Страницы

Tuesday, 23 February 2021

Ծանոթացեք Նիդերլանդների խորհրդարանի ընտրություններին մասնակցող կուսակցություններին

Մարտի 17-ին Նիդերլանդները գնում է խորհրդարանական ընտրությունների

Նիդերլանդական քաղաքներից մեկում այսօրերին ընտրությունները գովազդող ցուցապաստառներից մեկը
Լուս` Նիդ.օրագրի

Met dit artikel presenteren we kort de Nederlandse politieke partijen van de huidige Tweede en Eerste Kamer, die zich kandidaat hebben gesteld voor de verkiezingen van 17 Maart, 2021. Hiermee hopen we de Armeense lezer een idee te geven met welke partij hij/zij zich kan identificeren. 


2021 թվականի մարտի 17-ին Նիդերլանդների Թագավորությունում (Ն.Թ.) տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 37 կուսակցություն, ինչը հետպատերազմյան ժամանակաընթացքի ռեկորդ է:

Covid-19 համաշխարհային համաճարակով պայմանավորված՝ ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ` քվեարկության ընթացքում առողջապահական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: 

Սույն հոդվածի միջոցով մեր նիդերլանդահայ ընկերներին ենք ներկայացնում ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած հիմնական կուսակցությունների մասին համառոտ հայերեն տեղեկատվություն, ինչը կօգնի կողմնորոշվել ու հասկանալ՝ որ կուսակցության գաղափարախոսությունն է իրեն ավելի հոգեհարազատ: 



Volkspartij voor Vrijheid en Democratie (VVD) 

Ազատություն և ժողովրդավարություն ժողովրդական լիբերալ կուսակցության (VVD) ղեկավարն է Մարկ Ռյութեն, ով 2010 թվականից ի վեր Ն.Թ. վարչապետն է: VVD-ի ծրագրում կարևորվում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչպես նաև բացառվում է պետության կողմից անձի իրավունքներին միջամտելը: Կառավարությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների անվտանգությունը: VVD կուսակցության ընտրությունների ծրագրում ընդգծվում է ուժեղ և ակտիվ կառավարության անհրաժեշտությունը՝ տնտեսություն ու հասարակությունն արդար ու առողջ պահելու համար: Կուսակցությունը խրախուսում է միջին ու փոքր բիզնեսները: VVD-ն առաջարկում է Նիդերլանդներում ապօրինի ներգաղթի քրեականացում, անհրաժեշտության դեպքում՝ միգրանտների արտաքսում: 




Partij Voor de Vrijheid (PVV)

Ազատություն կուսակցությունը (PVV) խորհրդարանական կուսակցություն է, որը հանդես է գալիս պահպանողական, ազատական (լիբերալ), «աջ» և «ձախ» դիրքերից: Կուսակցության ղեկավարը Խիրտ Վիլդերսն է: PVV-ը հիմնականում ընդդիմության մաս է կազմել (բացառությամբ 2010-2012 թվականների):  


PVV-ը մասնավորապես դեմ է «Հոլանդական հասարակության իսլամացմանը», ինչն, ըստ կուսակցության, արդեն իսկ սպառնում է երկրի անվտանգությանը: Կուսակցությունն իր առջ դնում է «Ազգային և Բրյուսելի էլիտայի» դեմ պայքարը, միգրացիայի, տնտեսության զարգացման և անվտանգության ոլորտների ամրապնդումը: Ն.Թ.-ը պետք է վերականգնի քաղաքական, մշակութային և տնտեսական անկախությունը:



Christen-Democratisch Appèl (CDA)

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDA) քրիստոնեական արժեհամակարգով գործող քաղաքական կուսակցություն է, որի ղեկավարն է ներկայիս ֆինանսների նախարար՝ Ոպկե Հուկստրան: 2012-2017 թվականներին ընդդիմադիր դաշտում գտնվելուց հետո, CDA-ն 2017թ.-ի հոկտեմբերից իշխանական կոալիցիայի մաս է կազմում : 

Կուսակցությունն ընդունում է Աստծո խոստումների, գործերի և պատվիրանների մասին աստվածաշնչյան վկայությունները՝ որպես մարդու, հասարակության և կառավարության որոշիչ գործոններ: Կառավարությունը Աստծո ծառան է: CDA-ի սկզբունքներում կարևոր է այն ելակետը, որ մարդը Աստծո կողմից ստեղծված աշխարհի կառավարիչն է: Բնությունն ու բնական միջավայրը պետք է հարգվեն և պաշտպանվեն մարդու կողմից:


