Страницы

Monday, 16 December 2019

Պրահայում նշվեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյա հոբելյանը

«Նիդերլանդական օրագրի» կողմից.- ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյա հոբելյանական երեկոյի մասին նյութը տեղադրելուց առաջ` ջերմորեն շնորհավորում ենք նրա հիմնադիրներին` ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին, կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանին, «Օրերի» բոլոր աջակիցներին, բարեկամներին ու ընթերցողներին` հոբելյանական 20-ամյա բեղուն, ստեղծագործ աշխատանքի կապակցությամբ: «Օրերն» իրավմամբ կարելի է համարել Եվրոպահայ կյանքի մունետիկ, որը տպագիր ու առցանց անաչառորեն լուսաբանում է Եվրոպահայ կյանքի բոլոր անցուդարձերը` բացառապես կենտրոնանալով մշակութային իրադարձություններին ու ընթերցողին մատուցելով դրական բովանդակություն ունեցող և ուսուցանող հոդվածներ: «Նիդերլանդական օրագիրն» իր հիմնադրման առաջին օրվանից բարեկամացել, համագործակցել է ՕՐԵՐԻ հետ` ունենալով նրա օժանդակությունն ու աջակցությունը: Այսօր չենք կարող լիարժեք չմիանալ ՕՐԵՐԻՆ հղված բոլոր-բոլոր ջերմ խոսքերին ու շնորհավորանքներին: Եվ թող մեծն Տերյանի հայտնի բանաստեղծության երկու տողերը այսօր, այս ենթատեքստով վերաբերվեն միայն ՕՐԵՐԻՆ.

 «...Իմաստուն է և արդար 
 օրերի երգն անընդհատ...» 

 Մեր ավագ գործընկերոջը մաղթում ենք անընդհատ ու կանաչ ճանապարհ` դեպի հավերժություն, օրերից ու տարիներից էլ  անդին...
---------------

ՕՐԵՐ-ի 20-ամյա բեղուն հունձքը. հոբելյանական երեկո Պրահայում


Դեկտեմբերի 14-ին լեցուն էր Պրահայի քաղաքային գրադարանի փոքր դահլիճը, ուր հանդիսավորությամբ նշվեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյակը։
Բացելով երեկոն, ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը ողջունեցին ներկաներին՝ մաղթելով հաճելի երեկո։


