Լուսանկարում`Օսմանյան Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը ստորագրում է Սևրի պայմանագիրը
Մհեր Ալեքսանդրի Հարությունյան,
Պ. գ. թ., դոցենտ, «Կաճառ»
գիտական կենտրոնի ղեկավար
Սևրի պայմանագրի կենսագործման հարցում մեր ժողովուրդը հերթական հիասթափությունն ապրեց, ուստի քաղաքական ու գիտական հանրության օրակարգում է դրա պատճառների և արդեն որպես պատմական իրադարձություն` տված դասերի վերհանումը: Մենք դա փորձել ենք անել Ադրբեջան-Արցախ հակամարտության իրավաքաղաքական ու պատմական կերպարի ճիշտ ընկալման ու արդարացի հանգուցալուծման ուղիների հատկանշման տեսանկյունից: Սևրի պայմանագիրը մեր հարցադրման համատեքստում արժանի է ուսումնասիրողների ու միջազգայնագետների ավելի մեծ ուշադրության հատկապես Հայաստանի, որպես ազատ ու անկախ պետության, միջազգային ճանաչման տեսանկյունից: Այս փաստի արձանագրումը կարևորվում է Ադրբեջանի հետ Արցախի հակամարտության համատեքստում տարածքային ամբողջականության սկզբունքի չարաշահման՝ կողմերից մեկի մոլուցքը բացահայտելու առումով: Դա այն դեպքում, որ իր կարճատև գոյության ընթացքում Ադրբեջանը չի ունեցել միջազգայնորեն ճանաչված սահմաններ, այդ պատճառով Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել[1]: Հերթական անգամ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը՝ ներկայիս Ադրբեջանն իր անկախության հռչակագրում մտցրել է այն դրույթը, որ «վերականգնվում» է 1918-20 թթ. սահմաններում, ինչը փաստացի և դեյուրե[2] նշանակում է, որ հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից[3]: Իսկ քանի որ Արցախը երբևէ չի եղել ինքնահռչակ Ադրբեջանի միջազգայնորեն չճանաչված սահմաններում, հետևաբար` տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող տարածվել Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորման վրա[4]:
Խոսելով Սևրի պայմանագրի իրավազորության կորստի մասին՝ արդիական կարող ենք համարել նրա հիմքում ընկած սկզբունքները, Հայկական հարցի արդարացի լուծման մոտեցումները, որոնք նախադեպ կարող են լինել դրա ճիշտ ու արդարացի հանգուցալուծման որոնումների համար: Այս տեսակետից կարևոր է ՀՀ գոյության ու բնականոն զարգացման համար դեպի ծով ելք ունենալու իրավունքի ամրագրումը Սևրի պայմանագրում, ինչը կարող է հիմք հանդիսանալ ներկայումս շրջափակված հայկական երկու պետությունների՝ դեպի ծով ելք ստանալու պահանջիհամար: Դա քաղաքական լուրջ փաստարկ կարող է դառնալ բանակցային գործընթացում:
Պայմանագրի 351-րդ հոդվածը դեպի Սև ծով Բաթումի նավահանգստի վրայով ազատ մուտքի իրավունք էր տալիս նաև Հայաստանին[5]: Դեպի ծով ելք ունենալու հրատապությունը առկա է նաև մեր օրերում: Միջազգային իրավական ակտերը հնարավորություն են տալիս բարձրացնել ոչ միայն միջազգային ջրերից ազատորեն օգտվելու Հայաստանի իրավունքի հարցը, այլ նաև Ադրբեջանից պահանջել միջանցք դեպի Կասպից ծով, որպես` բազմամյա շրջափակման հետևանքների վերացման ու փոխհատուցման եղանակներից մեկը և ցեղասպանության ենթարկված ադրբեջանահայության՝ որպես պետականակիր ազգի օրինական իրավունքների արտահայտություն[6]:
