Գուրգեն Միքայելյանին արդեն պատիվ ենք ունեցել ներկայացնելու «Նիդերլանդական օրագրի» էջերում, «Գրական Չորեքշաբթի» հանդեսում: Ներկայացնում ենք հեղինակի նոր բանաստեղծություններից
Գուրգեն Միքայելյան
Արդեն քանի դար է՝ կորցնում ենք մենք քեզ,
Մեր Հայաստան աշխարհ, մեր վիրավոր երազ։
Կորցնում ենք մենք քեզ, տալիս հորդաներին,
Ոհմակներին տալիս՝ ոսկի ավար որպես։
Պաշտպանում ենք մերթ քեզ վերջին շնչում անգամ,
Մերթ լքում ենք, թողնում ոսոխներիդ գերի։
Մի՞թե, մի՞թե իրոք անարժան ենք մենք քեզ,
Մեր Հայաստան երազ, մեր լուսավոր հրաշք։
Պատմությունը բնավ մեզ չդարձավ խրատ,
Եվ չդարձավ մեզ դաս պարտությունը երբեք։
Մենք ե՞րբ, մենք ե՞րբ այսպես թեթևամիտ դարձանք,
Մեր լուսեղեն ոստան, մեր դասագիրք-մատյան։
Ինչո՞ւ, ինչո՞ւ դարձի, ինչո՞ւ խելքի չեկանք,
Երբ թշնամին ինքն է պարտադրել դա մեզ։
Ինչո՞ւ թագդ հաճախ նյութապաշտն է դրել,
Գերադասել շահն իր, քեզ թիկունքից խփել։
Արդեն քանի դար է՝ կորցնում ենք մենք քեզ,
Սուր են հանում քո դեմ քանի՛ անգամ արդեն,
Բայց ես այսօր պիտի ոչ թե արցունք թափեմ,
Այլ որոտամ վրեժ, այլ արձակեմ շանթեր։
Այլ արձակեմ շանթեր մեր եղեգան փողից։
Այլ արձակեմ շանթեր նետից մեր եռաթև։
Այլ արձակեմ շանթեր հանուն քո մեծ վաղվա,
Հանուն քո մեծ փառքի, ապագայի լուսեղ։
Թող քո առջև խոնարհ՝ ներում հայցենք հիմա։
Թող քո առջև ծնկենք, բայց մի՛ ներիր դու մեզ։
Դու մեր փյունիկ խոցված, մեր մարմնեղեն երազ,
Մեր երկնատուր հրաշք, մեր Հայրենիք միակ։
* * *
Թե ճիշտ է իրավ,
Որ մենք ծնվում ենք միայն մեկ անգամ,
Ինչո՞ւ է հապա մեզ թվում հաճախ,
Թե միջնադարյան վարպետների հետ
Կերտել ենք խաչքար․․․
Թե ճիշտ է իրավ,
Որ մենք ապրում ենք միայն մեկ անգամ,
Ինչո՞ւ է հապա
Մեզ ոսկեդարյան գրքերի բույրը
Այսքան հարազատ․․․
Թե սուտ է իրոք,
Որ աշխարհում այս կա վերածնունդ,
Ինչո՞ւ է հապա երբեմն թվում,
Թե մենք եղել ենք վարդանանց կռվում․․․
Այդ մե՞նք ենք անվերջ ծնվում ու մեռնում,
Թե՞ հիշողության գենն է ճամփորդում
Մեր երակներում,
Ի՞նչ տարբերություն․․․
ՆԱԽԱՆՁԸ
Ես ունեմ իմ մեջ ահարկու մի ուժ՝
Սոսկալի դաժան, սարսափելի սև։
Ծնունդ եմ տալիս ես ամեն չարի։
Դիմակ եմ դնում հաճախ պարկեշտի։
Հաճախ թաքնվում,
Փոխում եմ հաճախ ոչ միայն երես,
Այլ նաև աստառ։
Փոխում եմ գույներ, անգամ՝ կերպարանք։
Իսկ երբ բացում եմ դեմքս իրական՝
Առանց ամոթի ու լկտիաբար։
Խայթում եմ, խոցում ես թաքստոցից։
Ես եմ բորբոքում չար սրտի քուրան։
Ես՝ կործանիչ թույն, ես՝ անողոք ուժ,
Ես դև եմ մի նենգ՝ ժանտ ու ոխակալ։
ԱՆՏԵՍՈՒՄԸ
Թշնամին եմ ես մեկենասության։
Թույն կա մահաբեր կույր հայացքիս մեջ։
Խոցում եմ ոչ թե սրով ու խոսքով,
Այլ իմ լռությամբ ու գորշ հայացքով։
Շուրջս սփռում եմ անարդարություն։
Մոռացության պաղ զնդանն եմ նետում,
Ում որ կամենամ։
Բերում եմ ծնկի, դարձնում եմ ոչինչ,
Զրկում եմ օդից։
Ինձանի՛ց է, որ
Ահ ու սարսափ է զգում ամեն ոք,
Ամեն շնորհյալ և ամեն տաղանդ։
Այդ ես եմ, այո՛, մահը արվեստում։
Ես՝ մեծ թշնամիս ազնիվ-արդարի։
Ես՝ դաժան մի ուժ անտեսանելի։
ՓԱԿ ՇՐՋԱՆ
Բախտն իրեն ո՞ր մի ժայռից նետի ցած,
Եթե խելքն է ծուռ․․․
Խելքն էլ ո՛ր քարին գլուխը իր տա,
Երբ հաճախ բախտի ոչ միայն հոգին,
Այլև խիղճն է կույր․․․
* * *
