The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 6 May 2019

Երևանում կայացել է Նիդերլանդների «Slavuj» երգչախմբի և Zwarte zee» քառյակի համերգը

ՄԱՄՈՒԼ


Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ կայացավ Նիդերլանդների «Slavuj» երգչախմբի (խմբավար՝ Իվո Բուսվայկ) և «Zwarte zee» քառյակի բարեգործական համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին, որի մեկնարկը տրվել էր Նիդերլանդներում: Երեկոյի կազմակերպիչը քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանն էր:
Ինչպես ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ փոխանցում է ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐԸ,  միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, նախարարության աշխատակիցներ, արվեստագետներ և այլք:
Երեկոյի ընթացքում հոլանդացի երաժիշտների կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Խաչատուր Ավետիսյան, Վլադիլեն Բալյան և այլք) ստեղծագործություններ։
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը ողջունելով համերգային ծրագրի մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել համերգի նախաձեռնող, նիդերլանդաբնակ քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանին և հոլանդացի երաժիշտներին, որոնք իրենց երաժշտացանկում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ներառելով՝ նպաստում են օտար երկրներում հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը: «Կոմիտասի թողած հարուստ ժառանգությունը նոր էջ է բացել հայ երաժշտության պատմության մեջ՝ աշխարհին ներկայացնելով հայկական հարուստ ու յուրօրինակ մշակույթի ավանդույթներն ազգայինի և համամարդկայինի զուգահեռականներում: Կարծում եմ՝ այսօրվա համերգը դրա վառ ապացույցն էր»,-հավելել է Սփյուռքի փոխնախարար:
Խմբերն առաջին անգամ են այցելում Հայաստան: Երևանյան միջոցառմանը հաջորդելու են նաև համերգներ Հայաստանի մարզերում. ապրիլի 30-ին՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի մշակույթի տան դահլիճում, իսկ մայիսի 3-ին՝ Էջմիածին քաղաքի «Հայ միասնության խաչ» կազմակերպության Մաչանենց տան թատերական դահլիճում:
«Slavuj»երգչախումբը հիմնադրվել է 1987 թվականին և ներկայացնում է  սլավոնական երկրների երաժշտություն։ Արդեն երկու տարի է՝ երգչախմբի հետ համագործակցում է Նիդերլանդներում բնակվող քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը: Համատեղ ջանքերով երգչախումբը հայերեն լեզվով նախաձեռնել է մեծ համերգային ծրագիր, որով հանդես է եկել  Եվրոպայի տարբեր քաղաքներում։
«Zwarte zee» քառյակում ընդգրկված են երաժիշտներ՝ Ռուզաննա Հակոբյանը (քանոն), Յան-Յափ Սպառխառնը (սաքսոֆոն, կլառնետ, շվի), Էրիկ Վոլկռըսը (կոնտրաբաս) և Ռոբ Դամենը (դհոլ):

Քարահունջում հանդիսատեսը լուռ հիանում էր, թե ինչպես են հոլանդացիները հայրերեն երգում

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ իր տեսակով բացառիկ համերգային ծրագիր՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին։
 Գորիսի համայնքապետարանից, Նիդերլանդների «Slavuj»երգչախումբը երգում էր հայերեն։ Ներկաների համար հուզիչ էր տեսնել, թե ինչպես են օտարերկրացիները կատարում մեր ժողովրդական երգերը: Հյուրերը երգում էին ճիշտ շեշտադրությամբ, առոգանությամբ՝ զգալով և հասկանալով մեր երգերի իմաստն ու բովանդակությունը: Սա մեծ իրադարձություն էր Քարահունջի համար, դահլիճը 1,5 ժամ լուռ հիանում էր խմբի հիասքանչ կատարումներով:
Համերգային ծրագիրը նախաձեռնել էր Հոլանդիայում բնակվող մեր հայրենակից, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, ում ջանքերի շնորհիվ միջոցառումը կայացավ Քարահունջում՝ նպաստելով նաև բնակավայրի մշակութային կյանքի ակտիվացմանը: Խմբին հյուրընկալել և կազմակերպչական աշխատանքները իրականցրել է Գորիսի համայնքապետարանը, միջոցառմանն աջակցել են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները:
Հավելենք, որ ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել էր «Slavuj»երգչախմբի երևանյան համերգը:

No comments:

Post a Comment