«Նիդերլանդական օրագիրը» ավելի վաղ հայտնել էր, որ «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքը՝ ի դեմս նրա նախագահ, Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Անտոնովի, նամակ-դիմում էր հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինին, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ.Ի.Մատվիենկոյին, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վ.Վ.Վոլոդինին՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը չեղարկելու մասին։ Դիմումին կցվել էին 1921 թ. Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերի շրջանառվող տեքստերը, համապատասխան այլ փաստաթղթեր։
Սա Ռուսաստանի մի խումբ հայազգի և ռուս իսկական նվիրյալ հայրենասերների նախաձեռնության արդյունք է, որոնց մտահոգությունները Ռուսաստանի իշխող վերնախավին է նամակագրությամբ տեղյակ պահել` Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովը։
Պատասխանները չուշացան։ ՌԴ նախագահի աշխատակազմից, Դաշնության խորհրդից ու Պետդումայից ստացված արձագանքներից բացի ստացվել էր նաև ԱԳ նախարարության անունից` ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն Դ. Գոնչարի ստորագրությամբ պատասխան, որը հրապարակեց Կեմերովոյի համայնքային «Доброе утро» թերթը ((№ 4-6, 2021 (170-172))։
Ըստ երևույթին Կեմերովոյի հայ համայնքի բարձրացրած հայկական հարցը որոշակի հետաքրքրություն առաջ բերեց ռուսական իշխանության վերնախավում, քանի որ երեք գերատեսչություններին հասցեագրված նամակին բոլորն էլ պատասխանել էին, իսկ ԱՊՀ-ի կովկասյան երկրների գծով տնօրեն Դենիս Գոնչարն էլ նույնիսկ պարզաբանել էր այն։
Ավելին` նախագահի աշխատակազմից մատնացույց էին արել հարցը նաև իրավական ճանապարհով լուծելու ուղին:
Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ Գեորգի Անտոնովը` հետամուտ լինելով արդարության ձայնին, գտնում է, որ Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերի մասին ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի ուղարկած նամակի բացատրությունը անհամաչափ է , անտրամաբանական ու թերի և չի արտացոլում այդ տարիների իրականությանը, ավելին` մոլորության մեջ է գցում, խախտելով քաղաքացիների իշխանության պետական մարմիններից հավաստի տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը: Հենց այս հիմնավորմամբ «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքը՝ ի դեմս նրա նախագահ Գեորգի Անտոնովի, Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի շրջանային վարչական դատարանում հայցադիմում ներկայացրեց՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության։
Հայցատուն հանգամանորեն հիմնավորելով իր առարկությունները, դատարանից խնդրում է պահանջել պայմանագրի բնօրինակը, անօրինական ճանաչել պատասխանող կողմի գործողությունները, որն է՝ սխալ կամ ենթադրական հիմքերով, չհիմնավորված փաստեր տրամադրելը, խնդրեց և պարտավորեցրեց պատասխանող կողմին (ՌԴ ԱԳՆ) միջոցներ ձեռնարկել 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 13-ի Ղարսի պայմանագրերը չեղյալ համարելու ուղղությամբ։
Միանգամից ասենք, որ Ռուսաստանի շրջանային դատարանը հայցը մերժում է, իսկ բողոքարկումից հետո վերահսկիչ քաղաքային դատարանը այն պարզապես անփոփոխ է թողնում: Գործն այս տարվա երկրորդ կեսին հասնում է երկրորդ վերաքննիչ դատարան, որի մերժումից հետո հայցը կարող էր վիճարկվել Ռուսաստանի գերագույն դատարանում, այնուհետև միջազգային դատական ատյաններում: Այդպես չեղավ, քանի որ վերաքննիչ դատարանը երկու ստորին դատարանների որոշումը բեկանեց կրկին ուղարկելով այն շրջանային առաջին ատյանի դատարան` եղած խախտումներն ու թերությունները վերացնելու համար:
Շրջանային ատյանի դատարանի նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին:
Բոլոր դեպքերում հետաքրքիր զարգացումներն առջևում են, անկախ որոշումներից ու վերջնական արդյունքներից «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի վճռականությունն ու համառությունը գովեստի է արժանի, իսկ կատարած հսկայական աշխատանքը պարզապես խիզախություն է:Այս ֆոնին անհասկանալի պասիվություն է դրսևորել ու դրսևորում Ռուսաստանի Հայերի Միությունը (Союз Армян России)` հավանություն չտալով կեմերովցիների այս կեցվածքին: Ի սկզբանե նրանց որոշ ներկայացուցիչներ դեմ են եղել այսպիսի հայց դատարան ուղարկելուն: Այսօր նույնիսկ խոսակցություններ կան դատարաններից հայցը հետ վերցնելու, նույնիսկ անհայտ անձինք սպառնալիքներ են հնչեցնում Կեմերովոյի Ռուսաստանի մարզային բաժանմունքի ղեկավար Գեորգի Անտոնովի հասցեին:
Կարծիքներ կան, որ Ռուսաստանի Հայերի Միության անունից Կեմերովոյի մարզային բաժանմունքի ղեկավարն իրավունք չունի դատական հայցով հանդես գալու` այն դեպքում, երբ Ռուսաստանի Հայերի Միության Կեմերովոյի մարզային բաժանմունքն առանձին իրավաբանական կարգավիճակ ունի և իրավասու է ինքնուրույն որոշումներ կայացնելու: Հետաքրքիր է, որ այս ամենից փորձում են օգտվել հայցը դատարանում վիճարկողները:
Մեղմ ասած այս ամենը տարօրինակ է՝ օգնելու փոխարեն խանգարել:
Մեզ հաջողվեց Երևանում հանդիպել ու զրուցել «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ Գեորգի Անտոնովի հետ: Սա նաև սփյուռքի համաշխարհային գագաթնաժողովի անցկացման ընձեռված դրական կողմերից մեկն էր: Նա նվիրեց «Բարև Սիբիր» գրքույկը, որտեղ մանրամասը շարադրված էր հիշյալ դատական գործընթացի մասին (Այդ պատճառով հոդվածը շատ չենք ծանրաբեռնել): Նրա հետ նաև փոքրիկ հարցազրույց ունեցանք, որը ներկայացնում ենք:
Դրանից հետո Պարոն Անտոնովը ևս մի քանի հեռուստաընկերություններում եղավ ու հարցազրույցներ տվեց: Թեման` թե ինչպես իրավական ճանապարհով վիճարկել 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը:
Այս հարցազրույցները ևս ներկայացնում ենք ընթերցողին: Կարծում ենք փորձը հետաքրքիր կլինի Եվրոպական և այլ երկրների հայ համայնքների համար:
«Բարև Սիբիր» գրքույկի հղումն այստեղ
https://cloud.mail.ru/stock/74itsnwrkDzFRtvU7kYEkRLb
Այս հղումը (ռուսերեն) ներբեռնելու համար ուժի մեջ է մի քանի ամիս
No comments:
Post a Comment