The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 20 May 2020

Սովորում ենք անպարտ լինել, հաղթել թշնամուն

 ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` մայիսի 19-ին, բազմաթիվ լրագրողների հետ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան է այցելել նաև մեր թղթակից Նաիրա Գասպարյանը և գրառել, ի մի է բերել իր ստացած տպավորություները` հանրապետության միակ ռազմական բարձրագույն հաստատությունից:



ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը պատրաստում է բարձրակարգ սպաներ՝ հրետանավորներ և մոտոհրաձիգներ։ Այս տարի ևս ինչպես նախորդ տարիներին հայտարարվել է ընդունելություն:
Ռազմական ինստիտուտ  դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտները, ովքեր տարածքային, մարզային զորակոչային հանձնաժողովների կողմից զինվորական ծառայության համար ճանաչվել են պիտանի, ինչպես նաեւ մինչեւ 23 տարեկան պահեստազորում գտնվող զինապարտները:  Յուրաքանչյուր հայի համար մեծ պատիվ է հայրենիքի զինվոր լինելը։ Համալսարանի  առօրյան, այնտեղ ուսուցանվող հետաքրքիր առարկաները հայ երիտասարդներին դաստիարակում են իբրև ազգի լեգենդար հերոսների գործը շարունակողներ։ Այս առօրյայի ամենագեղեցիկ մաս են կազմում հայրենասիրական երգն ու միջոցառումները, ցուցադրական վարժանքները։ Հանրությանը համալսարանական կյանքին ծանոթացնելու նպատակով ցուցադրական վարժանքներին ներկա գտնվելու էին հրավիրվել լրագրողներ։ Համալսարանի կուրսանտները ցուցադրում են իրենց ստացած հմտություններն ու ռազմարվեստից ունեցած գիտելիքները, որոնք անպայման կկիրառեն կյանքում՝ հայրենիքի և հարազատ ժողովրդի նկատմամբ պարտքը կատարելիս։ Երիտասարդների շողացող ժպիտները, սպային արժանավայել վարքն ու գիտելիքները վստահություն են ներշնչում։ Նրանք են հայրենիքի ապագա տերերը։ Հայրենիքի ապագան կառուցողներըն են նրանք ու քաջատեղյակ են, որ Հայոց բանակը, հայ մարտարվեստները, հայոց պատմության անկյունաքար կազմող մեր արժանավոր հայորդիների վարած ճակատամարտերը, հայ ինքնության անքակտելի մաս են։ Մեր գենետիկ կոդը վկայում է այն մասին, որ անգամ հայոց օրորոցայինները եղել են մարտի երգեր, իսկ արցախյան ազատամարտին մասնակցած անչափահասները փորձել են իրենց ավանդն ունենալ հայրենիքի ազատագրման գործին։ Հնօրյա և մերօրյա հայոց ազատագրական պայքարն է, որ միավորում է մեր սպաներին, որոնք ազգի լավագույններն են։ Ասում են սովորելիս ու մարզվելիս դժվարությունները օգնում են մարտի դաշտում կոչմանը հավատարիմ լինել։ Այսօրվա շրջանավարտներն ու կուրսանտները, ովքեր հայրենիքի  վաղվա պաշտպաններն են, սովորել են սիրել այն իրենց ծնողներից ու համալսարանում տքնաջան աշխատող դասախոսներից։ Վաղը նրանք փոխարինելու են լեգենդար ավագ սպայական անձնակազմին։ Իհարկե, այս հարցում հսկայական դեր ունեն թե՛ դասավանդող անձնակազմը, թե՛ հայկական բանակի վերադասը ու թե ողջ հայության հարգանքն ու սերը վայելող ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։ Այսօր, շնորհիվ Արծրուն Հովհաննիսյանի, համալսարանը փորձում է քայլել օրվա հրամայականին համահունչ։ Հայրենասիրության դաստիարակման հարցում իր յուրահատուկ դերն ունի նաև Վազգեն Սարգսյան համալսարանի բակից այս հրաշալի տեսարանը, որն ամեն օր վայելում են մեր սպաներն ու կուրսանտները։ Գեղեցիկի հետ ամենօրյա շփումը արթնացնում է գեղեցիկ հույզեր։ Արարատի այս վեհաշուք տեսարանը անմար է պահում  կոլեկտիվ հիշողությունը ․․․


Տղաները մարզվում են՝ հայրենիքի զինվորը խաղաղ երկինք է սիրում, դրա համար պետք է ուժեղ լինել։ Ուժեղներն են խաղաղություն պարտադրում։



Այստեղ չկա սեռային տարբերակում․ աղջիկները նույնպես մարզվում են, նրանք բոլորը՝ իբրև հայրենիքի պաշտպան հավասար են։



