The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 23 March 2021

Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հարցազրույցը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը

 Ստորև ներկայացնում ենք Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցը


Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյան. «Մեզ` հայերիս անհրաժեշտ է երազանք և նոր ռազմավարություն»

 ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է հայերի հերոսության, ճգնաժամից դուրս գալու ելքերի և դրա համար անհրաժեշտ գործողությունների մասին։ 

«Նովոստի–Արմենիա». Գերաշնորհ Սրբազան հայր, նախորդ տարի ապրիլի 24–ի կապակցությամբ Ձեր ուղերձում Դուք ասացիք, որ Հայոց ցեղասպանության զոհերը թույլ տվեցին հայերին պահպանել իրենց ազգային ինքնությունն ու հավատը։ Վերջին պատերազմից հետո մեզ համար առավել քան կարևոր է հասկանալ` ո՞վ ենք մենք` որպես ազգ։ 

Խ. Պարսամյան. Այս հարցը կարելի է բաժանել երկու մասի։ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակները, բնականաբար, իրենք են որոշել պահպանել սեփական հավատը, ինքնությունը, ազգային գիտակցությունը և պատրաստ էին դրա համար զոհվել։ Եվ, ինչպես գիտեք, նրանցից շատերը զոհվեցին։ Մեր սուրբ նահատակները, գիտակցում էին, որ իրենց զոհողության գնով թույլ կտան, որպեսզի հայությունը պահպանվի։ 

Ինչպես ասում է Եղիշե պատմիչը (V դ․), խոսելով Սբ․Վարդանանց նահատակության մասին  «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»։ Մենք երախտապարտ ենք նրանց դրա համար։

Ամենակարևորն այն է, որ Աստված ստեղծել է մեզ ազատ և օժտել է տարբեր շնորհներով, բայց մենք ենք պատասխանատու սեփական որոշումների և դրանց հետևանքների համար։

Երբեմն, երբ մենք այս կամ այն քայլն ենք կատարում, որը մեզ տանում է սխալ ուղղությամբ, սկսում ենք դրանում մեղադրել ուրիշներին։ Բայց ինքնավստահ և իմաստուն մարդը ինչ–որ մեկին մեղադրելուց առաջ, նախ պետք է ինքնաքննություն անի, իր մեջ փնտրի այս կամ այն արարքի պատճառը։

«Նովոստի–Արմենիա». իսկ մենք ի՞նչ ճանապարհ ենք ընտրել` որպես ազգ։

Խ. Պարսամյան. Հայոց ցեղասպանության նահատակները նախընտրեցին զոհվել, որպեսզի հայության կյանքը շարունակվի։ Իհարկե, շատ վայրերում տեղի ունեցան նաև ինքնապաշտպանական կռիվներ և հերոսական դիմադրության դրվագներ, որոնց մասին առասպելներ են ծնվել։ Ի հեճուկս դժվարությունների, հայության կյանքը շարունակվում է։ Իսկ ձեր հարցի երկրորդ մասը` «Ո՞վ ենք մենք», դա այն է, ինչի մասին մենք միշտ պետք է հարցնենք մեզ։ Ինչպես ասել է Պողոս առաքյալը. «Քննեցեք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք»: (Բ. Կորնթ. 13:15) «Ո՞վ ենք մենք» հարցին մարդիկ կարող են տարբեր կերպ պատասխանել։

«Նովոստի–Արմենիա». լինելով հոգևոր հովիվ` Դուք ինչպե՞ս կպատասխանեք այդ հարցին։

Խ. Պարսամյան. 1971թ.–ից որպես հոգևորական ծառայելու ընթացքում` ես հանդիպել եմ շատ տարբեր հայերի տարբեր երկրներում։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր բացառիկ կերպարը։ Օրինակ պատմական Արևմտյան Հայաստանում, որը հիմա Թուրքիայի տարածքում է, կան հայկական գյուղեր, և դրանց բնակիչները պահպանել են իրենց ազգային ինքնությունը։ Նրանք չգիտեն հայերեն, երբեմն անգամ թուրքերեն, խոսում են միայն քրդերեն, սակայն պահպանում են իրենց հայ քրիստոնեական հավատքը և ազգային գիտակցությունը։ Ինչպես օրինակ, Սասնա սարերում պատսպարված և եղեռնը վերապրած սասունցիները, որոնցից մի մասը Թուրքիայում 1970-80-ականների ազգային և կրոնական ճնշումների սաստկացման ժամանակ լքեց իր պատմական հայրենիքը։ Երջանկահիշատակ Պոլսո Պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի աջակցությամբ նրանց մի մասը վերաբնակեցրեց Պոլսում։ Ավելի ուշ որոշ ընտանիքներ ցանկություն հայտնեցին տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում։

