The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 5 June 2019

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱԹԵՆՔՈՒՄ



Հունիսի 4-ին Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնը և Հայկական ժողովրդային շարժումը,Հունաստանում Կիպրոսի հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին 1919 թ․-ի Փարիզի խաղաղության վեհաժողովի 100 ամյակին նվիրված գիտաժողով: Գիտաժողովն սկսվեց Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Հայկ Գասարճյանի ողջույնի խոսքով։
Աթենքի համալսարանից մասնակցում էին Օսմանյան կայսրության պատմության ամբիոնի դոցենտ պրն. Պարասկևաս Քոնորթասը և պատմական գիտությունների թեկնածու պրն. Անդրեաս Անդոնոպուլոսը, Սալոնիկի համալսարանից՝ պատմական գիտությունների թեկնածու պրն. Վլասիս Աղձիդիսը և Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնից` կենտրոնի քարտուղար, գրող պրն․ Հովսեփ Քասեսյանը: Պարոն Քասեսյանն իր ելույթում անդրադարձավ բարձրակարգ մշակույթի կրող քրիստոնյա մեծամասնության վրա Օսմանյան կայսրության թողած ազդեցությանը և այն փաստին, որ ենթակա ժողովուրդները երբեք չդադարեցին ապստամբել Օսմանյան ռեժիմի
դեմ, մինչդեռ եվրոպացիները թուրքերին տարածաշրջանում համարում էին օտար տարր: Պարոն Քոնորթասը ներկայացրեց 19-րդ դարի Թանզիմաթի ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունը բարեփոխելու և գոյատևելու համար առնված քայլերի և Կայսրության ենթակա ժողովրդների և Եվրոպայի վրա այս քայլերի թողած ազդեցությունների մասին:
Պարոն Անդոնոպուլոսը անդրադարձավ Կ.Պոլսի հունական համայնքի և 19-րդ դարում համայնքի ազգային, տնտեսական և մշակութային առաջընթացին: Պարոն Աղձիդիսը նկարագրեց թուրքական ռեժիմի կողմից ենթակա
ժողովուրդների հետ հակամարտության հարցը` նրանց արտաքսմամբ/ոչնչացմամբ «վերջնական լուծում» տալու դրդապատճառների ու մեթոդների մասին: Հունաստանում Կիպրոսի դեսպանատանը կազմակերպված
գիտաժողովին ներկա էին հայ, հույն և կիպրացի համայնքների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, պատմաբաններ, դիվանագետներ: Միջոցառումից բացակա էին ՀՀ դեսպանության ներկայացուցիչները։ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները բացակա էին նաև Հայաստանին և հայությանը առնչվող Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված գիտաժողովից, որը 2018 թ․-ի մարտին կազմակերպվել էր նույն դեսպանատանը, ինչպես նաև բացակա էին հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսի մահվան 100-րդ տարելիցին նվիրված` Հույն գրողների միության կետրոնում կազմակերպված միջոցառումից, որը տեղի ունեցավ 2019 թ․-ի փետվարին։ Հիշեցնենք, որ Կիպրոսի դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպված գիտաժողովը երորրդն էր Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի ծրագրած 100 միջոցառումներից, որոնք իրականացվելու են առաջիկա հինգ տարվա ընթացքում: Բոլոր միջոցառումները նվիրված են լինելու 1919-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակներին, որոնք վճռորոշ ազդեցություն են ունեցել հայ և հույն ժողովուրդների վերջին հարյուր տարվա պատմության վրա: Դրանցից են` Փարիզի խաղաղության վեհաժողովը, Սևրի հաշտության պայմանագիրը, Զմյուռնիայի աղետը, Լոզանի պայմանագիրը և այլն:

«Հայաստան» լրատու, Աթենք, 5 հունիսի 2019 թ․




No comments:

Post a Comment