Ահա եկավ այն պահը, երբ պիտի բացեմ փակագծերը և ներկայացնեմ խոստացածս անակնկալը, որի համար երախտապարտ եմ այսօրվա Վ․ Սարգսյան համալսարանի միջոցառումը ձեռնարկողներին, ինչպես նաև «Նիդեռլանդական օրագիր» կայքին՝ ինձ համալսարան գործուղելու համար։ Քանի որ նյութս և տպավորություններս շատ են կփորձեմ ներկայացնել սեղմ, որպեսզի չչարաշահեմ ձեր համբերությունը։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր սիրելի հայուհուն՝ իր գործի նվիրյալ  ՊՆ մամուլի քարտուղարին` մայոր Շուշան Ստեփանյանին, ում հայրը՝ Շահեն Ստեփանյանը արցախյան ազատամարտի հերոսներից է։ Թվում էր` թե ամենասովորական միջոցառում է, ո՛չ սիրելի ընկերներ, այդպիսի բարձր մակարդակով կազմակերպված, այն էլ կորոնավիրուսի սահմանափակումների օրերին․․. Բնականաբար, Շուշանի հետ կազմակերպչական հարցերի շուրջ չխոսեցինք, ամեն  բան պարզ էր, տեսանելի: Դիմակներով մի քանի բառ փոխանակելով` հասկացա, թե ինչպիսի հսկայական աշխատանք է նա կատարում: Սիրելի Շուշան, կարող էի ընդամենը կռահել` հիմա համոզված եմ ասում, հերոսները միայն պատերազմի դաշտում չեն լինում, հերոս են  նրանք, ովքեր ձեր պես անկոտրում կամք և նվիրում են ցուցաբերում` համեստորեն կատարելով  հայրենիքի  հանդեպ իրենց անմնացորդ աշխատանքը։ Արժանի հայուհի, հատուկ շնորհակալություն եմ հայտնում քեզ հայ կանանց ու մայրերի անունից։


Ուզում եմ նաև նշել պարոն Արծրուն Հովհաննիսյանին, ով թաքնված հպարտությամբ էր դիտում, թե ինչպիսի հիացմունքով էին լրատվության ներկայացուցիչները հետևում իրենց սաների կողմից մակարդակով ու հստակ կատարվող վարժություններին։ Ի դեպ, սկսեմ նրանից, որ մուտքի մոտ ջերմ ընդունելություն ցուցաբերվեց մեզ։ Մեզ դիմավորող սպան հատուկ սարքի միջոցով, կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով, բոլորիս մեկ առ մեկ ստուգեց ջերմում ենք թե՝ ոչ։ Ես հպարտության զգացում ապրեցի, որովհետև կատարվող միջոցառումները վկայում են այն մասին, որ հայոց բանակի սպան, ապագա սպան և զինվորը պետության և հասարակության համար արժեք են ներկայացնում և նրանց մասին ամենաբարձր մակարդակով են հոգ տանում։ Ասեմ, որ հարցի վերաբերյալ ունեմ իմ մասնավոր կարծիքը՝ անկախ նրանից, որ բանակային դեպքերի հետ կապված փորձում են նսեմացնել բանակի իրական վիճակը, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ԿԱՅԱՑԱԾ Է, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵԼԸ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՈՐՊԵՍ ՍՊԱ, ՄԵԾ ՊԱՏԻՎ Է։ Այսօր արդեն կարող ենք խոսել ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԲԱՆԱԿ եռամիասնության մասին։ Ի դեպ, համալսարանում հոգ են տանում, որ յուրաքանչյուր կուրսանտ հասկանա, որ հայոց մարտարվեստը, հայոց բանակը, հայկական մարտական երգն ու պարը հայ ինքնության անքակտելի մաս են։ ՏԵՂԵԿԱՑՆԵՄ ՁԵԶ, ՈՐ Վ․ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ։ Հայոց բանակը, որն իրականում մեր հայրերը, ամուսինները, եղբայրներն ու քույրերը և մեր զավակներն են, ովքեր քաջ գիտակցում են իրենց պարտականությունները և կատարում են դրանք ամենայն արժանապատվությամբ և հպարտությամբ։ Հայոց բանակում ելակետային է հայեցի դաստիարակությունը, այդ մասին պարզում ենք` զրուցելով երիտասարդ կուրսանտների և սպաների հետ։


  Համալսարանի պատվոգրերն ու գավաթներն այնքան շատ էին, որ նույնիսկ ամենը նկարել չհաջողվեց։ Սակայն կար մի բան, որին չանդրադառնալ չեմ կարող, և որը հայ մարդ, հայրենիքի նվիրյալ և բարձր ազգային ինքնագիտակցություն և սպայի արժանապատիվ կեցվածք ունենալու համար պարտադիր է՝ դաստիարակությունը նժդեհյան հայրենասիրական և հումանիստական ոգով ու գաղափարներով։