Յուրաքանչուր անձ ինքն է որոշում իր ով լինելը, իր էթնիկ պատկանելությունը։ Մեզանից ոչ ոք չի կարող վստահ լինել, որ ինքը «անխառն» հայ է։ Ճանաչում եմ ԱՄՆ–ում բնակվող ամերիկահայերի` խառը ամուսնություններից, ովքեր խոսում են միայն անգլերեն, բայց իրենց հայ են համարում, ակտիվորեն մասնակցում են համայնքային կյանքին և պատրաստ են օգտակար լինել Հայաստանին ներածին չափով։ Մինչ այդ, կան հայեր, ովքեր հիանալի տիրապետում են հայերենին, բայց միանգամայն անտարբեր են  հայության և Հայաստանի հանդեպ։ Այս ամենը խիստ անձնական է։ Եվ այստեղ պետք է շատ զգույշ լինել և խուսափել առաջին դեպքի մարդանց պիտակավորել որպես «օտարազգի», խոցելով նրանց հայ լինելու ինքնագիտակցումը։

Парсамян

«Նովոստի–Արմենիա». այսինքն  այն մարդիկ են հայ, ովքեր իրենց հա՞յ են համարում։

Խ. Պարսամյան. այո, բայց երեխաներին դաստիարակում են ծնողները։ Մենք, որպես ազգ, պետք է ստեղծենք ինքնատիպ ուղեցույց, թե ինչպես ենք ուզում նոր սերունդի մեջ զարգացնել հայկական ինքնությունը` հաշվի առնելով սփյուռքի առկայությունը։ Գիտենք, որ մոտ 10 մլն հայերից շուրջ 7 միլիոնը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Գիտակցելով այդ` պետք է մշակել ռազմավարություն՝ գալիք սերունդի հայեցի դաստիարակման, հայի նոր տիպարի ստեղծման համար՝ Հայաստանում և սփյուռքում տարբեր մոտեցումներ կիրառելով։ 

«Նովոստի–Արմենիա». պահպանե՞լ ենք, արդյոք,  մեր ինքնությունը դարերի ընթացքում։

Խ. Պարսամյան. դա մեր որոշումն էր, և մենք որոշեցինք պահպանել։ Ինձ համար հայկական ինքնության ամենագեղեցիկ դրսևորումներից մեկը Վարդանանց ոգու վեհությունն է, որը արտացոլում է մեր ազգային և հոգևոր գիտակցությունը։ Իսկ Ավարայրի ճակատամարտը (451թ.) հայ ժողովրդի քրիստոնեական ոգու անմահության խորհրդանիշն է։ Հայերը, հրաժարվելով ենթարկվել պարսիկներին և ընդունել զրադաշտականություն, միասնական պայքարում են ի պահ հայ հոգևոր և ազգային կյանքի շարունակության։ Վարդանանց ազատամարտի բոլոր նահատակները սրբադասված են Հայ Եկեղեցու կողմից։

Նոր ազգային հոգեկան կերտվածքի և հերոսական ոգու ձևավորման համար անհրաժեշտ նախապայման դարձավ այն աննախադեպ մշակութային վերելքը, որ բնորոշեց  հայոց պատմության «Ոսկե դարը» (V դար): Այդ նույն ոգով առաջնորդվելով որոշեցին շարունակել իրենց գոյությունը նաև Վարդանանց ժառանգորդները։ Իսկ մենք այսօր ի՞նչ ենք ուզում որոշել։

 «Նովոստի–Արմենիա». Դուք եղել եք հայկական եկեղեցու ներկայացուցիչը տարբեր երկրներում և շփվել եք աշխարհասփյուռ հայության հետ։ Կարելի՞ է խոսել հայության ամբողջականության մասին, թե՞ կենսապայմաններն ու միջավայրն անհաղթահարելի են դարձրել տարբերությունն ու առանձնահատկությունները տարբեր երկրներում բնակվող հայերի միջև։

