«Նիդերլանդական օրագրի» Ամատունիների իշխանական տոհմի մասին նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել Նիկոդիմոս Ամատունու* մասին (Աստղանիշերով բառերի բացատրությունը դիտել ներքևում,-ծանոթ.`Նիդ.Օրագիր): Նրա ծննդյան 160-ամյակը լրանում է այս տարվա մայիսի երեքին:Գրեթե անհնար է ընդգրկել այն դիապազոնը, որտեղ հասցրել է լինել, շփվել ու մտերիմ հարաբերություններ հաստատել Նիկոդիմոս Ամատունին: ՈՒսանողական ու աշխատանքային տարիներին նա հասցնում է ծանոթանալ ու մտերմանալ իր շրջապատի ակնառու գրեթե բոլոր մտավորականներին, պետական ու քաղաքական գործիչներին՝ որոնց թվում բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի, իրավաբան, ակադեմիկոս Անատոլի Կոնիի, գրողներ Մաքսիմ Գորկու, Լև Տոլստոյի, Ի.Ս. Տուրգենևի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ն.Ա. Նեկրասովի, Վ.Գ. Կորոլենկոյի, Վլադիմիր Սոլովյովի,պատմաբան, ճանապարհորդ, ազգագրագետ Պավել Ռովինսկու ու էլի շատերի հետ: Հասարակական, քաղաքական, մշակութային շատ գործիչներ` ինչպիսիք են ակադեմիկոս Վերնադսկին, ռազմական գործիչ Վրանգելը, իշխանուհի Մարիա Տենիշևան, գրող արվեստաբան Օլգա Բազանկուրը և շատերն իրենց հուշերում և օրագրերում բավական դրական կերպով են հիշատակել իրենց ժամանակակցի` Նիկոդիմոս Ամատունու անունը: Առաջիկայում կանդրադառնանք Նիկոդիմոս Ամատունու Հայաստանի հետ ունեցած կապի մասին, իսկ այժմ` Ամատունին, հայտնի նկարիչ Բենուայի (Алекса́ндр Никола́евич Бенуа́) հիշողություններում:
Ի համալրումը Բենուայի** կենսագրության, պակաս արժեքավոր չէ նրա «իմ հիշողությունները» ինքնակենսագրականը: Այն 2 հատորով, ըստ երևույթին առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականին Նյու-Յորքում՝ «Նկարչի կյանքը: Հիշողություններ» (Жизнь художника. Воспоминания) վերնագրով: Արդեն «Իմ հիշողությունները» վերնագրով, ավելի ուշ այն լույս է տեսել Ռուսաստանում: Սա Բենուայի մասին մի ամբողջական ինքնակենսագրական է ՝ սկսած նրա մանկությունից ու պատանեկությունից մինչև մարդ-արվեստագետ ձևավորվելը:
Այս ինքնակենսագրականում մեզ անշուշտ հետաքրքիր է այն պատահական դիպվածը, թե ինչպես է Բենուան հանդիպել և իշխան Նիկոդիմոս Ամատունուց խնդրել ստորագրություն դնել գերմանական Մայնինգենի հանրահայտ թատրոնի կոլեկտիվին նվիրաբերվող հուշաթղթի տակ: Այդ մասին Բենուան պատմում է «Իմ հիշողությունները» գրքի 2-րդ հատորի 19-րդ գլխում ՝ «Գիմնազիան ավարտելը» վերնագրի ներքո:
Դեպքերը վերաբերվում են կոնկրետ 1889 և 1890 թվականներին: Բենուան Ամատունուն հանդիպել է 1890 թվականի մարտին, Պետրոգրադի Ալեքսանդրինյան թատրոնում,
