և ամենակարևորը` Սփյուռքի կողմից:

«Հայի հետքը Սփյուռքում» գիրքը ի՞նչ տվեց ձեզ:

Տվեց էլ ավելի ինքնավստահություն, համարձակություն, ներքին կարողություն, որ կարող ես քեզ թույլ տալ մտնելու վտանգավոր մի դաշտ, որտեղ կան շատ անելիքներ, շատ զգույշ գործելաոճով առաջնորդվելու հմտություն: Ամեն մի նոր աշխատանք անելիս` ես ունեմ մի սկզբունք, որը նաև համարում եմ իմ կյանքի կարգախոսը` միշտ պետք է գերազանցես ինքդ քեզ... Երբեք չպետք է այնպես լինի, որ նոր աշխատանքդ որևէ իմաստով զիջի նախկինում արված աշխատանքին... դա հեշտ գործ չէ...

 Մոտակա ի՞նչ  ծրագրեր ունեք նախատեսած:

Մարտի 13-ին` կիրակի օրը, տեղի կունենա նույն գրքիս հաջորդ շնորհանդեսն այս անգամ Բելգիայում` Բրյուսելի «Հայ տանը»: Ապրիլին շնորհանդեսներ են  նախատեսվում Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում, որոնք մշակման փուլում են: Նաև ունեմ Սփյուռքի հետ կապված երկու նոր նախագիծ` բայց հիմա փակագծերը չբացեմ, քանի որ աշխատանքային փուլում են. ժամանակն ամեն բան տեսանելի կդարձնի...

Ձեզ հաջողություն և ստեղծագործական վերելք ենք  մաղթում` հետագա ձեր գործունեության ընթացքում:

Անչափ շնորհակալ եմ:



No comments:

Post a Comment