Հիշեցում. CDA-ի մի քանի պատգամավորներ (Օմզիխտ, Վան Հելվերտ) խորհրդարանում Հայաստանին և Ղարաբաղին սատարող ակտիվ գործունեություն են ծավալել և՛ 2020-ի Ղարաբաղյան պատերազմի օրերին, և՛ հետպատերազմյան ժամանակաընթացքում: Վան Հելվերտն իր թեկնածությունն է առաջադրել գալիք ընտրություններում: 


Democraten 66 (D66)

«Դեմոկրատներ 66»-ը (D66) բարեփոխական (ռեֆորմստական) սոցիալ-ազատական (լիբերալ) կուսակցություն է: Կուսակցության նախագահն է Արտաքին Առևտրի և Զարգացման Համագործակցության ներկայիս նախարար` Սիխրիդ Կաախը: 

Որպես սոցիալական լիբերալիզմի մի մաս, D66-ը կենտրոնացած է ժողովրդավարության վրա: Բացի ժողովրդավարությունից, D66-ը կարևորում է  պրագմատիզմը: «D66-ը գործնական և արդյունքին ուղղված քաղաքականություն է վարում՝ հիմնվելով իր իդեալների վրա՝ առանց դոգմաների», - նշվում է կուսակցության հիմնական ծրագրում:


GroenLinks

GroenLinks-ը առաջադիմական «ձախ» կուսակցություն է, որը մեծ նշանակություն է տալիս կայունությանը: Կուսակցության ղեկավարն է Յեսսե Կլավերը: GroenLinks-ը հարում է «կանաչների» գաղափարախոսությանը: Կուսակցության նպատակներից մեկն է. «Կենսունակ միջավայր և էկոլոգիական հավասարակշռության վերականգնում՝ գիտակցելով, որ բնական ռեսուրսները անսպառ չեն»: Էկոլոգիապես մաքուր արտադրությունը պետք է խթանվի և զգալիորեն աճի:

Արդյունավետ բնապահպանական քաղաքականությունը պետք է ունենա սոցիալիստական հիմնավորում: Կանաչների քաղաքականությունը պահանջում է հարստության գլոբալ վերաբաշխում: Աղքատությունն ու գիտելիքների պակասը զարգացող երկրներում հանգեցնում են շրջակա միջավայրի ոչնչացմանը: 

Socialistische Partij (SP)

SP-ն սոցիալիստական, եվրասկեպտիկ կուսակցություն է: Կուսակցության ղեկավարն է Լիլիան Մարայնիսենը: Կուսակցության սոցիալիստական ​​բնավորությունը ակնհայտ է հիմնական ծրագրից: SP-ն ձգտում է ազգաբնակչության համար ապահովել հավասար հնարավորություններ: Հիմնական քաղաքական տեսակետերն են աշխատանքի, արժանապատիվ եկամտի կամ սոցիալական բավարար նպաստի, անվճար կրթության և առողջապահության ապահովման իրավունքները: 


Հիշեցում. SP պատգամավոր Սադեթ Կարաբուլութը նույնպես ակտիվորեն սատարել է Հայաստանին հուզող հարցերի քննարկման ապահովումը խորհրդարանում: 







Partij van de Arbeid (PvdA)

PvdA-ն լեյբորիստական ​​կուսակցություն է, որն ունի պրոգրեսիվ, սոցիալ-դեմոկրատական թեքում: Կուսակցության ղեկավարն է Լիլիաննե Պլումենը: Կուսակցությունը կարևորում է արժանապատիվ կյանքի և մարդու հասարակության մեջ լիարժեք մասնակցության իրավունքը: Կարևոր սկզբունքներ են նաև մարդու հավասար հնարավորությունների ապահովումը, եկամուտների արդարացի բաշխումն ու կայուն զարգացումը: Միջազգային համերաշխությունը և ժողովրդավարական ուժեղ Եվրոպան նույնպես կարևոր ելակետեր են: PvdA-ն կողմ է քաղաքական փախստականների ընդունմանը, սակայն դեմ է անսահմանափակ ներգաղթին: Ներգաղթյալները պետք է ինտեգրվեն՝ սեփական մշակույթի պահպանման իրավունքով:


ChristenUnie (CU)


ChristenUnie-ն քրիստոնեական կուսակցություն է, որն ունի առաջադեմ սոցիալական, էկոլոգիական և էթիկապես ավելի պահպանողական դիրքեր: Կուսակցության ղեկավարն է Խերտ-Յան Սեխերսը: Կուսակցությունը ճանաչում է Աստծո իշխանությունը քաղաքական կյանքի նկատմամբ: Կառավարությունը տրված է Աստծո կողմից և ծառայում է Նրան: ChristenUnie-ի քաղաքական համոզմունքն արմատավորված է Աստվածաշնչով: Կուսակցությունը ճանաչում է պետության և եկեղեցու տարանջատումը: Ըստ կուսակցության՝ կառավարությունը երաշխավորում է հոգևոր ազատությունը և հարգում եկեղեցու անկախությունը օրենսդրության և քաղաքականության մեջ: 


