The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 3 May 2021

Գիրք ամենակարևորի մասին. Մարիաննա Հակոբյանի «Կասկադ. 6.15» վեպը



Գրական-մշակութային կյանքը Հայաստանում շարունակում է առաջխաղացում ունենալ. ակտիվացել են գրքերի տպագրությունն ու դրանց վաճառքը:  

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի շրջանակներում «Արմենպրես» լրատվական գործակալությունը հրապարակել է մարտ ամսվին ամենաշատը վաճառված գրքերի տասնյակը: «Կասկադ. 6.15» վեպը հայտնվել է լավագույն եռյակում:

«Նիդերլանդական Օրագրի» թղթակից Մարիամ Կիրակոսյանը, այս օրերին գտնվելով Երևանում, հանդիպել է «Կասկադ 6.15» գրքի հեղինակ, լրագրող, լրատվական մեկնաբան Մարիաննա Հակոբյանին և պարզել գրքի  հաջողության գաղտնիքը:  

«Կասկադ. 6.15»-ն ամենակարևորի մասին է. սիրո, վայելքի, սպասումի, երջանկության փնտրտուքի, հիասթափության, դավաճանության, գեղեցիկ կիսատության: Գիրքը սիրային եռանկյունու մասին է: Ամուսին-կին-սիրուհի, բայց ոչ սովորական, երեքն էլ խնդրին նայում են մի տեսանկյունից՝ Սիրո: Տարօրինակ է, բայց երեքն էլ սիրում ու հարգում են իրար ու ցավոտ, նվաստացուցիչ իրավիճակում անգամ չեն մեղադրում իրար, փորձում են գտնել՝ «ինչու» հարցի պատասխանը: Ինչու հասան այդ կետին, ովքեր էին, ինչ դարձան, ինչ էին երազում, ինչ' գտան: Հասկանալով, որ չկա կոնֆլիկտ չկա զարգացում՝ ամեն մեկն իր մեջ փնտրում է իրեն, հորինում ապրելու նոր իմաստ, ստեղծում նոր սպասում: «Ով եմ ես» հարցի պատասխանը նրանք չեն գտնում, որովհետև չեն ուզում ավարտվել, չեն ուզում սահմանափակել իրենց: Նրանք երազում են նույն բանի մասին՝ Հավերժության: Չկա մեղադրանք, չկա լաց, չկա նվնվոց, նրանք անբուժելի երազողներ են, որ հավաքում են գեղեցիկ պահեր ու մահը պատկերացնում են նույն կերպ՝գեղեցկությունից տրաքող սիրտ:
Գիրքը քաոսի ու կարգուկանոնի մասին է, հակասությունների, որ նույնն են ու փոխարինում են իրար: Խառն են, ծովի ալիքների պես մեկ առաջ են գալիս, մեկ հետ գնում, բռնում նույն ալիքը, հետո ընկնում տախտակից, ծովի ջուր կուլ տալիս: Չեն վախենում սիրել, սխալվել, ցավեցնել, երբեմն ծայրաստիճան անպտասախանատու են ու անտարբեր, նրանք մի բանից են վախենում՝ ձանձրույթից, կյանքն ուրիշի կանոններով ապրելուց:Խորհուրդ չի տրվում ընթերցել ոչ էսթետ մարդկանց: Գիրքը կարելի է ձեռք բերել հայաստանյան գրախանութներից, շուտով նաև' առցանց:

No comments:

Post a Comment