The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 13 April 2020

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը պարզաբանումներ է տվել «Արմենպրեսին»

Նիդերլանդներում ապրիլի 24-ին չեն կայանա բազմամարդ միջոցառումներ, հետաձգվել է վարչապետ Փաշինյանի 
այցը



 
ՀԱԱԳԱ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում չեղարկվել են Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի ավանդական բազմամարդ միջոցառումները և միայն ապրիլի 24-ին ծաղիկներ են զետեղվելու Հայոց ցեղասպանության հուշարձաններին` Ասենում, Ամստերդամում և Ալմելոյում։ Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում նշում է «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ տեղեկացնելով, որ հայկական համանքային կառույցները, ինչպես օրինակ՝ Հաագայի «Աբովյան» մշակութային կենտրոնը և կիրակնօրյա դպրոցը, փակ են, և ծրագրված բոլոր միջոցառումները չեղարկվել կամ հետաձգվել են։ Հետաձգվել են նաև ապրիլին նախատեսված Ասենի թանգարանում կայանալիք Հայաստանի մասին ցուցահանդեսի բացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդներ։


«Թույլ տվեք ողջունել ձեզ Նիդերլանդների Հաագա քաղաքից, որտեղ արդեն մի քանի շաբաթ է, ինչ կորոնավիրուսի տարածումը կանխարգելու նպատակով դադարել է առօրյա եռուզեռը, ինչպես աշխարհի շատ վայրերում։ Այդ առումով Հոլանդիան բացառություն չի կազմում, չնայած որ այստեղ սահմանափակումներն ու արգելքներն այսպես ասած համեմատաբար «բավական մեղմ» են և իշխանությունները վստահ են, որ քաղաքացիները լուրջ են վերաբերվում այս հարցին և հետևում են կառավարության հրահանգներին` պահպանելով հասարակական կարգն ու կանոնը։ Իհարկե իրավապահ մարմինները հսկում են, որ խախտումներ չլինեն։ Մարտ ամսվա կեսերից այստեղ փակվել են բոլոր ճաշարանները, սրճարանները, թանգարանները, հանրային գրադարանները, թատրոնները, ակումբները, իսկ ավելի ուշ նաև բոլոր ուսումնական հաստատությունները։ Այս տարի նույնիսկ չեղարկվել են միջնակարգ դպրոցների ավարտական քննությունները։ Մթերային և այլ խանութներ աշխատում են հատուկ ռեժիմով, իսկ որոշ խանութներ կամավոր փակել են իրենց դռները։ Այսօրվա դրությամբ այս սահմանափակումները տևելու են մինչև ապրիլի 28-ը, իսկ բազմամարդ հասարակական միջոցառումների արգելքը շարունակվելու է մինչև հունիսի մեկը»,-տեղեկացրեց Հախվերդյանը։
Ապրիլի 13-ի դրությամբ ըստ պաշտոնական տվյալների Նիդերլանդներում վարակվածների հաստատված թիվը կազմում է 25 587, իսկ կորոնովիրուսից մահացածներինը` 2 737։
Հոլանդիայի կառավարությունը, ի դեմս վարչապետի և առողջապահության նախարարի, շարունակաբար մամլո ասուլիսի միջոցով հասարակությանը տեղյակ է պահում համավարակի զարգացումների մասին և հորդորում բնակչությանը մնալ տանը, իսկ հասարակական վայրերում պահպանել սահմանված սոցիալական հեռավորությունը։
«Մեր տեղեկությունների համաձայն հոլանդահայերի մոտ չկան կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներ, սակայն դա դժվար է լիովին ստուգել։ Ինչ վերաբերում է մեծահասկաների և կարիքավորների օգնությանը, ապա դա կատարվում է հիմնականում հայկական հասարակական և եկեղեցական կառույցների կամ հոլանդական բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնց մեջ ներգրավված են նաև հայերը։
Բացի այդ հայազգի բժիշկները փորձում են հայերենով բացատրել համաճարակին վերաբերող հարցերը։ Մի քանի անգամ հեռավար կարգով այդպիսի հանդիպում է կազմակերպել «Նիդերլանդական օրագիր» լրատվամիջոցը։ Ասուլիսը տեղի է ունեցել Նիդերլանդների գլխավոր հիվանդանոցներից մեկի շտապօգնության հայազգի բժիշկ Գոռ Խաչիկյանի հետ, որը հայերենով հստակ խոսել է կորոնովիրուսի ախտորոշման, կանխարգելման,  խնամքի, բարդությունների և ինտենսիվ տերապիայի մասին, պատասխանել ներկայացված հարցերին։ Ի դեպ մեր հայրենակից Գոռ Խաչիկյանը հոլանդական ազգային հեռուստատեսության մշտական հյուրն է, երբ հաղորդման թեման վերաբերում է կորոնավիրուսով վարակված պացիենտների ինտենսիվ թերապիային։
Միաժամանակ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը միացել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար Հայաստանի հիվանդանոցներին բժշկական պարագաններ մատակարարելու ծրագրին։
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը ևս ակտիվորեն աշխատում է խթանել բժշկական պարագաների և անհրաժեշտ դեղորայքի առաքումը Հայաստան։ Դեսպանատան և անձամբ դեսպան պարոն Տիգրան Բալայանի ջանքերով կազմակերպվել և անցած շաբաթ իրականացվել է Նիդերլանդներ այցելած ՀՀ քաղաքացիների մեկ մասի վերադարձը Հայաստան։

Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ ձեզ մաղթել առողջություն, համբերություն, ուժ ու կորով հաղթահարելու դժվարություններն ինքնամեկուսացման և սահմանափակումների այս արտակարգ պայմաններում»,-նշում է հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը։

No comments:

Post a Comment