10.11.2020/Նիդ.օրագիր/Խմբագրի սյունակ
Աշխարհը խլացավ, ու ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսորին չտվեց: Հազար անգամ բարձրաձայնվեց, որ սա պատերազմ է քաղաքակրթության դեմ` ոչ մի հետևանք: Արևմուտքին խնդրվեց ճանաչել Արցախը, բայց այդպես էլ ոչ մի երկիր ձեռք չմեկնեց...
Ասվեց, որ խաղաղ մարդիկ են զոհվում , եկեղեցիներ ու շենքեր քանդվում` ոչ մի արձագանք, խոսվեց, որ խախտվում են անգամ պատերազմական ժամանակների օրենքներ, կասետային ու ֆոսֆորային զենքեր են կիրառվում` էլի լռություն:
Գիտեինք, որ պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, նաև Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների դեմ, որոնց թիկունքում մեծ ուժեր են երևում, գիտեինք ու պասիվ օգնությունից բացի ոչինչ չունեցանք...
Հիմա ամենահեշտը մեղադրելն է, բոլորը` գեներալներ ու ռազմագետներ, վերլուծաբաներ ու քաղաքական գործիչներ են դարձել ու գտել են «միակ» մեղավորին...
Ցավոք ամբիցիաներ ունեցողների բանակն է դա հայտնաբերում, նրանք` ովքեր դեռ էն գլխից սպասում էին պատեհ առիթի ռեվանշիստական նկրտումները բավարարելու համար, Նրանք, ովքեր ռազմական իրադրության` անգամ հաջող պահերին անհասկանալի ու պառակտմանը նպաստող իրարանցում էին առաջացնում սոցիալական ցանցերում: Անհասկանալի է, երբ ռազմական դրության ժամանակ որոշ կուսակցություններ, որոնք խորհրդարանում կամ մանդատ չունեն, կամ էլ վստահության նվազագույն քվե ունեն` միավորվում են երկրի կառավարության դեմ, Սրանց համակիրները գույք են ջարդում, պատկերացնում եք, եթե սրանք իշխանության գան, դասականի խոսքով գան որ ի՞նչ անեն` նախկինների կիսատ թալանը շարունակեն, թե՞ ինչքան պետք է խփեն:
«Մեղավորին» փնտրելուց առաջ կարող են իրենք-իրենց հարցնել` ինչո՞ւ է հանրությունից երկար ժամանակ գաղտնիք պահվել, թաքցվել 5+2 շրջան հանձնելու գաղափարը, հետաքրքիր է Արցախի անորոշ կարգավիճակով այս խայտառակության շուրջ ի՞նչ է այսքան տարիներ Բաքվի հետ բանակցել հայկական կողմը, երբ փաստաթուղթն իրենով
պարտվողական բնույթի էր:
Կարծում եմ բոլորին պարզ էր, որ մի օր պատերամի ականը պետք է պայթեր ու պայթեց ...
Հիմա առավել, քան երբեք պետք է պահպանենք մեր միասնությունը, սիրենք մեզ, դիմացինին ու մեր երկիրը:
Կարող էր լավ լինել, բայց նաև շատ ավելի վատ, համոզված ենք, որ`
Ո ՛չ, մենք չենք պարտվել: Ժամանակը մեզ դատավոր:
Փառք մեր նահատակներին` Դուք անմահ եք, հիշատակը ձեր անմար ...Ձեր անունը՝ մեր սրտերում....
-----------------
«Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ...»
Պերճ Զեյթունցյան
No comments:
Post a Comment