Страницы

Monday, 6 May 2019

Նիդերլանդահայերին հյուր էր «Գավիթ» թատրոնի կոլեկտիվը


Թատրոնը մեր կյանքի հայելին է, այնտեղ մենք ենք, մեր  կյանքն  է ու  մեր մասին է: Նիդերլանդներում «Անավարտ դատ» ներկայացման պրիմերիան դրա  վառ ապացույցն էր: Մայիսի 5-ին Նիդերլանդական Բիլթովեն քաղաքում թատերական ներկայացման օր էր: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Մոսկվայի  «Գավիթ» թատրոնի հիասքանչ կոլեկտիվի խաղը դիտելու էին եկել տարբեր  բնակավայրերի հայ  համայնքի անդամները` նրանց հետ ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ,
 որն իր  այս հոդվածով կիսվել է մեզ հետ:

ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ

Եթե ոչ դու` ապա ո՞վ, եթե ոչ ես` ապա ո՞վ, եթե ոչ մենք` ապա ո՞վ…




 Մի օր իրենց այս հարց տվեցին մոսկվայաբնակ մեր հայրենակիցներ՝  Համլետ Ղալեչյանը, Հմայակ Հակոբյանը, Արգիշտի Սարգսյանը և իրենց ընկերների հետ միասին ստեղծեցին ՛՛ԳԱՎԻԹ՛՛ թատրոնը` հայրենիքից հեռու, օտար ափերում, որպեսզի ճակատագրի բերումով իրենց պես Հայաստանից հեռացած մեր հայրենակիցներին հիշեցնեն՝ մենք ՀԱՅ ենք, որտեղ էլ որ ապրենք , մենք ունենք դարավոր մշակույթ, և մեր Հայ տղաները փորձում են իրենց խոսքով միաբանել օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, որ մի օր բոլորս տուն ենք վերադառնալու:
Եթե ոչ ես, ապա, ո՞վ, նույն հարցը մի օր իրեն տվեց մեր հայրենակից Աննա Մաշկալյանը, որին ճակատագիրը Փարիզ էր տարել և բնակվելով Փարիզում, հայ մշակույթի միջոցով փորձում էր միաբանել Հայերին և կազմակերպեց, որպեսզի նաև  ԳԱՎԻԹ թատրոնը ելույթ ունենա Եվրոպայում:
Եթե ոչ ես` ապա ո՞վ: Նույն հարցը իրեն տվեց Հոլանդիայի Բիլթովեն քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարինե Քլյանը, որն ակտիվ աշխատում է հայ մշակույթը արթուն պահելու և օտարության մեջ ապրող հային հիշեցնելու, որ մենք ՀԱՅ ենք: Կազմակերպեց, որ  ԳԱՎԻԹ  թատրոնը ելույթ ունենա Հոլանդիայի Բիլթովեն քաղաքում՝   «Անավարտ դատ» ներկայացումով, որը նվիրված է արտագաղթին՝ աշխարհով մեկ սփռված օտարության մեջ բնակվող Հայերին:
Աննա Մաճկալյանը և Կարինե Քլյանն ինձ հրավիրեցին ներկայացումը դիտելու, ես էլ մտածեցի, եթե ոչ ես , ապա ո՞վ:
Փիլոնս հագա, ճանապարհի հացս կապեցի ու գնացի Բիլթովեն քաղաք՝ ներկայացումը դիտելու:
Իհարկե, ոչ բոլորն ունեն կազմակերպչական ջիղը, ինչպես դա անում են Աննա Մաճկալյանը և Կարինե Քլյանը, բայց ներկա գտնվելու համար հատուկ տաղանդ պետք չէ, ուղղակի ցանկություն՝ ներկա գտնվել:  Մի փակվեք տներում` ձեր կենցաղով, կապվեք, շփվեք մարդկանց հետ:
Ի դեպ Աննա Մաճկալյանը և Կարինե Քլյանն այս բոլոր կազմակերչական աշխատանքներն անում են իրենց ուժերով, առանց Հայաստանի մշակույթի նախարարության որևէ օգնության, կամ օժանդակության սպասելու: Ասեմ, որ հրաշալի ներկայացում էր, կատարված պարզ միջոցներով, երեք տաղանդավոր դերասաներով (Համլետ Ղալեչյան, Հմայակ Հակոբյան, Արգիշտի Սարգսյան), որոնց դերասանական խաղը, խոսքը և վարպետությունը պարզապես կլանում է քեզ` ներկայացման առաջին իսկ րոպեներից ու հետո էլ չես ուզում այն վերջանա: Գեղեցիկ խոսք, չափավոր հումոր` ամեն ինչ գտնված էր: Ներկայացման ընթացքում, որը տևեց մեկ և կես ժամ, ես 6-7 անգամ հուզվեցի, 2 անգամ փշաքաղվեցի, ժպտացի և ծիծաղեցի, և հոգուս խորքում մի պահ ջերմ զգացում համակեց ինձ` ի՜նչ լավ է, որ ես էլ եմ ՀԱՅ:
Կրկին անգամ ուզում եմ շնորհակալական խոսք հայտնել Համլետ Ղալեչյանին, Հմայակ Հակոբյանին, Արգիշտի Սարգսյանին, Աննա Մաճկալյանին, Կարինե Քլյանին, հանդիսատեսին և մյուսներին, ովքեր ամբողջական դարձրին  օրը ու կազմակերպեցին համայնքային առօրյայում հազվադեպ թատերական տոնը : Շնորհակալություն ձեզ բոլորիդ` գեղեցիկ օրվա և գեղեցիկ զգացումների համար: Իսկ օտարության մեջ բնակվող մեր հայրենակիցներին կրկին հիշեցնեմ հայտնի այս բանաձևը` եթե ոչ դու, ապա ո՞վ, եթե ոչ ես, ապա ո՞վ, եթե ոչ մենք, ապա ո՞վ...:

(Ներքևի լուսանկարներում  « Անավարտ դատ» ներկայացումից առաջ և հետո):












No comments:

Post a Comment