Սևրի պայմանագիրն այն առավելագույնի արտացոլումն է, որը կարող էին տալ բազմաչարչար հայ ժողովրդին արևմտաեվրոպական դիվանագետները: Սակայն, դա Հայոց հարցի լուծում չէր, քանի որ առկախ էր թողնում Հայաստանի ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան սահմանները: Դրա պատճառը, մեր կարծիքով, ոչ միայն վերոհիշյալ տարածքներում Գլխավոր դաշնակիցների հետապնդած շահերն էին, այլև այն, որ Հայաստանը պատեհաժամորեն իր ներուժի ու սեփական հնարավորությունների մասին հոգ տանելու փոխարեն, բոլոր հաշվարկները, կարծես, կառուցել է տերությունների ողորմածության վրա: Այս միտքը գուցե թե չարծարծեինք, եթե մերօրյա դիվանագիտական հարաբերություններում չնկատեինք նմանատիպ տրամադրություններն ու միտումները: Ուշի ուշով հետևելով Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման գործընթացին՝ կարելի է այն տպավորությունը ստանալ, թե դարձյալ հայ քաղաքական էլիտան հիմնական հույսերը կապում է Եվրոպայի քաղաքական գործիչների դիրքորոշումների հետ:
Ինչպես հայտնի է, Սևրի պայմանագրով Հայաստանին տարածքների վերադարձը նախատեսվում էր ստորագրման պահից երեք, այնուհետև վեց ամիս անց, իսկ վերջում, ընդհանրապես, այն մոռացության մատնվեց: Հետևաբար, նմանօրինակ թեական, անորոշ վճիռներից պետք է զգուշանալ ու հնարավորինս խուսափել: Մեր օրերում Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդները փորձում են մի նոր անորոշություն փաթաթել մեր վզին՝ ինչ-որ փուլային լուծումների, երևութական հանրաքվեների կամ միջանկյալ կարգավիճակի տեսքով, ինչը ինքնորոշման իրավունքի իրացմամբ վերջնական կարգավիճակի հարցը կասկածի տակ է դնում: Դա այն դեպքում, երբ մեր անկայուն տարածաշրջանում կանխատեսելի ոչ մի բան չի կարող լինել:
Դժվար է ձեռնպահ մնալ մեկ այլ համեմատություն անելու գայթակղությունից, թեև, ինչ խոսք, և՛ պայմաններն են այսօր այլ, և՛ խնդրո առարկան: Ինչպես հայտնի է, ժամանակին ՀՀ կառավարական պատվիրակությունը պահանջում էր նվազագույնը`Արևմտյան Հայաստանի չորս նահանգները և ելք դեպի Սև ծով, իսկ ազգային պատվիրակությունը՝ առավելագույնը` վեցից-յոթ նահանգ և Կիլիկիան: Հայկական երկու պատվիրակությունների տարաձայնություններն ակամայից հիշեցնում են համառորեն շրջանառվող ասեկոսեները՝ ազատագրված ու ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված հայրենի տարածքների մասին…
Փարիզում երկու հայկական պատվիրակությունների առկայության փաստը կարելի է գնահատել որպես մեր ժողովրդին արհեստականորեն երկատելու արատավոր երևույթ: Հատկանշելի է, որ այդպիսի երկվություն կամ վնասակար այլընտրանք ամեն անգամ ստեղծում ենք մեզ համար ճակատագրական պահերին՝ դրանով իսկ թուլացնում մեր, առանց այդ էլ ոչ այնքան ուժեղ, դիրքերը: Այդպես եղավ 1918 թ. նոյեմբերին, երբ Անդրանիկ զորավարը կասեցրեց իր հաղթարշավը դեպի Շուշի, կանգնելով