Страницы

Monday, 25 May 2020

ՓՐԿԱՎԱՐՁԸ


Ընթերցողին ներկայացվող` լրագրող, արձակագիր ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «Փրկավարձը» պատմվածքը, ծնվեց այն օրերին, երբ «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում`  կորոնա վիրուսի ողջ աշխարհում  ահագնացող ցուցանիշների օրերին, ելույթ ունեցավ հայազգի բժիշկ  Գոռ Խաչիկյանը և հուզիչ  մի պատմություն պատմեց հոլանդացու մասին (դիտել`տեսաերիզը՝ 26:17 րոպեից): 

 Պացիենտը լսել էր, որ ծանր հիվանդներին վերջին պահին թողնում են միայնակ, որպեսզի չվտանգեն այցելող հարազատների կյանքը: Հիվանդանոց մեկնելուց առաջ պացիենտը հիվանդանոց էր եկել 3000 եվրո գումար ձեռքին: Նա կանչել էր բժշկին ու քույրերին,  խոստացել, որ այս գումարը նրանց է տալու այն բանի  համար, որ եթե  վիճակը  վատ  լինի` իրեն մենակ չթողնեն, քանզի ավելի շատ միայնությունից ու անտարբերությունից է ավելի շատ  վախենում:

«Ահա ինձ ներշնչեց Գոռ Խաչիկյանի պատմածը և ես գրեցի այս պատմվածքը, խնդրում եմ փոխանցեք նաև բժշկին և շնորհակալություն հայտնեք»-Այդպես է մեզ գրել Վարդինե Իսահակյանը:

 (Տեսաերիզը դիտել ՝ 26:17 րոպեից)

ՓՐԿԱՎԱՐՁԸ
(Պատմվածք)