Հիշեցում. CU-ի պատգամավոր Յոել Վորդեվինդը նույնպես ակտիվորեն սատարել է Հայաստանին հուզող հարցերի քննարկման ապահովմանը՝ խորհրդարանում: 




Partij voor de Dieren (PvdD) 


PvdD-ն կենդանիների կուսակցություն է՝ էկոլոգիական հիմքով: Կուսակցության ներկայիս ղեկավարը Էսթեր Օուվեհանդն է: Կուսակցությունը կենդանիներին համարում է հասարակության մեջ անպաշտպան արարածներ և որպես նպատակ ունի կենդանիների բարեկեցությունը վերադարձնել քաղաքական օրակարգ: Կենդանիների կուսակցության սկզբունքն է. կենդանիները գիտակցված և զգացող էակներ են, ինչպես մարդիկ, հետևաբար, ուեն մարդու կողմից հարգալից վերաբերմունքի արժանանալու բարոյական իրավունք: Կենդանիների իրավունքները պետք է հիմնավոր ամրագրվեն օրենսդրությամբ: Կուսակցությունը դեմ է որսին:



50PLUS


50PLUS-ը քաղաքական կուսակցություն է, որը կենտրոնանում է հիմնականում 50-ից բարձր տարիքի մարդկանց շահերի պաշտպանման վրա: Ըստ կուսակցության՝ այս խումբը անբավարար է ներկայացված Նիդերլանդների քաղաքականությունում: Կուսակցության առաջնորդն է Նոբերտ Կլայնը: Որպես պատասխանատու, գիտակից անհատներ՝ տարեցներն արժանի են հասարակության մեջ լիարժեք   իրենց դերն ունենալ:

Բոլոր սերունդների շահերը պետք է ներկայացվեն հավասարակշռված: 50 տարեկանից բարձր մարդիկ ունեն բնակարանի, եկամտի, աշխատանքի, անվտանգության, խնամքի և կրթության իրավունք: Կուսակցությունը զբաղվում է բոլոր սոցիալական խնդիրներով՝ հիմնվելով անհատի ազատության, սոցիալական արդարության և սոցիալական պատասխանատվության իրավունքների վրա:



Staatkundig Gereformeerde Partij (SGP)


Բարեփոխված Քաղաքական Կուսակցությունը պահպանողական քրիստոնեական աջաթևյան կուսակցություն է: Հավատարիմ է աստվածաշնչյան չափանիշներին խստորեն համապատասխան քաղաքականություն վարելուն: Կուսակցության ղեկավարն է Կեյս վան դեր Ստայը: SGP-ը դեմ է եկեղեցական պետությանը կամ պետական ​​եկեղեցուն: Պետությունն ու եկեղեցին ունեն իրենց առանձին պատասխանատվությունները: Կուսակցությունը տարբերվում է մյուս քրիստոնեական կուսակցություններից նրանով, որ պետությունը պետք է խթանի քրիստոնեությունը, այլ ոչ թե այլ համոզմունքներ:


DENK

DENK-ը, բոլոր նիդերլանդցիների նկատմամբ հարգանքի վրա կենտրոնացող քաղաքական կուսակցություն է: Կուսակցության ներկայիս առաջնորդը Ֆարիդ Ազարքանն է: DENK-ը ձգտում է հանդուրժողականության և հավասարության՝ ժողովրդավարական սահմանադրական պետության շրջանակներում: Կուսակցությունը ցանկանում է փակել բացը քաղաքականության և քաղաքացիների միջև և խթանել միջազգային արդարությունը: DENK-ը բազմազանությունը տեսնում է որպես նիդերլանդական հասարակության շարժիչ ուժ:


Հիշեցում. կուսակցությունը դեմ է քվեարկել խորհրդարանում Հայաստանին և Արցախին սատարող բոլոր նախագծերին: 



Forum voor Democratie (FVD)

Ժողովրդավարության ֆորումը լիբերալ-պահպանողական կուսակցություն է, որը հաճախ դիտվում է որպես «աջ» ազգայնական: Կուսակցության ղեկավարն է Թիերի Բոդեն: Ծրագրում կարևորվում է ուղղակի ժողովրդավարության տարբեր ձևերի ներդրումը, ինչպիսիք են օրինակ հանրաքվեները: Կուսակցությունը դեմ է փակ վարչական մշակույթին:


Աշխեն Բակլաչյան 

Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում, փորձի՛ր ուժերդ, թղթակցիր «Նիդ.օրագրին»:

Dit artikel is geschreven in het kader van het EU-project “Solidarity corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en wordt ook vrijwilliger!


No comments:

Post a Comment