երբ Ռուսաստան 2-րդ անգամ հյուրախաղերի էր եկել այն ժամանակների հանրահայտ գերմանական Մայնինգենյան դրամատիկական թատրոնի խումբը: Այս թատրոնն ստեղծվել է 1831թ. Սակսեն-Մայնինգենի դքսության մայրաքաղաք Մայնինգենում: Թատրոնով, մասնավորապես գեղարվեստական ձևավորմամբ անձամբ զբաղվել է հերցոգ Գեորգ 2-րդը: Գերմանական կայսերության մեջ այս դքսությունը գրեթե պետություն էր՝ պետության մեջ: 19-րդ դարի վերջերին, ծաղկում ապրող թատրոնը կանոնավոր հյուրախաղերի է եղել հարևան Ավստրո-Հունգարիայում, Լեհաստանում, սկանդինավյան երկրներում, Բելգիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում (1885 և 1890թթ) ։ ՈՒներ կայուն խաղացանկ՝ 40-ից ավելի ներկայացումներով: Բեմադրվել են Գ. է. Լեսինգի, Ֆ. Գրիլպարցերի, Մոլիերի, Ջ. Բայրոնի, Գյոթեի, Հ. Իբսենի պիեսները: Հաջողված բեմադրված գործերից են Շեքսպիրի «Հուլիոս Կեսարը», «Համլետը», «Վենետիկի վաճառականը», «Մակբեթը»,
Շիլլերի ստեղծագործություններից ՝ «Օռլեանի կույսը», «Մարի Ստյուարտը», «Ավազակները», «Վալենշտայնի ճամբարը» բեմադրությունները:
Կարճ ժամանակում թատրոնի փառքը համաշխարհային ճանաչում ունեցավ: Այդ ժամանակ 30 տարին լրացած Ամատունին աշխատում էր կառավարությանն առընթեր սենատի քրեական վարչությունում, կոլեգիալ քարտուղար էր, 10-րդ դասի պետական պաշտոնյա և ներկայացվել էր պետական տիտուլյար խորհրդականի կարգավիճակի, իսկ 19-ամյա Բենուան պետք է նոր ավարտեր 1856 թվականին Կարլ Մայի հիմնադրած Պետերբուրգի մասնավոր գիմնազիան և մտներ մեծ կյանք: Հենց կյանք մտնելու և կարիերա կերտելու այս խաչմերուկում Բենուան, իր համար պաշտելի թատրոնում, զգում է Ամատունու աջակցության կարիքը, որն այն ժամանակ շատ կարևոր է թվացել ապագա մեծ նկարիչի ու թատերական գործիչի համար:
Այժմ դառնանք Բենուայի հուշագրությանը և տեսնենք թե ինչ դիպվածով և հանգամանքներում են նրանք միմյանց հանդիպում:
Մինչ 1890 թվականի նրանց հանդիպումը, դեպքերը հետևյալ կերպ են զարգանում:
Բենուան գրում է, որ գիմնազիան իր ընկեր Վալեչկայի*** հետ պետք է ավարտեր դեռ մեկ տարի առաջ՝ 1889թվականին: Դա տեղի չի ունենում, միայն այն պատճառով, որ երկու ընկերներ աչքաթող են անում բուն դասերը: Արվեստնը նրաց այնպիսի ուժով է ձգում և հմայում, որ վերջիններս հայտնվում են արտադպրոցական հետաքրքրասիրությունների կախարդական շրջապտույտում, երբ դասերից բացի բավականին այլ պատվելի նախասիրություններ ու հետաքրքրություններ կան` ինչպես շատերիս հետ է պատահել:
Պետերբուրգյան այն ժամանակվա բուռը մշակութային ստեղծագործական կյանքը ամբողջովին իրեն է կլանում նրանով տարված ու նվիրված երիտասարդներին: Մշակութային կյանքի նկատմամբ այս ծարավը պատճառ է հանդիսանում, որ նրանք անտարբերության մատնեն ուսումնառությունը և աչքաթող անեն դասերը: Չնայած մի քանի դասատուների մոտ ունեցած առաջադիմությանը՝ Բլունբերգ, Մալխին, նրանք այնուամենայնիվ չեն վաստակում քննություններին մասնակցելու և գիմնազիան ավարտելու իրավունքը:
Բենուան գրում է, որ դեռ 1889թ. Զատիկի տոներից շատ առաջ խոսակցություն էր գնացել, որ իրենց երկուսին չեն թողնելու մասնակցեն ավարտական քննություններին, այդ պատճառով նա այնքան էլ չի զարմացել, երբ մարտի 25-ին դաշնամուրով նվագելիս է եղել, գիմնազիայի հիմնադիր-տնօրեն Կարլ Իվանի Մայը անսպասելի դեմ հանդիման է դուրս եկել վարժարան եկած Բենուայի մորը և «նրբանկատորեն» ակնարկել.
