Страницы

Monday, 13 July 2020

Հայ Եկեղեցու Եւրոպայի առաջնորդների համատեղ յայտարարութիւնը


Այսօր, Յուլիսի 13-ին, Հայ Եկեղեցու Եւրոպայի թեմերի առաջնորդները, հայրապետական պատուիրակներն ու առաջնորդական տեղապահներն ունեցան հերթական հեռավար խորհրդակցութիւնը, որին մասնակցեցին Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ Տ․ Խաժակ Արք. Պարսամեանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ եւ Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթեւ Եպս․ Յակոբեանը, Անգլիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ․ Յովակիմ Եպս․ Մանուկեանը, Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ․ Սերովբէ Եպս․ Իսախանեանը, Կենտրոնական Եւրոպայի եւ Սկանդինաւեան երկրների հայրապետական պատուիրակ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսեանը, Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Խորէն Վրդ․ Առաքելեանը եւ Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Գուսան Վրդ․ Ալջանեանը։
Խորհրդակցութեան մասնակիցները ի շարս այլ հարցերի անդրադարձան Հայաստանի հիւսիսային սահմանների հատուածում նախորդ երեկոյեան տեղի ունեցած զինուած սադրիչ արկածախնդրութեանը, որը կրկին հրահրուել էր Ադրբեջանի ռազմական իշխանութիւնների կողմից։
Հոգեւոր առաջնորդներս աղօթելով խաղաղութեան համար եւ բնականաբար կողմնակից լինելով Արցախի հարցի միմիայն բանակցութիւնների միջոցով արդարացի լուծմանը, դատապարտում ենք Ադրբեջանի հերթական ռազմական սադրանքը եւ մեր համերշախութիւնն ենք յայտնում Հայաստանի իշխանութիւններին եւ զօրակցութիւնը` հայոց սահմանները պաշտպանող մեր բանակին։
Աւետարանն ասում է. «Ով սուր վերցնի, սրով էլ կ’ընկնի» (Մտթ․ ԻԲ 52)։ Սա պէտք է լա՛ւ իմանան Ադրբեջանի իշխանութիւնները, եւ հասկանան, որ հայ զինուորը միշտ էլ պաշտպանելու է մեր սահմանները եւ արժանի հակահարուած է տալու սադրիչ ցանկացած գործողութեան։ Խաղաղութիւնն այլընտրանք չունի։
Աղօթում ենք խաղաղութեան համար եւ հայցում առ Աստուած, «զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի»։ Ամէն։
13 Յուլիս 2020

No comments:

Post a Comment