The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 25 May 2020

Ինչո՞ւ դիմակ կրել եւ ինչո՞ւ՝ ոչ. Քո դիմակը պաշտպանում է ինձ, իմ դիմակը պաշտպանում է քեզ. Խորհուրդներ Չեխիայից


Կորոնավիրուսի դեմ պայքարի չեխական փորձով ընթերցողների հետ է կիսվել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Չեխիայում պայքարի  այս  մեթոդը բազմաթիվ ընդհանրություններ ունի հայկականի  հետ, ուստի ՕՐԵՐԻ գլխավոր խմբագիրը չի հասկանում ինչու Չեխիայում մարտի 12-ից հայտարարված արտակարգ դրության ողջ շրջանում դիմակների կրումը եղել է պարտադիր  եւ մարդիկ կրել են առանց տրտնջալու` լիովին աջակցելով  կառավարության որոշումները, իսկ  Հայաստանում հակառակը`չեն կատարում իրենց օգտին արված իշխանությունների հրահանգը, իսկ դիմակ կրելը վերածվել է  հակադիմակային հիստերիայի, խանութներում ու այլուր չի պահպանվում սոցիալական հեռավորությունը: Մինչ Հակոբ Ասատրյանի նյութը ներկայացնելը, ասենք, որ  Նիդերլանդները պայքարի այլ տարբերակ է ընտրել: Նիդերլանդների կառավարությունը հույսը դրել է բնակչության բարձր գիտակցության վրա: Ոստիկանը չէ, որ պետք է քաղաքացուն զգուշացնի 1,5մ հեռավորություն պահպանելը: Դիմակներ բացառապես  կրում են  նրանք, ովքեր կասկած ունեն, որ վիրուսակիր են: Մնացած դեպքերում մեծ գործոն է ախտահանումն ու սոցիալական հեռավորություն պահպանելը: Խմբված մարդկանց անհնար է տեսնել: 1,5 շառավիղով միմյանցից հեռավորությունը պարտադիր է: Բոլոր  հասարակական վայրերում դրված են ախտահանող միջոցներ, մուտքը խանութներ` սահմանափակ է, ըստ նախորոք առանձնացված սայլակների: Եթե դրանք բացակայում են, ուրեմը սպառողը պետք է սպասի դրսում` պահպանելով 1,5 մ հեռավորությունը: Մեր հայրենակիցներին հորդորում ենք, որ  բավարար քայլ չէ դիմակներ կրելը  (շատ դեպքերում ձևական, ինչպես խորհրդային  ժամանակներում վզկապ կրելն էր) , բայց միասին երթևեկելը, կողք կողքի մայթերով քայլելը  ու առևտրի գնալը:
Հավատացեք, որ այդպես  շարունակելու դեպքում մեզ դժվարին օրեր կսպասվեն:
ՆԻԴ.ՕՐԱԳԻՐ



Զարմանալի ուշացումով Հայաստանում վերջապես  որոշեցին դիմակի պարտադիր կրումը։ Չեխիայում մարտի 12-ից հայտարարված արտակարգ դրության ողջ շրջանում դիմակների կրումը եղել է պարտադիր  եւ մարդիկ կրել են առանց տրտնջալու եւ լիովին աջակցել են կառավարության որոշումները։ Արդյունքում գրեթե երեք ամիս անց Չեխիան անցնում է ազատականացման նոր փուլին։

Բայց մինչ այդ ցանկանում եմ անդրադառնալ հայաստանյան մամուլում ու սոցիալական էջերում բարձրացված հակադիմակային հիստերիային, որը մեկ անգամ եւս ցույց է տալիս մեր հասարակության գրագիտության ցածր աստիճանը։

Երբ Չեխիայում հայտարարվեց դիմակների պարտադիր կրումը, այստեղ էլ դեղատներում ու խանութներում ոչ մի դիմակ չկար։ Բայց մարդիկ իրենց տներում եւ կարի արտադրամասերում սկսեցին կարել եւ հարեւաններին ու սոցիալական անապահով խավերին բաժանել դիմակներ։ Հայտնի դեմքերը սկսեցին գովազդային հոլովակներ թողարկել՝ ՚՚Իմ դիմակը պաշտպանում է քեզ, քո դիմակը՝ ինձ՚՚ կարգախոսով։
Ընդ որում տանը կարված դիմակներն ավելի պրակտիկ են եւ նրանք կրելով ավելի հեշտ կարող ես շնչել, քան բժշկական մեկանգամյա դիմակները, որոնք օգտագործելուց հետո պետք է մի կողմ նետես։

