8.02.2021. Հոլանդացիները ձյան առատության ակնկալիքով սպասում էին կիրակի օրվան: Կանխատեսման համաձայն առատ ձյուն էր տեղալու՝ մինչև 25սմ, իսկ յուրաքանչյուր այդպիսի դեպք տոն է հոլանդացիների կյանքում, որին անհամբեր սպասում են մեծից փոքր: Սկսվում է ձմեռային մարզաձևերի մարաֆոն՝ չմուշկներով ու սահնակներով մրցումներ: Նրանք նույնիսկ տեղումների առատությունը համեմատում էին ամենացրտաշունչ ու ձյունառատ 1963թ. հետ:
Այն աչքի է ընկել ամենացրտաշունչ ձմռան սեզոնով, Նիդերլանդների և Բելգիայի շատ տեղերում գրեթե երեք ամիս գրանցվել էր զրոյից ցածր, առանձին դեպքում -20, որի ընթացքում Եվրոպայում 730-ից ավելի մարդիկ մահացան, բազմաթիվ կենդանիներ ցրտահարվեցին, իսկ Նիդերլանդների հյուսիս-արևելքն ամբողջ ժամանակ թաղված էր ձյան մեջ: Այդ իսկ պատճառով եղանակային այս անակնկալը Նիդերլանդներում գնահատվեց ամենավտանգավոր՝ կարմիր աստիճանի: Կանխատեսումը կանխատեսում, բայց բնությունն այլ ուղղումներ մտցրեց: Կիրակնօրյա անձրևը բավական ուշ փոխակերպվեց ձյան, իսկ սիբիրից եկած սառը հոսանքները ավելի շատ սկսեցին ներգործել, երբ ձյան բարակ շերտ նստեց գետնին: Ողջ Նիդերլանդներում ջերմաստիճանը ցածր էր զրոյից, և շատ ճանապարհներին մերկասառույց էր: Այդ պատճառով երկրում վտանգավորության աստիճանը ոչ թե կանխատեսված կարմիրն էր, այլ նարնջագույնը:
Սառը եղանակը հոլանդացիներին ստիպում է հնարավորինս տանը մնալ: Երկուշաբթի առավոտյան Հոլանդիայի ճանապարհներին մերկասառույց էր: Որոշ ճանապարհներ նույնիսկ փակ էին, կամ դժվարանցանելի: Անցած 24 ժամվա ընթացքում 30 միլիոն կիլոգրամ աղ է ցրվել գրեթե ինը հարյուր աղ ցանող բեռնատարներով, հայտնում է եղանակային Rijkswaterstaat (RWS)Նիդեռլանդներում ենթակառուցվածքների և ջրերի կառավարման նախարարության գործակալությունը: Հատկապես երկրի կենտրոնում և հյուսիսում մշտապես վտանգն առկա է եղել:
Դպրոցները երկուշաբթի շարունակել են փակ մնալ, գնացքները չեն աշխատել լրիվ հզորությամբ: Հոլանդական երկաթուղիները (NS) երկուշաբթի առավոտյան հաղորդեցին, որ գնացքների երթևեկությունը ուշացումով է սկսվել: Ձյունն ու ցրտահարությունը տարբեր վայրերում հանգեցրել են հոսանքի խափանումների: Ավտոբուսները, տրամվայներն ու մետրոն նույնպես խնդիրներ են ունենում ցուրտ եղանակի պատճառով: Հոլանդական օդանավակայաններում որոշ թռիչքներ հետաձգվում են: Կիրակի օրը Էյնդհովենի օդանավակայանում դադարեցվել էր օդային չվերթներ, մասամբ այն վերականգնվել է երկուշաբթի: Դեպի Վադեն կղզիներ լաստանավերը մեկնել են ժամանակացույցից դուրս:
Նիդերլանդներում, վտանգավորության աստիճանը նարնջագույնից երկուշաբթի օրվա երկրորդ կեսին փոխարինվեց դեղին ծածկագրով պայմանավորված առաջացած մերկասառույցի վտանգավորության հետ: Ըստ Հոլանդիայի եղանակի ինստիտուտի, առաջիկայում ձյուն կտեղա հատկապես հարավում: Առավելագույն ջերմաստիճանը -5 աստիճան է, իսկ հյուսիսարևելյան քամու պատճառով հնարավոր է այն հասնի -15 աստիճան:
Գիշերն անցավ, իսկ փետրվարի 9-ի երեքշաբթի լուսաբացը դիմավորեց արևի ժպտուն ճառագայթները, կարծես թե hեռավոր 63-ի առատ ձյունն ու ցրտաշունչ եղանակները չկրկնվեցին...
Տեղացած ձյունը մեր հայրենակից, Հաագայի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Սոնա Սահակյանին յուրովի տեսնելու ու ստեղծագործելու նոր հնարավորություն տվեց:
Hay Azian
Լուսանկարները Սոնա ՍԱՀԱԿՅԱՆԻ
No comments:
Post a Comment