Страницы

Tuesday, 14 January 2020

Նիդերլանդներից` երեխաների մտավոր ունակությունները զարգացնող խաղալիքներ Երևանի թիվ 152 մանկապարտեզին




Ամանորյա տոների առիթով հոլանդական «Լուսավոր Ապագա» Հ/Կ-ն (Stichting Bright Future) բարեգործական նկատառումներով երեխաների մտավոր կարողությունները զարգացնող խաղալիքներ, գրքեր և գրենական պիտույքներ է ուղարկել Երևանի թիվ 152 մանկապարտեզին։ Ակցիային միացել են Նիդերլանդներում բնակվող ինչպես հայ, այնպես էլ օտարազգի երիտասարդ կամավորներ, ծնողներ։ Հավաքված փաթեթները Հայաստան տեղափոխելու գործընթացում իր  աջակցությունն է ցուցաբերել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Մանկապարտեզի ընտրությունը կատարվել է «Լուսավոր Ապագա» Հ/Կ կողմից՝ հիմք յննդունելով Երևանի թիվ 152 մանկապարտեզի սաների ծնողների դրական արձագնքը։ Չնայած խաղալիքների և աշխատանքային պարագաների սակավությանը՝  մանկապարտեզի տնօրեն Աննա Զաքարյանի գլխավորությամբ, մանկապարտեզում տիրում է ուրախ  աշխատանքային մթնոլորտ. խաղալիքները պատրաստվում էին գունավոր թղթերից՝ սեփական ձեռքերով։ 

«Նիդերլանդներում  երեխաները հնարավորություն ունեն խաղալ բազմազան ու որակյալ խաղալիքներով, որոնք զարգացնում են ոչ միայն  նրանց մատորիկան, այլ ուղեղը՝ ստիպում ավելի լայնատարած ու կրեատիվ մտածել։ Ինչու՞ չփորձել կիսել նման հնարավորությունը հայաստանաբնակ մեր հայ երեխաների հետ։  Երբ խոսում ենք բարեգործության մասին, միանգամից հիշում ենք մանկատները. բայց չէ՞ որ պետական մանկապարտեզներում այսօր խաղալիքների պահանջ է նկատվում։ Կան մանկապարտեզներ, որտեղ երեխաները ստիպված են խաղալ մեկ ձեռք կամ ոտք ունեցող տիկնիկներով։ 152 մանկապարտեզի ընտրության հարցում մեծ դեր խաղաց նաև այն փաստը, որ մանկապարտեզի տնօրենը խստիվ հրաժարվում է դրամահավաքներ կազմակերպել ծնողներից՝ խաղալիքները նորացնելու ու համալրելու նպատակով։ Մեզ այդ փաստը շատ ոգեշնչեց, որոշեցինք աջակցել նրանց»,- նշեց հոլանդական «Լուսավոր Ապագա» Հ/Կ տնօրեն Մարիամ Կիրակոսյանը։ 

Այն հարցին, թե կլինե՞ն նման նախագծերը շարունակական, կամ կլինե՞ն երեխաների զարգացմանը նպաստող այլ նախագծեր Հայաստանում, Մ.Կիրակոսյանը պատասխանեց. «Մենք այս պահին ունենք պիտույքներն ու  պարագաները տեղափոխելու խնդիր։ Նման նախագծերը մեր կազմակերպության անդամներն իրականացնում են բացառապես կամավոր հիմունքներով, և դրանց շարունակական լինելը կախված է միմիայն տրանսպորտի խնդրի լուծումից (խաղալիքների պակաս չունենք. մարդիկ սիրով նվիրաբերում են տարբեր տեսակի բարձրորակ խաղալիքներ)։ Այս պահին բանակցությունների մեջ ենք հոլանդական հայտնի մի ընկերության հետ. հնարավոր է, որ նրանք աջակցեն՝ լուծելով փաթեթները Հայաստան առաքելու հարցը»։ Ինչ վերաբերում է երեխաների զարգացմանն ուղղված այլ նախագծերի իրականացմանը, Մ.Կիրակոսյանը հավելեց, որ այս պահին ակտիվ աշխատում են հայ երեխաների ինտելեկտուալ զարգացմանն ուղղված միջազգային  մեծ նախագիծ Հայաստանում իրականացնելու ուղղությամբ։








No comments:

Post a Comment