Հայաստանում ու նրա սահմաններից դուրս քչերը գիտեն Նիդերլանդացի կոմպոզիտոր Ալեքսանդր Կոմիտասին՝ մինչդեռ նա բավական հայտնի է հենց Նիդերլանդներում
Իրականում նա Էդուարդ դե Բուրն է՝ հոլանդացի կոմպոզիտոր ծնվ. 1957թ. հուլիսի 24-ին, երաժշտության մանկավարժ, դիրիժոր և դաշնակահար։ 1990թվականին նա ընդունեց Ալեքսանդր Կոմիտաս կեղծանունը և վարեց comitas.org անունով կայքը։
Դե Բուրը դաշնամուր է սովորել Թոմ Բոլենի մոտ Ուտրեխտի կոնսերվատորիայում, կոմպոզիցիա՝ Հանս Քոքսի մոտ, իսկ նվագախմբային դիրիժորություն Անտոն Կերշեսի մոտ՝ Մաստրիխտի կոնսերվատորիայում։ 1981-1990 թվականներին աշխատել է որպես անկախ դաշնակահար՝ հոլանդական ռադիոյի նվագախմբերում և երգչախմբերում, որից հետո նաև սկսեց ստեղծագործել։
Դե Բուրը կոմպոզիցիա է դասավանդել Ուտրեխտի կոնսերվատորիայում 1994 թվականից։ Նա նաև դասավանդում է փողային նվագախմբի ստեղծագործություն Աուգսբուրգի համալսարանի Լեոպոլդ Մոցարտի կենտրոնում։
2000 թվականի հուլիսին Սանկտ Պետերբուրգի Շերեմետևո պալատում իր ստեղծագործությամբ կայացավ ռեժիսորական դեբյուտը։
1981 թվականից ի վեր Դե Բուրը գրում է իր երաժշտությունը գրեթե բացառապես պատվերով: Նա նվագախմբային նախերգանք է ստեղծել Enschede երաժշտական կենտրոնի բացման կապակցությամբ (որը հետագայում վերամշակել է փողային նվագախմբի համար); Eindhoven Frits Philips երաժշտական կենտրոնի բացման սեզոնի համար նա գրել է «Լուսնի և արևի հարսանիքը» կանտատը, իր առաջին ջութակի կոնցերտը Թիլբուրգի համերգասրահի բացման համար։ 1991 թվականին Ռոտերդամում կայացած «Eureka» եվրոպական նախարարական համաժողովի կապակցությամբ հնչեց նրա Fantasy Overture Eureka! ստեղծագործությունը:
Դե Բուրը հետևյալն է գրել. «...Սկսեցի ուսումնասիրել ժողովրդական երաժշտության բոլոր տեսակները՝ ամբողջ աշխարհից: Այստեղ ես հանդիպեցի հայկական ժողովրդական երաժշտությանը և անմիջապես խանդավառվեցի դրանով: Այսպես իմացա հայ էթնոմերաժիշտ, կոմպոզիտոր Կոմիտասի մասին։ Հետագա տարիների ընթացքում ես մի շարք ստեղծագործություններ եմ ստեղծել, որտեղ ակնհայտ է հայկական, ընդ որում՝ կովկասյան երաժշտության ազդեցությունը...»
Փողային նվագախմբի համար Կոմիտասը մինչ այժմ գրել է երեք հայկական ռապսոդիա (թիվ 1-ը՝ փողային նվագախմբի համար, թիվ 2 և 3-ը՝ ֆանֆար նվագախմբի համար), 1995թ.-ին Հայկական ռապսոդիա թիվ 1-ը պարտադիր թեսթային ստեղծագործություն համարվեց փողային նվագախմբերի առաջին բաց առաջնության ժամանակ:
Ընդհանրապես նրա մի շարք ստեղծագործություններ, որոնք են A Night on Culbin Sands-ը , Հայկական ռապսոդիա թիվ 3-ը և ուրիշներ, տարբեր տարիների երաժշտական փառատոնների և մրցույթների համար դարձան պարտադիր թեսթային կատարման աշխատանք:
Դե Բուրը բացատրում է թե ինչ կա Ալեքսանդր Կոմիտաս կեղծանվան ետևում թաքնված. «Comitas-ը լատիներեն բառացի նշանակում է քաղաքավարություն, բարություն և այլն, Ինձ համար այն խորհրդանշում է երաժշտությունն ու այն կրող անձը: Միևնույն ժամանակ, և՛ Ալեքսանդրը, և՛ Կոմիտասը հարգանքի տուրք են երկու տղամարդկանց, որոնցով ես հիանում եմ՝ հոլանդացի դաշնակահար և կոմպոզիտոր Սաս (Էռնստ Ալեքսանդր) Բունգեի և հայ էթնոմերաժշտագետ և կոմպոզիտոր Կոմիտասի անուններով»:
Դե Բուրը գրում է նաև թե ինչու այլևս չի օգտագործում կեղծանունը.«Այն բանից հետո, երբ գրեցի երրորդ սիմֆոնիան՝ «Հարգանքի տուրք Կոմիտասին» վերնագրով, և երբ այն կատարվեց, աստիճանաբար հասկացա, որ իմ կեղծանունը ծառայել է իր նպատակին: Ի վերջո, ես դադարեցի օգտագործել այն՝ վերադառնալով այն անվանը, որով ծնվել եմ:»
Դե Բուրը մինչ օրս գրել է երեք օպերա, երեք սիմֆոնիա, երկու բալետ, երկու լարային քառյակ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնցից բազմաթիվ ստեղծագործություններ երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի և փողային նվագախմբի համար։ Այնուհանդերձ նրա ստեղծագործություններից շատերը գրվել են Ալեքսանդր Կոմիտաս կեղծանվամբ։
Կոմպոզիտորը 2017 թ. նոյեմբերին հյուրընկալվել է Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության կենտրոնում։ Հանդիպման ժամանակ նա պատմել է թե ինչպես է ծանոթացել հայկական երաժշտությանը ու թե ինչպես է նրան ոգեշնչել հայ կոմպոզիտոր Կոմիտասը, խոսել է իր Ալեքսանդր Կոմիտաս ծածկանունի մասին, հնչել են հատվածներ նրա երաժշտությունից։
Կազմեց՝ Hay Azian-ը (Նիդ.օրագիր)
No comments:
Post a Comment