Страницы

Saturday, 4 January 2020

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Պերճ Ասատուրյան
01.01.1985-01.01.2020

Նոր Տարին մեզ համար ավետվեց մահվան ցնցող գույժով:
ՈՒժերի ծաղկման  շրջանում անժամանակ ու հանկարծահաս մահը մեզանից խլեց բարեշնորհ Պերճ սարկավագ Ասատուրյանին: Նա ապրեց ուղիղ 35 իմաստալից ու  իր  կյանքը Աստծուն ու ժողովրդին նվիրաբերած երկրային տարիներ:
 Պերճ Ասատուրյանը ծնվել է 1985թ հունվարի 1-ին Սիրիայի Կամիշլի քաղաքում:  12 տարեկանում ուսանել է Անթիլիասի դպրեվանքում. Այնտեղ էլ ձեռնադրվել է  ավագ Սարկավագ ։ Կրելով իր մեջ Աստծո սերն  ու փափագը իր ժողովրդին այն փոխանցելու` ծառայեց Իրանի Էսֆահան Առաջնորդարանում` որպես դպրապետ։ 2012 թվականից նա մշտական բնակություն հաստատեց Հոլանդիայում:   Սիրով ծառայեց հայաշատ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում: 2014 թվականին տեղափոխվեց Մաստրիխտ` Սուրբ Կարապետ Եկեղեցու ավագ սարկավագն էր, ուր և մինչև կյանքի վերջ իր  նվիրական ծառայությունը կատարեց:   Նրա Աստվածահաճո օրինակելի  վարքը  շատերի սրտերը  շահեց: Բանիմաց ու խելացի էր, ընկերասեր ու  մարդամոտ: Շատերի հիշողության մեջ թարմ է, երբ  նա դուդուկահար Արթուր Պետրոսյան հետ  պատմության մեջ առաջին անգամ` Նիդերլանդներում Սուրբ  Սերվատիուսի անունը կրող բազմադարյան տաճարում մեղրածոր դուդուկի նվագակցությամբ հանդես եկավ  հայ հնագույն երգի կատարումով: Պերճ Ասատուրյանը սրտով ու  հոգու անկեղծ մղումով դա արեց: Կոմիտասի
ՔԵԼԵ, ՔԵԼԵՆ  էր, որն անհնար է մոռանալ: Սա հարգանքի նրա վերջին խունկն  էր մեծն Կոմիտասին` վերջին ուխտը Սուրբ Սերվատիուսի նվիրական աճյունի մոտ.
Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ,
Քո գովական խելքիդ մեռնեմ,

Սիրավոր լորիկ,
Վիրավոր լորիկ,
Լորիկ,
Սևավոր լորիկ,
Լորիկ ջան:

Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ,
Քո լուսընկա շողիդ մեռնեմ:

Քելե՛, քելե՛, բերնիդ մեռնեմ,
Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ:

Քելե՛, քելե՛, ձենիդ մեռնեմ,
Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ,

Քելե՛, քելե՛, աչիդ մեռնեմ,
Քո անուշիկ պաչիդ մեռնեմ:

Դուդուկի ելևԷջներն ու Պերճի երգը տարածվեցին հազարամյա բազիլիկ եկեղեցու սրահում,  Սուրբ Սերվատիուսի դամբարանում, որի դռները առաջին անգամ բացվեցին հայ կատարողների առջև: Այսօր Պերճի երգը հասավ Աստծուն ու կարծես նրա մասին են: Հոգուդ լույս ու պայծառություն` Աստծո սպասավոր: Հանգչիր խաղաղությամբ սիրելի  բարեկամ, ընկեր, հոգևորական ու լավ մարդ:  Քո հիշատակը միշտ  վառ կմնա մեր սրտերում:

Մաստրիխտի ՍԲ.Կարապետ եկեղեցւո ծխական խորհուրդ
Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնք
Նիդ.Օրագիր



No comments:

Post a Comment