Страницы

Saturday, 18 April 2020

Դեսպան Տիգրան Բալայանը Արցախի թափանցիկ ընտրությունների մասին «Diplomat Magazine» պարբերականում



 Դեսպան Տիգրան Բալայանը  «Diplomat Magazine» պարբերականում «Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կարևոր են, նույնիսկ՝ համավարակի ժամանակ» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարել Արցախում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրություններին: Ներկայացնում ենք հայերեն թարգմանությունը:


Անշուշտ, մենք բոլորս դեմ առ դեմ կանգնած ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջանի, երբ սոցիալական ցանցերում և կայքերում մեր ամենօրյա որոնումները հիմնականում ուղղված են #COVID19 և #coronavirus հեշթեգերի ու վարակվածների և բուժվածների, Եվրոպայի սահմաններին և քաղաքակրթությունների միջև խաչմերուկներում ներդրվող նոր սահմանափակումների և արգելանքների վերաբերյալ վերջին տեղեկատվությունները գտնելուն։ Համավարակի այս ամբողջ ժամանակահատվածում հիմնական շեշտադրումն եղել է այն, որ մարդու իրավունքներն ու ազատությունները որևէ կերպ չպետք է  սահմանափակվեն։ Իսկ 150 հազար բնակչություն ունեցող փոքր մի երկիր՝ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ), ևս մեկ անգամ վերահաստատեց իր հանձնառությունը մարդու իրավունքներին՝ ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում 1991թ․-ին Խորհրդային Ադրբեջանից անկախության հռչակումից ի վեր անցկացնելով իր նախագահական 6-րդ և խորհրդարանական 7-րդ ընտրությունները: 
Ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ և ի տարբերություն որոշ հարևան երկրներում կայացած ընտրությունների, այս ընտրությունները նույնպես անցկացվեցին միջազգային չափանիշներին համապատասխան և որակվեցին որպես իրապես մրցունակ, ժողովրդավարական, ազատ և թափանցիկ։


Եվրոպական Միությունը և ժողովրդավարության ջատագովներն  ամբողջ աշխարհում ունեն բնական և տրամաբանական պարտականություն՝ աջակցելու ցանկացած ժողովրդավարական շարժման, արտահայտելու աներեր  համերաշխություն՝ հատկապես այսպիսի հանգամանքներում, երբ բռնաճնշումներ գործադրող տարբեր կառավարություններ (ներառյալ Արցախի անմիջական հարևանությամբ) փորձում են համավարակի քողի ներքո առավել խստացնել առկա սահմանափակումները՝ այդպիսով սեփական հասարակություններին օտարելով հիմնարար ազատություններից, ճնշելով քննադատական կարծիքները և իրենց ընդդիմախոսներին, ընդլայնելով լրատվամիջոցների դեմ հետապնդումները։ Որոշներն անգամ ավելի հեռու են գնում իշխող էլիտայի դիրքորոշմանն ոչ համահունչ կարծիք արտահայտողներին պիտակավորելով որպես «վարակ» կամ «5-րդ շարասյան քարոզչություն»։
Ժողովրդավարական երկրների կողմից արվել են մի շարք հայտարարություններ առ այն, որ օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունն ու հիմնարար ազատությունները պետք է շարունակեն մնալ մեր հասարակությունների ամուր սկզբունքները, այդ թվում՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանում։ Նշյալ հայտարարություններում բոլոր երկրներին կոչ է արվել շարունակել պաշտպանել մամուլի ազատությունը և աջակցել տեղեկատվության ազատ փոխանակմանը։ Միաժամանակ, այն հասարակությունները, որոնք, չնայած ներկա մարտահրավերներին, չեն շեղվում բազմակարծության գերակայությամբ հասարակություն կառուցելու և լեգիտիմ իշխանություն ստեղծելու իրավաչափ ուղուց, ոչ միայն չպետք է անտեսվեն, այլև պետք է խրախուսվեն։  
Գործող և իրական ժողովրդավարության նախադրյալ հանդիսացող օրինակելի, թափանցիկ և ազատ ընտրությունների անցկացումն Արցախի ազգային օրակարգի անքակտելի մասն է։ Ընտրություններին առնչվող բոլոր գործընթացներն արտացոլում են հասարակության միտումները, քանի որ Արցախում  մրցակցային ընտրությունները և անվտանգային բարձր զգայունությունը միմյանց հետ գոյակցող հասկացություններ են։ Ընտրությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մակարդակը, ինչպես նաև բացթողումները ու դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը վկայում են կայուն ժողովրդավարական հասարակություն ստեղծելու ճանապարհին նշանակալի հաջողությունների մասին, ինչն էլ իր հերթին պետք է խրախուսվի։ 

Տարածաշրջանի բոլոր երկրներում ժողովրդավարական զարգացումները և սեփական ժողովրդի առջև հաշվետու իշխանությունների ձևավորումը տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների խաղաղ կարգավորման գրավականն են։ Այս դիտանկյունից ժողովրդավարական բնույթի ցանկացած գործընթաց իր հերթին նույնպես նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը։ Ուստի միջազգային հանրությունը պետք է շարունակի խարսխել իր տարածաշրջանային քաղաքականությունն այս մոտեցման վրա, այն է՝ քայլեր ձեռնարկի նպաստելու հաշվետու իշխանությունների ձևավորմանն ու այնպիսի քաղաքացիական հասարակության ստեղծմանը, որտեղ մարդու հիմնարար իրավունքները ոչ միայն պարզապես խրախուսված են, այլև երաշխավորված։ 
Ներկայիս անորոշությունները չպետք է խաթարեն ժողովրդավարական հիմնարար արժեքների հետևողականության կարևորությունը. միջազգային հանրության առջև ծառացած և ապագայում ի հայտ եկող գլոբալ մարտահրավերներից և ոչ մեկը չպետք է ծառայի որպես արդարացում անգործության համար, հակառակը՝ այն պետք է ծառայի որպես լրացուցիչ ազդակ՝ անվերապահորեն աջակցելու ավելի ժողովրդավարական միջավայր հաստատմանն ու աշխարհի ցանկացած կետում հաշվետու կառավարություն ձևավորմանը։


No comments:

Post a Comment