 2002թվականից գործում է կրթօջախի թանգարանը: Հայորդիների փառապանծ մարտական ուղու մասին տեղեկատվություն կարելի է ստանալ թանգարանի աշխատակիցներից, տպավորիչ էր
զինվորների և կուրսանտների  ձեռքով` մարտական տեխնիկայի մետաղի ջարդոնների, կրակած պարկուճներից պատրաստած նրբագեղ ձեռքի աշխատանքները: Յուրաքանչյուր նմուշ այստեղ պահում են մեծ խնամքով։


  Առավոտ վաղ նախքան միջոցառման սկսվելը հետաքրքիր զրույց ունեցանք Վ․ Սարգսյան ռազմական համալսարանի պետ գնդապետ Խ.Խաչատրյանի հետ։ Ծնունդով լինելով Ջավախքից, նա ինձ վրա թողեց հրաշալի տպավորություն։  Մեծ ծրագրերի, հրաշալի նախաձեռնությունների կազմակերպիչ և ջատագով է գնդապետը։ Ինքը հայրենասեր լինելով՝ իր սաներին էլ է այդպես դաստիարակում, յուրահատուկ մոտեցում ունի զինվորական ծառայության և զինվորական կարգապահության հանդեպ։ Հիացմունքով էր խոսում իր սաների ուսումնատենչության մասին։ Նա համոզված է, որ զինվորականը պիտի լինի կրթված, գիտակից, կարգապահ ու լայնախոհ, ռազմական գործում՝ գրագետ , չէ ո՞ր նրան է վստահված երկրի ներկան և ապագան․ սրտանց ուրախանում էր, որ նախորդ տարի Մոնթե Մելքոնյանից ունեցել է 23 հաջողությամբ ընդունված դիմորդ։ Գնդապետ Խաչատրյանը ինձ իր աշխատակիցներին ներկայացրեց որպես սպայի մայր։



Սա սոսկ փաստ չէ, այն վկայում է, որ սպան արժեք ունի, իսկ ինձ համար դա մեծ հպարտություն է։ Հպարտություն է, երբ որդիդ ծառայում է հայրենիքին, ցանկություն ունի կադրային զինվորական դառնալու և ղեկավարությունը գնահատում է նրա աշխատանքը՝ բանավոր խրախուսանքով, պատվոգրերով , նաև դրամական խրախուսանքով։ Մոր համար սա հպարտություն է։ Իմ որդին նույնպես ռազմական պատրաստությունը անցել է Վ.Սարգսյանում և այստեղ ստացել լեյտենանտի կոչումը։ Խ.Խաչատրյանն ասաց, որ մի քանի օրից պատրաստվում են խաչքար տեղադրել եկեղեցիներից մեկի բակում, լինելու է հայ երգ ու պար, հրավիրյալ կատարողներ, որից հետո հատուկ
պայմաններում դեպի Արցախ կճանապարհեն իրենց սաներին։

Անկեղծ ասած, լսում էի նրան ու մտածում, թե ինչպիսի ակտիվ, նվիրյալ, սպաներ ունենք, մարդիկ ովքեր հսկայական հոգս են վերցրել և պատվով կատարում են իրենց աշխատանքը։ Բայց չէ որ այս բազմազբաղ մարդիկ ամեն բան անում են իրենց առողջության և ընտանիքի հաշվին։ Հերոս են մեր սպաների կանայք, ովքեր անտրտունջ կանգնած են ամուսինների թիկունքում։ Խոնարհումս ձեզ հայոց տիկնայք և մայրեր։



Շնորհակալություն հոգածության համար համալսարանի պետին` գնդապետ Խաչատրյանին, ով նաև, ինչպես պարզվեց, ոչ միայն շատ հաճելի, պատրաստված զրուցակից է, այլև վայելում է կուրսանտների ու սպաների անսահման հարգանքն ու սերը։