Խ. Պարսամյան. ես ծնվել եմ պատմական Հայաստանի Արաբկիր համայնքում, մեծացել եմ Կոստանդնուպոլսում (1930թ.–ից` Ստամբուլ), որի հայկական վարժարաններում նախնական կրթություն ստանալուց հետո, ուսումս շարունակել եմ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգևոր ճեմարանում։ Այն ավարտելուց հետո ձեռնադրվել եմ հոգևորական, դառնալով Հայ Եկեղեցու սպասավոր։ Այնուհետ բարձրագույն ուսումը շարունակել եմ Եվրոպայի և ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում։  Շուրջ 35 տարի ծառայել եմ ԱՄՆ–ի Հայ Եկեղեցու թեմում։ Տարբեր երկրներում ականատես եմ եղել սփյուռքահայության եռանդուն կյանքին։ Ուշագրավ է, որ հայերն ուր էլ գնային, առաջինը եկեղեցի են կառուցում։ Սինգապուրում առաջին քրիստոնեական եկեղեցին հայկական է։ Ե′վ Չինաստանում, և′ Հնդկաստանում, և′ այլ երկրներում հայերը կառուցում էին եկեղեցիներ և կողքը` դպրոցներ։  Դա շատ անգամ զրկանքների, օր ու գիշեր աշխատելու գնով էր ձեռք բերվում։ Այդ եկեղեցիների եւ վարժարանների միջոցով էլ հայերը կարողացան սփյուռքում պահպանել իրենց հայությունը։ 

Парсамян

«Նովոստի–Արմենա». այսինքն արտասահմանում բնակվող հայերին միավորու՞մ են եկեղեցին ու դպրոցը։ 

Խ. Պարսամյան. հայ եկեղեցին, ուսումնական եւ ազգային հաստատությունները հնարավորինս պահպանում են հայկական կյանքի շարունակությունը։ Սփյուռքի ամեն համայնք ունի իր ինքնուրույն կերպարը։ Եվ դա լավ է։ Տարբեր երկրներում բնակվելու մեր փորձն ու բնիկների հոգեբանությանը հասկանալը կարող է մեզ օգտակար լինել։ Օրինակ, հանգուցյալ գործարար և ազգային մեծ բարերար Գևորգ Հովնանյանը, ում ես շատ լավ ճանաչում էի, ծնունդով Իրաքից էր։ Նա այնտեղ հաջողությունների էր հասել, բայց 1958 թվականին տեղի ունեցած հեղաշրջումից հետո տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ ստեղծել էր շինարարական ընկերություն։ Երբ խնդիրներ սկսվեցին Իրաքի հետ և 2002-ին ԱՄՆ-ի կոնգրեսը որոշում ընդունեց  զինված ուժեր օգտագործել այնտեղ, Հովնանյանը, լինելով ազդեցիկ հանրապետական, նախագահ Բուշին նամակ գրեց, զգուշացնելով հնարավոր բարդությունների մասին, քանի որ լավ էր ճանաչում Իրաքը։ Ու նրա կանխատեսումն արդարացվեց: Այն, որ հայերը բնակվում են տարբեր երկրներում և լավ ինտեգրված են հասարակության սոցիալական կառուցվածքում, նրանց թույլ է տվել ձեռք բերել համակեցության փորձ և տվյալ երկրի մասին խորը իմացություն: Իսկ դա կարող է օգտակար լինել ոչ միայն մեզ՝ հայերիս, այլ ամբողջ աշխարհին։ Մեր պատմության մեջ դրա բազմաթիվ օրինակներ կան։

«Նովոստի–Արմենիա». իսկ կարո՞ղ են այդ հայերն օգնել Հայաստանին այս ծանրագույն պատմական պահին, որը մենք հիմա ապրում ենք։

Խ. Պարսամյան. Անխոս։ Ես ականատես եմ, թե սփյուռքահայությունը ինչ ջանքեր է գործադրել եւ գործադրում իրենց հայրենակիցներին օգնելու համար։ Դրա վերջին օրինակը, Արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ցուցաբերած բացառիկ զորակցությունն է, որ արտահայտվեց բոլոր համայնքներում կազմակերպված հանրահավաքներով և հանգանակությամբ՝ ի օգուտ Համահայկական հիմնադրամին։ Ընդհանրապես, անկախությունից ի վեր`  Հայաստանին օգնության նախաձեռնությունները սփյուռքում նոր թափ են առել։

