Страницы

Friday, 5 July 2019

ՓԱԿՎԵՑ ԻՐԱՆԻ ՇԱՀԻՆՇԱՀՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՅՈՑ ՄԻԱԿ՝ «ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ» ԴՊՐՈՑԸ

Ինչո՞վ են զբաղված Անթիլիասը, Թեհրանի ու Սպահանի Թեմական խորհուրդները:




Իրանում հերթով փակվում են հայկական դպրոցները։ Թեհրանի հայոց ազգային «Ռոստոմ» օրիորդաց դպրոցի փակվելուց և նույն անվան տղայոց դպրոցի երերուն վիճակում հայտնվելուց հետո, ահա Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի որոշումով, նույն ճակատագրին է ենթարկվում նաև Շահինշահր քաղաքի հայոց միակ՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցը:

Այս որոշումով, «Ս. Վարդանանց» դպրոցի աշակերտները հայկական դպրոց հասնելու համար պիտի ամեն օր նվազագույնը 40 կիլոմետր ճանապարհ կտրեն՝ մինչև Սպահան, այլապես պարտավոր են հաճախել ոչհայկական դպրոց, ինչը, բնականաբար, ավելի հավանական է:

Դպրոցը փակվում է, հակառակ այն փաստի, որ պետական կողմը, տեսնելով աշակերտության սակավ թիվը, թույլ էր տվել այն դարձնել երկսեռ։ Սա բացառիկ արտոնություն էր դպրոցը բաց պահելու համար:




Թվում է թե Թեհրանի ու Սպահանի Թեմական խորհուրդները հայտնվել են լրիվ անճարակ վիճակում: Նրանք, հակառակ համայնքի պահանջին, հարցերին լուծում գտնելու փոխարեն, միանգամայն ջնջում են բուն հարցն ու «առաջ» անցնում:

Ընդամենը օրեր առաջ նույն հոգեբանությամբ Թեհրանի ՀԹ Կրթական խորհուրդը, դեմ գնալով հայոց ազգային «Արաքս» օրիորդաց դպրոցի ուսուցչական կազմի, Ծնողական խորհրդի ու աշակերտության ու նրանց ծնողների պահանջին, այդ դպրոցին զրկեց հայ տեսչուհուց:

Իրանահայ թեմերն իր զավթարար ճանգերում բռնած ՀՅԴ կուսակցությունը, բարեխիղճ և բանիմաց անձնավորություններին համայնքի կառավարման կյանքին մասնակից չդարձնելով շարունակում է իր շահերը գերադասել ազգի և համայնքի շահերին։



Հերթով փակվում և ծախվում են կրթադաստիարակչական օջախներն ու հաստատությունները, փոխարենը զարկ տալով կուսակցական կառույցներին:

Հայոց դպրոցը ծախսատար լինելու անհեթեթ պատճառաբանությամբ փակող Սպահանի ՀԹ Թեմական խորհուրդն ահռելի գումար է տրամադրում ՀՅԴ-ին ենթակա նույն Շահինշահր քաղաքի «Արարատ» միությանը բազմահարկ նոր կենտրոնատեղի կառուցելու համար, մինչ վաճառքի է հանել Ահվազ քաղաքի հայոց ազգային «Րաֆֆի» դպրոցի շենքը:

Իսկ այս անհուսալի պայմաններում ցավալի է, որ Մայր Աթոռից խլված Իրանահայ թեմերին տիրություն անելու, և ԴՊՐՈՒԹՅԱՆ տարի հայտարարելու փոխարեն, Անթիլիասի գահակալ Արամ Ա կաթողիկոսը մամուլի տարի է հայտարարել ու «համահայկականության» անվան տակ, խտրական վերաբերմունք է ցույց տալիս հայ մամուլի և գրի նկատմաբ, ինչպես միշտ զոհի կարգավիճակում դնելով ոչ կուսակցական մամուլը։

Մովսես Քեշիշյան

«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Թեհրան, 4 հուլիսի 2019թ.






Հ.Գ- (Նիդ.օրագիր) Հիշեցնենք, որ հուլիսի 2-4-ը Անթիլիասում, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանում, տեղի ունեցավ հայ մամուլին նվիրված առաջին համաժողովը, նախաձեռնությամբ Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Արամ Ա կաթողիկոսի հռչակմամբ 2019 թվականը «Հայ մամուլի տարվա» շրջանակներում: Թեև  համաժողովն անվանվում է «համահայկական», սակայն  այն իրականում այդպիսին չես բնութագրի, մեծ թվով սփյուռքյան հատկապես անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ` դժգոհ են, որ իրենց այդ մասին տեղյակ չի պահվել` մանավանդ, երբ խոսքը գնում է մասնագիտական հավաքի մասին:
«Պետք է ամեն գնով փրկել սփյուռքի հայ մամուլը»` Այսպես է համաժողովին արտահայտվել  Արամ Ա կաթողիկոսը` լրատվական գործն համարելով առաքելություն, իսկ լրագրողներին` առաքյալներ: Այդ դեպքում նման մասնագիտական համաժողովներ կազմակերպելուց  առաջ մանրազնին պետք է ուսումնասիրել լրատվական քարտեզը, որ բացթողումներ քիչ լինեն, միջոցներն ու  նպատակներն արդարացնեն, որպեսզի, իրոք սփյուռքի հայ մամուլն  իրեն կենսունակ ու կարևոր առաքելություն կատարողի դերում զգա, իսկ նման  միջոցառումները համախմբիչ դեր կատարեն  :

No comments:

Post a Comment