Զգուշացիր միշտ մեծ-մեծ խոսքերից,
Ասեղդ երբեք մի՛ կարծիր գերան,
Թե չէ ուրիշի գերանն էլ եթե առջևդ դնեն,
Ասեղ կթվա։
Սնամեջ գլխից միշտ զգուշացիր,
Մեծամտության ախտից սանձարձակ։
Առավել ևս՝ գլխից այն տկար,
Որը լեցուն է սնապարծությամբ։
Զգուշացիր միշտ շինծու մեծերից,
Դատարկ հավատից և հոգուց դատարկ,
Առավել ևս՝
Տաղանդավորից՝ հեզ ու հպատակ։
Եվ նախանձ սրտից,
Դավադիր սրտից միշտ զգուշացիր,
Առավել ևս,
Առավել ևս,
Եթե․․․ քոնն է դա։
ԱՐՎԵՍՏԻ ՀՐԱՇՔԸ
Տառ է սովորական,
Բառ է սովորական,
Քառատող է կամ տուն
Եվ կամ արձակ մի էջ․․․
Հեղինակը նրանց
Վաղուց, վաղուց չկա,
Եվ հոգին էլ նրա
Արդյոք ո՞ւր է հիմա,
Աստված գիտի միայն․․․
Գոյությունը նրա
Դու կարող ես անվերջ
Հաստատել ու մերժել,
Ընդունել ու հերքել,
Սակայն փորձիր ժխտել,
Որ իր հավերժական,
Անմահ ոգին չունի
Ամեն ճշմարիտ տաղ․․․
Թե կարող ես, հերքիր,
Որ անմահ չէ հոգին
Այն տողի ու տաղի,
Որոնց արարչական
Շունչ է տվել մի օր,
Մահկանացու հոգուց
Մի մասնիկ է տվել
Հեղինակը նրանց։
Հեղինակը, որը
Ինքը վաղուց չկա,
Եվ հոգին էլ ո՞ւր է,
Աստված գիտի միայն․․․
* * *
Սրտո՛վ է հարկավոր մտածել,
Եվ զգալ պետք է ուղեղով․․․
Պարադոքս է սա,
Բայց պարզ ու հստակ։
Չկա մինչև իսկ կարիք մեկնության․
Պարզապես հաճախ
Սրտո՛վ է հարկավոր մտածել,
Եվ զգալ պետք է ուղեղով․․․
* * *
Իմ անունն է Մարդ,
Եվ ես եմ այսպես մայր հողագնդին
Վեհորեն կանգնած։
Իմ սրտում հպարտ
Կան խորություններ տիեզերական։
Աչքերի մեջ իմ
Ոսկե աստղեր են շողում անհամար։
Հյուսիսափայլն է իմ գլխին պսակ,
Եվ ինձ թվում է, որ մինչև անգամ
Բյուր ուղեծրերում մոլորակների
Լարերն են երգում մեր տավիղների։
Իմ անունն է Մարդ․․․
Այդ ես եմ իմ պիրկ ուսերի վրա
Տարել քարե դար։
Եղեգան փողով
Խոսել եմ հողի ու երկնքի հետ։
Լոկ մուրճ ու սեպով
Հսկա ժայռերից կերտել եմ արվեստ։
Մի ոտքս՝ Երկրին,
Մյուսը արդեն Լուսնին եմ դրել
Եվ ցատկով մի մեծ
Ուր որ է արդեն Մարսին կհասնեմ։
Իմ անունն է Մարդ․․․
Ես եմ հնչյունից արարել նվագ,
Գույներից՝ նկար։
Քարանձավներն ու խրճիթները նեղ՝
Դարձրել երկնաքեր։
Նույնիսկ աննշմար նեյտրոններն այսօր
Շարժվում են լազուր հայացքիս ներքո․․․
Իմ անունն է Մարդ,
Եվ ես եմ այսպես կեցվածքով հպարտ
Մեր մոլորակին վեհորեն կանգնած։
* * *
Այդ օրն արևոտ՝ վարդեր չկային․
Կար բույրը նրանց,
Որ գարնան քամին բերում էր հեռվից՝
Պարտեզից ձեր տան,
Պատուհանից բաց․․․
Այդ օրը գարնան հորդ անձրև չկար․
Կար ցողը նրա՝
Իմ սրտից ձեր տուն կապած ծիածան․․․
Այդ օրը գարնան չկայիր և՛ դու․
Քո լույսը կար տաք,
Ներկայությունը կար քո բացակա․․․
Այդ օրը գարնան չկայիր ո՛չ դու,
Ո՛չ կային խոսքեր՝ ճչալու համար․
Օդի մեջ կար հույզ,
Լույսի մեջ՝ թրթիռ,
Սրտիս մեջ՝ արև։
Այդ օրը գարնան հեռու էիր դու․
Քո շուքն էր ներկա։
Սոխակն ինչ-որ տեղ երգում էր ուրախ,
Եվ ականջներիս ձայն կար մի չքնաղ․․․
Այդ օրը գարնան ներկա չէիր դու,
Բայց ես հասկացա, որ օրվանից այդ
Լինելու ես դու իմ շուրջն ամենուր՝
Բույրի մեջ վարդի,
Երգում սոխակի,
Շողում արևի․․․
Այդ օրը գարնան․․․
Անցել է վաղուց օրն այդ արևկա,
Բայց ամեն գարնան
Գալիս է հեռվից բույրը նրա տաք
Ձեր պատշգամբից,
Պարտեզից ձեր տան,
Պատուհանից բաց․․․
No comments:
Post a Comment