SARS–COV–2–ի սփռած տագնապն ամենուր էր։ Այդպիսի համաճարակ վաղուց էր՝ մարդկությունը չէր տեսել։ Թագն էր նրա դրոշը, իսկ դրոշմը՝ խուճապը, տենդը, շնչարգելությունը, փակ սահմանները… Կոկորդի ցավ, ջերմություն՝ սրանք էին հիվանդության ախտանշանները։ Թոքաբորբն այն նզովքն էր, որը կարող էր գամել հիվանդին անկողնուն և երկար ժամանակ զրկել արևի ջերմությունից։ Վարակը փոխանցվում էր օդակաթիլային ճանապարհով, վարակակիր մակերևույթին հպվելիս։ Վարակ կորոնան մարտահրավեր էր նետել։ Համաճարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ իրավիճակի պարետը նամակներ էր ուղարկում քաղաքացիներին՝ հորդորելով մնալ տանը։ Չնայած այդ ամենին՝ տարիքավոր, բարձրահասակ, ալեխառն մազերով Հենրի Չպուգքյարյանը, վերցնելով լայնեզր գլխարկը, դուրս եկավ երեկոյան զբոսանքի։ Աչքերը խունացած էին, դռնապանը հարցրեց նրա առողջական վիճակի մասին, պարոն Հենրին կարկամած պատասխանեց.
— Շնորհակալություն, լավ եմ, եթե հնարավոր է այս օրերին լավ լինել առհասարակ։
Անձրևը դժգույնով էր ներկել բակ ու տանիք։ Քաղաքի լույսերն արտացոլվում էին ջրափոսերի մեջ և յուրօրինակ գունապնակ ստեղծում։ Վաղեմի սովորություն էր անձրևից հետո հայտնվել դատարկ փողոցներում և մաքուր օդ շնչել։ Հենրին հագնում էր երկար պլաշը, որ տարիներ առաջ արտասահմանյան գործուղման ժամանակ էր ձեռք բերել, դնում իր յոթանասունամյակի առթիվ լուսահոգի կնոջ նվիրած լայնեզր գլխարկը, վերցնում նախշազարդ ձեռնափայտը և տարտամ քայլերով անցնում նեղլիկ փողոցներով։ Համաճարակը փակել էր մարդկանց վախի ու կասկածի ոստայնի մեջ: Շատերը նստել էին տանը և կենդանական անհոգ կյանք էին վարում։ Մինչդեռ բազմոցին գամված անշարժ կենսակերպը հյուծել էր Հենրի Չպուգքյարյանի ծեր մարմինը։ Նա, որ գարնան արևի ջերմություն էր սիրում, արևի կարոտ էր մնացել։ «Բանտարկյալի կյանք է տո»,— փնթփնթում էր՝ ոտնամանները քարշ տալով անցնելով հյուրասենյակից խոհանոց՝ ի վերջո որոշելով երեկոյան զբոսանքներից չզրկել իրեն։ Նա սովոր էր առավոտյան քայլել պուրակում, վարժություններ անել։ Իսկ երբ տնային կենդանիների հետ այգում զբոսնող մարդկանց էր հանդիպում, հաճախ մտածում էր. « Գուցե մի շուն պահեմ, առավոտյան ես էլ զբոսանքի կտանեմ, ավելի շատ կշարժվեմ, մենակությունս փարատող ընկեր կլինի» ։ Բայց նույն պահին, երբ աչքի առջև պատկերանում էին կենդանու խնամքի դժվարությունները, մաքրակենցաղ պարոն Հենրին զգալի երկմտում էր։
Եվ այդպես հայրենադարձ Հենրի Չպուգքյարյանը ապրում էր մի երկրում, որտեղ հայտնվել էր կյանքի վերջին տարիներին։ Սիրելի կնոջ վաղաժամ մահից հետո մնացել էր լիովին միայնակ։ Հայրենիք վերադառնալու հեռանկարը ոգևորում էր նրան, թեպետ այստեղ այնքան էլ շատ հարազատներ չուներ. երկու քույրերն իրենց ընտանիքներով վաղուց էին տեղափոխվել Միացյալ նահանգներ, եղբոր մահից հետո եղբորորդին իր ընտանիքով հեռացել էր հայրենիքից՝ բնակություն հաստատելով Շվեդիայում։ Մի քանի հեռավոր ազգականների հետ Հենրին երբեմն տեսազանգի միջոցով էր խոսում. այցելություններն աստիճանաբար նվազել էին, յուրաքանչյուրն իր կյանքով էր ապրում։
Պարոն Հենրին, որ շրջադարձերով լի կյանքի ընթացքում բարձր պաշտոններ էր զբաղեցրել, կարողացել էր իր համար անհոգ ծերություն ապահովել։ Նա պակասություն չէր ունենում առօրյա ծախսերը հոգալու, մինչդեռ կյանքի ռիթմը միապաղաղ էր, ծեր սրտին վաղուց էր՝ թրթիռ մոտ չէր գալիս։ Վաղանցիկ էին հրապուրանքները. քաղաքի կենտրոնում գտնվող նրա բնակարանին և խնայողություններին տիրանալու մղումն էր առինքնում տեղաբնակ կանանց։ Նրանք սեր և հոգատարություն էին ի ցույց դնում, մինչդեռ խորաթափանց ծերունու փորձառությունն օգնում էր ավելին կռահելու։ Ոչ ոք չէր փորձում հագուրդ տալ ծեր սրտի նվիրական փափագներին, թափանցել հոգու խորքում խնամքով թաքցրած աշխարհ։ Պարոն Հենրին փարթամ կրծքեր էր սիրում, երիտասարդ մարմին, նրան չէին հրապուրում հասուն կանայք, ովքեր ընկղմված էին ընտանեկան խնդիրների մեջ։ Անշահախնդիր մտերմության փնտրտուքով նա տակավին մենակ էր նստում ընթրիքի սեղանի շուրջ։ Երբեմն պահոցից իտալական գինի էր հանում, զգուշորեն բացում և փորձում ընթրիքը վայելել այնպես, ինչպես անցյալում, բայց միևնույնն է՝ ինչ–որ բան խանգարում էր։ Վերջին շրջանում վարակի տարածած խուճապը ճնշում էր սիրտը, մահվան տագնապը գիշերն ի լույս թափառում էր գիտակցության մեջ։ Երբեմն անքնության դեմ պայքարից հոգնած, նստում էր պատշգամբում, փակ աչքերով շնչում վաղորդայնի սառը օդը և նայում բացվող օրվա գույներին։ Երբևէ նա էլ երազել էր հոգատար, սիրելի կնոջ հետ անհոգ ծերության մասին։ «Մարդուս ճակատին ինչ գրած է, էդ էլ կլինի»,—կրկնում էր Հենրին։
Զարկերակային բարձր ճնշումը հաճախ անհանգստացնում էր նրան, դեղամիջոցները կորցրել էին վաղեմի ազդեցությունը։ Նման պահերին մենակության մեջ Հենրին սարսուռ էր զգում և դուրս էր գալիս զբոսնելու՝ փորձելով վանել տխուր մտքերը։
