Սիրված հաղորդավարուհի Սևան Քելեշյանը շարունակում է հանդես գալ նորանոր ու հետաքրքիր նախաձեռնություններով։ Եթե հիշում եք նա հեռուստատեսությամբ վարում էր հեղինակային «Ի՞նչ Կ՚ըսեմ, Ի՞նչ Կ՚ըսես» հաղորդաշարը, որը մեծ հաջողությամբ վեր էր հանում արեւմտահայերենի եւ արեւելահայերենի առկա լեզվային տարբերություններն ու նույն բառամթերքի հարուցած տարբեր ընկալումները։ Առօրյա խոսակցական լեզուն հանրությանը մատչելի դարձնելու համար հեղինակը մեկնաբանություններն ու բացատրությունները ներկայացնում էր բեմադրություններով, ապա պարզաբանումներ էին տալիս մասնագետները։ Այս ,,մանրուք,, թվացող հարցն արդիական դարձավ Հայաստանի անկախությունից հետո, երբ սերտացան Հայաստան-սփյուռք կապերը և հայության տարբեր հատվածների միջև հաճախակի շփումը։
Այս անգամ Սևան Քելեշյանը իր ասելիքը որոշել է ներկայացնել ֆիլմի լեզվով։ Շուտով տեղի կունենա նրա հեղինակած «Համեմունքով հայը» ֆիլմի ցուցադրությունը։
Տարբեր մշակույթ ունեցող տարածաշրջանային երկրներից ժամանած ու Հայաստանցի երիտասարդներ, ովքեր եկել են լեզվի հարցերով համաժողովի, խմբվել են խարույկի շուրջ ու որոշում են, որ յուրաքանչյուրը խոսի իր բարբառով։ Այստեղից էլ սկսվում է լեզվական զուարճալի անհասկացողութիւնները...
Ֆիլմում հետաքրքիր անակնկալներ կան։ Նկարահանվել են բոլորիս քաջածանոթ պոլսահայ երգչուհի Սիբիլը, ով նկարահանման համար հատուկ ժամանել էր Հայաստան, Ֆիլմի մեջ որպես դերասան հանդես է գալիս հեղինակային երգերի մրցույթների դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը, ով հատուկ այս ֆիլմի համար երգ է գրել, որն էլ հնչում է ֆիլմում։
«Համեմունքով հայը» ֆիլմը ներկայացնում է մեր հարուստ լեզուն, բարբառները ու դրանցով խոսող հայ մարդու տեսակը։
Ֆիլմի ստեղծումը հեղինակի կողմից ևս մեկ քայլ է հասկանալի դարձնելու, միավորելու լեզվամշակույթում առկա հարուստ բառապաշարի ընկալումները, դրանց կիրառելիության անսահման հնարավորությունները։
No comments:
Post a Comment