Նիդերլանդահայերը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը երեկ ընդմիջեցին` կազմակերպելով առցանց դրամահավաք`ուղիղ եթերով:
Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար, սա` 3 օրում։
Երեկվա մարաֆոնի ժամերին նախատեսված էր անցնել 150,000-ի սահմանը, բայց երեք ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար: Բավական կարճ ժամանակ գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին:
Դրամահավաքին մասնակցել էին Նիդերլանդների հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ:
Դրան նախորդել էր դեսպան Տիգրան Բալայանի ուղիղ եթերով նիդերլանդահայերին արված ուղերձը: Բարեգործական հիմնադրամի և «Նիդերլանդական օրագրի» էջերով հեռարձակվող երեկոն վարում էր Մարգարիտա Վարդանյանը : Արցախի պատմությունն ու հայկական ծագումը ներկայացնելուց առաջ նա այսպես սկսեց. «Ողջույն իմ անունը Արցախն է և ես հակամարտություն չեմ ուզում...»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին, կոչ արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով: Ինգե Դրոստը` հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղարը, կոչ արեց սփյուռք, Արցախ, Հայաստան կապն ամրապնդելու համար սերտ համագործակցել միմյանց հետ, անհատներին կոչ արեց անդամագրվել որևէ կազմակերպության: Այդպես պայքարելն ավելի հեշտ կլինի ընդհանուր հաջողության հասնելու համար: Նույն կազմակերպության նախագահ, Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը համառոտ իր խոսքում ներկայացրեց կառույցների համակարգված աշխատանքը, օտարներին հայկական արվեստն ու մշակույթը ամբողջական ներկայացնելու դերը: Երեկույթն ուղեկցվում էր հայկական երգերով, պարերով ու երաժշտությամբ: Ցուցադրվեցին կադրեր Արցախից, Հայաստանից: Հիմնադրամի Նիդերլանդական կառույցի նախագահ Հ.Սիմոնյանը կրկին հիշեցրեց, որ չհանգստանանք այսօրվա եղածով, այլ կաթիլ առ կաթիլ սնուցել մեր երկիրը` հաղթելու և վաղվա խաղաղ օրը կերտելու համար:
Դրամահավաքի երեկոյի տեխնիկական սպասարկումը գերազանց կատարեցին Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանը (Kino Media Company և Գևորգ Բագրատունի)
Երաժշտությունը Dj Armani-ն և տասնյակ այլ կամավորները:
Հայ Ազյան
(«Նիդերլանդական օրագիր»
«Արմենպրեսի» համար)
Տեսաերիզի հղումը Ֆեյսբուքում.
youtube-ում
https://www.youtube.com/watch?v=Q7-uhqdOLgQ&ab_channel=HayAzian
Լուսանկարներում`միջոցառումը կադրից ներս և դուրս:
No comments:
Post a Comment