The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 18 March 2020

Թեժ գարուն, Արցախում շուտով ընտրություններ են

Արցախցին ընտրում է արդարությունն ու կայունությունը





18.03.2020/ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ/Նիդ.օրագիր:
Արցախը համայն աշխարհի հայության հայրենիքն է, Ստեփանակերտը՝ սեր բաբախող սիրտը: Զբոսնում էի քաղաքի կենտրոնական մասում, մտա զբոսայգի, չորս բոլոր, աչք շոյող,  հիացնող մաքրութուն է : Ասում են, եթե ուզում ես իմանալ մարդիկ սիրում են իրենց քաղաքը, նայիր ինչպես են այն պահում: Ստեփանակերտցին սիրում է իր քաղաքը ու նրա լիիրավ տերն է, արյամբ ձեռք բերած ազատությունն ու անկախությունը ամենաթանկն են: Քաղաքը տարբերվում է իր երիտասարդական դեմքերի առատությամբ: Արցախուհիները նուրբ գեղեցկուհիներ են, երիտասարդները հպարտ են իրենց քաղաքով: Թեև  աշխարհում կորոնավիրուսյան ճգնաժամ է, բայց աշխարհի այս անկյունում բնականոն կյանք է, ոչ մեկը անտարբեր չէ գալիք ընտրութունների նկատմամբ: Միայն իրենց փոքրիկների հետ զբոսնող մայրերի համար էր աշխարհը սկսվում և ավարտվում իրենց բալիկներով: Նրանք էլ ուրախ էին արձագանքում ընտրության թեմային, չնայած  ոչ բոլոր թեկնածուների անունները գիտեին: Բոլորին միավորում էր իրենց երազանքի Արցախն ունենալու գաղափարը: Արցախյան լավատեսությունը հայկական լավատեսությունն է, որին գումարվել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Մանեն, Անգելինան Մարգարիտը զբոսնում էին՝ վայելելով քաղաքի գեղեցկությունը: Նրանք լի հավատով գնալու են և ընտրելու իրենց նախագահին: Աղջիկները ցուցաբերեցին հասունություն՝ խոսելով այն մասին, որ, իհարկե, ունեն նախընտրած թեկնածու, բայց վերջնական որոշում կկայացնեն միայն բոլոր թեկնածուների ծրագրերին մանրամասն ծանոթանալուց հետո: Բնականաբար, վստահություն ներշնչող թեկնածուն պիտի լիներ անկեղծ ու արդար: Սա վկայում է այն մասին, որ արցախցին անտարբեր չէ իր ապագայի, զոհերի գնով ձեռք բերած անկախության նկատմամբ: Մոտենում էի անցնող երիտասարդներին, խոսքի բռնվում և հիանում նրանց դրական տրամադրվածությամբ: Որքան հասուն են, հավատով լի ապագայի նկատմամբ։ Երիտասարդները ոգևորությամբ են նշում իրենց թեկնածուների առաքինություններն ու առավելությունները։ Անկեղծ ասած, չէի սպասում նման քաղաքական հասունություն։ Բանակային կոփվածություն ստացածները շատ իրապաշտ են ու սթափ են նայում ծառացած խնդիրներին։ Բոլորը առաջնային են համարում, թե որքան անկեղծ են թեկնածուների նախընտրական խոստումները։ Արտյոմը ասաց, որ ունի թեկնածու, բայց չի պատկերացնում, թե նա ինչպես է աշխատավարձներ բարձրացնելու։ Ավելի տարիքով արցախցիները, հատկապես 90-ականներ տեսած տատիկները, պատրաստվում են ընտրել Արայիկ Հարությունյանին' հաշվի առնելով նրա տնտեսագիտական գիտելիքը և տնտեսություն վարելու հմտությունները։ Վիտալի Բալասանյանը տղամարդկանց և երիտասարդների թեկնածուն է, հստակ բացատրեցին ինձ, որ նա հրաշալի , բարձր արժանիքների տեր անձնավորություն է, տիրապետում է արցախյան խնդրի նրբություններին։ Մայիլյանին գնահատեցին իբրև արժանի թեկնածու, ով միջազգային ատյաններում գիտի իրեն ինչպես դրսևորել, Դավիթ Բաբայանով հիացած էին' շեշտելով նրա դիվանագիտական հավասարակշռված պահվածքը և գրագիտության անթերի մակարդակը։
Իսկ նախագահի առաջադրված թեկնածուներն են`

«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,

«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,

Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,

«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,

«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան:

Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:

Երկու հարց իրոք արժանի է հիշատակման. բոլոր զրուցակիցներս վստահաբար սպասում են, որ հաղթանակող նախագահի թեկնածուն միայն ազատ և արդար ընտրության արդյունքում է դառնալու երկրի ղեկավար։ Երբ փորձեցի նկատել, որ անգամ ադրբեջանցի որոշ լրագրողներ են խոսում ժողովրդավարության մակարդակի մասին Արցախում, տղաներից մեկը առարկեց՝ դրանով մեզ չէ, որ գովում են, այլ ալիևյան ռեժիմի զավեշտն են մատնանշում։ Չմոռանամ ասել, որ հատուկ մոտեցա նաև տարածքում պարեկություն անող երկու ոստիկաններին. հրաշալի, վստահելի, լուրջ մարդիկ . լսեցի այն պատասխանը, որ ի դեպ, ակնկալում էի` ոստիկանը էաղաքականությամբ չի զբաղվում, բայց անպայման կատարում է իր քաղաքացիական պարտքը։ Արցախյան ոստիկանների հետ էլի եմ առնչվել. կարգին մարդիկ են, առանց պատճառի մեքենան չեն կանգնեցնի` ինչպես երբեմն Երևանում է պատահում:  Մի անգամ, Արցախում արագությունը մի փոքր գերազանցել էինք , բայց  դե խախտում էր, օրենքով աշխատեցին` արձանագրությունը կազմեցին, բայց ''փոխհատուցումն'' էլ չուշացավ` ինձ  միրգ հյուրասիրեցին ու երբեք անօրինական բան չեն անի։ Արցախյան ժողովրդավարությունն օրինակելի է։ Կեցցեք տղաներ։ Ես այսօր ռեալ հասկացա, որ Արցախում հուսալի սերունդ է աճում։ Իհարկե, եղավ մեկը, որ հավատում էր ռուսի հետ ապագային։ Մեծ մասը հիմնականում Արցախի ապագան Հայաստանի հետ են տեսնում։  Եղան նաև միջին տարիքի արցախցիներ, ում համար էական չէ, թե ով կընտրվի, միայն թե արդարությունը հաղթի ու պատերազմ չլինի։ Ինձ ուրախացրեց այն հանգամանքը, որ այդքան զրկանքներ, պատերազմի արհավիրքներն իր մաշկին զգացած արցախցին  լավատես է, որ   ընտրությունները Նաև կայունություն ձեռք բերելու,  լիարժեք ստեղծարար կյանքով ապրելու գրավական են:
Միայն թե հաղթի արդարությունը և լայնամասշտաբ պատերազմ չլինի։ Հուսանք...



No comments:

Post a Comment