Ինչպես հայտնի է՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա ժամանակակից, գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի զինվորներին: Այս պահին այն առավել, քան հրատապ է, քանզի հետպատերազմյան շրջանում վիրավոր զինծառայողներին օգնելու մեծ ու հրատապ պահանջարկ կա։
Ծրագիրը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը։ Այս ծրագրի, ինչպես նաև նեղ պրոֆիլավորման մասնագետների պատրաստման հանձնառությունն իր վրա է վերցրել Հոլանդիայի մեր հայրենակից Գարիկ Խաչատրյանը՝ ով մենեջեր է Նիդերլանդական OIM Orthopedie օրթոպեդիկ ընկերությունում ու Հայաստանում իրականացնում է լաբորատորիայի կահավորումը «Զինվորի տուն» կենտրոնում։
Գարիկ Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ այս նախագծի շրջանակներում Նիդերլանդներում օրերս կազմակերպվել է առաջին գիտաժողովը։ Այն տեղի է ունեցել Նայմեխենի Sint Maartens հիվանդանոցում։ Գիտաժողովին ներկա են եղել նույն հիվանդանոցի գործադիր տնօրեն` Մարկ վան Հոուդենհովենը, տնօրենների խորհրդի անդամ՝ Դագմար Սմիթը, օրթոպեդիկ վիրաբույժ` Յան Վիլեմ Լուվերենսը, Դորնի ռազմական հիվանդանոցի օրթոպեդիկ տեխնոլոգիայի տնօրեն՝ Էդվին Վոլֆը , OIM Orthopedie-ի ոտքի պրոթեզի մասնագետ՝ Խայս վան Գենտը։
Գիտաժողովի ընթացքում քննարկվել է հայ գործընկերներին Նիդերլանդներ հրավիրելու հարցը. մարտի 1-ից 15-ը նրանք պետք է լինեն Նիդերլանդներում՝ վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար: Հունվարի 19-ին՝ Էդվին Վոլֆը Գարիկ Խաչատրյանին հրավիրել է Դորնի ռազմական հիվանդանոց՝ դասընթացների ծրագիրը կազմելու համար:
Քննարկվել է նաև Խայս վան Գենտի փետրվար ամսին Հայաստան մեկնելու հարցը : Նա այնտեղ կմնա 2,5 ամիս , որպիսի կարողանա կարիքավոր որոշ զինվորների համար պրոթեզներ պատրաստել, ինչպես նաև՝ կախված ժամանակի հնարավորությունից, ֆիզիոթերապևտներ վերապատրաստել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղն արդեն Հայաստան է ուղարկել Ottobock ընկերությունից գնված պրոթեզավորման լաբորատորիայի սարքավորումները, իսկ մոտակա օրերս ուղարկվելու է ProCare-ի 2D քայլվածքի վերլուծության սարք։
Այս ամենը գնվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի վերջին դրամահավաքի միջոցներով։ Հիմնադրամը Շուտով հանդես կգա տարեկան հաշվետվությամբ։
Վերջինիա Խալաֆյան
Նյութը գրվել է Եվրոմիության «Solidarity corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում
No comments:
Post a Comment