«Նովոստի–Արմենիա». ես ի նկատի չունեմ փողը։ Պատրա՞ստ են, արդյոք, նրանք վերադառնալ Հայաստան և կառուցել պետություն։

Խ. Պարսամյան. իհարկե։ Լավագույնը հրեական նախօրինակն է։ Իսրայելը սկզբում փոքր պետություն էր, բայց երբ այն սկսեց զարգանալ տնտեսության, քաղաքականության, մշակույթի ոլորտներում, տարբեր երկրներից` նախկին ԽՍՀՄ-ից, հեռավոր Եթովպիայից և անգամ ԱՄՆ–ից աճեց հրեաների ներգաղթը, որը շարունակվում է մինչ օրս։

Парсамян

«Նովոստի–Արմենիա». ավելի քան մեկ դար շարունակ հենց Ցեղասպանության փաստն է եղել աշխարհասփյուռ հայության կապող օղակը, շփման կետը։ Չե՞ք կարծում, որ դա նպաստել է զոհի բարդույթի զարգացմանը, ինչը հանգեցրեց պարտվողական տրամադրությունների։

Խ. Պարսամյան. ես բազմիցս ասել եմ և կկրկնեմ, որ մենք պետք է գտնենք զոհի հոգեբանությունից ազատվելու ուղիներ։ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ։ Դա դարձավ լավագույն առիթը, ըմբռնելու այդ նահատակության արժեքը եւ հզորությունը։ Զոհի հոգեբանությունը տկարացնում է թե՛ մարդուն թե՛ ազգին, կապում է ձեռքերը։ Մենք պետք է ազատվենք դրանից` որ թևեր ձեռք բերենք թռիչք առնելու համար։ 

«Նովոստի–Արմենիա». մենք պետք է մեզ ասենք, որ հերոս ազգ ենք, քանի որ դարերով կարողացել ենք պայքարել սեփական ինքնության համար։

Խ. Պարսամյան. իհարկե։ Վարդան Մամիկոնյանի հետնորդները հերոսներ են, քանի որ զոհվել են սեփական Հայրենիքի և հավատքի համար։ Նույնը արել են Հայոց ցեղասպանության զոհերը։ Նրանք կարող էին ընդունել այլ որոշում (ոմանք այդպես էլ արել են), բայց մնացին անպարտելի։ Նրանք ունեին խիզախություն և ուժ, որոնք մեզ անհրաժեշտ են։ Մենք պետք է չափավորենք Հայոց ցեղասպանության թեմայի շոշափումը երիտասարդ սերնդի դաստիարակության ընթացքում։ Բնականաբար, այն մեր պատմության մասն է, և մենք պետք է ջանքեր գործադրենք, արդարության հաստատման և նման անմարդկային ոճրագործությունների կանխարգելման համար։ Բայց մենք ունենք հազարամյակների հարուստ ու բացառիկ պատմություն, որով նրանք պիտի հպարտանան, այլ ոչ թե տառապեն զոհի բարդույթից։

«Նովոստի–Արմենիա». վերջիվերջո մենք կարողացանք այնպես անել, որ Թուրքիան չկարողանա հասնել հայությանը վերացնելու իր նպատակին։ Մենք կանք, մենք պահպանվել ենք։

Խ. Պարսամյան. իհարկե, և դա մեր որոշումն էր։

Парсамян

«Նովոստի–Արմենիա». մենք երկար ճանապարհ ենք անցել որպես ժողովուրդ, ով առաջինն է ընդունել քրիստոնեությունը` որպես պետական կրոն։ Վերջին տարիներին ճի՞շտ ենք զարգանում հոգևոր տեսակետից։

