The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 28 February 2020

Օլիմպիական բրոնզե պարգև Մելանյային` խոհարարական վարպետության համար




28.02.2020/Նիդ.Օրագիր
Երեկ ուշ երեկոյան բավականին ուրախալի լուր ստացանք գերմանական Շտուտգարտ քաղաքից: Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակից Մելանյա Սիմոնյանը մասնակցելով գերմանական այս քաղաքում անցկացվող  IKA Խոհարարական հեղինակավոր օլիմպիադային արժանացել է բրոնզե պարգևի: Հայ խոհարարուհու պատվին բարձրացվել է հայկական դրոշը: Միառժամանակ Մելանյան հանդես է եկել ու բարձր պահել նաև Նիդերլանդների անունը: Նա մեծ սեր ունի դեպի իր գործը զբաղվում է  հրուշակագործությամբ և ունի  «Wedding & Cake» սեփական ընկերությունը:
Նիդերլանդական օրագրի կողմից ևս շնորհավորում ենք Մելանյային, ցանկանում ստեղծագործական նորանոր հաջողություններ:





Նիդերլանդների համագործակցող հայկական կազմակերպությունները դատապարտել են Ադրբեջանի վայրագությունները



Փետրվարի 27-ին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի և Գարեգին Նժդեհ երիտասարդական կառույցի հետ համատեղ բողոքի ցույցի են ելել 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի դեմ: Ցույցն սկսվել է Ադրբեջանի դեսպանատան շենքի դիմաց: «Ղարաբաղը Հայաստան է» «Ադրբեջան, Ալիև ագրեսոր» վանկարկումներով: Չնայած դեսպանության տարածքում մի խումբ ազերիներ փորձում էին կրքեր բորբոքել, բայց հայ ցուցարարները բավական սառնասիրտ գտնվեցին և չտրվեցին սադրանքին:

Ցույցի մասնակիցները քայլերթ արեցին մինչև Նիդերլանդների խորհրդարանի շենք, որտեղ տեղադրված էր հարթակը: Անբարենպաստ եղանակը չխանգարեց, որպեսզի բանախոսները ելույթներ ունենային և հիշեին 30 և ավել տարիների վաղեմությունը չճանաչող ողբերգությունը:

1988թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Խորհրդային Միության ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և տանջահար սպանվեցին բազմաթիվ մարդիկ: Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր Խորհրդային Միության պատմության մեջ:
Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը 1988թ․ նոյեմբերին հանգեցրեց Գանձակի իսկ 1990թ. հունվարին Բաքվի կոտորածներին, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ:


Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ի հայտ է եկավ հասուն ժողովրդավարություն, որտեղ կոռուպցիային ու կեղծիքներին ոչ է ասվել, մինչդեռ Ադրբեջանում Ալիևի ավտորիտար և կոռումպացված ռեժիմը շարունակում է մատուցել այս ծառայությունները: անընդհատ ոտնահարվում են մարդու իրավունքներն ու խոսքի ազատության իրավունքը: Երեկ թուրք-ազերիններն էին Հաագայի Հայաստանի դեսպանության դիմաց Խոջալու վանկարկում` պարտակելով իրենց վայրագությունը: նրանք բարձր են գոռում, որ խլացնեն Բաքվում, Գանձակում, Սումգայիթում և այլուր կատարած հանցավոր հրեշագործությունները:

Օրերս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին կարևորել է զանգվածային վայրագությունների ու ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային ջանքերը, Հայաստանը նիստին ներկայացրել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի նոր նախագիծը , համոզված է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդատուի գրասենյակը պետք է շարունակի մարդու իրավունքների, ցեղասպանության և զանգվածային վայրագությունների զանգվածային խախտումների կանխարգելումը խթանելու և ամրապնդելու գործում իրենց առաջնային դերակատարությունը:

Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունների պատվիրակությունը նամակ հղեց Արտաքին գործերի նախարարությանը` հասցեագրված նախարար Բլոկին, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի Կովկասում դեռևս չլուծված հակամարտությանը` Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Նույն բովանդակությամբ նամակներ են ուղարկվել խորհրդարանի Երկրորդ և առաջին պալատի նախագահներին:
Բողոքի ակցիան ցուցադրվել է ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ ուղիղ եթերում


.



















Wednesday, 26 February 2020

Ադրբեջանական սփյուռքի ու ազգայնամոլ Աշկինի իրական դեմքը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ


 ՀԻշեցում, թե ով է Իլհան Աշկինը 

Ազգայնամոլ, հայատյաց Իլհան Աշկինի (Ильхан Ашкын, İlhan Aşkın) մասին բազմիցս ենք գրել: Այս անգամ կրկին անդրադառնում ենք նրան լոկ այն  պատճառով, որ նրա մասին բավական նոր հետաքրքիր բացահայտումներ ենք արել: Հիշեցնենք, որ սա այն պարոնն էր, որ 5 տարի առաջ` 2014 թ. հունիսի 1-ին,  թուրքական լոբինգի կողմից մարդկանց ստիպողաբար ցույցի բերած  Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի բացումն արգելափակելուն միտված  հանրահավաքում`  թուրք-ազերական ամբոխի հետ  վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» հայատյաց արտահայտությունը: Այս խոսքերի համար Նիդերլանդների հայկական կազմակերպությունների բողոքից հետո Աշկինը կանգնեց այս երկրի արդարադատության ատյանի առջև: Մինչև օրս պատժը չկրելու տարիների ձգձգումը պայմանավորված է Աշկինի կողմից վճռի բողոքարկման  հետ: Առայժմ վերջին որոշումը Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանի նոյեմբերի 14-ի անփոփոխ թողնված վճիռն է, որով նրան պարտավորեցվել է    120 ժամյա  հարկադիր աշխատանք, կամ էլ մեկամսյա պայմանական բանտարկություն: Նա իրեն մեղավոր չի ճանաչում և այս վճիռը ևս բողոքարկել է գերագույն դատարան: Սպասենք գերագույն դատարանի արձագանքին, որի վճիռը Աշկինի համար ևս վերջնական համարել չի կարելի, քանի որ նա  հայտարարել է, որ գնալու է մինչև մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Դե դա  նրա համար  հոգ չէ, քանի որ  ոչ իր դրամով է վարձել Նիդերլանդների հայտնի փաստաբաններից մեկին:  Սա նշանակում է, որ Հաագայի թուրք-ադրբեջանական բարեկամության մշակութային միության կոչեցյալ նախագահը ոչ մի աղերս չունի ժողովուրդներին բարեկամության կոչելուն, ինչ անուն որ կրում է իր կազմակերպությունը:  Նա  ոչ միայն չի  գիտակցում ու զղջում բազմազգ Նիդերլանդներում կատարած իր  հանցանքի ծանրությունը, այլ շարունակում է հպարտ աքլորի պես նույն ծուղրուղուն կանչել: Իրոք` կարմիր կովը կաշին չի փոխի: Այսօր Աշկինին կարելի է տեսնել թուրք-ադրբեջանական համայնքի կազմակերպած զանազան միջոցառումներին, սոցցանցերում` հակահայ քարոզչությունը շուրթերին: 
Նա ազգայնամոլական դիրքորոշմամբ այնքան է առաջ գնացել, որ հայկական կազմակերպությունները կարող են նրա դեմ նույնիսկ նոր հայցով հանդես  գալ:  Այս ապաշնորհ, Իլհամ Ալիևի պարգևին արժանացած թշվառ ազգայնամոլ մեղադրյալը, որին սթափվելու են կոչել Նիդերլանդական արդարադատության ատյանները, հոգեբանական բարդույթ ունի ու կարծում է` ինչքան շատ հայհոյի թյուրքալեզու ազգերի քիմքին ոչ հաճո ազգերին ու երկրներին, այնքան ինքը  բարձրանալու է Ալլահի աչքին ու  «ազգի հերոս» է հռչակվելու:

