Բրյուսելում հազարավոր մարդիկ՝ հայեր և նրանց միացած օտարերկրացիներ, հոկտեմբերի 7-ին բողոքի ակցիա են կազմակերպել Եվրախորհրդարանի մոտ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պետք է բարձրաձայն խոսի Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների մասին, չլինի խուլ և համր, գործի անհապաղ՝ կանխելու արյունահեղությունը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները վանկարկումներով շեշտում են, որ Էրդողանն ահաբեկիչ է, Ադրբեջանն՝ ագրեսոր: Նրանք պարզել են «Ճանաչեք Արցախի անկախությունը», «Կանգնեցրեք Էրդողանին», «Կանգնեցրեք Ալիևին», «Արցախը Հայաստան է» գրություններով պաստառներ:
«Մենք ամբողջ հայ ազգի անունից մեղադրում ենք եվրոպական կառույցներին ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ լուռ ու համր մնալու համար: Թուրքիան ներգրավված է այս հակամարտության մեջ իր աշխարհագրական նպատակներին հասնելու համար, իսկ Եվրոպան մնում է կույր և համր: Հայերը զգուշացնում են, որ այս պատերազմի իրական նպատակը ցեղասպանությունն է, իսկ Եվրոպան մնում է խուլ»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները:
Նրանք հիշեցնում են, որ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիների, որոնք չեն ցանկանում պատերազմել:
No comments:
Post a Comment