The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 21 May 2020

Ադրբեջանը զինադադարը խախտում է նույնիսկ համավարակի պայմաններում. մամլո ասուլիս` Նիդերլանդներում հավատարմագրված Հայաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Չինաստանի դեսպանների մասնակցությամբ


Տ.Բալայան. «Չնայած COVID-19 համաճարակին ու հայտարարված գլոբալ զինադադարին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Հռոմի պապի կոչերին, Ադրբեջանը շարունակաբար  խախտում է միջազգային պարտավորությունները, ոտնահարում է հրադադարի ռեժիմը: Այժմ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի անմիջական հարևանությամբ սկսել է լայնածավալ զորավարժություններ՝ ներգրավելով 10.000-անոց անձնակազմ»:



Նիդերլանդական «Diplomat Magazine»-ի նախաձեռնությամբ՝ Հայաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, Հաագայում մասնակցեցին կորոնավիրուսի ճգնաժամի ու դրա հետևանքների վերացմանը նվիրված մամլո հեռավար ասուլիսին՝ «Համավարակ COVID-19. անցյալը, ներկան և ապագան» խորագրի ներքո։ Ասուլիսին մասնակցում էին միջազգային մամուլի ներկայացուցիչ-լրագրողներ։ Հրավիրվածների թվում էր նաև «Նիդերլանդական Օրագրի» թղթակից Մարիամ Շիկանյանը (Marisha Shik-anyan) ։ 




Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանում նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ընդհանուր հաստատվել է 5,271 դեպք, որոնցից 2,419 վերականգնված և 67 մահվան ելքով: ներկայումս COVID-19- ով 2,758 հիվանդ ստանում է բուժօգնություն: Արված թեստերի թիվը 44,071 է, որից 11%-ը՝ դրական: Վարակի տարածումը կանխարգելելու, հիվանդների շփման շրջանակը պարզելու նպատակով իրականացվում է քաղաքացիների տեղաշարժումը հեշտությամբ պարզելու ծրագիր՝ բջջային հեռախոսների գեոլոկացիոն հնարավորությունների կիրառմամբ։ Մինչև մայիսի կեսը ցանկացած ԿՈՎԻԴ-19 հաստատված քաղաքացի հոսպիտալացվել է, նույնիսկ նրանք, ովքեր չեն ունեցել ախտանիշներ, բայց թեստավորման պատասխանները եղել են դրական։ Դեսպան Բալայանի հավաստմամբ՝ վաղ հայտնաբերման, մեկուսացման, լաբորատոր հաստատման, կոնտակտային հետագծման և ֆիզիկական հեռավորության հետ մեկտեղ կարանտինային ռազմավարությունները ցույց են տվել, որ վարակի տարածումը կանխելու կամ դադարեցնելու կարևորագույն մասն են կազմում: Պրն. Բալայանի տեղեկացմամբ՝ դեսպանությունը վերջին ամիսներին խիստ զբազված է եղել ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք տեղափոխումը կազմակերպելու և դրանից բխող այլ կազմակերպչական հարցերով. բանակցել է տարբեր ավիաընկերությունների և օդանավակայանների հետ՝ մեր հայրենակիցներին Ամստերդամի «Սքիփհոլ» օդանավակայան տարբեր երկրներից տեղափոխելու և այստեղից նրանց չվերթները դեպի Հայաստան կազմակերպելու նպատակով։ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը իրականացրել է նաև դեղորայքի և սարքավորումների գնումներ և տեղափոխել Հայաստան:

Տ.Բալայանն իր ելույթը եզրափակեց, լուրջ մտահոգություն հայտնելով, որ՝ չնայած COVID-19 համաճարակային և գլոբալ զինադադարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Հռոմի պապի կոչերին, Ադրբեջանը միջազգային պարտավորությունների կատարման կոպիտ խախտումներ է անում, շարունակում է հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները: Հիմա էլ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի անմիջական հարևանությամբ սկսել է լայնածավալ զորավարժություններ՝ ներգրավելով 10.000-անոց անձնակազմ:

Դեսպան Տիգրան Բալայանի ելույթից

Ասուլիսին ելույթ ունեցած դեսպանները ևս կիսվեցին իրենց երկրների փորձով, կոչ արեցին բոլորին լինել միասնական, քանի որ միայն համագործակցության արդյունքում կարելի է շոշափելի արդյունքի հասնել։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Խու Հոնգը կարծում է, որ վարակի կանխարգելումը կարճ ժամկետներում անհնար է իրականացնել։ Նա հավաստիացրեց, որ եթե նույնիսկ աշխարհում ընդամենը մեկ երկրում դեռ առկա լինի վարակը, այն շատ արագ կրկին կվերադառնա Չինաստան։ Ուստի համերաշխ մարդասիրական միջազգային պայքարը բխում է բոլոր երկրների շահերից։ Նրա տեղեկացմամբ՝ Չինաստանը հասցրել է բժշկական աջակցություն ցուցաբերել 12 պետությունների, միայն այս տարի արտահանել է 5 միլիարդ դիմակ և 200 միլիոն թեստ։ Նա նաև նշեց, որ այսօր Չինաստանի շատ նահանգներում այլևս դիմակներ կրելը պարտադիր չէ։

Չնայած եվրոպական մի շարք երկրներում կարանտինային պայմանների կտրուկ թեթևացմանը՝ Իտալիայի դեսպան Անդրեա Բերուգինին տեղեկացրեց, որ Իտալիայում մարդկանց դեռ արգելված է նույնիսկ մի նահանգից մյուսը տեղաշարժվել։ Չնայած այսօր 100-ից ավել միջազգային ընկերություններ ակտիվ աշխատում են պատվաստանյութի ուղղությամբ՝ Բերուգինին կարծում է, որ աշնան և ձմռան ամիսները համաճարակային տեսանկյունից կլինեն չափազանց տագնապալի։

Իտալիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի դեսպանների պատասխանը մեր թղթակցի հարցին

Հասարակակության առողջության այս արտակարգ իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ինչի արդյունքում աշխարհի ցանկացած երկրում ամենադժվարին իրավիճակում առաջինը կհայտնվի սոցիալական և առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների խոցելի խումբը, ինչպես նաև՝ փոքր ու միջին բիզնեսը։

 «Նիդերլանդական Օրագրի» թղթակից Մ.Շիկանյանը փորձեց պարզել դեսպաններից` թե ի՞նչ սոցիալական գործողություններ, պետական ծրագրեր են ձեռնարկվել և իրականացվել իրենց երկրներում՝ ցուցաբերելով հստակ աջակցություն վերոնշյալ խոցելի խմբերին։



Իտալիայի դեսպան  Ա.Բերուգինին ասաց, որ ԿՈՎԻԴ-ի դեմ պայքարի համար առանձնացված բյուջեն առաջին էտապում կազմել է 540 միլիոն եվրո։ Այնուհետև հատկացվել է ևս 100 միլիարդ եվրո՝ միայն գործազրկության դեմ պայքարի համար։ Մայիսի 29-ին Եվրամիության մասշտաբով քննարկումներ են տեղի ունենալու, որի նպատակը մնում է անփոփոխ ՝ գտնել և կիրառել խելամիտ և արդյունավետ «գործիքներ» այս համաշխարհային պանդեմիկ իրավիճակում՝ ուշադրության կենտրոնում պահելով հասարակության և տնտեսության խոցելի խմբերը։



Հայաստանի դեսպան Տ.Բալայանը տեղեկացրեց, որ Հայաստանում ունենք 17 հաստատված ծրագրեր, որոնք ներառում են վարկային արձակուրդներից մինչև սոցիալական և տնտեսական թիրախավորված խմբերի անհատական օգնություն։ Այդ 17 ծրագրերի գրեթե կեսը ուղղված է հենց փոքր և միջին բիզնեսին ակտիվ աջակցություն ցուցաբերելուն։ Կարճ ժամկետներում ստեղծվել է հատուկ կայք, որը հասանելի է երեք լեզուներով և որտեղ ՀՀ շարքային քաղաքացին, կամ գործարարը հեշտությամբ կարող է գտնել անհրաժեշտ ինֆորմացիա և պարզել՝ արդյո՞ք նա համապատասխանում է այս կամ այն ծրագրի պայմաններին ։ Պրն.Բալայանի հավաստմամբ՝ վերոնշյալ ֆինանսական օգնությունը հայաստանյան պայմաններում բավական լուրջ մասշտաբների է հասնում։




