Страницы

Tuesday, 24 September 2019

Նիդերլանդական հարթավայրերից մինչև Իտալիայի Ալպերը` 6 երկրներով



Այս անգամ որոշեցինք Նիդերլանդների հարավային Զելանդ նահանգից  ավտոմեքենայով մեկնել դեպի հարավ՝ մինչև Ֆրանսիայի ու Իտալիայի Միջերկրական ծովի տաք ափերը:  «Նիդերլանդական  օրագրի» շրջող օբեկտիվ խորագրի  ներքո, ֆեյսբուքյան էջում  տեղադրել ենք որոշ լուսանկարներ ու տեսաերիզներ, սակայն  մեր կայքում հարմար ենք գտնում այդ մասին փոքր ինչ մանրամասնել:   Այսպես մեր ընթերցողը ավելի լայն պատկերացում կկազմի այս ճանապարհորդության մասին և մեզ հետ` լուսանկարների, տեսաերիզների միջոցով մասնակից կդառնա  Եվրոպայի այս վայրերով շրջագայությանը:
  Մոտ 3000 կամ ավելի կմ մեքենա վարելու համար նախ պետք է ընտրել ամուր և հարմար մեքենա:
 Մենք նախընտրեցինք PEUGEOT 307SW մակնիշի ավտոմեքենան` մեծ բեռնախցիկով, բարձր ու  հարմար նստելատեղով, բաժակներ դնելու հարմարությամբ, վառելիքի խնայողական ծախսով և այլը: Երթուղին անցնելու էր 6 երկրներով` Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսենբուրգ, Ֆրանսիա, Մոնակո և Իտալիա: Քանի որ մեր նպատակը հետաքրքիր վայրերով ճանապարհորդությունն էր` նախընտրեցինք գոնե նշանակման կետին հասնել անվճար մայրուղիներով, իսկ ետ վերադարձին ընտրել արագընթաց մայրուղին: Արդեն երեք ժամից քիչ ավելին, կտրելով` Հոլանդիան և Բելգիան, Լյուքսենբուրգում էինք և արդեն  կարող էինք համեմատել` ասենք վառելիքի գները: Նիդերլանդներում մեկ լիտր բենզինն արժեր 1Եվրո 65 ցենտ, Բելգիայում` 1,38, Լյուքսենբուրգում 1,18:


Լյուքսենբուրգ

Սա փոքրիկ պետություն է Եվրոպայում`համանուն մայրաքաղաքով : Լյուքսեմբուրգի հյուսիսը զբաղեցնում են Արդենների և Հռենոսյան  լեռների ճյուղավորությունները (400—500 մ բարձրությամբ)։ Սահմանակից է Ֆրանսիային, Բելգիային և Գերմանիային: Տարածությունը 2,6 հզ. կմ2 է, բնակչությունը՝ մոտ 530հազար մարդ: Վարչականորեն բաժանվում է 3 շրջանի։  Նույն այս  սահմանով պետությունը գոյություն ունի 1839 թվականից, պետական պաշտոնական լեզուները` Ֆրանսերենն ու գերմաներենն  են: Պետությունը կառավարվել է նաև Նիդերլանդների թագավորի կողմից: Լյուքսեմբուրգի ներկայիս սահմանները հաստատվել են 1839 թվականին՝ Բելգիա-Նիդերլանդական պայմանագրով։ 1842 թվականին Լյուքսեմբուրգը միացել է Գերմանական մաքսային միությանը։ 1867 թվականի Լոնդոնի կոնֆերանսում, Լյուքսեմբուրգը հայտարարվել է  չեզոք պետություն։ Գերմանական զորքերը Լյուքսենբուրգը գրավել են թե Առաջին համաշխարհային պատերազմի և թե երկրորդի ժամանակ, իսկ 1948 թվականին Լյուքսեմբուրգի սահմանադրությունից հանվել է նրա չեզոքության մասին հոդվածը։  1949 թվականից ՆԱՏՕ-ի անդամ է։ Լյուքսեմբուրգը սահմանադրական միապետություն է։ Պետության առաջնորդը Մեծ Դուքսն է, նաև զինված ուժերի հրամանատարը:
Լյուքսենբուրգը աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում է, որպես քաղաք հիշատակվում է 8-րդ դարից: Ներկայումս բնակվում է 117 հազ. մարդ: Համաչափ զարգացող, կառուցվող գեղեցիկ քաղաք է: Կրկին վերագործարկվեց տրամվայը: Քաղաքին ծանոթանալու համար կարելի է վճարել 25 ԵՎրո և շրջագայել երկհարկանի բացոդյա ավտոբուսով:














Ֆրանսիայի Լիոն քաղաք հասնելու և գիշերելու համար ևս վեցուկես ժամից ավելի էր պահանջվում: Մեքենայում տեղյակ էլ չեղանք, որ դրսում բավական տապ է: Տեղ հասանք կեսգիշերին: Այդ օրվա ռեկորդային շոգը գիշերվա  ուշ ժամին անգամ անկում չէր գրանցել, սառնամղիչին (չի աշխատել) փոխարինած օդափոխիչը, սառնարանում դրված մի քանի շիշ ջուրը և սառը ցնցուխը թեև չփոփոխեցին  շենքի ներսի կայուն 37 աստիճանը, այնուհանդերձ օգնեցին  երկարատև  ճանապարհից հոգնածներիս բարեհաջող գիշերելուն:

Որոշել էինք վաղ առավոտյան դիտել Լիոնը և միայն դրանից հետո ուղևորվել Նիցցա: ՈՒշ արթնանալն ու նախաճաշ անելն ուղղում մտցրեց մեր ծրագրում և որոշեցինք ժամանակին տեղ  հասնելու  համար  Լիոնից շարժվել դեպի հարավ: Մեզ սպասվում էր ևս 6 ժամյա ճանապարհ` չհաշված ճանապարհային դադարները:





Սիստերոն

 Կտրել անցնելու էինք ֆրանսիական Ալպերը և հանգրվանելու էինք  ծովափնյա գեղեցկուհի Նիցցա քաղաքում: Անհնար է նկարագրել Ալպիական ոլորապտույտ, վերընթաց ու վայրեջքներով լի ճանապարհներն  ու լեռնային անտառների ու գետերի աննախադեպ գեղեցկությունը, սակայն չենք կարող ընթերցողին չներկայացնել Սիստերոն գյուղը: Նրա մասին  պատկերացում  կազմելու  համար առավել քան խոսուն են մեր կողմից արված լուսանկարներն  ու  տեսաերիզները:
7 հազարից ավելի  բնակչությամբ գյուղաքաղաք է Ֆրանսիայում: գտնվում է Պրովանս Ալպեր Լազուր ափ մարզի Վերին Ալպերի Պրովանսի գավառում։ Սիստրոնը բնակեցված է  4000 տարի: Դյուրանսի (Durance) ափին Բաումի քարաժայռի բերդ քաղաքը դիմակայել է բազմաթիվ արհավիրքների: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ քաղաքը մնաց թագավորական: Հետևաբար, Նապոլեոնը 1815-ին ազատորեն անցավ քաղաքով:









Քաղաքի շենքերը ներառում են միջնաբերդ և 12-րդ դարի նախկին Սիստերոն տաճարը ՝ նվիրված օրհնյալ Կույս Մարիամին և Սուրբ Թիրոսին (Cathédrale Notre Dame des Pommiers et Saint Thyrse):Նոտր Դեմ դե Պոմիեի հռոմեական տաճարը, ամրոցային աշտարակներ, հենարաններ հինավուրց ճակատներով և փոքրիկ հրապարակներով ՝ հմայիչ աղբյուրներով, այս բոլորը տեսարժան վայրեր են, որոնք շեշտում են Պրովանսալ քաղաքի պատմական դեմքը:
Մայր տաճարի հարևանությամբ, Բյուզանդական հին մատուռում տեղադրված Երկրի և Ժամանակի մի հետաքրքիր թանգարան, հազվագյուտ և անսովոր առարկաների հիանալի հավաքածուի միջոցով, առաջ է քաշում Երկրի և մարդու ժամանակի չափման էվոլյուցիան: Այս թանգարանը նաև Route du Temps- ի մեկնարկային կետն է, որը հիանալի ուղի է Վերին Պրովանս երկրաբանական արգելոցի միջով:


Սիստերոնի միջնաբերդը` կառուցված տասնմեկերորդ և հետագա  դարերին, ժայռոտ ելքի գագաթից Durance ժայռին նայող, կառուցվել է հատկապես ռազմավարական վայրում ՝ Ալպերի և Միջերկրական ծովի միջև: Պրովանսի գավառի այս հնագույն ամրոցը որը համարվում է պատմական հուշարձան, ունի 3 թանգարան: Սիստերոնն ունի հիանալի տեսարաններ` Բաումի ժայռի, քաղաքի տանիքների, գետի ափերի և հարակից լեռների համադրությամբ:


Նիցցա, կամ Նիս (ֆր.՝ Nice)

Ալպերից ճանապարհը ոլորապտույտ սրնթաց  վայրեջք է կատարում և արդեն երևում է լեռան գոգին  փռված Նիցցա  քաղաքը:





















 Գիշերային  Նիցցան




Սուր զգացմունքների սիրահարները


 Այն շերտ առ շերտ ներքև է ձգվում և որքան  ցած ենք իջնումն այնքան ավելի գեղեցիկ ծովի տեսարանն է մեր առջև  բացվում: Տպավորություն է` թե քաղաքը մի քանի հարկերի վրա է: Մենք Նիցցայում գիշերելու էինք 14 օր, ուստի քաղաքը ելակետային էր մեզ  համար և ծրագրել էինք Նիցցան տեսնելուց բացի ամեն օր  նոր վայրերում լինել: ՈՒստի  այս քաղաքում տարբեր օրերին արված լուսանկարահանված նյութերը միանգամից ենք ներկայացնում: Նիցցան  Ֆրանսիայի  հարավ-արևելյան ամենամեծ նավահանգիստ քաղաքն է, Մոնակոյից գտնվում է 20, իսկ Իտալիայի սահմանից 30 կմ հեռավորության վրա։  Մտնում է Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի մեջ, Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի, Նիսի տարածաշրջանի վարչական կենտրոնն է: Անցյալ դարում դեպարտամենտի բնակչությունը չի հասել 300 հազարի, հիմա միայն Նիցցայում է ապրում  350 հազար մարդ, իսկ դեպարտամենտում մոտ 1,5 մլն: Նիցցա քաղաքը հիմնադրվել է հույների կողմից մ.թ.ա. IV դարում և կոչվել է Նիկեյա` Նիկե հաղթանակի Աստվածուհու պատվին: Նիցցան առողջարանային քաղաք լինելուց զատ, բազմաթիվ միջազգային քաղաքական ֆորումների և գագաթաժողովների ու տարատեսակ փառատոնների անցկացման վայր է:

 

Բոլորի հիշողության մեջ թարմ է 2016 թվականի հուլիսի 14-ի ահաբեկչությունը, երբ  ազգային օրվա հրավառությունից հետո բեռնատարը  ներխուժեց  երթևեկության համար փակ անգլիական կոչվող առափնյա փողոց: Անիվների տակ զոհվեց 86 և վիրավորվեց մոտ 430 մարդ: Անհնար է թվարկել Նիցցայում գտնվող բոլոր տեսարժան վայրերը, արժե հիշատակել Նիցցայի «Շագալ» , «Մատիս» և «Մոդերն և ժամանակակից արվեստի» թանգարանները:
 Իտալացի գեներալ, քաղաքական գործիչ, գրող Գարիբալդիի ծննդավայր Նիցցայում մենք փնտրում էինք  նաև հայկական հետք: Ավել ուշ իմացանք, որ մեր հայրենակից Ալբերտ Մխիթարյանը 1999 թվականին Նիցցայի եկեղեցական խորհրդի պատվերով ստեղծել է 2 մետր բարձրություն ունեցող խաչքար, որը տեղադրվել է  հայկական եկեղեցու բակում։

Ալբերտ Մխիթարյանի խաչքարն  ու հարթաքանդակը` Նիցցայում:

Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առիթով Ալբերտն ստեղծել է հարթաքանդակ (330×220 սմ) Նիցցայի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի համար։ 2002 թվականին Կաննում տեղադրվել է նրա ստեղծած  հուշակոթողը՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած և զոհված մարտիկների հիշատակին։ Մենք Նիցցայում և հարակից քաղաքներում հանդիպեցինք  նաև ռուսական եկեղեցիների: Կուզեինք էլի մի քանի տպավորություններով կիսվել: Մեր տեսած զբոսաշրջային ծովափնյա քաղաքների հետ համեմատած սնունդը փոքր ինչ ավելի թանկ էր: Թանկ էր նաև տրանսպորտի կայանման վարձը: Ստորգետնյա ավտոկայանատեղիները անհարմար լինելուց բացի, գրեթե զբաղված  են, իսկ փողոցներում կայանման տեղ գտնելը հավասարազոր է վիճակախաղի տոմսով մի  բան շահելուն: Այսպիսով Նիցցայում ավտոմեքենան կանգնեցնելու  համար օրական նվազագույնը 20 ԵՎրո է անհրաժեշտ: Շատ անհարմար են ստորգետնյա որոշ ավտոկանգառների ոլորապտույտ ելքերն ու  մուտքերը: Պատերին կային քերվածքներ և ավտոմեքենայի թողած ներկերի  հետքեր: Սկզբում ենթադրում էի, որ մեքենաները ելումուտ անելիս երբեմն «շփվում»  են բետոնին, ավելի ուշ մեր մեքենան էլ իրեն չզրկեց այդ «հաճույքից»: Փորձելով զգույշ մնալ առջևի մասից, դռան  կողմով տարածքը չբավականացրեց, բախվեցինք սյանը: Հետո, երբ ուշադիր զննում էինք մյուս մեքենաները, համարյա 80% տոկոսը նման խնդիրների պատճառով վերանորոգման կարիք ունեին:

 Ի զարմանս` այստեղ  հանդիպեցինք անօթևան մարդկանց: Երբեմն նրանց սնունդ և ջուր էին մատակարարում կազմակերպված կարգով: Հատկապես գիշերային զբոսանքի ժամանակ  նստատեղերը հարմարեցրել են անկողնու:






Քաղաքում բազմաթիվ էին սննդի կետերը, գիշերը եռում էր կյանքը, փողոցները լի էր երիտասարդներով: Առաջին անգամ հանդիպեցինք ավտոմատավոր ոստիկանների: Հետո հասկացանք ինչու են նրանք այստեղ` քիչ հետո ականատես եղանք ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների երթի:










 ''Մատմուտի''  ու  '' Մինասի'' հետքերով
________________






Ռուսական եկեղեցի Կանում



Ցերեկային և երեկոյան Նիցցան


Այցելություն Կան (Cannes), կամ ադրբեջանի ''հնամենի'' գորգերի հետքերով
Վերջապես այցելության 3-րդ օրը` Հուլիսի 29-ին, եղանք Նիցցայից մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող, կինոփառատոնային  բավական հայտնի առողջարանային համբավ ունեցող Կան քաղաքում:






 Այստեղ բուռն ու հետաքրքիր օր անցկացրեցինք` մինչև կեսգիշերն անց, մասնակից լինելով նաև հրավառության փառատոնին: Ընդհանրապես  այս քաղաքը փառատոնների անցկացման պակաս չունի: Հիշյալ փառատոններից բացի , մոտ 75 հազ. բնակչություն ունեցող այս քաղաքում անց է կացվում Կաննի Առյուծների (Lions) միջազգային գովազդային ամենահեղինակավոր փառատոնը` կրճատ IAF,  որը տևում է 5-ից 7 օր, անցկացվում է ամեն տարի ՝ սովորաբար հունիսի երրորդ շաբաթվա ընթացքում: Գործում են ամենամյա ցուցահանդեսներ, ինչպիսիք են` MipTV / Milia հեռուստատեսային հեռարձակման, աուդիո-վիդեո տեխնոլոգիաների ոլորտում արտադրողների, գնորդների և դիստրիբյուտորների առաջատար ամենամյա համաշխարհային ֆորում-ցուցահանդեսը, այն առաջարկում է ծանոթանալ թվային բովանդակության և ինտերակտիվ տեխնոլոգիաների հետ կապված վերջին զարգացումներին: Հաջորդը` MIDEM երաժշտական ​​աուդիո արտադրանքի և MAPIC  անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսներն  են:




Կանի Կրուազետի պողոտայում կա հայկական այգի: Այստեղ է տեղադրված  Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի եւ երկու աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին նվիրված հուշարձանը:
Քաղաքի հետ մեր ծանոթությանը համադրեցինք «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ` ցուցադրելով Կրուազետի պողոտայի առափնյա հատվածը, փառատոնների և համաժողովների (Palais des Festivals et des Congrès) պալատը, կազինոն: Ի դեպ 1959 և 1961 թվականներին այստեղ են անցկացվել Եվրատեսիլի երգի փառատոնները: Երբ անցանք շենքի հարակից փողոցը աչքի զարնեց Ադրբեջանին վերաբերվող


ցուցապաստառ: Կադրը մոտեցնելով հասկացանք, որ այստեղ  ինչ որ կարպետների ցուցադրում  է տեղի ունենում: Մեր ընթերցողին խոստացանք պարզել` ի՞նչ ունեն Կաննում ցուցադրելու ադրբեջանցիները:
 Մնացածն  արեցինք կադրից դուրս. պարզեցինք, որ  այստեղ Հեյդար Ալիև Հիմնադրամն  է դեռ այս տարվա սկզբից  վարձակալել է Gare maritime (Ծովային կայան) սրահը: Սրանք ուշադրության ահռելի պակասորդ ունեն: «Նոր բացահայտումներ.  ադրբեջանական գորգագործության նոր մոտեցումները» խորագրի  ներքո նոր գործած 13 գորգ են ցուցադրում: Իբր, իրենց մեկ դար հասնող պատմությամբ ե՞րբ են հինն ունեցել, որ հիմա նորն են  բացահայտում: Ներսում միակ այցելու էինք, չթաքցնող ուրախությամբ, ինչպես պարզվեց, մեզ դիմավորեց  հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալակբարովը և իր օգնությունն առաջարկեց: Մենք քաղաքավարի հրաժարվեցինք, ասելով, որ ինքներս ամեն  բան կդիտենք:



Կռվող քոչվոր հեծյալների ահա այսպիսի անորոշ պատկերներով ադրբեջանական գորգեր Կանում

Նոր, անճաշակ ձևավորումով գորգեր ու էսքիզներ: Արժեքավոր ու անսովոր բան չգտանք այստեղ, բացի դատարկ  սրահից, քոչվորի ու զենքի, մեկ էլ նռան պատկերով անհետաքրքիր ու անիմաստ ձևավորված գորգերից: Շնչահեղձ լինելով դուրս եկանք այս նավթաբույր տարածքից: Պարզեցինք, որ միայն ցուցահանդեսի բացմանն է` Կաննի քաղաքապետի տեղակալի  մակարդակով, մի քանի տասնյակ մարդ  մասնակից եղել: Զարմացա, երբ երեկոյան կողմ Gare maritime-ի մոտ հերթ կանգնած մարդկանց տեսա: Երբ ինքս ինձ մտածում էի` ախր ինչ են  նայելու այս  մարդիկ այստեղ, երբ աչքիս զարնեց ցուցասրահի  այս  մասում  կանանց և տղամարդկանց զուգարանների տարբերանշաները: Հասկանալի էր, մարդիկ հերթ էին կանգնել զուգարան մտնելու` և ոչ թե այս անհրապույր ցուցահանդեսը:
Երեկոյան Կանում հրավառության փառատոն էր, որին մասնակցում է տարեկան 200 հազ. մարդ, իսկ կարպետների, կամ գորգերի ցուցադրման սրահն այդպես էլ դատարկ մնաց` հավանաբար մինչև տարևերջյան  օրեր: Ադրբեջանական ժողովրդի նավթային դոլարները հենց այսպես էլ շռայլվում են:
Քանի որ ուղիղ նկարահանմամբ տեսաերիզն  ունենք, ուզում եմ անդրադառնալ հրավառությանը:

 Սկսած 1998 թվականից Կաննի պիրոտեխնիկական արվեստի փառատոնը ամեն տարի ողջունում է աշխարհի խոշորագույն բիոտեխնոլոգներին `հուլիսի 14-ին, 21-ին և 29-ին, իսկ օգոստոսի 7-ին, 15-ին և 24-ին: 400 մետր ծովի ճակատային մասում ցուցադրված ներկայացումը, ինչպես ասացինք  ամեն երեկո դիտում է 200 000 հանդիսատես: Լուսավոր համազարկի արվեստի ձևը կիրառում են մեր ժամանակի նորագույն նորամուծություններով ՝ համատեղելով ստեղծագործականությունը, տեխնոլոգիան և բարձր ճշգրտությունը: Հրավառության փոփոխվող պատկերները, ծովային արտացոլումը և հնչյունային  պատկերների ստեղծումը հանդիսատեսի առջև կախարդող աշխարհ է բացում:



Այն, ինչ դիտեցինք Հուլիսի 29-ին, ներկայացնում էր  1994 թվականին ստեղծված Feuerwerke Jost ավստրիական կազմակերպությունը: Այն ն առանձնանում է միջազգային պիրոտեխնիկական միջոցառումների պլանավորման և իրականացման մեջ, որոնք նպաստում են նրա համբավին: Արհեստագործների թիմը համատեղում է ֆանտազիան և ավանդույթը, բնութագրվում է ուշագրավ կատարումներով: Ժամանակի ընթացքում Feuerwerke Jost- ը դարձել է պիրոտեխնիկական իրադարձությունների ավստրիայի առաջատար մատակարարներից մեկը: Ավստրիայում իր բազմաթիվ ներկայացուցչություններից բացի, ընկերությունը հանդես է գալիս Գերմանիայում, Բելգիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մոնակոյում, Մալթայում, Խորվաթիայում, Չեխիայում, Լեհաստանում, Լիտվայում և Ռուսաստանում: Պարգևատրվել են բազմաթիվ միջազգային մրցանակների, Feuerwerke Jost- ի պիրոտեխնիկները ամեն տարի մասնակցում են խոշոր մարզական, տոնական միջոցառումների և խոշոր համերգների:
Այս տարի հանդես են եկել համապատասխանաբար` Գերմանիայի,Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի թիմերը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
(Հաջորդ անգամ կպատմենք Մոնակոյի, Սան Ռեմոյի և մյուս շրջակա քաղաքների  մասին)

Փ.Կնյազյան
Hay Azian


 















No comments:

Post a Comment