Փոքրիկ հայացք նրա ֆեյսբուքյան անցած մեկ ամսվա էջին ու ամեն բան պարզ կլինի


Ֆեյսբուքում  Ալմելոյի տխրահռչակ հանրահավաքի ֆոնին  իր լուսանկարն է տեղադրել ու գրել` «Ղարաբաղը Ադրբեջանինն է» արտահայտությունը: Շարունակությունը մոտավորապես նույն ոճով է` Հայաստանը «կեղծ» պետություն է հիմնված Ադրբեջանի տարածքների վրա: Այս լուսանկարները ժամանակ առ ժամանակ փոխվում են` կապված Ադրբեջանի «սև օրացույցից»` Բաքու, Խոջալու, Շուշիի անկում և այլը:

ՈՒշագրավ է Ալիևի լուսանկարի վերևում դրված նրա մեկնաբանությունը` «Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահին պատմություն է սովորեցնում»: Չբավարարվելով այսքանով, նկատի ունենալով Փաշինյանի խոսքերը, ավելացրել է.«Այս տղամարդու ասածը սուտ է` մեր նախագահ պարոն Իլհամ Ալիևը աշխարհի առջև պատմության դաս տվեց»: Խոսքը վերաբերվում է մյունխենյան հանդիպումներին: Իրականում ով ում դաս տվեց արդեն  հայտնի է, Խոջալուի դեպքերի կապակցությամբ Ալիևի ասած սուտն արդեն հայտնի է:
Ավելի գերակշռող է Աշկինի պանթյուրքիզմի գաղափարախոսությանը հարող գրառումներն ու լուսանկարները  ադրբեջանական ու թուրքական դրոշներին դրոշմված ոռնացող գայլի պատկերներով, Թուրքիայով, Ադրբեջանով դեպի Միջին Ասիա և Հեռավոր Արևելք սփռած պատկերներով ու դրոշներով: Աշկինը  «հիշել» է ալևիններին, Վիլսոնի իրավարար վճիռը, «եղբայրական» Ղազախստանում վթարված ինքնաթիռը, Սարիղամիշում  թուրքական զորքի «նահատակներին»  , Սիրիայում զոհված թուրք զինվորներին, Արևելյան Թուրքիստանի (Այդպես են անվանում Չինաստանի թուրքալեզու բնակչության տարածքը` ծանոթ.Նիդ. օրագիր) ույգուրների պաշտպանության պայքարը, որի առթիվ վերջերս ցույց է կազմակերպվել ու նա ելույթ է ունեցել: Իմիջիայլոց, այս օրերին էլ զբաղված է Հայաստանի դեսպանատան դիմաց (փետրվարի 26-ին) ու Խոջալուին նվիրված (23-ին) հանրահավաքի կազմակերպմամբ: Խոջալուի ցուցապաստառները տպագրվել ու բերվել են  Բաքվից:

 Մեկ այլ գրություն վերնագրել է` «Անուններ, որոնք ներխուժեցին թուրքական աշխարհ», ու նշվում է 4 երկրի անուն` Չինաստան, Իրան, Ռուսաստան, Հայաստան, մեկնաբանությունը հետևյալն է. «Այս դավաճանները թուրքի արյուն ունեն: Անշուշտ, մի օր իրենք են խեղդվելու այս արյան մեջ:» Իր ծննդավայր Իգդիր քաղաքի վերաբերյալ մեկ այլ  տեսաերիզի վերևում գրել է. « Որոշ խառնածին հայեր պնդում են, որ  Իգդիրը Արևմտյան Հայաստանի քաղաք է, այս անպատվավորներին իրականության մեջ ասելու շատ խոսք կա ու թեև դատարանի սուրը  գլխիս է (նկատի ունի իր դատական գործը`ծանոթ Նիդ.օրագիր), պնդում եմ, որ սոված հավը երազում ցորենի շտեմարան է տեսնում»:
ՈՒ այս մարդը դատարանում ու հայերի մոտ պնդել է, որ հայերի դեմ ոչինչ չունի...

«Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ»

Նիդերլանդների դատարաններում որքան էլ Աշկինը պնդում էր, որ հայերի նկատմամբ ինքն ատելություն չունի և փորձում էր դատավարությանը քաղաքական երանգ տալ , ապացուցել, որ հայերը օկուպացրել են Լեռնային  Ղարաբաղի տարածքը` չստացվեց:  Նա այլ բան էր ասում ներքին լսարանին, որի արտացոլումն էր գտնում դատարանի միջանցքներում ու նրանից դուրս հանդիպումներում, թերթերում ու ֆեյսբուքյան էջում: Դրանք   պետք չէ  փնտրել խոշորացույցով: Եվս մի օրինակ, որ ինքնախոստովանանքի  ուժ ունի: Ֆեյսբուքյան  իր էջում  պատճենահանել է հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի «Արմենպրեսին» հղած իր մասին հոդվածը, դրա կողքին, չգիտես ինչ իրավունքով, տեղադրել  է`  հավանաբար դատարանների ծանուցագրերով իրեն տրամադրված Մ. Հախվերդյանի և  Հայ Դատի նիդերերլանդական կառույցի ներկայացուցիչ Մասիս Աբրահամյանի  ծննդյան թվականն ու վայրը  մատնանշող  տեղեկություններ ու դրա վերևում գրառել, որ իրեն 5 տարի առաջ դատի տված «երկու խոշոր հայկական կառույցների» ղեկավարները իրանցի հայեր են: Նա այստեղ խոստովանում է, որ իրեն  դատի են տվել նրա համար, որ ասել է`  գրաված տարածքները հայերի գերեզմանն են  լինելու:



Հետաքրքիրը նա է, որ դատարանի մեղադրանք չնդունող թուրք-ադրբեջանցին այս գրառումով լավ էլ հաստատում-խոստովանում է իր մեղքը:

Նույն ստատուսում սրտնեղել է, թե ինչու Հայաստանից դուրս ապրող հայերը  կարողանում են ստանձնել հայ համայնքների ղեկավարումը, իսկ իրենց մոտ դա չի աշխատում:  եթե Նիդերլանդների ադրբեջանական համայնքի ղեկավարը Հյուսիսային Ադրբեջանից չէ (Նկատի ունի այսօրվա Ադրբեջան պետությունը: Իրանի հյուսիսում գտնվող մարզն անվանում է այս պետության մաս, կամ` Հարավային Ադրբեջան` ծանոթ. Նիդ.օրագրի), ապա աշխատում են  նրան մատիտով «ջնջել», ազատվել նրանից: Աշկինի կարծիքով իրենց  համայնքների առաջնորդները պասիվ ու անգործունյա են ու չեն համագործակցում միմյանց հետ:  Աշկինը շատ նեղված է, որ արդեն 5 տարի է հայերն իրեն «բացահայտել» են ու չի կարողանում ինքնադրսևորվել, ցույց  տալ իր  թունդ նվիրվածությունը թուրքական աշխարհին, քանի որ կաշկանդված է դատական գործով: Հայկակական կազմակերպությունները ճիշտ ժամանակին փակեցին այս ազգայնամոլի բերանը, դա համընկավ նրան, որ նա նոր  պարգևի էր ներկայացվել Ադրբեջանի նախագահին, ու Ադրբաջանի դեսպանն էլ հետ էր կանչվել Բաքու: 
Իլհան Աշկինին «բացահայտած» հայերը` թուրքական մամուլում
Աշկինի մասին  ամենահետաքրքիր բացահայտումն արել է  «Եվրոպայի Ադրբեջանի բարեկամներ» կոչվող ընկերության նախագահ,  Xudafərin  էլ. կայքի գլխավոր խմբագիր Էլման Մուստաֆազադեն (Elman Mustafazadə), վերջինիս ներկայացնելուց հետո` կգանք այդ բացահայտումներին :

«Եվրոպայի Ադրբեջանի բարեկամներ» ընկերության նախագահ, Xudafərin էլ. կայքի գլխավոր խմբագիր Էլման Մուստաֆազադեն


Էլման Մուստաֆազադեն` ի տարբերություն Աշկինի, Եվրոպա է եկել Ադրբեջանից: Իր կայքում ինքն է գրել իր մասին: Ծնվել է 1957-ին Աղջաբադի շրջանի Հինդարքս գյուղում: Ավարտել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական ​​համալսարանի մշակութային կրթության ֆակուլտետը: Դասախոսել է տեխնիկումներից մեկում, եղել է մշակույթի տան տնօրեն, մինչ 1990թ, իբր երեք ամսով ղեկավարել է կամավորական զինված ջոկատ, որից հետո ի նշան Ադրբեջանում կոմունիստական ռեժիմի դեմ բողոքի ժամանակավոր ապաստարանի իրավունք է ստացել Լեհաստանում: Այստեղ հիմնել է «Ադրբեջանի հասարակություն», այնուհետև եղել է  «Լեհաստանում Ադրբեջանի բարեկամներ» կազմակերպությունների համահիմնադիրն ու նախագահը, զբաղվել է բիզնեսով, 1994-ին հիմնել «Խուդաֆերին» ամսագիրը: 2000թ բնակություն է հաստատում Նիդերլանդներում, թուրք պրոֆեսոր Իրֆան Մուրադ Յըլդըրըմի օգնությամբ  հիմնադրում են «Եվրոպայում Ադրբեջանի բարեկամներ» ընկերությունը, նրա նախագահն է և  Xudafərin  էլ. կայքի գլխավոր խմբագիրը:

Մուստաֆազադեն` ի տարբերություն Աշկինի ոչ այնքան «երդվյալ» ազգայնամոլ է, որքան հայերի հաջողություններից մտահոգ ադրբեջանական «պատրիոտ»: Նա ավելի շատ ձգտում է, որ տարբեր ասպարեզներում ադրբեջանցիները հետ չմնան հայերից: Թերարժեքությունից երբեմն նրա մոտ առկայծում է նախանձը, երբ բախվում է հայերի գործարար ու մտավոր կարողություններին առնչվող երևույթների: Օրինակ, հարց է տալիս.  «ի՞նչ նպատակով են պահվում ադրբեջանական բանակի համար ձեռք բերված թանկարժեք զենքերն ու ժամանակակից ռազմական տեխնիկան»:

Նա այս հարցը առաջ է քաշել այն  բանի  համար, որ մամուլում կարդացել է, թե ինչպես  Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում Հայերի կողմից ծաղիկներից պատրաստված բարձրորակ կոսմետիկ արտադրանքը,  հավաստագիր է ստացել Եվրամիության Բրատիսլավայի (Սլովակիա) Եվրոֆինսի Բելինովանանի լաբորատորիայում :

Վերադառնանք թեմային: Այսպես. Մուստաֆազադեն իր կայքում «Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ» վերնագրով`ընդարձակ, երեք մասանոց հոդվածաշար է գրել, որտեղ փորձել է  հայկական սփյուռքի հաջողությունների ֆոնին վերլուծել  ադրբեջանական սփյուռքի անհաջողությունները: Բացահայտել է Եվրոպայում կյանք ու շունչ ստացած թուրքական ու ադրբեջանական արհեստածին կազմակերպությունների հովանավորներին, կոռուպցիոն  կապերին` հայտնի դարձնելով ադրբեջանական սփյուռքի  ներկա թշվառ իրավիճակը: Հիմնական քննադատության սլաքն ուղղել է Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովին, ով իր առաքելությունը կառուցել է կառավարության ֆինանսական աջակցության մասին կեղծ տեղեկություններ տարածելով:
«Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ»
Հիշյալ վերնագրով  հոդվածն սկսում է նրանով, որ բազմաթիվ օտարազգիներ կանգնած են Հայաստանի թիկունքին: Օրինակ է բերում, որ 2016-ին հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն 65,000 դոլար է նվիրել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին: Նրա խոսքերով ամեն տարի նույն բանն է շարունակվում`  օտարազգի ու հայ գործարարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, հայտնի աստղեր Հոլիվուդում, Նյու Յորքում , Երևանում  և ողջ աշխարհում դրամահավաքներ են կազմակերպում: Յուրաքանչյուր այդպիսի միջոցառում  3-4 միլիոն դոլար է բերում, այն օգուտ է Հայաստանի բյուջեին: Այս գումարով հայ երեխաները կրթություն են ստանում աշխարհի լավագույն կրթական կենտրոններում և ամեն ինչ անում են, որպեսզի  արագացնեն «Մեծ Հայաստան» ստեղծելու նախագիծը:

Թեև հայերը գրավել են իրենց հողերը ու Խոջալույում ցեղասպանություն իրականացրել` այնուամենայնիվ կարողանում են աշխարհին զուսպ ու խաղաղ երևալ:

Մուստավզադեն խոստովանում է, որ իրենք հակառակ պատկերն ունեն: Ադրբեջանի պետական ​​բյուջեն միլիոնավոր դոլարներ է հատկացնում սփյուռքին վերաբերվող տարբեր հանձնաժողովների և կազմակերպությունների ֆինանսավորման համար: Մուստաֆազադեն, ով Լեհաստանում և Հոլանդիայում զբաղվել է նաև բիզնես գործունեությամբ, բացահայտել է ու գիտի, որ այս համայնքների ու կազմակերպությունների ծագումը անհայտ է, սրանք մտահոգված են իրենց սեփական բիզնեսի ստեղծմամբ ՝ ոչնչացնելով ու խժռելով Ադրբեջանից  ստացված խոշոր գումարները:

Մուստավազադեն մտահոգված է. «Պարզ է ինչի վրա են ծախսվում  այս գումարները, երբ  2000 թվականից ի վեր Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի պետական ​​կոմիտեի կազմավորումից ի վեր Եվրոպայում Ղարաբաղի թեմայով մինչ օրս ոչ մի գիտաժողով չի կազմակերպվել»: Այդպիսով Եվրոպայում բնակվող  կես մլն ավելի ադրբեջանցիները չդարձան իրական սփյուռք, եզրակացնում է նա ու ավելացնում.

«Երկար տարիներ ադրբեջանական Սփյուռքի Կոմիտեն համագործակցում է  արտասահմանում այս անվան տակ գործող կառույցների հետ:  Խարդախները  օգտվում են մեր ազգային ողբերգություններից ու  միջոցառումներ կազմակերպելու անվան տակ փողեր լվանում:  Ադրբեջանի պետական ​​բյուջեից հատկացված միջոցներն աննպատակ մսխվել են  սփյուռքում ադրբեջանական կառույցներ «ստեղծած» գործարարների կողմից, իսկ կոռումպացված կառավարությանն էլ  դրանց բացահայտման համար հարմար չէ ստեղծել հետաքննող հանձնաժողով, քանի որ դրսի կառույցները սպասարկում են հենց իրենց շահերը:

Այնուհետև Մուստաֆազադեն իր հոդվածի 2-րդ մասում խոսում է արտագաղթածների տեսակետների առանձնահատկությունների մասին, գտնում է, որ բավական օգտակար  կարող է լինել թուրքական սփյուռքի փորձը: Հատուկ նշում է «Եվրոպայում Ադրբեջանի բարեկամներ» ընկերության հիմնադիրներից մեկի ՝ պրոֆեսոր Իրֆան Մուրադ Յըլդըրըմի անունը, որի  անշահախնդիր ծառայությունը, նրա կարծիքով, Եվրոպայում երբեք չպետք է մոռացվի:

Հոդվածագրի եզրահանգմամբ` Ադրբեջանի Եվրոպայում ուժեղ սփյուռք ունենալու գաղափարը չի իրականանում կոռուպցիայի, երիտասարդ չինովնիկների անփորձության և սփյուռքում գործող որոշ խարդախների պատճառով: Երբեմն` գրում է Մուստաֆզադեն, մենք բախվում ենք մեր վտանգավոր հայրենակիցներին, ինչպիսիք Իգդիրից ադրբեջանցի մի խարդախ խաբեբա է...

Մուստաֆազադեն նկատի ունի մեզ արդեն քաջ հայտնի  «Թուրք-ադրբեջանական մշակութային» միության նախագահ Իլհան Աշկինին: Նրա մութ գործերի բացահայտումով Մուստաֆազադեն հանդես է եկել «Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ» է հոդվածի 3-րդ մասում, որն ունի  «Ադրբեջանի և Թուրքիայի սփյուռքը Նիդերլանդներում» ենթավերնագիրը:

 Աշկինը Մուստաֆազադեի քննադատության նշանառության տակ

Պարզվում է, որ ամբաստանյալ ազգայնամոլ Իլհան Աշկինի գործունեությունից բավական դժգոհ է Նիդերլանդներում գործող  «Եվրոպայի Ադրբեջանի բարեկամներ» կազմակերպությունը` հանձինս նախագահ Էլման Մուստաֆազադեի: Նա  «Xudafərin»-ում Ադրբեջանի սփյուռքի հարցերով կոմիտեին քննադատելուց հետո նշանառությունն ուղղում է մեզ արդեն հայտնի տխրահռչակ Աշկինին:

Լուսանկար Մուստաֆազադեի ֆեյս.էջից

Իր կայքից բացի, նաև հունվարի 31-ին իր մահկանացուն կնքած «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության բավական հայտնի լրագրող  Միրզա Խազարի անձնական կայքում ևս նա մերկացնում է ադրբեջանական սփյուռքի աշկինյան գործունեությունը:

Մուստաֆազադեն 2000թվականից բնակվելով Հոլանդիայում, ըստերևույթին շատ լավ է ճանաչում Աշկինին, այլապես նման խոհանոցային  մանրամասներ  չէր հրամցնի իր ընթերցողին`  «Թեյարան, վարսավիրանոց, թե՞  թուրք-ադրբեջանական մշակութային միություն»,  հռետորական այսպիսի  հարցով է  սկսում նա հոդվածը, ապա շարունակում, որ Եվրոպայում երկար տարիներ (30) արժանապատիվ գոյատևող այս կառույցն արդեն 10 տարուց ավելի գտնվում է ոչ երանելի, ազգայնամոլ Աշկինի ղեկավարության ներքո, ով  «հետևողականորեն վերահսկում և ոչնչացնում է» այն:

Եվրոպայում նրան ասում են   «աչքածակ», «շահամոլ» Իլհան (“Paragoz İlhan”),   լավ թեյ, սուրճ պատրաստողի ու փող հավաքողի, «համբավ» ունի, նույնիսկ շատերը գիտեն, որ նա  գնչու է :
Աշկինը (Լուսանկարը`Միրզա Խազարի կայքից)

Ցեղասպանության զոհերին նվիրված հայկական հուշհամալիրներն ու Խոջալուի հուշաքարը

Հայտնի է, որ Աշկինը Հաագայի գերեզմանոցներից մեկում, Խոջալուին նվիրված մի հուշաքար է տեղադրել: Երբ լրանում է Խոջալուի մարտերի տարելիցը, նա օր ու գիշեր, փութաջանորեն իր հայրենակիցներին աղերսում, խնդրում, համոզում է, որ այդ օրը` անկախ եղանակից, քամուց ու փոթորիկից, ներկա լինեն  ու հարգեն «նահատակների» հիշատակը: Ճիշտն ասած մեզ անհասկանալի է քարին  նկարված պատկերը` կինը երկու ձեռքով, ասես ծանրամարտիկը, երեխային հանել է գլխից վեր ու  կարծես` տպավորություն է  ուզում է վար  նետել ... 