ԱՄՆ դեսպան Փիթեր Հոեքստրան ասաց, որ 40 հազար եվրոյից քիչ տարեկան եկամուտ ունեցող քաղաքացիները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Առաջնահերթությունը տրվում է խոցելի խմբի և մնացած քաղաքացիների առողջությանը։ Նրանք, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն, հանգիստ կարող են դիմել բուժհաստատություններ, և բժիշկների կողմից կստանան համապատասխան օգնություն (ֆինանսական մասը կհոգա պետությունը)։ Առաջնահերթություն է տրվում խոցելի խմբում գտնվող կորոնավիրուսով հիվանդներին, և բուժհաստատությունը ստանում է հատուկ լայնածավալ փոխհատուցում։ ԱՄՆ դեսպան Փ.Հոեքստրանի տեղեկացմամբ՝ հիմնվելով 2018-2019թթ. ներկայացված ֆինանսական հաշվետվությունների արդյունքների վրա, այն քաղաքացիները, ովքեր ունեն հասատված որոշակի չափանիշներից ցածր եկամուտ, ապա կարող են ստանալ ֆինանսական միանվագ աջակցություն՝ 1200 դոլարի չափով։ Այսօր գործազուրկ քաղաքացիների թիվը ԱՄՆ-ում հասնում է 36 միլիոնի։ Նրանք, ովքեր վերջին 7-8 շաբաթների ընթացքում են կորցրել իրենց աշխատանքը, ստանում են նպաստ և գործազրկության ապահովագրություն։ Նրանց ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն՝ իրենց նախկին աշխատավարձի 40% չափով։ Բացի այդ, պետությունը նրանց հատկացնում է 600 դոլար կազմող շաբաթական նպաստ։ ԱՄՆ դեսպանի հավաստմամբ, նրանք ստեղծել են նաև փոքր ու միջին բիզնեսին աջակցության ծրագրեր, որտեղ առաջնայի կարևորություն է տրվում համավարակի հետևանքով ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված գործարարներին։ Փ.Հոեքստրան իր խոսքում առանձնակի շեշտեց այն մասին, որ ԱՄՆ ակտիվ հետաքննություն է իրականցնում՝ պարզելու պանդեմիայի արհեստականորեն ստեղծման և տարածման մեղավորներին։


Չինաստանի դեսպան Խու Հոնգը նշեց, որ՝ չնայած իրենց տնտեսության ծավալներին, մարդկանց առողջությունն ի սկզբանե եղել է առաջին տեղում, և շատ գործարաններ դադարեցրել էին իրենց գործունեությունը։ Այսօր գործարանների մոտ 90 տոկոսը վերսկսել է արտադրությունը (չնայած Չինաստանում գրանցված նոր դեպքերի սակավությանը՝ դեսպանը կարծում է, որ գործարանների և ուսումնական հաստատությունների վերաբացումն, այնուամենայնիվ, դեռ ռիսկային է): Կորոնավիրուսը փոքր և միջին բիզնեսը կանգնեցրել է ֆինանսական խնդիրների առջև, և Չինաստանի պետությունը անհրաժեշտ ֆինանսական օգնություն է ցուցաբերել այդ խմբին, տվել հարկային դաշտում հատուկ պայմաններով գործելու հնարավորություններ։ Օրինակ մարդկանց բաժանել են վաուչերներ, որ առևտուր անեն և խթանեն տեղական շուկան։ Չինաստանի դեսպանը խոսեց նաև այն մասին, որ համաճարակի բռնկումից հետո Չինաստանում ունեցել են արտահանման միջազգային մասշտաբի հսկայական խնդիրներ։ Այժմ պետությունը խրախուսում է գործարարներին իրականացնել ակտիվ միջագային համագործակցություն՝ ձերբազատվելով արտահանման խնդրից և զարգացնելով տնտեսությունը՝ ԿՈՎԻԴ-19-ի պայմաններում։

Առցանց մամուլի ասուլիսին դեսպանները պատասխանեցին այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Ուշագրվար էր, որ Չինաստանի դեսպանը անդրադարձ կատարեց իր և ԱՄՆ դեսպանի հարաբերություններին՝ ասելով, որ վերջինիս հետ երբեք անձնապես չի հանդիպել, բայց բանավիճել է օնլայն հարթակում և ԶԼՄ-ների տիրույթում։ Խ.Հոնգն ասաց, որ ոչ մի անձնական խնդիրներ չունի ԱՄՆ դեսպան Փ.Հոեքստրանի հետ։ «Մեզանից յուրաքանչյուրն, ուղղակի, ծառայում է իր պետությանն ու ազգային շահերին. մենք պետք է դադարենք մատնանշել միմյանց»,- եզրափակեց նա։ 
«Նիդերլանդական օրագիր»
21.05.2020


Dr. Mayelin De Lara, Diplomat Magazine Publisher


No comments:

Post a Comment