Համահարթեցման ընդհանուր միտումներն ու զարգացումները լայն հնարավորություններ են ստեղծում հայաստանցի դասավանդողի և ուսանողի համար։ Մասնագիտական գիտելիքներն ընդլայնելու և հարստացնելու գործով զբաղված են Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում։ Երևանի պետական համալսարանում ուսումնական գործընթացն արագացված տեմպերով համապատասխանեցվում է գործող համաշխարհային չափանիշներին։
ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտության կենտրոնը իր ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայով, որի ղեկավարն է տ.գ.թ. Արթուր Արամայիսի Ավագյանը, ստեղծվել է 2007 թ.-ին` ՏՏ ոլորտում կրթական, մասնագիտական մարզման, շարունակական կրթության ծրագրերի և առանձին դասընթացների իրականացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման, համալսարանի կրթության կառավարման և որակի ապահովման, տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման նպատակով: Բացի ավանդական ձևերից` կենտրոնի դասավանդման փորձառությունը ընդգրկում է նաև առցանց և հեռավար եղանակները, ինչպես նաև ուսուցման զուգակցված ձևերը: Դիտարկվում են առցանց ուսուցման տեխնոլոգիաները, որոնք լրացական միջոց դասական լսարանային ուսուցման տարբերակին դասավանդման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար։ "Ուսուցման և ուսումնառության կառավարման" համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները դասախոսին թույլ են տալիս մշտադիտարկելու ուսանողների գործառույթները, հաղորդակցվելու, ըստ պահանջի կառավարելու նյութերի մատուցման հոսքերը, առանձին ուսանողի կամ ուսանողների խմբի տվյալներ փոխանցելու, փոփոխելու, ավելացնելու կամ հեռացնելու դասընթացի նյութերը։ Դասընթացի տվյալների կառուցվածքի մշակման գործիքները կիրառելի են տարրական, միջնակարգ, բարձրագույն կրթության և կորպորատիվ ընդլայնված դասավանդման համար։
Դասընթացի շրջանակներում դիտարկվում է դասավանդման գործառույթների կառավարման բոլոր փուլերը, այդ թվում՝ ուսանողների գրանցման, ընդգրկման, նյութերի մշակման, մատուցման, հարցերի և քննությունների մշակման, գնահատման, առաջադրանքների, քննարկումների և համատեղ խմբակային աշխատանքների կատարման խնդիրները և դրանց իրականացման միջոցները։ Դիտարկումներում շեշտը դրվում է խնդիրների լուծման իրավիճակային փոխգործուն/ ինտերակտիվ եղանակի վրա: Քննարկվում են իրավիճակային խնդիրների վերլուծություններն իրենց լուծումներով: Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ որոշակի փորձառություն ունեցող դասախոսների համար։ Որպես բազային միջավայր՝ դիտարկվում է Moodle հարթակը։ ԵՊՀ-ն այս համատեքստում արդեն փորձ է անում ուսուցման ընթացքում լայնորեն կիրառելու միջազգային Moodle ծրագիրը, որն ապահովում է ուսումնական ծրագրի արդյունավետություն դասընթացում ընդգրկված բոլոր ուսանողների մասնակցությամբ, ամրապնդում է դասավանդող-ուսանող հարաբերությունները, նպաստում է բազմաբովանդակ նյութերի կիրառմամբ ուսուցմանը։ Վերջին երեք տարում ավելի քան ԵՊՀ 200 դասախոսներ այս դասընթացի միջոցով ծանոթացան արդիական դասավանդման նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին և սկսեցին կիրառել դրանք :
2020 թ․ հունվարին Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի մի քանի ամբիոնների 19 դասախոսներ և դոցենտներ Արթուր Ավագյանի շնորհիվ և օգնությամբ որոշակի դասաժամերի ընթացքում հաղթահարեցին ծրագրի նրբությունները։ Արթուրի բարձր արհեստավարժությունն ու հմտությունները օգնեցին, որ բանասեր-լեզվաբանների հիշատակված խումբը քննությունը հանձնի բարձրագույն ցուցանիշներով և ծրագրի սահմաններում աշխատանքն ընկալի իբրև հաճույք։ Դասավանդողները ոչ միայն սովորեցին ինչպես հաղորդակցվել և դասավանդել ծրագրի շրջանակներում, այլև եկան այն եզրակացութան, որ նշված ծրագիրն ընձեռում է ուսանողի հետ աշխատելու լավագույն հնարավորութուններ։ Գաղտնիք չէ, որ flip classroom-ի դերն այս առումով անգնագատելի է։ ԵՊՀ դասախոսներից և դոցենտներից ոմանք flip classroom-ի գաղափարը մինչ նոր ծրագրի ներմուծումն իրականացնում էին Facebook սոցիալական հարթակի միջոցով։ Ծրագրի աշխատանքի մեկնարկը տրված է և հաջողութամբ սկսված է նոր մեթոդաբանության կիրառումը։
No comments:
Post a Comment