Դրա իմաստը չի  հասկանում նաև Մուստաֆազադեն: Ահա այս հուշաքարի մասին ինչ է գրել նա. «Երբ խոսքը Խոջալուի հուշաքարին է վերաբերվում, ըստ էության, այն ուղիղ համեմատական է մեր սփյուռքի ողբալի վիճակին: Գերեզմանոցում Իլհան Աշկինը թողել է  փորագրած  փոքրիկ գլուխ ՝ « Խոջալույում մահացածների հիշատակին» մակագրությամբ»: Մուստաֆազադեն փորձում է հասկանալ`  «Արդյո՞ք այդ մարդիկ մահացել են, միգուցե՞ սպանվել  են, թե` ի վերջո  ձիուց են ընկել ու մահացել: Ինչո՞ւ են  խուսափել  Խոջալուի ցեղասպանություն արտահայտությունից...»:  Ո՞ւմ են ծառայում այդ մարդիկ, գուցե հայերին` հարց է տվել նա ու շարունակել: Այո, Հազարավոր մարդիկ են ներգրավվել, 100.000-ից ավել Եվրո է հավաքվել` մինչ «Խոջալուի հուշարձան» կոչվածի վրա այսքան փոքր գլուխ է նկարվել` հեգնում է Մուստաֆազադեն ու շարունակում, մինչդեռ այսօր հայերը Նիդերլանդներում ունեն Հայոց Ցեղասպանության 3-րդ հուշհամալիրը: Որպես համոզիչ օրինակ  «Խուդաֆերինի» իր կայքում նա Ալմելոյի հուշհամալիրի 2 խոսուն լուսանկարների կողքին տեղադրել է Խոջալուին  նվիրված խղճուկ շիրմաքարի պատկերը ու  մեզ համար նոր բացահայտում անում:

Մի քանի անգամ   թուրք-ադրբաջանական մշակութային միության շենքի կոտրած ապակիները` եթե ոչ Աշկինի, ապա նրա նախաձեռնությամբ արված քայլ է: Աշկինը ներքին  լսարանին դա հրամցնում է «հայերի ձեռքի գործ»: Նոր ապակիների տեղադրումը, որ Նիդերլանդներում  շատ հաճախ հոգում են ապահովագրական ընկերությունները, Աշկինի համար այն վերածվում է «հայրենասիրական» դրամահավաք ակցիայի`    Ադրբեջանի, Թուրքիայի և աշխարհի շատ երկրներում բնակվող ադրբեջանցիներից:  Մի քանի տարի առաջ էլ նույն  բանի համար Ադրբեջանի կառավարության սփյուռքի կոմիտեն է 30,000 եվրո  փոխանցել՝  միության մեկ սենյականոց գրասենյակը վերանորոգելու համար:
Հոդվածագրի կարծիքով, եթե հետաքննություն վարվի ապա կբացահայտվի Իլհան Աշկինի դավաճանություններն ու բազմաթիվ հանցագործությունները:
Նրա պնդմամբ` «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»  Աշկինի վիրավորական արտահայտության ողջ դատական ծախսերը փակվում է դրամահավաքությամբ:
Մուստաֆազադեն մինչ իր հոդվածին «շարունակելի» գրիֆը դնելը,  գրել է.  « Այս անպատկառ մարդն ամոթ չունի, գումարներ է հավաքում  մեր  հայրենակիցներից ու բիզնեսմեններից  և շարունակ  լուսանկարվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և որոշ պատգամավորների հետ»:



Կոռուպցիոն կասկածելի կապեր Հաագայի քաղաքապետարանի չինովնիկի հետ

Երբ հայկական կազմակերպությունները  փակեցին ազգայնամոլ Աշկինի բերանը` սա վերջին մոհիկանի պես, իրեն ազգի հալածված փրկիչ համարեց: Էլ ավելի  ցավոտ ընդունեց  իր հայրենակցի` «Եվրոպայում Ադրբեջանի բարեկամներ»  ընկերության նախագահ, «Խուդաֆերինի» գլխավոր խմբագիր  Էլման Մուստաֆազադեի ծայրից-ծայր մերկացնող հոդվածը, որտեղ ագայնամոլի պիտակին ավելացվեց խարդախի, դավաճանի ու դրամաշորթի որակավորումները: Աշկինը, որքան էլ պնդի, որ հանուն իր լավ գործերի են խփում թիկունքին, այնուհանդերձ նրա դեմ եղած փաստերն այլ  տեղերից էլ են հորդում:

 Այս օրերին Նիդերլանդական մամուլը ողողված է Հագգայի` արդեն նախկին ավագանի, հոլանդացի-մարոկկացի քաղաքական գործիչ  Ռաշիդ Գերնաուին (Rachid Guernaoui, 1972) առնչվող  կոռուպցիոն գործարքների  մասին պատմող նյութերով(հղումն`այստեղ),
որտեղ ներգրաված է նաև Աշկինի թուրք-ադրբեջանական մշակութային միության անունը: Քաղաքապետարանը Ռաշիդ Գերնաուի ակտիվ միջամտությամբ վերջին սուբսիդավորումը` 9000Եվրոն  փոխանցել  է Աշկինի կազմակերպությանը` Նովրուզի տոնը  թուրք մենեջեր ունեցող օպերայի շենքում կազմակերպելու համար, պայմանով, որ շենքի վարձակալության, ուտելիքի ու երաժշտության համար վճարվի 6000-ը : Մարոկացի քաղաքական գործիչն արդարանում է, որ ամեն  բան օրենքով է արել, մասնավորապես դատախազությանն է ներկայացրել քաղաքապետարանի հուշագիրը, որտեղ թուրք-ադրբեջանական ընկերությունը դիտվում է որպես «Հաագայում ադրբեջանցիների շրջանում լայն աջակցություն վայելող ակտիվ հասարակական կազմակերպություն»: Ըստ հուշագրի, ընկերությունը պարբերաբար նախագծեր  է իրականացրել լեզվի ուսուցման, հարևանության, ազատականացման, ԼԳԲՏԻ համայնքի, մշակութային ծրագրերի բազմազանության ոլորտներում:  Աշկինի կազմակերպությունը նման դրամաշնորհների է արժանանում  սկսած 2012 թվականից: Այս անգամ,  դատախազությունը հեռախոսային խոսակցությունների ապացույցներով հաստատակամ է, որ գործ ունի կոռուպցիայի հետ: Հեռախոսային զրույցների լսումներից Մզկիթի տնօրեն Դորտ Մասումլարը (Dort Masumlar) և օպերայի մենեջեր Էրդինք Աքիոլը  (Erdinç Akyol) Ռաշիդ Գերնաուին համարել են «քաղաքապետարանի իրենց մարդը»:

Այնպես որ տեսանելի փաստերը Աշկինի ու նրան օժանդակողների մասին օր օրի ավելանում են ... Գորշ ամպեր են կուտակվում գորշ գայլերի  գլխավերևում:

Փաստերը հավաքեց, կազմեց` Hay Azian

Շնորհակալություն ենք հայտնում Խաչիկ Կիւրեղեան Պալըքճեանին  թուրքերենից ու ադրբեջաներենից թարգմանած առանձին պարբերությունների  համար:














Tuesday, 25 February 2020

Թե ինչպես են Նիդերլանդներում դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները զվարճալի կերպարանափոխվում


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻՑ
(Մաս 3)  

25.02.2020/Marisha Shik(anyan/Նիդ.օրագիր

Նիդերլանդներում մարդկանց շարժուձևից և հագուկապից շատ դժվար է հասկանալ, թե նրանք «լուրջ», թե «անլուրջ» պաշտոն են զբաղեցնում. մարդիկ հասարակ են, նույնիսկ տգեղ է համարվում պաշտոնովդ «վեր-վեր թռնելը»։ Դպրոցի տնօրենները բացառություն չեն. նրանք չափազանց հասարակ վարքագիծ ու աշխատելաոճ ունեն: Նրանց աշխատասենյակները հիմնականում ամբողջովին ապակեպատ են կամ ունեն ապակեպատ դռներ՝ այդպիսով ապահովելով աշխատանքային գործընթացի թափանցիկությունը։ Ի տարբերություն հայկական դպրոցների, այստեղ չկան տնօրենների նախասրահներ՝ ավանդական քարտուղարուհիներով համալրված. ցանկացած մեկը կարող է թակել տնօրենի դուռն ու ներս մտնել: 

Նիդերլանդների Ալսմեյր քաղաքի  «Բեհեր դե Միկադո»(Stichting Beheer De Mikado) դպրոցի տնօրեն Ռայան Բակկերն ինձ ընդունեց համպատրաստից՝ առանց նախնական պայմանավորվածության, և սիրով համաձայնեց զրուցել՝ հարցազրույցի շրրջանակներում: Բանն այն է, որ Նիդերլանդներում այս օրերին անց են կացվում մասշտաբային դիմակահանդեսներ, իսկ կան քաղաքներ, որտեղ փետրվարի 24-ն այս տարի աշխատանքային չէ (մարդկանց հնարավորություն է տրվում ուրախանալ): Դպրոցներում այս օրերին նույնպես անց են կացվում դիմակահանդեսներ, և ինձ ապշեցրել էր աշակերտների ու ուսուցիչների կազմակերպվածությունն ու տրամադրությունը. բոլորը կերպարանափոխված էին եկել դպրոց, իսկ ուսուցիչները մեծ խանդավառությամբ կատարում էին իրենց դերերը՝ չվախենալով ծիծաղելի թվալուց։ Սակայն ոչ միայն ուսուցչական անձնակազմն էր ներկայացել նման կերպարներով։ Հետևելով հոլանդացիների ուղիղ և պարզ խոսելու սովորությանը` ներողություն խնդրեցի և խոստովանեցի վերոնշյալ դպրոցի տնօրենին, որ շատ ծիծաղելի տեսք ունի ու որ երբեք չէի կարող պատկերացնել՝ տնօրենը կարող է նման հագուստով դպրոց մտնել: Նա ասաց, որ սիրով է կերպարանափոխվում.  «Ունեմ չորս տարբեր հագուստներ. ամեն տարի կերպարներս փոխվում են: Սա ուրախ ու կարևոր տոն է մեզ համար: Ուսուցիչներն ու երեխաների ծնողներըն օգնում են աշակերտներին  օրը դարձնելու անմոռանալի և ուսուցողական»: 

Տնօրենի հավաստմամբ՝ չափազանց կարևոր է, որ միջնակարգ կրթության շրջանակներում երեխաները ոչ միայն ստանան գիտելիքներ տարբեր դպրոցական պարտադիր առարկաներից, այլ ունենան հնարավորություն դրսևորել իրենց՝ տարբեր իրավիճակներում և տարբեր տեսանկյուններից։ Օրինակ, առաջին հայացքից խաղ և ուրախություն հիշեցնող այս դիմակահանդեսային տոնը դպրոցում կազմակերպվում է, իրականում, ուսուցողական նպատակներով։ Տնօրենի հավաստմամբ, նրանք տալիս են հնարավորություն երեխաներին ինքնուրույն որոշումներ կայացնել, թիմային աշխատանքների մեջ ներգարավված լինել՝ կազմակերպելով միջոցառման ընթացքում խաղեր, մրցույթներ։ Նրանք տալիս են աշակերտներին հնարավորություն փորձարկել սեփական կազմակերպչական, առաջնորդին հատուկ ունակություններն ու հմտությունները, զգալ իրենց ինքնուրույն և անկախ՝ զարգացնելով պատասխանատվության զգացում։ Իրականում, նրանց ամեն մի քայլը ուսուցիչների կողմից վերահսկվում է, միշտ նրանց ուշադրության կենտրոնում է, սակայն մանկավարժներն այնքան պրոֆեսիոնալ են, որ աշակերտներին թվում է, թե ողջ միջոցառումը հենց իրենք են կազմակերպել ու միմիայն իրենք են պատասխանատու դրա հաջող ընթացքի համար։ 






Ծնողներից ոմանք նույնպես ներգրավվում են դպրոցի դիմակահանդեսային այս տոնին, օգնում բլիթներ թխել, միջանցնքներում կանգնած թեյ կամ հյութեր են լցնում բաժակները և այլն։

