The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 2 March 2020

Մարտի 2-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է դիվանագետների մասնագիտական օր



 1992թ.-ի մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, այդ օրը մեր պետականության խորհրդանիշ եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև։
Արդեն մոտ երեք տասնամյակի մոտեցող  հայոց կայացած դիվանագիտությունը դարձավ միջազգային այս ընտանիքի հեղինակավոր անդամներից  մեկը: Հնարավորություն ընձեռնվեց մեր ձայնը ավելի լսելի դարձնել աշխարհում, մասնակից լինել մարդկության առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների  լուծմանը:
Անկախության հենց առաջին տարիներին մեր դիվանագիտության առջև   խնդիր դրվեց օգտագործել առկա սուղ հնարավորությունները, իրագործել ու նպաստել մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ապահովելով արտաքին բարենպաստ միջավայր ու աջակցություն: Այսօր այդ մոտեցումները առարկայացվել են: Հայաստանի դիրքն ու հեղինակությունը տարեց տարի ընդլայնվում ու ամրապնդվում է, դա  երկկողմ և բազմակողմ դիվանագիտական կապերի խորացումն է,  միջազգային գործընթացներում մեր պետության ներգրավվածությունը:

Մասնագիտական տոնի  կապակցությամբ ֆեյսբուքյան իր  էջում այսպիսի գրառում է արել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան  Բալայանը.
 «Իմ սիրելի ծառայակիցներ, Հայաստանի դիվանագետներ, շնորհավոր մեր մասնագիտական օրը, որը մարմնավորում է հայ ժողովրդի դարավոր երազանքը՝  անկախ պետականություն և մյուս երկրների հետ հավասարազոր կարգավիճակով մեր հավաքական շահերի ներկայացման ու պաշտպանության հնարավորություն։
Երբեք չմոռանանք, որ մեր ծառայությունը մեզ վստահված յուրատեսակ խրամատն է, ու մեր աշխատանքի արդյունքից է կախված խրամատում մեր զինվորների անվտանգությունը։
Արգասաբեր, անփորձանք ու բարի ծայառություն»:
Դեսպանը այս գրառմանը կցել է , մեկ այլ գրառում` երբ դեռ մեկ ամիս էր ստանձնել Նիդերլանդներում  արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները: Այնտեղ նա հետևյալն էր գրել.
« Լրացավ Հաագա ժամանելու և ՀՀ դեսպանի պարտականությունները ստանձնելու մեկ ամիսը։ Այս ժամանակահատվածի ամենահիշարժան պահն իհարկե հավատարմագրերի հանձնում էր՝ շատ հուզիչ պահերով, որոնց մասին դեռ կգրեմ։
Ամենագլխավոր միտքը, որ արմատավորել եմ գիտակցությանս մեջ դա այս երկու սահմանագծի միջև շատերի համար անտեսանելի ուղիղ կապն է։
Բարի ու անփորձանք ծառայություն բոլորին»:

Դիվանագետի մասնագիտական տոնի առիթով «Նիդերլանդական օրագիրը»  շնորհավորում է հայ դիվանագետների կայացած ընտանիքին, հատկապես Նիդերլանդներում Հայաստանը ներկայացնող մեր մեծարգո դեսպանին, ով իր աշխատանքային  կարճ գործունեության ընթացքում հասցրել է ուշադրության կենտրոնում  պահել  հայ-նիդերլանդական տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտության օժանդակումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը,  հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը և սերտ համագործակցել նիդերլանդահայ կառույցների,  կազմակերպությունների ու անհատների հետ:

Մաղթում  ենք նորանոր հաջողություններ ` ի նպաստ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության դիրքերի և հեղինակության ամրապնդման:
Nid.oragir

No comments:

Post a Comment