Որտե՞ղ է անհրաժեշտ դիմակների կրումը


Նախ հանրային բոլոր վայրերում՝ խանութներ, դեղատներ, տրանսպորտային միջոցներ, այլ փակ տարածքներ։ Փողոցում կամ այգիներում, եթե մարդ չկա, իհարկե, կարող ես դիմակը իջեցնել բերանի մոտ եւ նորմալ շնչել, սակայն երբ տեսնում ես, որ մարդ է գալիս, պետք է բարձրացնես։ Այլապես եթե նա հանկարծ քո կողքով անցնելիս հազաց կամ փռշտաց, ապա կարող է վարակը փոխանցել։ Ռեստորաններում, սրճարաններում,  որոնք այսօրվանից բացվել են, պետք է 1.5 մետր հեռավորության վրա լինեն սեղանները, հաց ուտելիս դիմակ չպետք է դնել, բայց եթե գնաս արտաքնոց, պետք է դնես, որպեսզի կողքի սեղանների մոտով անցնելիս ոչ մեկին հնարավոր վարակը չփոխանցես։
Իհարկե, մարդիկ պահպանում են նաեւ 1.5-2 մետր սոցիալական տարածությունը եւ իրար գլխի չեն հավաքվում։ Հիշում եմ, առաջին օրերին, նույնիսկ մայթն էին փոխում, որ քո կողքով չանցնեն։ Ձեռնոցներ հագնում են միայն մթերային խանութներ մտնելիս, մյուս դեպքերում ախտահանում են ձեռքերը խանութների մոտ դրված հատուկ ախտահանիչներով։ Շենքի դուռը կամ այլ դռներ բացում ենք կամ մեկանգամյա ձեռնոցով կամ թղթե թաշկինակով, որը հետո նետում ենք աղբի մեջ։

Ինչի՞ց է պաշտպանում դիմակը 


Նախ եթե որեւէ մեկը վիրուսակիր է, եւ ինքը չգիտի այդ մասին, կանխարգելում է, որպեսզի այն փոխանցի մյուսին, որը նույնպես ունի դիմակ։ Եթե դիմացինը չունի դիմակ, ապա վարակելու հավանականությունն ավելի մեծ է, քան դիմակ կրելու պարագայում։ Չեխական հեռուստատեսությամբ նույնիսկ ասացին, որ դիմակների կրումը 90 տոկոսով կասեցնում է վարակի տարածումը։  Բացառիկ դեպքերում, եթե վարակակրի հետ նույն սենյակում եք մնում մի քանի ժամ, նման դեպքերում հնարավոր է նաեւ փոխանցվի։
Հաջորդը, երբեք չբարեւել ձեռքով եւ ձեռքերով որեւէ դռան կամ  առարկայի հպվելու դեպքում, լվացվել կամ հատուկ լուծույթով ախտահանել ձեռքերը։ Մինչ այդ երեսին կամ աչքերին ձեռքով չկպչել։
Շատերի համար խնդիր է դիմակի պատրաստումը։
Չեխիայում առաջին իսկ օրերին շատ հետաքրքիր տարբերակներ էին առաջարկում։ Կարող ես դեմքը ծածկել շարֆով, վզկապով, նույնիսկ թաշկինակով։ Օրինակ տղամարդկանց մեծ թաշկինակի երկու ծայրերը կապում ես ռեզինով եւ անցկացնում ականջներին։ Շատ պրակտիկ տարբերակ է։ Կամ խոհանոցային մեծ անձեռոցիկները ծալում են եւ պատրաստում մեկանգամյա օգտագործման դիմակներ։