Համաճարակը ծնկի էր բերել քաղաքը. փողոցները կիսադատարկ էին։ Ճամփեզրին գտնվող ծաղկի կրպակի մոտ մի մեքենա արգելակեց։ Դուռը բացվեց, քառասունհինգին մոտ, պատկառելի արտաքինով մի տղամարդ իջավ։ Հենրին ուշադրությամբ նայեց անծանոթին, ով իր երիտասարդությունն էր հիշեցնում։ Րոպեներ անց սպիտակ վարդերի մեծ փունջը հայտնվեց նրան սպասող կնոջ գրկում։ Կանանց սիրահետելու Հենրիի հարուստ փորձը հուշում էր, որ տղամարդը կնոջը նվաճելու հստակ քայլեր է անում, իսկ կինը կարծես սիրահարված էր. նրա այտերը շառագունել էին։
— Սերը համաճարակի օրերին,— ասաց Հենրին և կարոտ զգաց, մտքի խոյանքով տեղափոխվեց տարիներ առաջ, երբ ինքը հաջողակ տղամարդ էր և վայելում էր սերը գեղեցիկ կանանց գրկում՝ նրանց նվիրելով ալ վարդեր։ Տունդարձի ճանապարհին, հին օրերի հիշողություններով համակված, Հենրին քթի տակ արտասանում էր.
— Ձիավոր ամպերը տանում են հուսահատ հայացքը քաղաքի,
Որ կին է։
Օրը՝ ինքնասպանված թռչուն՝ զարկված խոր ձորին։
Մատներիս բացվել է ծաղիկը խոլորձ,
Որ հիշեցնում է սպիտակակուրծք եղնիկի քնքշանքը.
Որտեղ ես թաղված ափսոսանքի թռչուն,
Դու, որ փշրվեցիր անհեկեկանք իրիկնամուտին...
Մութը փռել էր թևերը քաղաքի անհամաչափ տանիքներին։ Հենրին վերադարձավ տուն, ծեր դռնապանին բարի գիշեր մաղթեց և բարձրացավ իր հարկաբաժինը։ Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներն ազդարարում էին նոր վարակի հետևանքով մահվան դեպքերի մասին.
— Վարակակիրներին կյանքի վերջին ժամերին Իտալիայում թողնում են մենակ, մերձավորներին տեսնելն արգելվում է նրանց կյանքը չվտանգելու համար...
«Չի կարող լինել առավել սոսկալի բան, քան մենակության մեջ հոգին ավանդելը...»։
Մեկուսացման քառասուներորդ օրը, երբ դրսում համաճարակն առավել սաստկացել էր, շաբաթվա գնումները կատարելու համար Հենրին դուրս եկավ տնից՝ հարակից այգու նեղլիկ արահետով քայլելով դեպի մոտակա խանութ։ Քաղաքն ասես հոգեվարքի մեջ էր, փողոցները դատարկ էին, երբեմնի աղմկոտ սրճարաններն՝ անկենդան։ Հանկարծ մեկը ձգեց պիջակի թևքից, Հենրին դեպի ձախ նայեց, տեսավ մուրացիկ պատանու աղերսալի հայացքը։
— Հացի փող կտաաաա՞ք։
Ձեռքը տարավ գրպանը և գումար տվեց քաղցած տղային...
Քաղաքում լռություն էր տիրում։ Մտավ խանութ։ Վաճառող կանանց դեմքերը քողարկված էին դիմակներով. աղետն ասես դրոշմվել էր նրանց հայացքներում։
«Ուշ թե շուտ բոլորը կհիվանդանան այս սարսափելի ախտով։ Երիտասարդները կհաղթահարեն, իսկ այ տարեցներն անօգնական կմահանան»,— մտածեց Հենրին և տունդարձի ճանապարհին թուլություն զգաց, որոշեց այսուհետ մթերքը պատվիրել։
Հետևելով օրվա լրահոսին՝ պառկեց քնելու, հոգնություն էր զգում ծնկներում։ Լուսադեմին արթնացավ տենդի մեջ, զգաց, որ ջերմում է։ Մոտեցավ խոհանոցի պահարանին, դեղատուփի մեջ ջերմիջեցնող փնտրեց և փորձեց նորից քնել։ Առավոտյան փսխուք ուներ։ Մտածեց՝ մրսածություն է կամ թունավորվել է սնկով ուտեստից։ Դեղ խմեց, փորձեց մի քիչ պառկել հյուրասենյակի բազմոցին, բայց շնչարգելությունն անհանգստացնում էր։ Վարակակիր լինելու կասկածը կրծում էր ներսից, մենակության մեջ մեռնելու երկյուղը առավել իրական էր թվում...
Կեսօրին մոտ ուժերը հավաքեց և զանգահարեց բանկ, հետաքրքրվեց՝ ինչպես կարող է կանխիկացնել իր խնայողությունները։ Բանկերն աշխատում էին արտակարգ ռեժիմով։ Հենրին դանդաղ քայլերով ուղևորվեց դեպի բանկի մոտակա մասնաճյուղ։ Կեսօրն անց լիքը պայուսակով վերադարձավ, ուժասպառ նստեց բազմոցին։ Ինքնազգացողությունը գնալով վատանում էր։ Անօգնական նայեց կնոջ դիմանկարին, աչքերն արցունքոտվեցին։ «Երանի քեզ, հոգատարությամբ պարուրված հեռացար՝ անտեր թողնելով ինձ»։
Պատին ամրացված ժամացույցի ճոճանակը դանդաղ օրորվելով՝ խուլ, միալար ձայն էր արձակում։ Հենրին դողացող մատներով հավաքում էր շտապ օգնության հեռախոսահամարը։
Բնակարանի բանալին պահ տալով ծեր դռնապանին՝ ճերմակ խալաթով երիտասարդի ուղեկցությամբ Հենրին նստեց շտապ օգնության մեքենան։ Ճանապարհին ափի մեջ ամուր սեղմել էր հնամաշ պայուսակի բռնակները։ Հիվանդանոցն ասես քաոսի էր վերածվել, դիմակավոր մարդկանց անդադար հոսքը գլխապտույտ էր առաջացնում։
Հիվանդասենյակի նեղլիկ պատուհանից արևի մի շող էր ներթափանցել և փորձում էր ջերմացնել մահճակալին պառկած Հենրի Չպուգքյարյանի դողացող մարմինը։ Րոպեներ անց ներս մտավ հերթապահ բժիշկը՝ դիմակավոր բուժքրոջ ուղեկցությամբ, և ասաց.
— Ի՞նչ գանգատներ ունեք, հայրի՛կ ջան։
Հենրին վախից կլորացած աչքերով նայեց նրանց՝ ծանրացած շնչառությամբ հևիհև արտաբերելով.
— Ես լսեցի, որ վարակակիր մարդկանց կյանքի վերջին ժամերին մենակ են թողնում։ Խնդրում եմ, եթե ինձ մոտ վարակը հայտնաբերվի...
Նա վերցրեց կողքին դրված ճամպրուկը և դողացող ձեռքերով մեկնեց բուժքրոջը.
— Ահա՛, բանկ եմ գնացել, հանել իմ խնայողությունները... Խնդրում եմ վերցրեք այս գումարը, միայն թե կողքիս նստեք, չթողնեք, որ ես մենակության մեջ մահանամ...