Աննա Կարապետյան եւ Հակոբ Ասատրյան
,, ՕՐԵՐը քսան տարեկան է, սա նշանակում է արդեն, որ չափահաս է, ամուր կանգնած ոտքերի վրա, հավատարիմ իր նախանշած տեղեկատվական քաղաքականությանը։ Քսան տարի եղել է անկախ, երբեք չի տրվել ո՛չ աջ, ո՛չ ձախ, ո՛չ կենտրոնամետ, ո՛չ կենտրոնախույս հոսանքներին, թեև հավատացնում եմ, դա շատ կթեթևացներ ամսագրի ու մեր վիճակը,,- ասաց իր բացման խոսքում Աննա Կարապետյանը։
,,1999 թվականի ապրիլին, երբ լույս տեսավ մեր ամսագրի փորձնական օրինակը, մենք չէինք պատկերացնում, որ այն դժվարին ճանապարհը, որ ընտրել էինք, կշարունակվի եւս 20 տարի։ Այս ընթացքում եղել են հուսահատության եւ հրճվանքի պահեր, բայց մեր հավատարիմ ընթերցողների աջակցությունը միշտ գոտեպնդել է մեզ։ Մեր թիկունքին են կանգնել նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամները, որի կազմը տարիների ընթացքում փոփոխվել է, եւ այսօր մեր կողքին են մնացել Գեւորգ Ավետիսյանը, Արամ Մարությանը եւ Աղասի Զավարյանը, որոնց հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։ Շնորհակալ ենք նաեւ մեզ հետ համագործակցող հայկական տարբեր կազմակերպություններին, որոնց օգնությամբ հայանպաստ ծրագրեր ենք իրականացնում։ Անցած քսան տարիներին մեզ հետ են եղել նաեւ մեր նվիրյալ ընկերները, որոնց թվում հատկապես շնորհակալությամբ պետք է նշեմ գրաֆիկ, նկարիչ Րաֆֆի Չեչենյանին, ով 20 տարի շարունակ պատրաստել է ՕՐԵՐ-ի շապիկները,,- հավելեց իր խոսքը Հակոբ Ասատրյանը։
Վերջին հինգ տարիներին ՕՐԵՐ-ը ներկայանում է շատ կարևոր մի ծրագրով՝ ներկայացնելով Եվրոպայի հայ համայնքներն իրենց պատմություններով, ներկայով ու ապագայի ներուժով։
Ծրագրի հեղինակ Հակոբ Ասատրյանի ասելով, վերջին 5 տարիները ՕՐԵՐ-ի համար նշանավորվեցին ,, Եվրոպայի հայերը,, նախագծի իրականացմամբ, որի շրջանակներում արդեն եղել են եվրոպական 20-ից ավելի երկրներում, արդեն իսկ տպագրվել է 15-ից ավելի հայկական համայնքների մասին հոդվածաշար՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։ Որոշ երկրների հայկական համայնքների մասին գրվել է առաջին անգամ, ինչպես օրինակ Լյուքսեմբուրգի եւ Մալթայի։ Այս իմաստով Չեխիայում հրատարակվող ամսագիրը կամուրջ է դարձել նաեւ եվրոպական հայկական համայնքների համար՝ տեղեկանալու ոչ միայն հարեւան երկրների հայերի եւ նրանց մշակութային ժառանգության մասին, այլեւ ծանոթանալու իրենց երկրում առկա մշակութային արժեքներին ու նշանավոր հայ անհատներին։
,,Ի դեպ իմ ճամփորդությունների ընթացքում, երբ տեսնում են , որ նման ամսագիր է հրատարակվում Պրահայում, բոլորին թվում է, թե Չեխիայում ունենք շատ հզոր եւ կազմակերպված հայկական համայնք,,- շեշտեց ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիրը։
Այնուհետեւ հոբելյանական ձեռնարկի ընթացքում իրենց ողջույնի խոսքն ասացին Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում եւ Բալկանյան չորս երկրներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանը։
Բարսեղ վարդապետ Փիլավչյան
Հայր Սուրբն իր օրհնության խոսքն սկսեց այն հսկայածավալ աշխատանքի բնութագրմամբ, որ կատարում է ՕՐԵՐ պարբերականը ոչ միայն չեխահայության, այլեւ ողջ եվրոպահայության կյանքում։ ,, Վստահ եմ, 100, 200 տարի անց էլ ՕՐԵՐ-ը լինելու է եվրոպահայության մասին պատմող պատմական արձանագրություն։ Եվ սա ամենակարեւոր հաղթանակն է եւ կատարված աշխատանքի ամենամեծ արդյունքը,,- ընդգծեց Հայր Բարսեղը։
Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն իբրեւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչ՝ դեսպան շնորհավորեց ամսագրի հոբելյանը եւ մաղթեց արդյունավետ աշխատանք։ Նրա ասելով, ՕՐԵՐ-ի յուրաքանչյուր համարի սպասում են այն ակնկալիքով, որ այնտեղ կգտնեն ոչ միայն հետաքրքիր տեղեկատվություն Եվրոպայի տարբեր հայկական համայնքների մասին, այլեւ հայությանը այսօր հուզող տարբեր հարցերի պատասխանները։ Դեսպանը վերհիշեց ՕՐԵՐ-ի հետ համագործակցության այն տարիները, որոնք սկսվել են դեռեւս 1999 թվականից, երբ ինքը Հայաստանի դեսպանն էր Լեհաստանում եւ ապա շարունակվել Ավստրիայում եւ այժմ ՝ Չեխիայում, ու նաեւ Բալկաններում դիվանագիտական գործունեության ողջ ընթացքում։
Դեսպան Աշոտ Հովակիմյան
,, Իսկ Հակոբ Ասատրյանի հետ մեր ծանոթությունը սկսվել է դեռեւս Երեւանից։ Նա առաջին լրագրողն է, որին ես հարցազրույց եմ տվել դեռեւս 1992 թվականին, երբ նոր էի աշխատանքի անցել Հայաստանի արտգործնախարարությունում եւ պատրաստվում էի մեկնել Հունաստան՝ Հայաստանի դեսպանություն բացելու նպատակով, իսկ ինքն այն ժամանակ աշխատում էր Երեւանի ,,Ազգ,, օրաթերթում,,։
Շնորհավորելով հանդեսի հոբելյանը, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանը վերհիշեց 20 տարի առաջ ՕՐԵՐ-ի տպագրության առաջին համարները, երբ մտավախություն ունեին, թե որքան կշարունակվի տպագրությունը։ ,, Լրագրողի համար, բացի իրենց երեք զավակներից, թերեւս տպագրված 85 համարները նույնպես զավակներ են։ Եվ այսօր ՕՐԵՐ-ը ներկայացնում է Չեխիան Եվրոպային, եւ Եվրոպան՝ Չեխիային, բայց նաեւ եվրոպական ողջ սփյուռքը՝ Հայաստանին, քանի որ ՕՐԵՐ-ը նաեւ Հայաստանում ունի իր ընթերցողը։ ՕՐԵՐ-ը պատմել է մեր համայնքի առաջին ցույցերի, առաջին ձեռնարկների մասին, որոնց կազմակերպման ակունքներում կանգնած էր Տիգրան Աբրահամյանը։ Կարող եմ ասել, որ ՕՐԵՐ-ը մենք ենք, եւ մենք էլ՝ ՕՐԵՐն ենք, քանի որ այդ 20 տարիներին մենք անցել ենք շատ հետաքրքիր օրեր, եւ մաղթում եմ իմ ընկերներին, որ այդ օրերը շատ երկար լինեն,,- իր խոսքն ավարտեց հայկական դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանը։
Արմեն Քոլոյան
ՕՐԵՐ-ի հոբելյանական երեկոն լի էր բազմաթիվ անակնկալներով։ Կազմակերպիչները իրենց հոբելյանը որոշել էին նվիրել հայ մեծերի հոբելյաններին՝ Կոմիտասի, Թումանյանի, Շանթի 150-ամյակներին, Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի եւ Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակներին։
Կոմիտասի 150-ամյակը նշանավորվեց ջութակահար Արմեն Սարգսյանի ,,Կռունկ,,ի եւ սոպրանո Վարինե Մկրտչյանի ,,Շողեր ջան,, եւ ,,Ծիրանի ծառ,, ստեղծագործությունների հիասքանչ կատարումներով։
Ապա անցում կատարվեց Հովհաննես Թումանյանի հոբլյանական տարվա ձեռնարկներին, որը Գերմանիայից ուղարկված տեսաուղերձով պատմեց Մեծ լոռեցու թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, անդրադռանալով նաեւ Թումանյանի ժառանգների Հայաստան կատարած այցի մանրամասներին, ինչպես նաեւ հոբելյանական տարում հրատարակված գրքերին։
Կինոռեժիսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, թարգմանիչ Անդրան Աբրահամյանն անդրադարձավ չեխական երկու պարբերականներում տպագրված Թումանյանի ,,Մի կաթիլ մեղր,, եւ ,,Սուտլիկ որսկանը,, գործերի չեխերեն իր թարգմանություններին։ Խոսեց հատկապես ,,Սուտլիկ որսկանի,, եւ քվանտային ֆիզիկայի կապի մասին, իսկ վերջում արտասանեց ,,Սուտլիկ որսկանի,, չեխերեն փայլուն թարգմանությունը, որը ջերմությամբ ընդունվեց հանդիսականների կողմից։
Հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանն էլ ՕՐԵՐ-ին հղած բարեմաղթանքներից հետո արտասանեց Թումանյանի ,,Հայրենիքիս հետ,, ազդեցիկ բանաստեղծությունը։
,,Կիլիկիա,, երիտասարդական պարախումբը Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ վարպետորեն ներկայացրեց ,, Շորոր,, ժողովրդական պարը։
Կիլիկիա պարախումբ
Այնուհետեւ դահլիճը դիտեց Երեւանի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրենուհի Արմենուհի Դեմիրճյանի տեսաուղերձը, որում ներկայացվեց ոչ միայն հոբելյանական տարում հրատարակված կապուտիկյանական գրականությունը, այլեւ վերանորոգված թանգարանի եւ Ամենայն հայոց բանաստեղծուհու մասին հետաքրքիր տեղեկություններ։ ՕՐԵՐ-ի խմբագիրներ Հակոբ Ասատրյանն ու Աննա Կարապետյանն էլ ներկայացրին տարիներ առաջ Կապուտիկյանի՝ իրենց հասցեագրված խոսքերը։
,, Կարդում ես ,,ՕՐԵՐ,,ը եւ ուրախանում, որ եվրոպահայ գաղութի խայտաբղետ, երերուն եւ ըստ ամենայնի, դժվարին պայմաններում, ծնվել ու կայացել է բավականին ներկայանելի մի հանդես, որն իր բազմազան նյութերով, տեղեկատվության համապարփակությամբ, հրապարակումների լրջությամբ, եւ ամենագլխավորը, օրապահանջ լուսաբանումներով, այնքան անհարժեշտ է մեր այսօրվա սփյուռքի համար,, - գրել է իր նամակում Սիլվա Կապուտիկյանը 2000 թվականի մարտի 7ին, իր խոսքն ավարտելով մաղթանքով. ,, Մաղթենք, որ որքան կարելի է շուտ ,,բացվեն դռներն հուսո, եւ մեր երկրեն փախ տա ձմեռ,, ու մեր նորատիպ մշակության գնացող պանդուխտները վերադառնան երկիր ոչ թե հանգչելու, այլ ապրելու, ստեղծելու, երջանականալու համար,,։
Այնուհետեւ ներկաներին ողջունեց Բռնո քաղաքից ժամանած երիտասարդ երգչուհի Կարմեն Սարոյանը, ով արդեն համացանցի հրապարակումներից շատերին հայտնի էր չեխական երգչախմբի հետ հայկական հայրենասիրական երգի կատարմամբ։ Նա առանձնահատուկ ջերմությամբ կատարեց ,,Մախմուր աղջիկ,, երգը, որի բառերի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է։
Երեկոն շարունակեցին հայկական դպրոցի սաները։ Բեմ մտավ փոքրիկների պարախումբը՝ Անժելա Մելքոնյանի ղեկավարությամբ եւ ներկաներին զարմացրեց Խաչատրյանի ,,Սուսերով պարի,, հետաքրքիր կատրամամբ։
Գեւորգ Էմինի ժառանգությանը տեսաուղերձով անդրադարձավ Մեծ բանաստեղծի որդին՝ Արտաշես Էմինը, ներկայացնելով հոբելյանական տարում կատարված ձեռնարկներն ու լույս տեսած գրքերը, որին հետեւեց հայկական դպրոցի սան Միլենա Բեյբությանի ,,Մենք,, բանաստեղծության ասմունքը։
,,ՕՐԵՐ,,-ի 20 տարիների կենսապատումի լուսանկարային որոշ ակնթարթներ ներկայացվեցին տեսաշարով, որի ընթացքում առաջին անգամ չեխահայությանը ներկայացավ երգահան Մարատ Խաչատուրյանը։ Նրա ռոմանտիկ ստեղծավործությունների դաշնամուրային կատարումները ընդունվեցին բուռն ծափահարություններով, որին հաջորդեց Կարմեն Սարոյանի ,,Հայաստան,, երգի սքանչելի կատարումը։
Հաջորդիվ ՕՐԵՐի խմբագիրն անդրադարձավ Հրաչյա Հովհաննիսյանի 100ամյակին, նշելով, որ վերջերս Երեւանում նրա տան պատին հուշատախտակ է տեղադրվել, ընթերցելով նաեւ նրա բանաստեղծություններից մեկը, իսկ Վարինե Մկրտչյանը շարունակեց Պուչինիի արիաներից մեկի հիասքանչ կատարումով։
Խմբագիր Աննա Կարապետյանն էլ անդրադարձավ Լեւոն Շանթի ժառանգությանը, եւ իր խոսքը եզրափակեց Գեւորգ Էմինի ,,Սասունցիների պարի,, մի հատվածով, որից հետո հայկական ,,Քոչարին,, գրավեց բեմը՝ ,,Կիլիկիա,, պարախմբի կատարմամբ։
Տոնական երեկոն ավարտվեց Ծովինար Բեյբությանի պատրաստած հոբելյանական տորթի եւ ,,Մառլենկա,, ապրանքանիշի թխվածքների ու գինու համտեսումով, որը շարունակվեց մինչեւ ուշ երեկո։    
Հ.Գ. ՕՐԵՐ-ը երախտապարտ կլինի, եթե եվրոպահայությունը բաժանորդագրությամբ աջակցի ամսագրին՝ դրանով նպաստելով ամսագրի հարատեւությանը։

Կարմեն Սարոյան
 
Բարսեղ վարդապետ Փիլավչյան

Վարինե Մկրտչյան
Անդրան Աբրահամյան
Իրմա  Սաֆրազբեկյան
Արմեն Սարգսյան
Հայկական դպրոցի սաների պարախումբ
Հայկակական դպրոցի երգչախումբ

 
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրենուհի Արմենուհի Դեմիրճյան
Գեւորգ Էմինի որդի՝ Արտաշես Էմին
Լարիսա Գրիգորյան
Մարատ Խաչատուրյան
 Միլենա Բեյբության

 

 


Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի, Տիգրան Աբրահամյանի

No comments:

Post a Comment