Այսպիսով, պատահական չէ, որ Նիդերլանդներում բնակվող երեխաները ճանաչվել են ամենաերջանիկ երեխաները աշխարհում։ Նրանք մեծագույն հաճույքով են դպրոցներ հաճախում. չէ՞ որ դպրոցը մի վայր է, որտեղ ամենուրախն է, ամենահետաքրքիրն ու հաճելին, որտեղ աշակերտին միշտ հասկանում են, հարգում իր հետաքրքրություններն ու կարողությունները, չեն վախեցնում ցածր գնահատականներով կամ ստուգողական աշխատանքներով։ Այստեղ ուսուցիչները բոլոր աշակերտներից անխտիր չեն փորձում գիտնականներ մեծացնել (քանի որ նրանք ունեն տարբեր ունակություններ), այլ միշտ ուղորդում և օգնում են նրանց։ Նիդերլանդների Թագավորությունում դրպրոցը մի վայր է, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում երեխաների էմոցիոնալ զարգացմանը. մանկավարժները աշակերտին չեն վիրավորում իր դասընկերոջ ներկայությամբ կամ բարձրաձայնում իր թույլ կողմերի մասին։ Այս հաստատությունում ամեն աշակերտ յուրօրինակ է, իսկ ծագած խնդիրները լուծվում են ոչ թե ծնողական ժողովներին' բարձրաձայն ու բոլորի աչքի առաջ (էստեղ, առհասարակ, չկան նման ընդհանուր ժողովներ ծնողների հետ), այլ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ զրուցելով ամեն մի երեխայի ծնողի/ծնողների հետ առանձին-առանձին։ Ի վերջո, Նիդերլանդներում դպրոցը մի հաստատություն է, որտեղ կա ոչ միայն գիտելիք, այլ զվարճանք, ուր աշակերտն ուզում է վերադառնալ՝ հաշվելով արձակուրդի ավարտին մնացած ամեն մի օրը։


Շարունակելի...


Կարդացեք Marisha Shik(anyan)ի`  ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻՑ թեմայով  հոդվածաշարի այլ նյութեր.


Մաս 1 .

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻՑ

(թե ինչպես ամբողջ աշխարհից "գողանալ" ամենաբարձր մակարդակի մասնագետներին)


Մաս 2  

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻՑ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՎՏԱՆԳԵԼ ԿՅԱՆՔԴ ՀԱՆՈՒՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻԴ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ




Saturday, 22 February 2020

Անձնական նվիրատվություն Ամստերդամի հանրային գրադարանին

19-02-2020/ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՆԴՐԵՍՅԱՆ/Նիդ.օրագիր



Դժվար էր բաժանվել իմ համար հարազատ դարձած 100 անուն գրքերից, որոնք արդեն մի քանի անգամ ինձ հետ տեղափոխվել էին տեղից տեղ։
Սակայն ուրախ եմ, որ նրանք պատվավոր տեղ գտան Եվրոպայի ամենամեծ գրադարաններից մեկում՝ Ամստերդամի հանրային գրադարանում։
- Համոզված եմ, որ այս գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Ամստերդամի հանրային գրադարանի «Բոլոր լեզուների տանը», ասաց Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, որի շնորհիվ ստեղծվել էր այդ հնարավորությունը։
Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու և Հ. Թումանյանի ծննդյան օրը, Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցավ Աննա Մարիա Մատառի կողմից Հովհաննես Թումանյանի հեքիաթների հայերենից հոլանդերեն թարգմանված գրքի շնորհանդեսը և գրքերի նվիրատվություն։ Երեկոն վարում էր հոլանդական հայտնի հաղորդավար Դ. Բլոկը, որը հոլանդերենով ընթերցեց շատ գեղեցիկ թարգմանված «Շունն ու կատուն» և «Անխելք մարդը»։
Հայաստանի ազգային գրադարանի կողմից Ամստերդամի գրադարանին նվիրվեցին մի քանի գրքեր և Ամստերդամի հանրային գրադարանն էլ իր հերթին Հայաստանի ազգային գրադարանին փոխանցելու համար նվիրեց 30 կտոր գիրք։
Գիրք նվիրելու ավանդույթի կապակցությամբ իմ բարեկամ գրող Վրեժ Սարուխանյանի «Էրգրականչ»
գիրքը նվիրեցի Աննա Մարիա Մատառին և գրադարանին, ինչպես նաև դեսպան Տիգրան Բալայանին իմ դստեր կողմից որպես նվեր փոխանցեցի աղջկաս համահեղինակությամբ գրված «Customer experience» գիրքը։
Գոհ օրվա իրադարձությունից և ինքս ինձնից, վերադարձա տուն, բայց հոգուս խորքում անբացատրելի մի զգացմամբ, որ ինձնից թե իմ անցյալից հարազատ մի մասնիկ մնաց այնտեղ, դարձավ հանրային սեփականություն։
Գրադարանի տնօրինության հետ պայմանավորվեցի հետագայում համալրել իմ նվիրած գրքերի շարքը այլ հայերեն գրքերով։ Հույսով եմ, շատ հայրենակիցներ կօգտվեն այդ գրքերից։


Հ.Գ
Ես երկու այդքան էլ դեռ գիրք պահոցներում ունեմ։ Մեկ ուրիշ անգամ էլ որոշակի քանակով կավելացնեմ գրադարանի մեր հայկական գրքերի բաժինը` իմ իսկ սեփական գրադարանից։ Ամստերդամի  գրադարանի տնօրինության հետ պայմանավորվել եմ։
Բացի այդ, Հայաստանից պարբերաբար գրքեր կբերեմ  ու կնվիրաբերեմ Ամստերդամի  գրադարանի ։ Գուցե ուրիշներն էլ միանան այս ակցիային։
Արձակագիր Վրեժ Սարուխանյանը ևս  պատրաստակամություն է հայտնել իր հեղինակած  գրքերից ուղարկել: Արդեն ցանկություն հայտնողներ կան հայերեն գրքեր նվիրաբերել Ամստերդամի գրադարանին:




Friday, 21 February 2020

Եվրոպական շունչը ԵՊՀ-ում



21.02.2020 Երևան/ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ/Նիդ.օրագիր

Համահարթեցման ընդհանուր միտումներն ու զարգացումները լայն հնարավորություններ են ստեղծում հայաստանցի դասավանդողի և ուսանողի համար։ Մասնագիտական գիտելիքներն ընդլայնելու և հարստացնելու գործով զբաղված են Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում։ Երևանի պետական համալսարանում ուսումնական գործընթացն արագացված տեմպերով համապատասխանեցվում է գործող համաշխարհային չափանիշներին։
ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտության կենտրոնը իր ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայով, որի ղեկավարն է տ.գ.թ. Արթուր Արամայիսի Ավագյանը, ստեղծվել է 2007 թ.-ին` ՏՏ ոլորտում կրթական, մասնագիտական մարզման, շարունակական կրթության ծրագրերի և առանձին դասընթացների իրականացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման, համալսարանի կրթության կառավարման և որակի ապահովման, տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման նպատակով: Բացի ավանդական ձևերից` կենտրոնի դասավանդման փորձառությունը ընդգրկում է նաև առցանց և հեռավար եղանակները, ինչպես նաև ուսուցման զուգակցված ձևերը: Դիտարկվում են առցանց ուսուցման տեխնոլոգիաները, որոնք լրացական միջոց դասական լսարանային ուսուցման տարբերակին դասավանդման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար։ "Ուսուցման և ուսումնառության կառավարման" համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները դասախոսին թույլ են տալիս մշտադիտարկելու ուսանողների գործառույթները, հաղորդակցվելու, ըստ պահանջի կառավարելու նյութերի մատուցման հոսքերը, առանձին ուսանողի կամ ուսանողների խմբի տվյալներ փոխանցելու, փոփոխելու, ավելացնելու կամ հեռացնելու դասընթացի նյութերը։ Դասընթացի տվյալների կառուցվածքի մշակման գործիքները կիրառելի են տարրական, միջնակարգ, բարձրագույն կրթության և կորպորատիվ ընդլայնված դասավանդման համար։
Դասընթացի շրջանակներում դիտարկվում է դասավանդման գործառույթների կառավարման բոլոր փուլերը, այդ թվում՝ ուսանողների գրանցման, ընդգրկման, նյութերի մշակման, մատուցման, հարցերի և քննությունների մշակման, գնահատման, առաջադրանքների, քննարկումների և համատեղ խմբակային աշխատանքների կատարման խնդիրները և դրանց իրականացման միջոցները։ Դիտարկումներում շեշտը դրվում է խնդիրների լուծման իրավիճակային փոխգործուն/ ինտերակտիվ եղանակի վրա: Քննարկվում են իրավիճակային խնդիրների վերլուծություններն իրենց լուծումներով: Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ որոշակի փորձառություն ունեցող դասախոսների համար։ Որպես բազային միջավայր՝ դիտարկվում է Moodle հարթակը։ ԵՊՀ-ն այս համատեքստում արդեն փորձ է անում ուսուցման ընթացքում լայնորեն կիրառելու միջազգային Moodle ծրագիրը, որն ապահովում է ուսումնական ծրագրի արդյունավետություն դասընթացում ընդգրկված բոլոր ուսանողների մասնակցությամբ, ամրապնդում է դասավանդող-ուսանող հարաբերությունները, նպաստում է բազմաբովանդակ նյութերի կիրառմամբ ուսուցմանը։ Վերջին երեք տարում ավելի քան ԵՊՀ 200 դասախոսներ այս դասընթացի միջոցով ծանոթացան արդիական դասավանդման նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին և սկսեցին կիրառել դրանք :
2020 թ․ հունվարին Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի մի քանի ամբիոնների 19 դասախոսներ և դոցենտներ Արթուր Ավագյանի շնորհիվ և օգնությամբ որոշակի դասաժամերի ընթացքում հաղթահարեցին ծրագրի նրբությունները։ Արթուրի բարձր արհեստավարժությունն ու հմտությունները օգնեցին, որ բանասեր-լեզվաբանների հիշատակված խումբը քննությունը հանձնի բարձրագույն ցուցանիշներով և ծրագրի սահմաններում աշխատանքն ընկալի իբրև հաճույք։ Դասավանդողները ոչ միայն սովորեցին ինչպես հաղորդակցվել և դասավանդել ծրագրի շրջանակներում, այլև եկան այն եզրակացութան, որ նշված ծրագիրն ընձեռում է ուսանողի հետ աշխատելու լավագույն հնարավորութուններ։ Գաղտնիք չէ, որ flip classroom-ի դերն այս առումով անգնագատելի է։ ԵՊՀ դասախոսներից և դոցենտներից ոմանք flip classroom-ի գաղափարը մինչ նոր ծրագրի ներմուծումն իրականացնում էին Facebook սոցիալական հարթակի միջոցով։ Ծրագրի աշխատանքի մեկնարկը տրված է և հաջողութամբ սկսված է նոր մեթոդաբանության կիրառումը։



Thursday, 20 February 2020

Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

  1. Ամստերդամի հանրային գրադարանում կայացավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը
  • Եվրոպայի խոշորագույն գրադարանը համալրվեց հայալեզու գրականությամբ



Փետրվարի 19-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին նիդերլանդացի գրողներ և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառումը վարում էր նիդերլանդացի անվանի հաղորդավար Դիյվետյե Բլոկը։

Իր խոսքում դեսպան( Tigran Balayan)Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց նախագծի նախաձեռնող և թարգմանիչ ( Anna Maria Mattaar ) Աննա-Մարիա Մատառին՝ հայկական մշակույթը Նիդերլանդներում հասանելի դարձնելու շարունակական ջանքերի համար, բարձր գնահատեց հրատարակությունը նկարազարդած Հարմեն ֆան Ստրատենի իրականացրած աշխատանքը։ Դեսպան Բալայանը երախտագիտություն հայտնեց Rubinstein հրատարակչությանը գիրքը լույս ընծայելու և նախագծի հովանավոր Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկին։

«Շուրջ մեկ տասնամյակ ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը Հայաստանում նաև գիրք նվիրելու օրն է, ուստի մենք մի քանի նվեր ունենք հանձնելու։ Հայաստանի ազգային գրադարանի կողմից Ամստերդամի հանրային գրադարանի հայ ժամանակակից գրողների գրքերը, որոնք կհանձնի Աննա-Մարիա Մատառը, և Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի կողմից 100 հատոր հայկական դասականների ստեղծագործություններ և հանրագիտարաններ, որոնք կհանձնի տնօրեն Սվետլանա Անդրեասյանը։ Համոզված եմ, որ այս գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Ամստերդամի հանրային գրադարանի «Բոլոր լեզուների տանը,» - ասաց դեսպան Բալայանը։
Ամստերդամի հանրային գրադարանի տնօրինությունն՝ իր հերթին Հայաստանի հանրային գրադարանին փոխանցելու նպատակով նվիրաբերեց շուրջ 30 հատոր անգլերեն և նիդերլանդերեն գրքեր։

Միջոցառմանը` Թումանյանի հեքիաթների, իրենց կատարած աշխատանքի, և ստացած տպավորությունների մասին խոսեցին թարգմանչուհի Աննա-Մարիա Մատառը և նկարիրչ Հարմեն ֆան Ստրատենը, Դիյվետյե Բլոկը ընթերցեց «Անհաթղ աքլորը», «Շունն ու կատուն» և «Անխելք մարդը» հեքիաթները։

Շնորհանդեսը ուղեկցվում էր հայկական երաշտությամբ, իսկ եզրափակիչ մասում հանդիսատեսը դիտեց «Կիկոսի մահը» մուլտֆիլմը, ապա Թումանյանի տարեդարձը նշվեց հայկական գինիով։