The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 30 January 2021

Նիդերլանդներում և Հայաստանում ապրող ուսանողների մեկնաբանությունը` Covid-19 համավարակի վերաբերյալ


Covid-19 համավարակը ներխուժել է մարդկանց կյանք ու կենցաղ համայն աշխարհում: Արհավիրքը խլում է կյանքեր, ստիպում է համակերպվել իր լինելիության փաստին: Ոմանց մոտ  մեծացել է վախի զգացումը, ոմանք ի զարմանս մյուսների` «մատների արանքով» են նայում, մյուսները հավատում են պատվաստման էֆեկտիվությանը, մի մասի մոտ էլ կան կասկածներ…  

 Տարբեր մարդիկ, տարբեր մոտեցումներ, տարբեր քաղաքակրթություններ-հոգեկերտվածքներ (մենտալիտետ), տարբեր պատճառահետևանքային կապեր ու դրանից էլ կախված համապատասխան արդյունք:  

 Ինձ հետաքրքրեց Covid-19 փաստի առկայության ֆոնին մարդկանց կենցաղում տեղ գտած փոփոխություններն ու մտածելակերպը՝ մասնավորապես 20-25 տարեկան, բարձրագույն կրթության բակալավրի աստիճան ունեցող և մագիստրական կրթություն ստացող երիտասարդների տեսակետը աշխարհի տարբեր ռեգիոններում: Զրուցեցի նրանցից շատերի հետ և այժմ կձորձեմ ներկայացնել տեսակետները, դրանց ընդհանրական նմանություններն ու տարբերությունները: 

 Նշեմ, որ այսօր` որպես օրինակ, կօգտագործեմ Նիդերլանդների Թագավորության քաղաքացի և այստեղ բնակվող, «Ամստերդամի Բաց Համալսարանի» մագիստրատուրայի ունկնդիր Լիաննա Սարկիսիանի և Երևանի Պետական Համալսարանի մագիստրատուրայի ունկնդիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացի  Սոնա Զաքարյանի հետ ունեցած իմ զրույցները: Զրուցակիցներս իրենց մասնագիտություններն ընտրել են գիտակցված, նպատակաուղղված` ունենալով հետաքրքրություններ՝ խորացված գիտելիքների տիրապետման ցանկություն:  

 Սոնա Զաքարյանն իրանագետ է, ուսանում է մագիստրատուրայում՝ ուսումնասիրելով «ազգային անվտանգություն» մասնագիտությունը:  

 Լիաննա Սարկիսիանը միջազգայնագետ-դիվանագետ է, մագիստրական կրթությունը շարունակում է նույն մասնագիտությամբ: 

 Երկուսն էլ գտնում են, որ իրենց մասնագիտությունը խիստ կարևոր են, և որպես կայացած մասնագետներ՝ կարող են իրենց ներդրումն ունենալ մարդու բարեկեցիկ կյանքի  գործընթացում՝ կարևորելով արտաքին ճիշտ քաղաքականության և դիվանագիտության համադրումը ներքին քաղաքականությանը:  

 Հարցին, թե փոխվել է արդյոք իրենց կենցաղը՝ կորոնավիրուսի հետ կապված և եթե այո, ապա ինչպե՞ս և որքանո՞վ, երկու զրուցակիցներս էլ տվել են համանման պատասխաններ, նշելով, որ, հարկա՛վ, փոխվել է: Երկուսի պատասխաններում էլ շեշտվում է, որ փոփոխվել են օրվա ռեժիմները, ուսանում են առցանց, նվազել է շփումը համակուրսեցիների, ընկերների և հարազատների հետ: Ազատ ժամանակ հասկացությունը դարձել է խիստ հարաբերական, զգում են դեսկոմֆորտ: Լիաննա Սարկիսիանի տեսակետով. «Ազատ ժամանակ և դասապրոցես հասկացությունները խառնվել են իրար, ուսանողական կյանք հասկացությունն անցյալում է»: Նույն հարցի պատասխանին Սոնա Զաքարյանը հավելեց. «Երբ նոր էին սահմանափակումներ մտցվել, ազատ ժամանակ կար, նույնիսկ ֆիլմեր դիտելը, ընթերցանությունը մտան օրվա ռեժիմ: Հիմա ազատ ժամանակ հասկացությունը պայամանական է»:  

  Ինչ վերաբերում է կորոնավիրուսի պատվաստմանը՝ զրուցակիցներս ունեն տարբեր մոտեցումներ. մասնավորապես, Սոնա Զաքարյանը կասկածանքով է նայում պատվաստանյութի անվտանգ լինելու փաստին, չի հավատում դրա արդյունավետությանը, և իր իսկ խոսքերով. «Դեմ եմ պատվաստմանն ու ինքս էլ չեմ պատվաստվելու: Գտնում եմ, որ լիովին չեն իրականացվել անհրաժեշտ գիտական, գիտաբժշկական ուսումնասիրությունները: Ես կսպասեմ...»: 

 Լիաննա Սարկիսիանի մոտ պատվաստանյութի և պատվաստման հանդեպ անվստահությունն արտահայտվում է պատվաստումից հետո հնարավոր բացասական հետևանքների, անկանխատեսելիության վախով: Իր խոսքերով ասած. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրս էլ պատվաստվելու ենք, ուղղակի մտահոգված եմ, թե ինչ կլինի հետո, ինչպիսի դրսևորումներ կլինեն»: Բայց և այնպես՝ իրատեսորեն նաև շարունակեց. «…քանի որ շատ տեղեր առանց պատվաստման մուտքը կարող է լինել արգելված, ՍՏԻՊՎԱԾ եմ լինելու պատվաստվել: Ուրիշ ելք չկա...»:  

 Իմի բերելով՝ երիցս ճիշտ և այժմեական է անտիկ բժիշկների խոսքը. «Լավագույն բուժումը հիվանդության կանխարգելումն է»: 

Առողջ եղե՛ք… 

 Աշխեն Բակլաչյան  

Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում: 


Լուսանկարներում Սոնա Զաքարյանը (Հայաստան) և Լիաննա Սարկիսիանը(Նիդերլանդներ)

No comments:

Post a Comment