Страницы

Tuesday, 10 August 2021

Կողմնորոշվելու ժամանակն է

 Նիդերլանդական հեղինակավոր ThePostOnline կայքը հրապարակել է դեսպան Տիգրան Բալայանի «Կողմնորոշվելու ժամանակն է» խորագով խմբագրական հոդվածը



«Մենք չենք ցանկանում ինչ-որ մեկի կողմն անցնել»․ շատ եմ լսում այս արձագանքը, երբ եվրոպացի գործընկերներիս հետ զրուցում ենք Կովկասում խաղաղության և Ադրբեջանի բռնապետի ագրեսիվ և անհանդուրժելի գործողությունների կանգնեցմանն ուղղված Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի բանաձևերի իրականացման հարցում հավելյալ գործողությունների անհրաժեշտության մասին։

Թեև զրուցակիցներս ընդհանուր առմամբ համաձայնում են և հազվադեպ են վիճարկում փաստարկներս, նրանք պնդում են, որ կարևոր է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական լուծում գտնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ միաժամանակ աչք փակելով այն փաստի վրա, որ խուսափելով ինչ-որ մեկի կողմն անցնել, նրանք խոչընդոտում են Մինսկի խմբի համանախագահության ջանքերի արդյունավետությանը, ինչն ամենօրյա պարբերականությամբ խաթարվում է Ադրբեջանում իշխող ռեժիմի կողմից։

Զրույցների ընթացքում զգում ու հասկանում եմ, թե որքան հոգնած են զրուցակիցներս Հարավային Կովկասում տեղի ունեցող խառնաշփոթից և նոր բռնությունների մասին անընդհատ նախազգուշացումներից: Ես միայն չեմ կարող հասկանալ այն, որ մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերը Հարավային Կովկասում պակաս ուշադության է դարձվում, քան այլուր:

Ի վերջո, եթե մի կողմ դնենք նախորդ տարվա ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները, Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային պահանջները և մշտական սադրանքներն ու պարզապես կենտրոնանանք Ալիևի ռեժիմի կողմից բուն Ադրբեջանում իրականացվող գործողությունների վրա, ցանկացած դիտորդ կարող է եզրակացնել, որ Իլհամ Ալիևն իր «կոռուպցիան արտահանելու», եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, ինչպես նաև արտերկրում իր ընդդիմադիրներին հետապնդելու և սպանելու (վերջերս Ստամբուլում և Թբիլիսիում անհայտ հանգամանքներում մահացել են երկու հայտնի ընդդիմադիր բլոգերներ) մարտավարությունը նորություն չէ Արևմուտքի համար: Նա «գողացել է» բազմաթիվ ընտրություններ (2013թ. ընտրությունների արդյունքները հրապարակվել են քվեարկությունից մեկ օր առաջ), դաժանաբար ճնշել ընդդիմությանը և տարիներ շարունակ արհամարհել միջազգային կանոններն ու նորմերը: Եվրոպան աչք է փակել այդ ամենի վրա՝ փորձելով հանգստացնել, խնդրել, բանակցել և ձեռք մեկնել, սակայն ապարդյուն:

Ալիևների ընտանիքի՝ տասնամյակներ ձգվող բռնապետական կառավարման ընթացքում հազարավոր անմեղ ադրբեջանցի քաղաքացիներ են ձերբակալվել, խոշտանգվել և սպանվել` ընտրությունների կեղծման և երկրի ածխաջրածնային հարստությունը թալանելու և ահագնացող կոռուպցիայի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:

Այս տողերը գրելիս, որոնք կարող են դիտարկվել չափազանց ոչ դիվանագիտական ​​կամ էլ հուսահատության ճիչ, ես դեռ շարունակում եմ հավատալ արդարությանը և համոզված եմ, որ առկա սպառնալիքների լրջության թերագնահատումը միայն կվատթարացնի իրավիճակը: Եվ հիմա ինքս ինձ հարց եմ տալիս, թե որն է հիմնավորումը չկանգնելու՝

- միլիոնավոր հայերի և ադրբեջանցիների կողքին, ովքեր չեն ցանկանում պատերազմել միմյանց դեմ և ցանկանում են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ,

- Ադրբեջանական զնդաններում տանջվող հազարավոր քաղբանտարկյալների, ճնշված կամ դաժանաբար սպանված լրագրողների, ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, իրավապաշտպանների և բլոգերների կողքին;

- ադրբեջանական կալանավայրերում ապօրինաբար պահվող և խոշտանգումների ենթարկվող հարյուրավոր հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր զոհերի կողքին,

- տարածաշրջանում ապրող բնիկ ժողովրդի կողքին, որի դարավոր մշակութային հուշարձանները ոչնչացվում, պղծվում կամ փոփոխությունների են ենթարկվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրի կողմից։

Ալիևը դարձել է պատերազմ ու հակամարտություն խթանող, քաոս ու անկայունություն արտահանող: Ալիևի ռեժիմի ագրեսիվ պահվածքը դուրս է գալիս Հարավային Կովկասի սահմաններից՝ ազդելով հարևան երկրների վրա և սպառնալիք ներկայացնելով ողջ տարածաշրջանի համար:

Կողմնորոշվելու հարցում Եվրոպայի դժկամությունը քայքայում է եվրոպական արժեքների նկատմամբ հավատն ու հաշտության հույսերը, որոնք փայփայում են միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ:

Ցանկանում եմ եզրափակել այս տողերը Էլի Վիզելի խոսքերով, ով հիանալի կերպով ձևակերպել է. «Մենք միշտ պետք է կողմեր ​​ընտրենք: Չեզոքությունն օգնում է ճնշողին և ոչ երբեք զոհին: Լռությունը քաջալերում է տանջողին և ոչ երբեք տանջվողին: Երբ մարդկային կյանքերը վտանգված են, երբ մարդկային արժանապատվությունը վտանգված է, ազգային սահմաններն ու զգայունությունը դառնում են անկարևոր»:


Door:  , 16:56, 09 augustus 2021

No comments:

Post a Comment