The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 29 January 2021

Նիդերլանդներից Հայաստան ուղարկված երկու բեռնարկղերը Երևանի մաքսատանը նվիրաբերվել են պետությանը


 Այսօր տեղեկացանք, որ պատերազմի ընթացքում հավաքված տարատեսակ բարեգործական բնույթի ապրանքատեսակներ (սայլակներ, hիվանդանոցային մահճակալներ և այլ պարագաներ), որոնք հավաքվել էին նիդերլանդահայերի կողմից պատերազմի ընթացքում Նիդերլանդներում ձևավորված չորս պահեստներում՝ անհատների և կազմակերպությունների ջանքերով, կենտրոնացվել էին HTS GROUP B.W. Ուտրեխտի պահեստում և ուղարկվել Հայաստան՝ երկու բեռնարկղերով։                       

Ուղարկված երկու բեռնարկղերի ողջ պարունակությունը մեր հայրենակիցները Երևանում նվիրաբերել են պետությանը։ Նիդերլանդահայ Դավիթ Աբրահամյանի տեղեկացմամբ (Դավիթն այս պահին գտնվում է Հայրենիքում և մասնակցել է մաքսազերծման ողջ գործընթացին), Երևանի մաքսատանը ծագել են որոշակի խնդիրներ. մաքսատան պահեստապետը հրաժարվել է դատարկել մեր երկրորդ բեռնարկղը՝ պարզաբանելով, թե իբր տեղ չունի։ Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան միջնորդությամբ երկրորդ բեռնարկղն, ի վերջո, բացվել և դատարկվել է։ Ըստ օրենքի, բեռնարկղերը՝ մաքսատուն ժամանալուց հետո 48 ժամվա ընթացքում պետք է անցնեն բոլոր գործընթացները։ Մեր երկրորդ բեռնարկղի կապակցությամբ ծագած խնդիրների հետևանքով՝ այն մոտ 12 ժամ ավել է մնացել, ինչի հետևանքով էլ կուտակվել է տույժ՝ 160 ԱՄՆ դոլարի չափով։ Այդ ծախսն իր վրա է վերցրել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ 

«Նիդերլանդներում մենք այնպես ենք համախմբվել պատերազմի ընթացքում և հետո, որ ամեն մեկս փորձում է ժամ առաջ հասցնել տարատեսակ օգնություն մեր հայաստանաբնակ հայրենակիցներին։ Հայաստանում, ցավոք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տարբեր աշխատակիցների քմահաճույքից և տրամադրությունից է կախված, թե մենք ինչ խնդիրների միջով կանցնենք՝ մեր ուղարկած ապրանքը շահառուներին հասցնելու գործընթացում։ Տպավորություն է, որ հայաստանցիներից շատերի հեչ պետքը չէ մեր արած գործը», ասում է Դավիթ Աբրահամյանը։  

   


      

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ նրանց տնօրինության տակ են հանձնվելու Նիդերլանդներից Հայաստան ուղարկված բարեգործական բեռները։ Ինչպես տեղեկացնում են մեր հայրենակից բարերարները, բոլոր այն հայաստանցիները, ովքեր ունեն սայլակների և այլնի անհրաժեշտություն, պետք է ստանան տեղեկանք իրենց բուժհաստատությունից կամ գյուղապետարանից, և այդ փաստաթղթով ներկայանան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Նիդերլանդահայերը հետևողական են լինելու և  ուշի-ուշով հետևելու են այս երկու կոնտեյներների «ճակատագրին»՝ պահանջելով նախարարությունից մանրամասն հաշվետվություն։ 

Բարեգործական ապրանքատեսակը ստանալու ճանապարհին ցանկացած խոչընդոտի հանդիպելու դեպքում՝ կոչ ենք անում մեր հայաստանաբնակ հայրենակիցներին անհապաղ կապվել «ՆԻԴԵՐԼԱՆԴԿԱԱՆ ՕՐԱԳՐԻ» խմբագրության հետ։   

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ     

Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են Հայաստան ուղարկել բարեգործական մեծ քանակությամբ բեռներ և չեն ցանկանում նվիրաբերել պետությանը, այլ ուզում են հասցնել շահռուներին՝ սեփական ուժերով։ 

Ըստ մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանի տեղեկացմամբ, ով այս պահին զբաղված է Հայաստան ուղարկված դպրոցական գույքով լի 6 բեռնարկղերի փաստաթղթային գործընթացով, անհրաժեշտ է գտնել ընդունող հայաստանյան հասարակական կազմակերպություն (ՀԿ), ում կնվիրաբերվի ուղարկվող բեռը։ ՀԿ-ի հետ պետք է կնքվի համագործակցության և գույքի նվիրաբերման պայմանագիր։ Ընդունող ՀԿ-ի ներկայացուցիչը՝ մինչև բեռնարկղերի Հայաստան հասնելը, պետք է ներկայանա ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն, որտեղ էլ պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը՝ գույքը «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» որակելու համար։ 

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ» թղթակից Մ.Կիրակոսյանը հեռախոսային և նամակագրական կապի մեջ է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Արման Բարխուդարյանի հետ։ Վերջինիս տեղեկացմամբ.

«Բեռների ներմուծման ու բաշխման ծրագրերի դեպքում անհրաժեշտ է հայտին կցել բեռն ուղեկցող մաքսային փաստաթղթերի պատճենները, որտեղ նշված են բեռի տեղերի (կտոր, արկղ) քանակը, ընդհանուր քաշը, արժեքը, փոխադրման ծախսերը և մաքսատունը, մասնավորապես՝

1.     բեռի (ապրանքների) հաշիվ-ապրանքագիրը (invoice).

2.    բեռնափոխադրման փաստաթղթերը (shipping invoice, packing list, CMR, air waybill).

3.    նվիրատվության դեպքում՝ նվիրատվության նամակը (donation letter).

4.    բեռի մեջ ներառված ապրանքների մանրամասն (անվանական, քանակական և համապատասխան արժեքով) ցանկը.

5.    բաշխման դեպքում՝ շահառուների ցուցակը՝ ըստ բաշխվող ապրանքների քանակի և համապատասխան արժեքի:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությանը,  հետևյալ հեռախոսահամարներով՝       

+37410 515-825 - Կրիստինա Ալեքսանյան (kristina.aleksanyan@gov.am)

+37410 515-577 - Սաթենիկ Ավետիսյան (satenik.avetisyan@gov.am)»։


«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»




No comments:

Post a Comment