«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում».
Նիդերլանդներում ուղիղ եթերով դրամահավաք է կազմակերպվել
Հոկտեմբեր 20,2020 09:40 5 Նիդերլանդահայերը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը կիրակի ընդմիջեցին` ուղիղ եթերով, կազմակերպելով առցանց դրամահավաք:
Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարներից հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար։ Մարաֆոնի ժամերին նախատեսված էր այն կրկնապատկել`հասցնելով 150,000-ի սահմանը, բայց երեք ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար եվրո: Այսօրվա հրամայականը դա է պահանջում: Բավական կարճ ժամանակ գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին:
Դրամահավաքին մասնակցել էին Նիդերլանդների հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ: Կարդացեք նաև 100-ից ավել հադրութցիների ժամանակավոր կացարան է տրամադրվել Համահայկական հիմնադրամի աջակցությամբ Վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան գերժամանակակից սարքավորումներով. համահայկական ջանքերով վերազինված երկրորդ կենտրոնը Երևանում Դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան․
Դրան նախորդել էր դեսպան Տիգրան Բալայանի ուղիղ եթերով նիդերլանդահայերին արված ուղերձը: Բարեգործական հիմնադրամի և «Նիդերլանդական օրագրի» էջերով հեռարձակվող երեկոն վարող Մարգարիտա Վարդանյանը Արցախի պատմությունն ու հայկական ծագումը ներկայացնելուց առաջ այսպես ասաց. «Ողջույն, իմ անունը Արցախն է և ես հակամարտություն չեմ ուզում…»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին, կոչ արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին:
Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով: Ինգե Դրոստը` հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղարը, կոչ արեց սփյուռք, Արցախ, Հայաստան կապն ամրապնդելու համար սերտ համագործակցել միմյանց հետ, անհատներին կոչ արեց անդամագրվել որևէ կազմակերպության: Այդպես պայքարելն ավելի հեշտ կլինի ընդհանուր հաջողության հասնելու համար:
Նույն կազմակերպության նախագահ, Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը համառոտ իր խոսքում ներկայացրեց կառույցների համակարգված աշխատանքը, օտարներին հայկական արվեստն ու մշակույթը ամբողջական ներկայացնելու դերը: Երեկույթն ուղեկցվում էր հայկական երգերով, պարերով ու երաժշտությամբ: Ցուցադրվեցին կադրեր Արցախից, Հայաստանից: Հիմնադրամի Նիդերլանդական կառույցի նախագահ Հ.Սիմոնյանն ասաց, որ չբավարարվենք ու շարունակենք կաթիլ առ կաթիլ սնուցել մեր հողը, մեր ներուժով հաղթելու և կերտելու ենք մեր վաղվա խաղաղ օրը: Դրամահավաքի երեկոյի տեխնիկական սպասարկումը իրականացրել էին Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանը (Kino Media Company), Երաժշտությունը Dj Armani-ն և տասնյակ այլ կամավորները:
Հայ Ազյան
«Նիդերլանդական օրագիր»
No comments:
Post a Comment