Այս անգամ որոշեցինք Նիդերլանդների հարավային Զելանդ նահանգից ավտոմեքենայով մեկնել դեպի հարավ՝ մինչև Ֆրանսիայի ու Իտալիայի Միջերկրական ծովի տաք ափերը: «Նիդերլանդական օրագրի» շրջող օբեկտիվ խորագրի ներքո, ֆեյսբուքյան էջում տեղադրել ենք որոշ լուսանկարներ ու տեսաերիզներ, սակայն մեր կայքում հարմար ենք գտնում այդ մասին փոքր ինչ մանրամասնել: Այսպես մեր ընթերցողը ավելի լայն պատկերացում կկազմի այս ճանապարհորդության մասին և մեզ հետ` լուսանկարների, տեսաերիզների միջոցով մասնակից կդառնա Եվրոպայի այս վայրերով շրջագայությանը:
Մոտ 3000 կամ ավելի կմ մեքենա վարելու համար նախ պետք է ընտրել ամուր և հարմար մեքենա:
Մենք նախընտրեցինք PEUGEOT 307SW մակնիշի ավտոմեքենան` մեծ բեռնախցիկով, բարձր ու հարմար նստելատեղով, բաժակներ դնելու հարմարությամբ, վառելիքի խնայողական ծախսով և այլը: Երթուղին անցնելու էր 6 երկրներով` Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսենբուրգ, Ֆրանսիա, Մոնակո և Իտալիա: Քանի որ մեր նպատակը հետաքրքիր վայրերով ճանապարհորդությունն էր` նախընտրեցինք գոնե նշանակման կետին հասնել անվճար մայրուղիներով, իսկ ետ վերադարձին ընտրել արագընթաց մայրուղին: Արդեն երեք ժամից քիչ ավելին, կտրելով` Հոլանդիան և Բելգիան, Լյուքսենբուրգում էինք և արդեն կարող էինք համեմատել` ասենք վառելիքի գները: Նիդերլանդներում մեկ լիտր բենզինն արժեր 1Եվրո 65 ցենտ, Բելգիայում` 1,38, Լյուքսենբուրգում 1,18:
Լյուքսենբուրգ
Սա փոքրիկ պետություն է Եվրոպայում`համանուն մայրաքաղաքով : Լյուքսեմբուրգի հյուսիսը զբաղեցնում են Արդենների և Հռենոսյան լեռների ճյուղավորությունները (400—500 մ բարձրությամբ)։ Սահմանակից է Ֆրանսիային, Բելգիային և Գերմանիային: Տարածությունը 2,6 հզ. կմ2 է, բնակչությունը՝ մոտ 530հազար մարդ: Վարչականորեն բաժանվում է 3 շրջանի։ Նույն այս սահմանով պետությունը գոյություն ունի 1839 թվականից, պետական պաշտոնական լեզուները` Ֆրանսերենն ու գերմաներենն են: Պետությունը կառավարվել է նաև Նիդերլանդների թագավորի կողմից: Լյուքսեմբուրգի ներկայիս սահմանները հաստատվել են 1839 թվականին՝ Բելգիա-Նիդերլանդական պայմանագրով։ 1842 թվականին Լյուքսեմբուրգը միացել է Գերմանական մաքսային միությանը։ 1867 թվականի Լոնդոնի կոնֆերանսում, Լյուքսեմբուրգը հայտարարվել է չեզոք պետություն։ Գերմանական զորքերը Լյուքսենբուրգը գրավել են թե Առաջին համաշխարհային պատերազմի և թե երկրորդի ժամանակ, իսկ 1948 թվականին Լյուքսեմբուրգի սահմանադրությունից հանվել է նրա չեզոքության մասին հոդվածը։ 1949 թվականից ՆԱՏՕ-ի անդամ է։ Լյուքսեմբուրգը սահմանադրական միապետություն է։ Պետության առաջնորդը Մեծ Դուքսն է, նաև զինված ուժերի հրամանատարը:
Լյուքսենբուրգը աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում է, որպես քաղաք հիշատակվում է 8-րդ դարից: Ներկայումս բնակվում է 117 հազ. մարդ: Համաչափ զարգացող, կառուցվող գեղեցիկ քաղաք է: Կրկին վերագործարկվեց տրամվայը: Քաղաքին ծանոթանալու համար կարելի է վճարել 25 ԵՎրո և շրջագայել երկհարկանի բացոդյա ավտոբուսով:
Որոշել էինք վաղ առավոտյան դիտել Լիոնը և միայն դրանից հետո ուղևորվել Նիցցա: ՈՒշ արթնանալն ու նախաճաշ անելն ուղղում մտցրեց մեր ծրագրում և որոշեցինք ժամանակին տեղ հասնելու համար Լիոնից շարժվել դեպի հարավ: Մեզ սպասվում էր ևս 6 ժամյա ճանապարհ` չհաշված ճանապարհային դադարները:
Սիստերոն
Կտրել անցնելու էինք ֆրանսիական Ալպերը և հանգրվանելու էինք ծովափնյա գեղեցկուհի Նիցցա քաղաքում: Անհնար է նկարագրել Ալպիական ոլորապտույտ, վերընթաց ու վայրեջքներով լի ճանապարհներն ու լեռնային անտառների ու գետերի աննախադեպ գեղեցկությունը, սակայն չենք կարող ընթերցողին չներկայացնել Սիստերոն գյուղը: Նրա մասին պատկերացում կազմելու համար առավել քան խոսուն են մեր կողմից արված լուսանկարներն ու տեսաերիզները:
7 հազարից ավելի բնակչությամբ գյուղաքաղաք է Ֆրանսիայում: գտնվում է Պրովանս Ալպեր Լազուր ափ մարզի Վերին Ալպերի Պրովանսի գավառում։ Սիստրոնը բնակեցված է 4000 տարի: Դյուրանսի (Durance) ափին Բաումի քարաժայռի բերդ քաղաքը դիմակայել է բազմաթիվ արհավիրքների: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ քաղաքը մնաց թագավորական: Հետևաբար, Նապոլեոնը 1815-ին ազատորեն անցավ քաղաքով:
Քաղաքի շենքերը ներառում են միջնաբերդ և 12-րդ դարի նախկին Սիստերոն տաճարը ՝ նվիրված օրհնյալ Կույս Մարիամին և Սուրբ Թիրոսին (Cathédrale Notre Dame des Pommiers et Saint Thyrse):Նոտր Դեմ դե Պոմիեի հռոմեական տաճարը, ամրոցային աշտարակներ, հենարաններ հինավուրց ճակատներով և փոքրիկ հրապարակներով ՝ հմայիչ աղբյուրներով, այս բոլորը տեսարժան վայրեր են, որոնք շեշտում են Պրովանսալ քաղաքի պատմական դեմքը:
Մայր տաճարի հարևանությամբ, Բյուզանդական հին մատուռում տեղադրված Երկրի և Ժամանակի մի հետաքրքիր թանգարան, հազվագյուտ և անսովոր առարկաների հիանալի հավաքածուի միջոցով, առաջ է քաշում Երկրի և մարդու ժամանակի չափման էվոլյուցիան: Այս թանգարանը նաև Route du Temps- ի մեկնարկային կետն է, որը հիանալի ուղի է Վերին Պրովանս երկրաբանական արգելոցի միջով:
Սիստերոնի միջնաբերդը` կառուցված տասնմեկերորդ և հետագա դարերին, ժայռոտ ելքի գագաթից Durance ժայռին նայող, կառուցվել է հատկապես ռազմավարական վայրում ՝ Ալպերի և Միջերկրական ծովի միջև: Պրովանսի գավառի այս հնագույն ամրոցը որը համարվում է պատմական հուշարձան, ունի 3 թանգարան: Սիստերոնն ունի հիանալի տեսարաններ` Բաումի ժայռի, քաղաքի տանիքների, գետի ափերի և հարակից լեռների համադրությամբ:
Նիցցա, կամ Նիս (ֆր.՝ Nice)
Ալպերից ճանապարհը ոլորապտույտ սրնթաց վայրեջք է կատարում և արդեն երևում է լեռան գոգին փռված Նիցցա քաղաքը:
Սուր զգացմունքների սիրահարները
Այն շերտ առ շերտ ներքև է ձգվում և որքան ցած ենք իջնումն այնքան ավելի գեղեցիկ ծովի տեսարանն է մեր առջև բացվում: Տպավորություն է` թե քաղաքը մի քանի հարկերի վրա է: Մենք Նիցցայում գիշերելու էինք 14 օր, ուստի քաղաքը ելակետային էր մեզ համար և ծրագրել էինք Նիցցան տեսնելուց բացի ամեն օր նոր վայրերում լինել: ՈՒստի այս քաղաքում տարբեր օրերին արված լուսանկարահանված նյութերը միանգամից ենք ներկայացնում: Նիցցան Ֆրանսիայի հարավ-արևելյան ամենամեծ նավահանգիստ քաղաքն է, Մոնակոյից գտնվում է 20, իսկ Իտալիայի սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Մտնում է Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի մեջ, Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի, Նիսի տարածաշրջանի վարչական կենտրոնն է: Անցյալ դարում դեպարտամենտի բնակչությունը չի հասել 300 հազարի, հիմա միայն Նիցցայում է ապրում 350 հազար մարդ, իսկ դեպարտամենտում մոտ 1,5 մլն: Նիցցա քաղաքը հիմնադրվել է հույների կողմից մ.թ.ա. IV դարում և կոչվել է Նիկեյա` Նիկե հաղթանակի Աստվածուհու պատվին: Նիցցան առողջարանային քաղաք լինելուց զատ, բազմաթիվ միջազգային քաղաքական ֆորումների և գագաթաժողովների ու տարատեսակ փառատոնների անցկացման վայր է:
Բոլորի հիշողության մեջ թարմ է 2016 թվականի հուլիսի 14-ի ահաբեկչությունը, երբ ազգային օրվա հրավառությունից հետո բեռնատարը ներխուժեց երթևեկության համար փակ անգլիական կոչվող առափնյա փողոց: Անիվների տակ զոհվեց 86 և վիրավորվեց մոտ 430 մարդ: Անհնար է թվարկել Նիցցայում գտնվող բոլոր տեսարժան վայրերը, արժե հիշատակել Նիցցայի «Շագալ» , «Մատիս» և «Մոդերն և ժամանակակից արվեստի» թանգարանները:
Իտալացի գեներալ, քաղաքական գործիչ, գրող Գարիբալդիի ծննդավայր Նիցցայում մենք փնտրում էինք նաև հայկական հետք: Ավել ուշ իմացանք, որ մեր հայրենակից Ալբերտ Մխիթարյանը 1999 թվականին Նիցցայի եկեղեցական խորհրդի պատվերով ստեղծել է 2 մետր բարձրություն ունեցող խաչքար, որը տեղադրվել է հայկական եկեղեցու բակում։
Ալբերտ Մխիթարյանի խաչքարն ու հարթաքանդակը` Նիցցայում:
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առիթով Ալբերտն ստեղծել է հարթաքանդակ (330×220 սմ) Նիցցայի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի համար։ 2002 թվականին Կաննում տեղադրվել է նրա ստեղծած հուշակոթողը՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած և զոհված մարտիկների հիշատակին։ Մենք Նիցցայում և հարակից քաղաքներում հանդիպեցինք նաև ռուսական եկեղեցիների: Կուզեինք էլի մի քանի տպավորություններով կիսվել: Մեր տեսած զբոսաշրջային ծովափնյա քաղաքների հետ համեմատած սնունդը փոքր ինչ ավելի թանկ էր: Թանկ էր նաև տրանսպորտի կայանման վարձը: Ստորգետնյա ավտոկայանատեղիները անհարմար լինելուց բացի, գրեթե զբաղված են, իսկ փողոցներում կայանման տեղ գտնելը հավասարազոր է վիճակախաղի տոմսով մի բան շահելուն: Այսպիսով Նիցցայում ավտոմեքենան կանգնեցնելու համար օրական նվազագույնը 20 ԵՎրո է անհրաժեշտ: Շատ անհարմար են ստորգետնյա որոշ ավտոկանգառների ոլորապտույտ ելքերն ու մուտքերը: Պատերին կային քերվածքներ և ավտոմեքենայի թողած ներկերի հետքեր: Սկզբում ենթադրում էի, որ մեքենաները ելումուտ անելիս երբեմն «շփվում» են բետոնին, ավելի ուշ մեր մեքենան էլ իրեն չզրկեց այդ «հաճույքից»: Փորձելով զգույշ մնալ առջևի մասից, դռան կողմով տարածքը չբավականացրեց, բախվեցինք սյանը: Հետո, երբ ուշադիր զննում էինք մյուս մեքենաները, համարյա 80% տոկոսը նման խնդիրների պատճառով վերանորոգման կարիք ունեին:
Ի զարմանս` այստեղ հանդիպեցինք անօթևան մարդկանց: Երբեմն նրանց սնունդ և ջուր էին մատակարարում կազմակերպված կարգով: Հատկապես գիշերային զբոսանքի ժամանակ նստատեղերը հարմարեցրել են անկողնու:
Քաղաքում բազմաթիվ էին սննդի կետերը, գիշերը եռում էր կյանքը, փողոցները լի էր երիտասարդներով: Առաջին անգամ հանդիպեցինք ավտոմատավոր ոստիկանների: Հետո հասկացանք ինչու են նրանք այստեղ` քիչ հետո ականատես եղանք ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների երթի:
''Մատմուտի'' ու '' Մինասի'' հետքերով
________________
Ռուսական եկեղեցի Կանում
Ցերեկային և երեկոյան Նիցցան
Վերջապես այցելության 3-րդ օրը` Հուլիսի 29-ին, եղանք Նիցցայից մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող, կինոփառատոնային բավական հայտնի առողջարանային համբավ ունեցող Կան քաղաքում:
Այստեղ բուռն ու հետաքրքիր օր անցկացրեցինք` մինչև կեսգիշերն անց, մասնակից լինելով նաև հրավառության փառատոնին: Ընդհանրապես այս քաղաքը փառատոնների անցկացման պակաս չունի: Հիշյալ փառատոններից բացի , մոտ 75 հազ. բնակչություն ունեցող այս քաղաքում անց է կացվում Կաննի Առյուծների (Lions) միջազգային գովազդային ամենահեղինակավոր փառատոնը` կրճատ IAF, որը տևում է 5-ից 7 օր, անցկացվում է ամեն տարի ՝ սովորաբար հունիսի երրորդ շաբաթվա ընթացքում: Գործում են ամենամյա ցուցահանդեսներ, ինչպիսիք են` MipTV / Milia հեռուստատեսային հեռարձակման, աուդիո-վիդեո տեխնոլոգիաների ոլորտում արտադրողների, գնորդների և դիստրիբյուտորների առաջատար ամենամյա համաշխարհային ֆորում-ցուցահանդեսը, այն առաջարկում է ծանոթանալ թվային բովանդակության և ինտերակտիվ տեխնոլոգիաների հետ կապված վերջին զարգացումներին: Հաջորդը` MIDEM երաժշտական աուդիո արտադրանքի և MAPIC անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսներն են:
Կանի Կրուազետի պողոտայում կա հայկական այգի: Այստեղ է տեղադրված Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի եւ երկու աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին նվիրված հուշարձանը:
Քաղաքի հետ մեր ծանոթությանը համադրեցինք «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ` ցուցադրելով Կրուազետի պողոտայի առափնյա հատվածը, փառատոնների և համաժողովների (Palais des Festivals et des Congrès) պալատը, կազինոն: Ի դեպ 1959 և 1961 թվականներին այստեղ են անցկացվել Եվրատեսիլի երգի փառատոնները: Երբ անցանք շենքի հարակից փողոցը աչքի զարնեց Ադրբեջանին վերաբերվող
ցուցապաստառ: Կադրը մոտեցնելով հասկացանք, որ այստեղ ինչ որ կարպետների ցուցադրում է տեղի ունենում: Մեր ընթերցողին խոստացանք պարզել` ի՞նչ ունեն Կաննում ցուցադրելու ադրբեջանցիները:
Մնացածն արեցինք կադրից դուրս. պարզեցինք, որ այստեղ Հեյդար Ալիև Հիմնադրամն է դեռ այս տարվա սկզբից վարձակալել է Gare maritime (Ծովային կայան) սրահը: Սրանք ուշադրության ահռելի պակասորդ ունեն: «Նոր բացահայտումներ. ադրբեջանական գորգագործության նոր մոտեցումները» խորագրի ներքո նոր գործած 13 գորգ են ցուցադրում: Իբր, իրենց մեկ դար հասնող պատմությամբ ե՞րբ են հինն ունեցել, որ հիմա նորն են բացահայտում: Ներսում միակ այցելու էինք, չթաքցնող ուրախությամբ, ինչպես պարզվեց, մեզ դիմավորեց հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալակբարովը և իր օգնությունն առաջարկեց: Մենք քաղաքավարի հրաժարվեցինք, ասելով, որ ինքներս ամեն բան կդիտենք:
Կռվող քոչվոր հեծյալների ահա այսպիսի անորոշ պատկերներով ադրբեջանական գորգեր Կանում
Նոր, անճաշակ ձևավորումով գորգեր ու էսքիզներ: Արժեքավոր ու անսովոր բան չգտանք այստեղ, բացի դատարկ սրահից, քոչվորի ու զենքի, մեկ էլ նռան պատկերով անհետաքրքիր ու անիմաստ ձևավորված գորգերից: Շնչահեղձ լինելով դուրս եկանք այս նավթաբույր տարածքից: Պարզեցինք, որ միայն ցուցահանդեսի բացմանն է` Կաննի քաղաքապետի տեղակալի մակարդակով, մի քանի տասնյակ մարդ մասնակից եղել: Զարմացա, երբ երեկոյան կողմ Gare maritime-ի մոտ հերթ կանգնած մարդկանց տեսա: Երբ ինքս ինձ մտածում էի` ախր ինչ են նայելու այս մարդիկ այստեղ, երբ աչքիս զարնեց ցուցասրահի այս մասում կանանց և տղամարդկանց զուգարանների տարբերանշաները: Հասկանալի էր, մարդիկ հերթ էին կանգնել զուգարան մտնելու` և ոչ թե այս անհրապույր ցուցահանդեսը:
Երեկոյան Կանում հրավառության փառատոն էր, որին մասնակցում է տարեկան 200 հազ. մարդ, իսկ կարպետների, կամ գորգերի ցուցադրման սրահն այդպես էլ դատարկ մնաց` հավանաբար մինչև տարևերջյան օրեր: Ադրբեջանական ժողովրդի նավթային դոլարները հենց այսպես էլ շռայլվում են:
Քանի որ ուղիղ նկարահանմամբ տեսաերիզն ունենք, ուզում եմ անդրադառնալ հրավառությանը:
Սկսած 1998 թվականից Կաննի պիրոտեխնիկական արվեստի փառատոնը ամեն տարի ողջունում է աշխարհի խոշորագույն բիոտեխնոլոգներին `հուլիսի 14-ին, 21-ին և 29-ին, իսկ օգոստոսի 7-ին, 15-ին և 24-ին: 400 մետր ծովի ճակատային մասում ցուցադրված ներկայացումը, ինչպես ասացինք ամեն երեկո դիտում է 200 000 հանդիսատես: Լուսավոր համազարկի արվեստի ձևը կիրառում են մեր ժամանակի նորագույն նորամուծություններով ՝ համատեղելով ստեղծագործականությունը, տեխնոլոգիան և բարձր ճշգրտությունը: Հրավառության փոփոխվող պատկերները, ծովային արտացոլումը և հնչյունային պատկերների ստեղծումը հանդիսատեսի առջև կախարդող աշխարհ է բացում:
Այն, ինչ դիտեցինք Հուլիսի 29-ին, ներկայացնում էր 1994 թվականին ստեղծված Feuerwerke Jost ավստրիական կազմակերպությունը: Այն ն առանձնանում է միջազգային պիրոտեխնիկական միջոցառումների պլանավորման և իրականացման մեջ, որոնք նպաստում են նրա համբավին: Արհեստագործների թիմը համատեղում է ֆանտազիան և ավանդույթը, բնութագրվում է ուշագրավ կատարումներով: Ժամանակի ընթացքում Feuerwerke Jost- ը դարձել է պիրոտեխնիկական իրադարձությունների ավստրիայի առաջատար մատակարարներից մեկը: Ավստրիայում իր բազմաթիվ ներկայացուցչություններից բացի, ընկերությունը հանդես է գալիս Գերմանիայում, Բելգիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մոնակոյում, Մալթայում, Խորվաթիայում, Չեխիայում, Լեհաստանում, Լիտվայում և Ռուսաստանում: Պարգևատրվել են բազմաթիվ միջազգային մրցանակների, Feuerwerke Jost- ի պիրոտեխնիկները ամեն տարի մասնակցում են խոշոր մարզական, տոնական միջոցառումների և խոշոր համերգների:
Այս տարի հանդես են եկել համապատասխանաբար` Գերմանիայի,Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի թիմերը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
(Հաջորդ անգամ կպատմենք Մոնակոյի, Սան Ռեմոյի և մյուս շրջակա քաղաքների մասին)
Փ.Կնյազյան
Hay Azian
No comments:
Post a Comment