Նրա աչքերում արտացոլված վախն ավելին էր, քան մարմնի մեջ բույն դրած միաշղթա ժահրը...



-------------------------------------

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆՆ ինքն  իր  մասին


-Իմ արմատները սկիզբ են առնում հեռավոր մի բնակավայրից՝ բարձրադիր լեռների մեջ ծվարած Արցախ աշխարհից /Գանձասար/։ Ստեղծագործել սիրել եմ վաղ հասակից։ Եվ հենց դա էլ խթան հանդիսացավ ուսանելու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Տարիների ընթացքում իմ գրած հոդվածները, ակնարկները և գեղարվեստական պատմվածքներն ամփոփված են իմ անդրանիկ ժողովածուի մեջ՝ «Ցնորքից մինչև իրականություն» վերնագրով: Գիրքը բաղկացած է ուշագրավ խորագրերից. «Ճակատագրեր» խորագրի ներքո ներկայացված ակնարկները նոր ժամանակների մարդու հոգեկան խռովքն են արտահայտում, պարզ կարոտը, սերը՝ որպես էություն, գոյության բացառիկ իմաստ, օտարումը ընտանիքից՝ որպես ցանկամոլության իրական քաոսի սկզբնավորում, մղձավանջային ցնորք: «Չբացված արշալույսներ» խորագրի ներքո ներկայացված են Արցախյան գոյապայքարին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հերոսապատումները, պատերազմն ապրածների հիշողությունները, հայոց եզերքի անառիկ պաշտպանությունն իրենց իրական կոչումը համարող դիրքապահ սպայի ու զինվորի առօրյայի մասին պատմող հրապարակումները։ Հեղինակն եմ հայոց ցեղասպանությունը վերապրած և հազարավոր հայ որբերի փրկությունն իր առաքելությունը համարած հերոսուհուն՝ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին և 1992 թվականին Մարաղա հայկական բնակավայրում ադրբեջանցիների կողմից իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակին ձոնված հոդվածների, ինչպես նաև Կիպրոսի պատմական «Մելգոնեան» վարժարանի մասին «Լույսի տաճարը» վերնագրով հոդվածի, որը պատմում է Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրների նվիրատվությամբ հիմնված Մելգոնեան կրթահամալիրի շուրջ ութ տասնամյա գործունեության, Սփյուռքում հայեցի կրթության ապահովման և վերջին տարիների խնդիրների մասին։ Վերջին շրջանում ծնված «Մեր սերունդը սիրել չհասցրեց» էսսեն հրապարակվել է Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթի՝ «Գրական թերթի» կայքէջում, իսկ «Փրկավարձը» պատմվածքը Զանգակ հրատարակչության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում հրապարակվել է հրատարակչության կայքէջում։

No comments:

Post a Comment