տարօրինակ երկընտրանքի առաջ. Հայկական հա՞րց, թե՞ Արցախի հարց, այնինչ մեկը մյուսի բաղկացուցիչն էր: Վերադառնալով արդի իրողություններին՝ հին սխալների կրկնություն կարելի է համարել հերթական արհեստական երկընտրանքը. Արցախի անկախ պետականության կերտում «ստատուս քվոյի» պահպանմա՞մբ, թե՞ միացում Հայաստանի Հանրապետությանը՝ կենսական նշանակության ու կարի անհրաժեշտ դիրքերից հրաժարվելու գնով: Հիշեցնելով «Հայաստանին միանալու ամենակարճ ճանապարհը Արցախի անկախությունն է[7]» քաղաքագիտական բանաձևը՝ տեղին ենք համարում հատկանշել հայկական կողմի դիրքորոշման հստակեցման հրատապությունը: Աշխարհին պարտավոր ենք աներկբա հասկացնել, թե, ի վերջո, ի՞նչ է ուզում և ինչին է հետամտում հայկական կողմը[8]:
Անմտություն է ՀՀ ու ԱՀ միջև ցամաքային կապի մասին խոսելիս, նկատի ունենալ սոսկ Քաշաթաղի ու Քարավաճառի շրջանների նկատմամբ ինքնիշխանության պահպանումը, ինչը նշանակում է դնել նվազագույն պահանջ, չբացառել մեր հանրապետության բաղկացուցիչ ու անքակտելի մասը կազմող որևէ տարածքի շուրջ սակարկությունը: Մինչդեռ, մեր հակառակորդը դնում է առավելագույն պահանջ` ընդհուպ մինչև Շուշին՝ քաջ գիտակցելով, որ դա անհեթեթություն է: Սակայն, այդ քայլով, ակներևաբար, հակառակորդը և՛ քաղաքական ռազմավարություն է որդեգրում, և՛ մարտավարական հնարավորություններ ստանում բանակցություններում «զիջումների» գնալու նմանակում անելու…
Թող հակասություն չթվա ասվածի ու այն պատմական իրողության միջև, որ Սևրի պայմանագրով Հայաստանին վերադարձվելիք տարածքը ոչ միայն առավելագույն, այլ նաև նվազագույն սահմաններով փաստացի գտնվում էր թուրք զավթիչների վերահսկողության տակ և Հայաստանը, ցավոք, իրական լծակներ չուներ տնօրինելու իրեն հանձնվելիք տարածքները, բացի այն երազկոտ հույսերից, թե դա իր փոխարեն կանեն դաշնակիցները: Մինչդեռ, ոչ մի պետություն մեկ այլ պետության փոխարեն չի պատերազմում, եթե լուրջ ու կենսական շահեր չի հետապնդում: Նամանավանդ, եթե ուրիշի հովանավորությունն ակնկալող երկիրը այնքան ուժ և հնարավորություն չունի, որ ի զորու լինի պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքները: Կարող է հարց առաջանալ. նման պարագայում ի՞նչ իմաստ ուներ առավելագույն պահանջը դնել, երբ նույնիսկ նվազագույնին հետամտելու և հասնելու հնարավորությունները չկային: Պատասխանը դարձյալ կապվում է գերնպատակի կամ պայքարի ռազմավարության առաջադրման հետ, այսինքն՝ ինչքան մեծ է նպատակը, այնքան շատ են ջանքերը, պատասխանատվության զգացումը և համախմբումը: Մեծ նպատակների շուրջ համախմբումն էլ պայքարի երկարատև ոգով է տոգորում ազգերին, նրանց մղում մեծագործությունների՝ ստվերի տակ թողնելով մյուս օտարածին ու խորթ գաղափարներն ու գաղափարախոսությունները, մի կարևոր հանգամանք, որը, ցավոք, ժամանակին հաշվի չառնվեց և ապազգային ախտը բոլշևիզմի դրոշի տակ սողոսկեց Հայաստան և բարոյալքեց Հայոց բանակը՝ հնարավորություն ընձեռելով թուրքերին՝ զավթել Հայաստանի մեծ մասը:
Որպեսզի «մեծ նպատակների» ու անհնարինը հնարավոր դարձնելու մասին ասվածը մերկապարանոց չթվա, բերենք մեր իսկ թշնամիների՝ քեմալականների ծավալած շարժման օրինակը, ինչի միջոցով թուրքերը ոչ միայն վիժեցրին Սևրի պայմանագիրը, այլ նաև բոլշևիկների հետ փոխգործակցությամբ անգամ սպառնացին Հայաստանի իսկ գոյությանը:
Փաստորեն Սևրի պայմանագրով տերությունները ճանաչեցին միացյալ ու անկախ Հայաստան ունենալու հայ ժողովրդի իրավունքը, այսինքն՝ տրվեց Հայոց հարցը լուծելու ևս մի հնարավորություն, բայց, ավա¯ղ, հայությունը բավարար ուժ չգտավ իր մեջ, և բաց թողեց այն: Թե ինչու, օբյեկտիվ պատճառներից բացի կարելի է բացատրել նաև ներքին գործոններով, որոնցից ամենակարևորը, թերևս, սեփական ուժերին չապավինելն էր` մի մոլորություն, որ Հայկական հարցը դարձրել է միջազգային դիվանագիտության խաղալիքը: Կարծում ենք, որ Սևրի պայմանագրի և նրան հաջորդած իրադարձությունների վերաիմաստավորմամբ կլուսավորենք մեր ապագան՝ ոչ մի պարագայում թույլ չտալով անցյալի սխալների կրկնություն:
Միջազգային պայմանագրերը իրենց գոյության ողջ ընթացքում կոպտորեն խախտող Թուրքիան ու Ադրբեջանը ցինիկորեն հայկական կողմին են վերագրում միջազգային կազմակերպությունների որոշումները չկատարելու մեղքեր… Զուգահեռներ անցկացնելով անցյալի ու արդիականության միջև՝ զգում ենք «երկակի խաղի» հետևանքներից զգուշանալու անհրաժեշտությունը: Սևրի պայմանագիրը, որպես` իր պատմական հայրենիքի նկատմամբ հայ ժողովրդի անկապտելի իրավունքի միջազգային ճանաչման արտահայտություն, պետք է որ ուղեկցի մեր քաղաքական պայքարին, անշուշտ, շեշտը դնելով արդեն իսկ ազատագրված հողերում ամրապնդվելու և, ապա, անընդհատ հզորանալու ճանապարհով սեփական ուժի ու բազկի միջոցով մեր հիմնահարցերը լուծելու ռազմավարության վրա: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները վերլուծաբաններին հիմք են տալիս պնդելու, որ Սևրի պայմանագիրը, որպես պատմական, միջազգային փաստաթուղթ և նախադեպ, սպասում է իր պատեհաժամորեն կենսագործման պահին:
Եզրափակելով, ուզում ենք հատկանշել, որ այս համադրական անդրադարձը կատարվել է այն համոզմամբ, որ պատմության դասերը պետք է մշտապես նկատի ունենալ, այլապես մոռացության մատնված անցյալը, կրկնվելու իր հատկությամբ, կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Հայկական հարցի հանգուցալուծման դժվարին ճանապարհին:
-------------------------------
[1] Քոթանջյան Հ., Անվտանգության քաղաքագիտական պրոբլեմներ. ԽՍՀՄ վերակառուցում—Ղարաբաղ, Հայաստան, Անդրկովկաս – Աֆղանստան, Եր., ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, 2009, էջ 134:
[2] Манасян А., Карабахский конфликт: Ключевые понятия и хроника, Ер., НОФ “Нораванк”, 2005, с. 98.
[3] Оганесян Н., Административно-территориальная и политическая композиция Южного Кавказа и поясы его безопасности, Стратегические безопасностные исследования (научно-экспертная серия), Том 3, Ер., 2014, с. 478.
