Հնգամյա կարճ, բայց բովանդակալից ընթացք
Բելգիայում գործող «Անի» հայերի միությունն արդեն 5 տարի իր շուրջն է համախմբել Մեխելենում և նրա շրջակայքում բնակվող հայերին: Օրերս բելգիահայերը մեծ ոգևորությամբ տոնեցին իրենց միության ու իրենց իսկ նախաձեռնությամբ հիմնած ֆուտբոլային համանուն ակումբի 5-ամյա հոբելյանը։ Միջոցառմանը ներկա բազմաթիվ հյուրերի թվում էին` Բելգիայում ՀՀ փոխդեսպան Կարեն Իսրայելյանը, դեսպանի խորհրդական Իրինա Բեգլարյանը, դեսպանի օգնական Սոնա Պետրոսյանը, Բելգիայի տարբեր քաղաքների հայկական միությունների անդամներ:
Մեխելենում «Հայ տան» բացումը |
Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսին էր վերապահված նորաբաց հայկական կենտրոնի կարմիր ժապավենը կտրելու պատիվը, նա դա արեց համայնքի անդամ Էրիկ Ենոքյանի և հոգևոր հովիվ Արմեն Մելքոնյանի հետ ։ 5-ամյա կարճ, բայց բովանդակալից պատմության ընթացքում միությունն իր շուրջն է հավաքել տարբեր զբաղնունքների ու մասնագիտությունների հայ մարդկանց: Նրանց բոլորին համախմբողն ու միավորողը հայկական միջավայրի ապահովվում է, նաև սրտացավությունը` պահպանելու և ամրացնելու հայոց լեզուն: Սա ամենամեծ ուժն է պահպանելու հայ մշակույթը , զարգացնելու ազգային ավանդույթներն ու ամրապնդելու հայկական ոգին:
Էրիկ Ենոքյան |
Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերս |
Կարեն Իսրայելյան |
Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Դավիդյան |
Միջոցառումը բաղկացած էր պաշտոնական և գեղարվեստական մասերից։ Ամենահաս Տեր Արմեն քահանայի օրհնության խոսքից հետո, բացման խոսքով հանդես եկավ միության նախագահ Էրիկ Ենոքյանը, որից հետո մասնակիցներին ողջունեցին քաղաքապետ Բարտ Սոմերսը, փոխդեսպան Կարեն Իսրայելյանը, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Դավիդյանը։ Այնուհետև, միջոցառման գեղարվեստական բաժինն իրենց ելույթներով զարդարեցին Մելինե Հովհաննիսյանը (երգչուհի), Ստեֆանի Մարկոսյանը (երգչուհի), Ալին Դավթյանը(ասմունք), Արմեն Բեկնազարյանին(ջութակահար), Վարդան Հովհաննսիյանը(դուդուկահար), «Գանձակ» և «Շուշանիկ» պարի խմբերը։ Գեղարվեստական մասի հաղորդավարներն էին` Մարիամ Հարությունյանը և Լևոն Զնաբերդցին։ Հայ տան բացման արարողությանը զուգահեռ հրավիրյալները վայելեցին Հայաստանից ժամանած Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» խորագրով ողջ ֆոտոշարքը: Ներկայացված աշխատանքները միավորում էին Հայաստանը, Արցախը, Սփյուռքն ու Ջավախքը:
Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» խորագրով ֆոտոշարքը |
Հայերի հավերժական գոյության գրավականը
Հաստատվելով Եվրոպայում դեռ անհիշելի ժամանակներց՝ հայերը միշտ ակտիվ ներկայութուն են ցուցաբերել և մեծ ներդրում ունեցել եվրոպական երկրների սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային և նույնիսկ հոգևոր կյանքում՝ թողնելով անջնջելի հետք պատմության մեջ:
Տեսարան Մեխելեն քաղաքից |
Ստեղծելով արժեքներ ու կրելով տեղի մշակույթի ազդեցությունները՝ հայերն, այնուամենայնիվ կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, լեզուն, մշակութային արժեքները: Այս գործում իրենց դերն են ունեցել եկեղեցին, դպրոցն ու նրանց շուրջը համախմբված համայնքները: Վերը նշված արժեքների շնորհիվ այսօր գոյատևում է արդի հայ սփյուռքը, որի մի մասն էլ Բելգիայի հայերն են:
Խաչքար Բելգիայի Մեխելեն քաղաքում (2015) |
Մեխելենը՝ իր շրջակայքով, ավելի քան 4000 հայի կեցության վայր է: Նրանք ներկայացված են քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև քաղաքականություն: Ահա այս մարդկանց ազգային և մշակութային կյանքի կազմակերպման հրամայականը պարտադրեց ստեղծել մի կառույց, որ պետք է զբաղվեր ու նպաստեր իրենց իսկ ինքնության կայացմանը, տարատեսակ խնդիրերի լուծմանը՝ նոր սերուդներին հայեցի կրթելու, դաստիարակելու, նրանց պատմական ակունքներին հաղորդակից դարձնելու խնդիրներին:
