Страницы

Saturday, 8 February 2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակության այցը Նիդերլանդներ


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում է: Աշխատանքային այցի առաջին հանդիպումը Քրեական արդարադատության հարցերով համագործակցության ԵՄ գործակալության (Եվրաջասթի) նախագահ Լադիսլավ Համրանի հետ կայացել է փետրվարի 4-ին, այդ մասին հայտնում է ՀՀ արդարադատության կայքը:

Նախարարը գործընկերոջը տեղեկացրել է արդարադատության ոլորտում վերջին զարգացումների և բարեփոխումների օրակարգի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերել են դատական ​​և հակակոռուպցիոն ռազմավարությունների ուղղություններին:

Եվրաջասթի նախագահը ներկայացրել է կառույցի գործառույթները և նախարար Բադասյանի հետ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող կոնկրետ հարցեր՝ հատկապես ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի նպատակով: Միաժամանակ, կողմերն ընդգծել են նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի կարևորությունը և անդրադարձել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման նախապատրաստմանը:

Արդարադատության նախարարը Եվրաջասթի նախագահին հրավիրել է Հայաստան:     




Ռուստամ Բադասյանը Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 5-ին հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ:







Նախարարը գործընկերոջը հակիրճ տեղեկացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների, այդ թվում` ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունների մասին և Ֆիլիպ Գոտյեի հետ քննարկել Հայաստանի և Արդարադատության միջազգային դատարանի միջև համագործակցության ընդլայնման ուղիները:



Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ փետրվարի 6-ին, նախարար Բադասյանն այցելել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե և քննարկում ունեցել դատաիրավական և իրավապահ ոլորտների բարեփոխումների հարցերով փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի գործունեությունը, այնուհետև Ռուստամ Բադասյանն անդրադարձել է դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարություններին,  բարեփոխումների ծրագրերին, որոնք շատ բարձր են գնահատվել փորձագետների կողմից։ Նախարարն ընդգծել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում հաջող համագործակցություն է տեղի ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

 Փորձագետների հետ քննարկման ընթացքում կարևորվել է նաև իրավունքի գերակայության ապահովումը:

Հայաստանի և Նիդերլանդների արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը



Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 6-ին հանդիպել է Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Գրապպերհաուսին։

Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը և պայմանավորվել են ավելի խորացնել երկու գերատեսչությունների միջև հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն և քրեակատարողական ռազմավարությունները, ինչպես նաև Նիդերլանդների արդյունավետ փորձը պրոբացիոն ոլորտում։

Քննարկման արդյունքում Ֆ. Գրապպերհաուսը պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական ծառայությունում ենթակառուցվածքների զարգացմանը։



Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի
07/02/2020




Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում, փետրվարի 7-ին Եվրապոլի կենտրոնակայանում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլի հետ։
Տիկին   դե Բոլն ուրախությամբ նշել է, որ, նկատի ունենալով կարճ ժամանակում Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը, Եվրոպական միության անդամ պետություններն իրենց համաձայնությունն են արտահայտել Հայաստանի հետ Եվրապոլի մանդատի շրջանակում համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կնքելու առաջարկի վերաբերյալ։
Այնուհետև, նախարարին ներկայացվել են Եվրապոլի գործունեությունը և գործառույթները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կառույցի կողմից օգտագործվող տեխնիկական միջոցները։ 
Նախարար Բադասյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը՝ կենտրոնանալով հակակոռուպցիոն պայքարի թվերի, մասնագիտացված ինստիտուտների ստեղծման, քրեական արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ Կառավարության տեսլականի և կոնկրետ քայլերի վրա։  
Եվրապոլի գործընկերները ողջունել են ոլորտային բարեփոխումների ընթացքում ԵՄ կառույցների ակտիվ ներգրավվածությունը։  Այցի ընթացքում Ռուստամ Բադասյանին ներկայացվել է նաև Եվրապոլի գործառույթներն ու դերը կառույցի անդամ երկրներից քրեական գործերով ապացույցների ձեռքբերման գործընթացում, ինչպես նաև փողերի լվացման, ֆինանսական քննությունների և ակտիվների վերադարձի ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի իրավասու մարմինների հետ նշված յուրաքանչյուր ուղղությամբ համագործակցության կոնկրետ քայլերը։
Արդարադատության նախարարի և Եվրապոլի գործադիր տնօրենի կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Եվրապոլի միջև համագործակցության իրավական շրջանակի կնքման մոտավոր ժամկետների վերաբերյալ։ 
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը Եվրապոլի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլին հրավիրել է Հայաստան՝ հետագա համագործակցության ուղղությամբ նոր  համաձայնություններ քննարկելու նպատակով։




No comments:

Post a Comment