Խ. Պարսամյան. յուրաքանչյուր ժամանակ ընձեռում է որոշակի հնարավորություններ և ունի իր մարտահրավերները։ Մենք ասում ենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք։ Դա մեր ժողովրդի իմաստության արտահայտությունն է։ Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը դատապարտում և հալածում էր քրիստոնյաներին, մենք ընդունեցինք Քրիստոսի հավատքը, ուխտն ու ճշմարտությունը` որպես պետական գաղափար։ Հենց սրանում է մտքի սրությունն ու խորը գիտակցումը։ Սա մեր ժողովրդի բնավորության լավագույն դրսևորումն է։ Մեր ժողովուրդն արեց այդ քայլը ավելի քան 1700 տարի առաջ, ինչը դարձավ մեր ինքնության խարիսխը։ Այսօր ո՞ւզում ենք հավատարիմ մնալ այդ արմատներին, թե՞ նրանցից հեռանալ ։

«Նովոստի–Արմենիա». բայց մենք շարունակու՞մ ենք դավանել հիմնական քրիստոնեական արժեքները։

Խ. Պարսամյան. Ըստ ինձ, 19-րդ դարի վերջից սկսած Եվրոպայի աշխարհիկացման գործընթացը, ապա կոմունիստական գաղափարախոսությունը և արդի ժամանակաշրջանի համաշխարհայինացումը և «ազատ հասարակություն» գաղափարը հանգեցնում են նրան, որ մենք հեռանում ենք մեր ակունքներից։ Կարելի ընդօրինակել այն, ինչ նպաստում  է մեր ազգի առաջընթացին, բայց նկատի ունենալով մեր ազգային ինքնության առանձնահատկություննեըը։

«Նովոստի–Արմենիա». «Թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում հասարակության որոշ շրջանակներ սկսեցին հետապնդումներ իրականացնել եկեղեցու նկատմամբ։ Չե՞ք կարծում, որ դա քայքայում է ոչ միայն հոգևորականության, այլև պետականության հիմքերը, ինչը հղի է նորանոր կորուստներով։

Խ. Պարսամյան. Դարեր շարունակ եկեղեցի-պետություն համագործակցությամբ կարողացել ենք հաղթահարել ամեն դժվարություն և շարունակել մեր գոյությունը։ Պատմության տարբեր փուլերում հայ հոգևորականությունը և հայոց բանակը կարողացան միատեղ պաշտպանել հայ ինքնությունը։ Եվ այդպիսի օրինակները շատ են՝ վկայելու հոգևորականության և պետականություն համագործակցության դրական արդյունքների մասին։ Այսօր մենք պիտի որոշենք, թե կուզենք հավատարիմ մնալ այդ դաշինքին։

«Նովոստի–Արմենիա». հայ հոգևորականությունը միշտ մեծ դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Նրանք ոչ միայն հոգևոր արժեքների պահապահաններն էին, ուսուցիչներ, պատմաբաններ, այլև հաճախ զենքը ձեռքներին պայքարել են` պաշտպանելով հայրենի հողը։ Չե՞ք կարծում, որ տարիների ընթացքում նվազել է եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, և եկեղեցու ու հոգևոր համայքնի միջև չկա երկխոսություն։

Խ. Պարսամյան. եկեղեցին միայն հոգևորականը չէ։ Պողոս առաքյալն իր Կորնթացիներին ուղղված առաջին նամակում (Ա. Կորնթ. 12:12-27) շատ գեղեցիկ կերպով եկեղեցին համեմատում է մարմնի հետ, որի գլուխը Քրիստոսն է, իսկ բոլոր մկրտվածները՝ այլ մասերը։ Արդյոք կարո՞ղ եմ ասել, որ մատն ավելի կարևոր է ականջից։ Ամեն մեկն ունի իր ուրույն դերը։ Մարմնի մասերը ներդաշնակ հաղորդակցելով, մարմինը առողջ են պահում։ Եվ այդ կապը և համագործակցությունը եկեղեցու առողջ լինելու գրավականն է։ Այսօր օբեկտիվ կերպով պետք է քննել այդ կապը՝ հասկանալ որքանով է առկա։ Այդ համագործակցության լիարժեք իրականացումը օգուտ է համայն ազգին։

Парсамян

«Նովոստի–Արմենիա». այսինքն, մենք բոլորս մեղավո՞ր ենք։

Խ. Պարսամյան. Այստեղ մեղավորության հարց չէ։ Եթե ներկա ժամանակաշրջանում  առաջացել են եկեղեցու տարբեր անդամների միջև համագործակցության որոշ հարցեր, պետք է դրանց լուծելու միջոցներ ձեռնարկել։