2014 թվականին ստեղծված Մեխելենի «Անի» հայերի միությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, դրանցից թերևս ամենակարևորներն են՝ ներհամայնքային կյանքի զարգացումը, ազգային խնդիրներին հետամուտ լինելը, հայենիքի հետ կապի պահպանումը: «Անի» հայերի միության կարևորագույն խնդիրներից է նաև հայ համայքի ձայնը լսելի դարձնելը տեղի կառավարման օղակներում, բարձրաձայնել համայնքին հուզող խնդիրները, ներկայացնել առաջարկները, կամուրջ հանդիսանալ ու ինտեգրվել տեղի բնակչությանը, նպաստել հայերի և բելգիացիների ավելի խորը շփմանը և երկու մշակույթների մերձեցմանը: Հայ համայնքը կարևորում է նաև համագործակցությունը այլ քաղաքների ու երկրների հայ համայնքների հետ ունեցած կապերը, ինչպես նաև տեղի այլազգի փոքրամասնություններ հանդիսացող համայքների հետ կապերը:
Համայնքի արդյունավետ աշխատելու ծրագրերի որոնում
2014 թ-ի ապրիլի 27-ին տեղի ունեցած հայ համայնքի ժողովի ժամանակ մասնակիցները ընտրել են վարչություն։ Էրիկ Ենոքյանն ընտրվել էր վարչության նախագահ, Քաթի Հարությունյանը՝ նախագահի տեղակալ, Մարգարիտ Հովհաննիսյանը՝ քարտուղար: Տարիների ընթացքում անդամների թիվը հասավ 14-ի: Այժմ վարչության անդամների թիվը կրճատվել, հասել է յոթի, բայց դա չի նշանակում, որ նվազել է կազմակերպչական աշխատանքների արդյունավետությունը:
Այժմ վարչության կազմում են Էրիկ Ենոքյանը, Լիաննա Մելքոնյանը, Էդիկ Քոթանջյանը, Հռիփսիմե Հարությունյանը, Ալազան Հովհաննիսյանը, Աննա Ղազարյանը և Սաթենիկ Ավետիսյանը: Նաև վարչության կազմից դուրս գտնվող ակտիվ անդամներն են անում իրենց հնարավորության ու կարողության սահմաններում այն ամենը, ինչը նպաստում է միասնությանն ու ամուր համայնքի կայացմանը:
Վարչությունը պարբերաբար գումարում է նիստեր, որոնց ընթացքում մանրամասնորեն քննարկվում են համայնքի ու վարչության գործունեության հետ կապված բոլոր կարևոր հարցերը:
Խաչքարի օծմանը մասնակցած Հայաստանի դեսպանն ու Մեխելենի քաղաքապետը |
Իր ստեղծման օրից՝ այս 5 տարիների ընթացքում, համայնքը իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր. ամենանշանակալին թերևս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումն էր Մեխելեն քաղաքում, որը դարձավ ամենամյա ապրիլի 24-ի անմեղ զոհերի ոգեկոչման ու հիշատակման արարողությունների վայր: Բացումը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 19-ին , որին ներկա էին Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը, այլ պաշտոնական անձիք:
Արցախի նախագահը Մեխելեն քաղաքում (2015) |
Տարբեր տարիներին համայնք են այցելել Արցախի նախագահը, Ցվետանա Պասկալևան, այլ պատվավոր հյուրեր:
Մեխելենում Ցվետանա Պասկալևայի հետ |
Եկեղեցական արարողակարգերն էլ ըստ պատշաճի են, համայնքի շնորհիվ միշտ նշվում են հայ եկեղեցական տաղավար տոները՝ պատարագներ մատուցվում Մեխելենի Սինտ-Ռոմբաուտս հրաշակերտ եկեղեցում:
1999 թվականին ՀՀԴ կառույցի ուժերով ստեղծված, այժմ էլ համազգային միությանը ենթակա Լևոն Շանթի անունը կրող կիրակնօրյա դպրոցը տեղափոխվել և այժմ գործում է 2017-ի հուլիսին մեր կողմից De Oude weverij-ից վարձակալության հիմքով վերցրած հայկական մշակութային օջախում, կամ կենտրոնում, որը կոչել ենք «Հայ տուն» և, որի բացումն արեցինք միության ստեղծման 5-ամյակին: Հենց «Հայ տան» մեջ կազմակերպվել է դաշնամուրի, երեխաների «Շուշանիկ» պարի և «Արմատ» ազգագրական խմբերը:
«Անի» ֆուտբոլի թիմը |
The Warriors Kickboxing club-ի անդամները |
Համայնքի մարզական կյանքը մշտաբորբոք է պահում «Անի» ֆուտբոլի թիմը, որը միշտ բարձր է պահում հայերի պատիվը` ինչպես տեղական, այնպես էլ համահայկական Եվրոպական խաղերի ժամանակ: Ավելանում են սպորտային նոր խմբեր: 2017-թ. սեպտեմբերին ստեղծվեց The Warriors Kickboxing club-ը, որն ինտեսնսիվ պարապմունքներ է անցկացնում Հայ տան Սրահներից մեկում։ Արդեն այս շաբաթ տեղի կունենա մեր ակումբի կողմից կազմակերված Kickboxing Fight Night gala ցուցադրական ելույթը։
Հռիփսիմե Հարությունյան
Հատուկ «Նիդերլանդական օրագրի» համար
Լուսանկարները` AAD.am և «Անի» հայերի միության կայք էջից
No comments:
Post a Comment