Մայիսի 24-ին ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիների հերթական խումբը՝ 52 անձ, վերադարձավ Հայաստան։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորեց և անհրաժեշտ աջակցություն տրամադրեց վերջիններին։
▪️Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:
▪️2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել: Այս առումով, դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է՝ «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»:
▪️Դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:
▪️Հատկանշական է, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով:
▪️ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը:
▪️Դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման:
Դրությունն օրհասական էր: Սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:
Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին կռվող հոգևորականներին:
1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:
Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ ու արդիական բանակով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արամ Մանուկյանը ասում էր. «...դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի... աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:
Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան:
Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:
Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:
Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,
Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում։