Страницы

Tuesday, 10 December 2019

Նշվեց Հաագայի Աբովյան մշակութային միության 35-ամյակը





Հաագայի Աբովյան մշակութային միության անցած 35 տարիները հայապահպանության, սերունդների կրթության, օտար ափերում հայ մշակույթի, հայոց լեզվի և հայկական ավանդույթների պահպանման ժամանակաշրջան էր: Միությունը Հաագայում հանդիսացել է հայ և օտարազգի բարեկամների սիրելի վայր: Բացի երեխաների և մեծահասակների համար հայոց լեզվի, երգի ու պարի դասերից, Աբովյան միությունը կազմակերպում է թեմատիկ օրեր և դասախոսություններ` մշակութային և հասարակական թեմաներով, նշում է հայոց ավանդական տոները և կարևոր հոբելյանները: Աբովյան միությունը դարձել է հայոց պատմության և մշակույթի մասին վավերագրության և տեղեկատվության կենտրոն: Իր հիմնադրման օրվանից միությունն ակտիվորեն ծավալել է հասարակական-քաղաքական տարբեր մակարդակների գործունեություն:

Դեկտեմբերի 7-ին եկել ենք Հաագա`  տեղի «Աբովյան» մշակութային միության հիմնադրման 35-ամյակի տոնակատարությանը մասնակցելու:  Վերջին  ժամանակներս, տարբեր պատճառներով այնքան էլ չի ստացվում անձամբ մասնակցել նիդերլանդահայ կազմակերպությունների կողմից  կազմակերպվող   միջոցառումներին: Մանավանդ,  դրանք  տարեցտարի ավելանում են,  բազմազան ու  հետաքրքիր են դառնում, իսկ   «Նիդերլանդական օրագրի» հնարավորություններն էլ միջոցառումների լուսաբանման համար  սուղ են: Օգտվում ենք  բացառապես կամավոր սկզբունքներով աշխատող  մեր թղթակիցների ծառայություններից, իսկ ավելի առավել` օգտվում ենք համացանցի ընձեռած հնարավորություններից:


«Աբովյան» մշակութային միության հիմնադրման 35 տարին  նշանակալի իրադարձություն է հոլանդահայ համայնքային կյանքում, իսկ մենք` նրա բարեկամները այդ գեղեցիկ տարելիցի մասնակիցներն ու ականատեսները պիտի լինենք: Կառույցը հիմնադրվել է 1984 թվականին մի խումբ հայասեր նվիրյալների ջանքերով, որոնց թվում այսօրվա միության ղեկավար Մաթո Հախվերդյանը և նրա տիկինը Ինգե Դրոստը:  Հետագայում  2004 թվականին միությանը հաջողվեց  իր շուրջ համախմբել  տարբեր շրջաններում աշխատող մի քանի հոլանդահայ անկախ հասարակական-մշակութային կառույցների և ստեղծել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան: Աբովյան միությունը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) անդամ է: Ի հավելումն`Նիդերլանդահայ շատ կազմակերպություններ էլ առանձին են գործում:
 Աբովյան միությունն իր ավանդն ունի Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության ճանաչման և ոգեկոչման գործում,  կապված է և համագործակցում է «Ապրիլ 24 հանձնախմբին» :




     Այս հանձնախումբը ևս ստեղծվել է անցած դարի ութսունական թվականներին, իսկ 2004 թվականից հանդիսանում է Հոլանդահայ ֆեդերացիայի հանձնախմբերից մեկը: «Ապրիլ 24 հանձնախումբը» ամեն տարի ապրիլին կազմակերպում է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ, այդ թվում համերգներ ու ցուցահանդեսներ: Նիդերլանդների խորհրդարանի Ցեղասպանության ընդունած բանաձևերում իր անգնահատելի ներդրումն ունի Հոլանդահայ ֆեդերացիան:
 Կարելի է ասել, որ «Աբովյան» մշակութային միությունը Նիդերլանդների անցած դարում ստեղծված առանցքային  եզակի ու առաջնակարգ դեր  ստանձնած հայ մշակութային կենտրոններից է, որ ունի հստակ օրակարգային ծրագիր:


Աբովյանցիների հոբելյանական  առիթով «Koorenhuis» մշակութային կենտրոնում տեղի ունեցած ընդունելության ժամանակ  մեզ տված  հարցազրույցում Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը իրավացիորեն արձանագրեց, որ միությունը Նիդերլանդներում  հայկական ներկայության կարևոր օղակներից  է: Մշակութային գործառություններ իրականցնելուց զատ   վերածվել է  Հայաստանի և Նիդերլանդների միջև քաղաքական, տնտեսական, և սոցիալական հարցերով  համագործակցությունը առաջ մղող կարևորագույն կառույցի:  Բազմաթիվ ձեռքբերումներ,  որ  ունենք այսօր դժվար կլիներ  առանց Աբովյան միության և նրա անդամների կարևոր ներդրման ու դերակատարության` նշեց դեսպանը և հավելեց, որ լավ կլիներ մյուս կառույցները ևս իրենց տեղերում   բազմաբևեռ  գործունեություն ծավալեին:


Հանդիպման սրահում անակնկալ էին պատրաստել Աբովյան մշակութային միության երեխաները: Ցուցադրվում էր նրանց նկարչական աշխատանքները` որպես կարմիր թել բոլոր աշխատանքներում ծառը, արմատները, կյանքն ու  հայրենիքն էր, սիրված հեքիաթի հերոսները:

Իսկ ինչո՞ւ հիմնադրման տարելիցը պետք նշվեր դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի օրը` Մաթո Հախվերդյանը պատասխանեց, որ այն իրականում նշվելու էր մեկ շաբաթ անց, բայց տեխնիկական պատճառներից ելնելով այն համընկավ այդ օրվան: Հետագա զրույցում Մաթո Հախվերդյանն ասաց, որ դա մեր ցավի ու սգի, հիշատակի ու ապրելու օրն է` որից չպիտի խուսափենք:

 Աբովյան միությունը լինելով անցած դարի խորհրդային ժամանակահատվածում Նիդերլանդներում առաջին կազմավորված կառույցը, մեծ մասնակցություն ունեցավ ութսունութի աղետալի երկրաշարժի համակարգման աշխատանքներին,  յուրօրինակ կապող օղակ  Նիդերլանդների ու  Հայաստանի միջև:  Օգնություն տրամադրելուց ու համակարգելուց բացի` միությունը տևական  ժամանակ իր հարկի տակ ընդունեց անօթևան երեխաներին:




Դեկտեմբերի 7-ի օրվա խորհրդի համաձայն միջոցառումը մեկնարկեց «Աբովյան» միության երգչախմբի  Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգով: Զուգահեռ էկրանով ցուցադրվում էր աղետալի երկրաշարժին հաջորդած վայրկյանները: Այսպիսով  ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 31 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերին։

Աբովյան մշակութային միության  հիմնադրման 35-ամյակի Հոբելյանական երեկոն նվիրված էր  Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։  Հայկական երգով ու պարով  միության երգչախումբն ու պարախումբը միմյանց հաջորդելով հիանալի էին  կատարում հայ հեղինակների ստեղծագործությունները:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին ու շնորհավորելով Միության անդամներին, դեսպան Տիգրան Բալայանը կիսվեց հետաքրքիր հուշով. «Մտքով վերադարձա 2004 թ. հունիս, երբ նոր էի ժամանել ծառայության Բրյուսել ու Նիդերլանդների էի եկել հավատարմագրվելու Նիդերլանդների ԱԳՆ -ում։ Առաջին հանդիպումը արտգործնախարարության մոտակայքում Մաթո Հախվերդյանի և Ինգե Դրոստի հետ էր, իսկ Աբովյան միության հասցեն ինձ համար հարազատ մի վայր էր դարձել...»։


Որպես աբովյանցիների կողմից ամենավերջին ձեռքբերում, դեսպանը որպես թարմ օրինակ նշեց  երկու օր առաջ Նիդերլանդների ստորին պալատի կողմից Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը: Նա նշեց, որ այս ամենը հաշվի առնելով է, որ Նիդերլանդներում գործող մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններից «Աբովյան» միությունը առաջինն ու առայժմ միակն է, որ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին՝ հայապահպանության գործում և հայ ժողովրդի շահերի պաշտպանության բնագավռում երկարամյա արդյունավետ գործունեության համար։
Դեսպան Տիգրան Բալայանը Աբովյան միությանը մաղթեց բազմաթիվ արդյունավետ նախաձեռնություններ և հաջողություն իր կարևոր առաքելության մեջ։  «Համոզված եղեք, որ դեսպանությունը կանգնած է ձեր կողքին՝ մեր ընդհանուր իղձերի իրագործման գործում»-
Իր խոսքը այսպես եզրափակեց դեսպանը։

Ողջյունի խոսք ասվեց նաև «Նիդերլանդական օրագրի» կողմից, նշվեց, որ Աբովյան Միությունը ամենահարուստ գունապնակն ունի Նիդերլանդներում: Իր ճիշտ տրամադրվածությամբ, իր  ճիշտ մղումներով և ճիշտ ակնկալիքով
այսքան տարի, բառի բուն իմաստով լծվել  հայապահպանության գործին, պահպանել հայ մշակույթը, հայոց լեզուն և հայկական ավանդույթները` նաև օտարներին ներկայացնել ու քարոզել Հայաստանը` օրինակելի է մեր մյուս համայնքների համար:   Լավատեսության այս բոլոր սկզբունքով են առաջնորդվում աբովյանցիները`  կարևորելով և անհրաժեշտ համարելով Նիդերլանդների տարբեր վայրերում  գործող հայկական կազմակերպությունների հետ համագործակցությունը:


Վերջում «Նիդերլանդական օրագրի» կողմից խորհրդանշական հուշանվեր «ծովի  կաթիլ» է հանձնվում աբովյանցիներին` որպես իրենց մի  կաթիլ ներդրումը համահայկական կյանքին:

Ընդմիջմանը հյուրերն ու մասնակիցները համտեսեցին հոբելյանական տոնական տորթը, ճաշակեցին հայկական ուտեստներ, կոնյակ, գինի, մրգեր:

Երեկոյի համերգային երկրորդ մասը սկսվեց  միության երգչախմբերի ու  պարախմբերի ելույթներով, այնուհետև  հաճելի անակնկալ  մատուցեցին   հրավիրված երաժշտական երկու խմբերը: Նրանք հանդես եկան հայկական երաժշտությամբ, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների կատարումներով: «Սև ծով» կվինտետի, «Հայկական ձայներ» երգչախմբի և նկարիչ արվեստաբան Ալիկ Ասատրյանը կատարումները ծափողջյուններով ընդունվեցին:


Վերջին մասն առավել քան  հուզիչ էր: Բեմ են հրավիրվում բոլոր աբովյանցիները, միջոցառման կազմակերպիչները, երեխաները: Հուզիչ ելույթներ, շնորհավորանքներ, գրկախառնություն:
 Երկարատև ծափողջուններն ու ծաղկեփնջերը  երեխաների, նրանց մանկավարժների ու ծնողների աշխատանքի լավագույն գնահատանք էին, իսկ դեսպանի  մասնակցությամբ լուսանկարվելը`  35-ամյա գործունեության ներկա  վավերագիրը, որ տարիներ անց քաղցր հուշ է դառնալու...

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»



Միջոցառման մեր  տրամադրության տակ եղած բոլոր լուսանկարները դիտեք ԱՅՍՏԵՂ (սեղմել հղումը)

Ներկայացնում ենք նաև ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակված նյութերը:


No comments:

Post a Comment