[4] Հմմտ.՝ Թորոսյան Տ., Հակամարտությունների կարգավորման իրավական հիմքը. տարածքային ամբողջականությո՞ւն, թե՞ ինքնորոշման իրավունք, «Լրաբեր Հասարակական Գիտությունների» («ԼՀԳ»), 2007, № 1, էջ 14-15, նույնի՝ Ինքնորոշման իրավունքի կարգավիճակը, կիրառման չափանիշներն ու պայմանները, «ԼՀԳ», 2008, № 1, էջ 19-20:
[5] Նույն տեղում, էջ 101:
[6] Տե՛ս Մանասյան Ա., Ադրբեջանահայությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում, «ԳԼՈԲՈՒՍ», 2014, № 8-9 (53-54), էջ 109-166:
[7] Հմմտ.՝ Քաղաքագետ. Արցախի անկախացումը միացում է Հայաստանին, http://panarmenian.net/m/arm/news/130050 (ներբեռնումը՝ 24.07.2020 թ.):
[8] Տե՛ս Սղագրություն «Ադրբեջան—ԼՂՀ հակամարտություն». կարգավորման հեռանկարները. միացու՞մ, թե՞ անկախություն» թեմայով հասարակական քննարկման (2008 թ., ապրիլի 6, ք. Ստեփանակերտ) [սղագրեց` Ղավալյան Ա.], «Կաճառ» (ԿԳԿ—ի տարեգիրք): Գիրք 3(35-46), 2009, Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն, 2014, էջ 160-166:
-------------------------------
Հոդվածի հեղինակ`Մհեր Ալեքսանդրի Հարությունյան
Ծնվել է 1972թ. հուլիսի 9-ին Շուշի քաղաքում:
1989թ. ավարտել է տեղի Խ. Աբովյանի անվան համար 3 միջնակարգ դպրոցը:
1994թ. ավարտել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը` պատմության և օտար լեզվի ուսուցչի որակավորմամբ:
1989-1992թթ. ուսանողական-երիտասարդական կազմակերպությունների կազմում մասնակցել է Արցախյան շարժման քաղաքական փուլին և ԼՂՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
1992-1993թթ. ծառայել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերում՝ որպես տոպոգեոդեզիական հետախուզության ջոկի հրամանատար:
1993-1994թթ. համատեղության կարգով աշխատել է Ասկերանի շրջանի վարչակազմի «Խաչեն» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար, ռազմահայրենասիրական բաժնի վարիչ, զինվորական թղթակից:
1993-2016թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես զինվորական թղթակից (1993-1998), խմբագրահրատարակչական բաժանմունքի խմբագիր (1998-1999), ավագ խմբագիր (1999-2000), ավագ գրական աշխատակից (2000-2012), գլխավոր խմբագրի տեղակալ (2012-2015), գլխավոր խմբագիր (2015-2016): Որպես զինվորական թղթակից 1993-1994 թթ. մասնակցել է մարտական գործողություններին:
2000թ. համատեղությամբ աշխատել է ԱրՊՀ պատմության ամբիոնում:
2001թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանել է «Արցախյան պատերազմը և Պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994թթ.» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2001թ. ընդունվել է Արցախի ժուռնալիստների միության շարքերը, 2009-ին ընտրվել ԱԺՄ վարչության կազմում:
2004թ. մրցույթով ընտրվել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության ամբիոնի դոցենտի պաշտոնում:
2005թ. ընտրվել է ԼՂՀ աշխարհագրական անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար:
2006թ. փետրվարի 20-ին նախաձեռնել է «Կաճառ» գիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը և հիմնադիր համաժողովում ընտրվել Վարչության նախագահ: Հիմնադրել և խմբագրում է կենտրոնի «Կաճառ» ամենամսյա տեղեկագիրը, 2007-ից` «Կաճառ» տարեգիրքը:
2008թ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում պատմագիտություն մասնագիտությամբ:
2016թ. Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հումանիտար և լեզուների» ամբիոնի վարիչ է:
Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար 2018 թ. պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Հեղինակ է 114 գիտական աշխատանքների:
No comments:
Post a Comment