Վ․ Սարգսյան համալսարանը հայկական կրթօջախ է և նրա սաները զինված են նաև հոգևոր գիտելիքներով: Իզուր չէ, որ անգամ հարյուր տարի առաջ օտարներն էլ են նկատել, որ հայ հոգևորականությունը  չմասնակցելով Քաղքեդոնի ժողովին` առանձնակի ընդգծեց իր ինքնուրույնությունը: Անգլիացի հրեա Բաքսթընները 1914թ. խնդրին անդրադառնալով  այս եզրակացությանն է եկել: Ի դեպ նրանցից մեկը հոգևորական, Բալկանյան ֆոնդերի տնօրենը հետևյալ կարծիքին է հանգել, որ  հայ եկեղեցին էապես տարբերվում է գիտության և կրթության դեմ կատաղի պայքար մղող մյուս եկեղեցիներից։ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՔՆ Է ՄԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՕԳՆԵԼ ԿԱՏԱՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ։ Հետաքրքրական է նաև, որ հայ եկեղեցին շատ դեպքերում, տեսնելով, որ ավանդույթի ուժը շատ մեծ է Հայաստանում, եկեղեցական համակարգ է մտցրել  որոշ հեթանոսական սովորություններ (մատաղի և այլն)։ Բաքսթընները զարմացել են տեսնելով հայի այս հատկանիշը՝ հաց չունենալով ուտելու, թուրքից մազապուրծ հայը երգում է իր ազգային և հոգևոր երգերը, մատաղ է անում և բաժանում դրկիցներին․․․ Կուրսանտները մեծ ոգևորությամբ նշեցին հոգևոր հայրերի հայրենանվեր աշխատանքը իրենց հետ․ շփվելով նրանց հետ՝ կուրսանտներն իրենց ավելի ուժեղ են զգում, նրանք պարբերաբար հաճախում են եկեղեցի, մասնակից դառնում հայ հոգևոր արժեքների պահպանության գործին։ Չէ որ հայ հոգևորականը նաև մարտի է առաջնորդել, օգնել է, որ հայը հասկանա իր ինքնությունն ու ով լինելը` այս հողի վրա, իր յուրահատուկ առաքելությունը։







 Պայծառ ու կյանքով լի  աղջիկները Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորում են նույնքան ջանասիրաբար, որքան տղաները։ Զրուցում ես նրանց հետ ու քեզ համար բացահայտում , որ այս համազգեստը բոլորովին չի սահմանափակում նրանց կանացիությունը, ավելին, այն ընդգծում է հայ աղջկա անսահման նվիրումն իր հայրենիքին, իր ամուսնուն․․․ Կարինեի հետ զրույցը շատ հետաքրքիր էր , աղջիկը համոզված է, որ կինը հայ տղամարդու մարտական ընկերն է։ Նա հատուկ ընդգծեց եկեղեցու և հայոց մարտարվեստի դերը հայեցի դաստիարակության հարցում։ Այո, հայ կինը օրորոցից զինվոր է դաստիարակում, հայ կինը չի կարող անտարբեր լինել ազգի ճակատագրի հանդեպ։ Հպարտ ես, երբ տեսնում ես, որ այս սերունդը յուրացրել է նախորդների փորձը և աչքի են ընկնում իրենց եզակի ասելիքով, գուցե շուտ են հասունացել, գուցեև համաշխահայնացման գործընթացներն են ազդել, ՍԱԿԱՅՆ ՄԻ ԲԱՆ ՊԱՐԶ Է՝ ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ ԹԵ ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ԳԻՏԵՆ ԹԵ ԻՆՉ Է ԻՐԵՆՑ ՊԵՏՔ` ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ և ՀՐԱՇԱԼԻ ԳԻՏԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ։  Կուրսանտներն իրենց ազատ ժամանակը անցկացնում են մեծ և հագեցած գրադարանում։ Իսկ դասասենյակները կահավորված են սարքավորումներով, որոնք թույլ են տալիս կատարել ժամանակակից հետազոտություններ՝ հագեցնլով գիտության նկատմամբ կուրսանտի ծարավը։ Հայը միշտ հակում է ունեցել գիտության և արվեստների նկատմամբ, հայն հայտնի է աշխարհում իբրև ռազմամարտի լավագույն գիտակ։ Ի զուր չէ, որ թուրքական կառավարություն, հային պետության թշնամի հայտարարելով, այնուամենայնիվ հենց հային էր վստահել թուրքական հրետանին  Առաջին աշխարհամարտի ժամանակ․․․Երբ բրիտանացի միսիներներ Բաքսթընները 1914թ․ գրում էին իրենց հաշվետվությունը բրիտանական պառլամենտին, նրանք այնտեղ հատուկ նշում կատարեցին հայ ռազմիկների մասին․ հայը քաջ է և այդ մասին է վկայում պատմությունը, հայը դառնում է բռունցք՝ մոռանալով տարաձայնությունները, երբ ազգին վտանգ է սպառնում․ հայը մեռնում է հանուն ընտանիքի, կրոնի, հայրենիքի, որով տարբերվում է անգլիացուց։ Ասենք, որ նախագենոցիդյան շրջանի հայից այսօրվա հայը տարբերվում է նրանով, որ  կարողանում է պայքարել, ԿՌՎԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ և ՈՉ Է ՄԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ․  ռոզմական համալսարանը կրթում է հաղթանակի համար պայքարող սերունդ․․․
ԲԱՐԻ ԵՐԹ և ԱՆԱՄՊ ԵՐԿԻՆՔ սիրելի կուրսանտներ, և հայոց բանակ։

ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
(մեր թղթ.)
Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան
19 մայիսի,2020թ. ԵՐԵՎԱՆ




No comments:

Post a Comment