«Նովոստի–Արմենիա». Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ` քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար։ Ձեր կարծիքով,  ինչպե՞ս կարող է լուծվել այս ճգնաժամը, ի՞նչ է պետք անել։

Խ. Պարսամյան. Յուրաքանչյուր հայ, անկախ քաղաքական պատկանելիությունից և բնակության վայրից, հասկանում է, որ ծանր ժամանակներ են, և իրավիճակը խճճված է։ Մենք պարտվեցինք պատերազմում, կորցրեցինք տարածքներ և ունեցանք զոհեր։ Բնականաբար, այդ ամենը հանգեցրել է հոգեբանական տրավմայի։ Մարդիկ զայրացած են, շփոթության մեջ են, հիասթափված են, միմյանց են մեղադրում։ Այդ պատճառով մենք պետք է կանգնենք և մի պահ խորհենք։ Պետք է վերագտնենք մեր  հավատքը և հույսը ապագայի հանդեպ։ Հավատքը և հույսը, անձը և ազգը մեզ կուղղորդեն դեպի հրաշագործություններ։ Ներկայումս, տարբեր երկրներում ինչպես նաև Հայաստանում կան համաշխարհային մակարդակի խելացի, գիտակ և հաջողակ հայեր, որոնց պետք է համախմբել Հայաստանի ու Արցախի շուրջ։ Կարծում եմ նման առաջարկ արվել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից։ Գրեթե նույնը առաջարկել է Հայաստանի նախագահը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես հանդես է եկել իշխանություններին ուղղված կոչով։ Բայց ցավոք դա դեռ հնարավոր չի եղել իրագործել։ Պետք է միասնաբար ստեղծել հստակ տեսլական, թե ինչպիսի Հայաստան և սփյուռք են ուզում։ Ընդհանուր համաձայնության գալուց հետո, կմշակվի ռազմավարություն՝ այդ տեսլականը իրականացնելու համար։ Նախկինում որոշակի օգտակար փորձեր եղել են այս աշխատանքի կազմակերպման, բայց շարունակություն չեն ունեցել։ Կրկին որպես օրինակ բերեմ հրեաներին։ Նրանք տարիներ առաջ մշակել էին հստակ տեսլական և ռազմավարություն դա իրականացնելու համար։ Ի մասնավորի` նրանք երազում էին վերադառնալ Երուսաղեմ․․․։ Մեր ազգի առաջնորդները պետք է համախմբվեն հիմա և հանդես գան այս իրավիճակի հանգուցալուծման լուծումներով և խոսքը բնավ ներքին քաղաքական, իշխանական հարցերի մասին չէ։ Վստահ եմ, որ միայն համախորհուրդ պետք է հաջողենք։

«Նովոստի–Արմենիա». երկու հազար տարի կրկնում էին` հաջորդ Ամանորը` Երուսաղեմում։

Խ. Պարսամյան. այո։ Հետևաբար, նրանց տեսլականը հստակ էր։ Սեփական ծրագրի հիման վրա նրանք հասան նպատակին։ Մենք էլ պետք է աշխատենք ծրագրով։ Վստահ եմ, որ այդ ժամանակ կհասնենք հաջողության։

«Նովոստի–Արմենիա». մեր գործակալությունները գործարկել են «Հայաստան. ապագա կա′» հատուկ նախագիծը, որի հիմնական նպատակն է գտնել ճգնաժամից դուրս գալու ուղիներն ու մարդկանց շրջանում սերմանել հավատ ապագայի նկատմամբ։ Եվ ես չեմ կարող չհարցնել` Դուք հավատու՞մ եք Հայաստանի ապագային, այն որ մեր երկիրը կրկին ոտքի կկանգնի և կկարողանա հաղթահարել աղետի հետևանքները։

Խ. Պարսամյան. իհարկե հավատում եմ։ Հակառակ դեպքում չէի շարունակի մնալ հայ հոգևորական։ Ոչ միայն հավատում եմ, այլև պատրաստ եմ օգնել իմ համեստ հնարավորությունների չափով, որպեսզի այդ ամենը հնարավոր դառնա։ Հավատքով, հույսով և սիրով կարելի է անցանկալի իրավիճակները բարելավել։ Կաղոթեմ, որ դա իրականանա

No comments:

Post a Comment