Հաջորդը՝ ինչպե՞ս խնամել դիմակները


Կտորից դիմակները պետք է օճառով լվանալ եւ չորանալուց հետո արդուկել։ Չեխիայում առաջարկում էին նաեւ, որպեսզի հաճախ չլվանաք կտորից պատրաստված դիմակները, կարող եք ներսի մասից թղթե անձեռոցիկ դնել, եւ տուն վերադառնալուց հետո, այն նետել։ Սակայն կան մարդիկ, որոնց համար դժվար է թղթե անձեռոցիկի պայմաններում շնչելը, ուստի նրանք գերադասում են ամեն օր լվանալ, քան օգտագործել անձեռոցիկներ։

Չեխայում մարդիկ կարեցին ամենատարբեր գույների ու չափերի դիմակներ, նույնիսկ երբեմն դրանք համապատասխանեցնելով իրենց զգեստի կամ կոստյումի գույներին։ Մի աներեւակայելի մրցույթ էր սկսվել, թե ում դիմակն է ավելի գեղեցիկ։



 Ազգաբնակչության արձագանքը

Մարդիկ հասկացան եւ կատարեցին այն, ինչ պահանջում էր կառավարությունը, միեւնույն ժամանակ քննադատելով կառավարության այն քայլերը, որոնք համարել են թերացումներ։ Ի դեպ, ավելացնեմ, որ դեռեւս մարտ ամսին, երբ մտցվեց պարտադիր դիմակ կրելու պահանջը, լրագրողները նկատել էին, որ ճգնաժամային շտաբի պետ, փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Համաչեկը մամուլի ասուլիսի ընթացքում  հանել է դիմակը, եւ նա ստիպված եղավ   10 հազար կրոն նախատեսվող տուգանքը, ինչը 500 դոլլար է, վճարել  վարակակիրներին բուժող հիվանդանոցին։
Շատ կարեւոր էին նաեւ երկրի գլխավոր համաճարակաբանի եւ գլխավոր հիգենիկի ելույթները։ Դրանք մեծ ազդեցություն ունեցան բնակչության վրա։
Արդյունքում այսօր Չեխիան արդեն անցել է լայն ազատականցման՝ միայն հանրային փակ վայրերում թողնելով դիմակների կրումը, որն ըստ առողջապահության նախարարի կշարունակվի մինչեւ հունիսի վերջ։
Միայն մեկ օրինակ բերեմ։ Այս 2.5 ամսում Չեխիայում անցկացվեց 403 358 մարդկանց թեստավորում, որից վարակակիր է եղել   8957 –ը, արդեն բուժվել են    6083-ը, եւ մահացել  315-ը։  Սակայն նույն Բելգիայում , որն ունի 11 միլիոնանոց բնակչություն, ինչպես Չեխիայում, դիմակների կրումը պարտադիր չի եղել, եւ արդյունքում 56 810 հիվանդացել է, որից 9237-ը մահացել են։ Եվրոպական մյուս երկրներն էլ հետեւելով Չեխիայի օրինակին,արդեն իսկ հանրային վայրերում  դիմակներ կրելու որոշում են կայացրել։
Չեխիայում արտակարգ դրության առաջին իսկ օրվանից թե՛ կառավարության անդամներն ու վարչապետը, թե՛ պատգամավորները, թե՛ հեռուստահաղորդավորներն ու մոդերատորները կրել են դիմակներ։ Դա մեծ ազդեցություն է ունեցել, որպեսզի բնակչությունը հետեւի նրանց։ Հայաստանյան հեռուստաընկերությունները թերացան այս հարցում։
Մի հավատացեք այլեւայլ տեսությունների եւ մտացածին ցնդաբանությունների, կրե՛ք դիմակներ, չվտանգելով ձեր հարազատների ու բարեկամների, ձեր հայրենակիցների կյանքը։ Իհարկե, մեքենաների մեջ, որտեղ միայն դուք եք կամ ձեր հարազատները, կարող եք իջեցնել, սակայն մեքենայից իջնելիս պետք է բարձրացնեք։
Հարգեք միմյանց առողջությունը եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաղթահարել այս ճգնաժամը։
Առողջություն բոլորին։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր
Պրահա

Հ.Գ.

Սա էլ չեխերի կողմից շրջանառության մեջ դրված  ուսուցողական հոլովակն է անգլերեն լեզվով.




No comments:

Post a Comment