-Այսօր Ավետման օր է, բայց ես Ձեզ մոտ՝ Քամիլա Ալբերտովնա, Բարի լուրով չեմ եկել: Ձեր որդին` ծայրահեղ ափսոսանքով եմ հայտնում, չի կարող քննություններ հանձնել այս տարի, նա չափից դուրս է բաց թողել դասերը:
Որոշ ժամանակ անց, այս լուրը գրեթե նույն բառերով, բայց գերմաներենով (Նուվելի մայրը գերմանուհի էր) Կարլ Մայը հայտնում է Բենուայի ընկերոջ ՝ Նուվելի մայրիկին:
Բենուան գրում է, որ լուրը շատ տխրեցնում է ծնողներին, հատկապես հորը, որը մտածում էր, որ «տղային լրիվ աչքաթող է արել»:
«Ընդհակառակը, ես ու Վալեչկան այս «ոչ» բարի լուրը գրեթե ցնցությամբ ընդունեցինք, -իր հուշերում գրում է Բենուան, որովհետև մեր առջև բացվում էր գարունը, զերծ այդ ժամանակվան հատուկ քննական դժվարություններից, նաև աչքից հեռու էին լինելու ատելի գրքերն ու տետրերը»:
Այսպիսով 1889թվականին Բենուան մնում է գիմնազիայի նույն՝ ավարտական դասարանում: Առջևում 1990 թվականն էր:
2-րդ անգամ 8-րդ դասարանում նստելը՝ մասամբ հեշտացնում է քննական դժվարություններին դիմակայելը և գիմնազիան ի վերջո ավարտելը: Այնուամենայնիվ, գարնանային ավարտական քննություններից առաջ, Բենուան ընկերների հետ նոր փորձությունների է ենթարկվում: Սերը դեպի թատերական արվեստը, ինչպես ինքն է նշում «թաթերամանիան» նոր ուժով է դրսևորվում:
Մեծ պահքի օրերին, 5-ամյա ընդմիջումից հետո, կրկին Պետրոգրադ հյուրախաղերի է գալիս գերմանական հանրահայտ թագավորական մայնինգենյան թատրոնը: Առաջին հյուրախաղերից հետո մնացած վառ տպավորությունները նորովի շունչ ու կերպարանք են ստանում մայնինգենցիների հետ 2-րդ հանդիպման ընթացքում: Բենուայի հոգեկան աշխարհում անակնկալ ու անասելի փոփոխություններ են տեղի ունենում: Այն, որ անխտիր բոլոր ներկայացումներին նա ներկա էր՝ բավարար չէր, փորձում էր կապ հաստատել թատրոնի արտիստների հետ, մեծ ցանկություն ուներ ընդունվել թատերախումբ: Իր ընկեր Նուվելի միջոցով ծանոթացել էր բոլոր գլխավոր դերակատարներին, անգամ սիրահարվել էր թատերախմբի ամենաերիտասարդ աղջկան՝ Կլարա Մարկվարտին, ում ընդամենը մի անգամ օգնել էր նստել կառք: Ներկայացումներից հետո հաճախ են Մալոյե Սադավոյե փողոցի փոքրիկ ռեստորանում ճաշել հյուրախաղերի եկած արտիստների հետ: Ճաշկերույթներից մեկի ժամանակ էլ Բենուան թատերախումբ ընդունվելու իր առաջարկն է արել Հուլիոս Կեսարի դերակատարին՝ Պաուլ Ռիխարդին, անգամ բեմադրություններից արտասանություններ արել նրա համար: Այդ օրը Բենուան իրեն արտիստական տեսք տալու համար հրաժեշտ է տվել իր սիրելի բեղ ու մորուքին: Ռիխարդն իր պարտքն է համարել, ինչպես Բենուան է գրել . «արթնացնել իրեն»: Մերժել է առաջարկը՝ Բենուայի գերմաներենի ոչ ճիշտ առոգանության, թատերախմբի դրսում շատ հյուրախաղեր ունենալու, քիչ վարձատրվելու և այլ դժվարությունների պատճառաբանություններով:
Այս մտքի հետ Բենուան համակերպվում է, սրանից Մայնինգենյան թատրոնի հանդեպ նրա սերը բնավ չի նվազում : Երկրպագության վերջնական դրսևորումը այն է լինում, որ թատերախմբին հրաժեշտ տալուց առաջ նրանց է մատուցում թղթին՝ հին գերմանական ոճով գեղեցիկ ձևավորված թատրոնի հասցեն: Բենուան այն զարդարել էր իր նկարներով , նաև ավելացրել էր գերմանական ամենհայտնի արձակ ստեղծագործություններից 20 տող: Մնում էր այն լրացնել մաղթանքներով ու մեծարգո մարդկանց ստորագրություններով, և հանձնել թատրոնի խմբին: «Սա թեև տղայական, բայց սրտառուչ քայլ էր,- գրում է Բենուան և ավելացնում, երբ ես, Նուվելը և Ֆիլոսոֆովը# զետեղեցինք մեր խոշորատառ ստորագրությունները, դժվարությունների հանդիպեցինք այլ ստորագրություններ հավաքելու հարցում»:
Վիճակն ավելի է ծանրանում, երբ հիշյալ ներկայացմանը մասնակից Բենուայի քեռին՝ Միշա Կավոսը, կտրուկ հրաժարվում է նկարի տակ իր մակագրությունը թողնելուց, թեև այս թատրոնի երկրպագուն էր:
Մյուս բարեկամը՝ Սերյոժա Զարուդնին, թեև ստորագրել է, բայց դա արել է մեծ դժվարությամբ, Բենուայի նախաձեռնությունը քննադատելուց և նրան մի լավ ծաղրելուց հետո:
Այս իրավիճակում մեծ նվեր էր Բենուային և նրա ընկերներին՝ ներկայացմանը Նիկոդիմոս Ամատունուն տեսնելն ու նրա ստորագրությունը «ձեռքը գցելը»:
«Դրա փոխարեն մեզ հաջողվեց կեռկապել մի տիտղոսակրի,-անթաքույց հպարտությամբ իր հուշերում գրում է Բենուան,- հենց իրեն՝ իշխան Ամատունուն, որն իմ մտերիմ Միտյա Պիպինի## մտերիմն է: Մայնինգենցիների վերջին ներկայացմանը Ամատունին պատահական էր եկել, լինելով սիրալիր մարդ նա չհակառակվեց մեր խնդրանքին»,-Ամատունու մասին իր այս տեղեկությունը եզրափակում է Բենուան , անմիջապես ափսոսանք ու մտավախություն արտահայտելով, որ իրենց ջանքերը կարող են ապարդյուն լինել. «Հազիվ թե իրենք ՝ Մայնինգենցիներն անհրաժեշ ուշադրութուն դարձնեին մեր այս նվիրաբերությանը. նույնիսկ հնարավոր է Լինկին հանձնված մեր մագաղաթյա թուղթը հայտնված լիներ թղթերի համար նախատեսված զամբյուղում»:
Պաուլ Լինկը, թատրոնի կոմիկ դերասաններից էր, ում նկատմամբ այնքան էլ համակրանք ու վստահություն չուներ Բենուան:
Բենուայի տողերը, որ « Ամատունուն պատահական է տեսնում թատրոնում»՝ Մանինգենցիների վերջին ներկայացմանը: Սա չպետք է ուղիղ իմաստով հասկանալ: Պատահականությունը՝ պատահականություն, բայց հայտնի է, որ Ամատունին լինելով հարուստ աշխարհայացքի ու մտահորիզոնի տեր մարդ մշտապես կապված էր թատրոնին, անձամբ նրա ազգականները (hայտնի թատերական գործիչ Նապոլեոն Ամատունին նրա աներն էր) մեծ ավանդ ու ներդրում են ունեցել Թիֆլիսի հայկական թատրոնի կյանքում: Թիֆլիսում սովորած տարիներին Նիկոդիմոսը անձնական մտերիմ հարաբերությունների մեջ է եղել հայ մեծ դերասան , բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ Պետրոս Ադամյանի հետ: Ռուսաստանում եղած տարիներին էլ աննախադեպ են Ամատունու արվեստի նկատմամբ դրսևորած նախասիրությունները: Այնպես որ, հաստատապես է, որ պատահականությունը վերաբերում է ընդամենը Մայնինգենյան թատրոնի հյուրախաղերի վերջին օրվա ներկայացմանը Ամատունու այնտեղ լինելուն, երբ Բենուան տեսնում է նրան և իր համար այդքան անհրաժեշտ ստորագրությունն է նրանից խնդրում:
Որպես ապացույց, հաջորդ նախադասությունը հուշում է, որ նրանք հնարավոր է վաղուցվա ծանոթներ լինեն: Ինչպես ինքը՝ Բենուան , Ամատունին ևս ռուս հայտնի ակադեմիկոս, ազգագրագետ, գրականագետ Ալեքսանդր Պիպինի մտերիմն ու բարեկամն էր՝ ընդ որում վաղուցվա, ինչն էլ հիշատակում է Բենուան:
Պետրոգրադի Ալեքսանդրինյան թատրոնի շենքը: Ենթադրվում է լուսանկարն արվել է 1890-1905թթ հատվածում: |
Այսպիսով հստակ է, որ Պետրոգրադի Ալեքսանդրինյան թատրոնում Բենուայի համար է այս հանդիպումը անակնկալ եղել, բայց ոչ բոլորովին պատահական ՝ Ամատունու հանդիպումը թատրոնի հետ:
Ամատունու ստորագրությունն ունենալուց հետո, մեծ նկարիչը նույնիսկ ափսոսանք է հայտնել՝ հնարավոր այն տարբերակի համար, որ կարող էր իրենց նվիրաբերած հուշաթուղթը չարժանանար թատրոնի կոլեկտիվի ուշադրությանը :
Բացի այդ, Բենուա արվեստագետի հիշողությունների ինքնակենսագրական գիրքը լույս է տեսել բավական ուշ՝ 1955 թվականին Նյու-Յորքում, եթե այն ավելի վաղ էլ գրված լիներ,
Ամատունու հետ կապված այս դրվագը ամուր է մնացել, չի ջնջվել մեծ նկարիչի հիշողությունից, որն էլ առիթ է ենթադրելու, որ վերջիններս միմյանց ճանաչել ու շփվել են հետագայում ևս: Բենուան, ինչպես նաև նրա ընկեր Վալտեր Նուվելը, նաև Ամատունին մահացել են Փարիզում: Նույնիսկ վերջին երկուսը թաղված են Փարիզին մոտ Ժենևև Դե Բուա քաղաքի համանուն գերեզմանատանը:
Չի բացառվում, որ կենդանության օրոք նրանք Փարիզում հաճախ հանդիպած լինեն, կիսված լինեն իրենց հիշողություններով:
Վահան Ամատունի
Լրագրող
____________________________
____________________________
*- Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ռուս.՝ Аматуни Никодим Исаевич, մայիսի 3, 1859, Օշական, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1946, Փարիզ, Ֆրանսիա) Իշխան, պետական, քաղաքական, հասարակական գործիչ,
Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), Ռուսական կայսրության 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է Ռուսասկան կայսրության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության պատասխանատու պաշտոններ, եղել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:1920 թվականին Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության (1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը (1935), եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:
Գործուն մասնակցություն է ունեցել ցարական Ռուսաստանի քաղաքականության մեջ հայկական խնդիրների ուշադրություն սևեռելուն (մասնավորապես`հայրենի գյուղում 1914թ. հայկական դպրոցի հիմնում, թուրքերի դեմ պատերազմում հայկական հողերի վերագրավում: Ցավոք հոկտեմբերյան հեղափոխության ու բոլշևիզմի իշխանության գալուց հետո, բազմաթիվ ծրագրեր անկատար մնացին):
Սերվում է Ամատունիների ազնվական տոհմից, նրա տոհմակիցների իշխանական տիտղոսը ևս մեկ անգամ վերահաստատվել է 1784 թՎականին Վրաց Հերակլ II թագավորի հրովարտակով, ապա 1826 թվականին Ռուսաստանի Նիկոլայ I ցարի հրամանով։
**-Ալեքսանդր Նիկոլաեւիչ Բենուա, ծնվել է 1870 թվականի ապրիլի 21-ին՝ (3-ը մայիսի) Սանկտ Պետերբուրգում, ճարտարապետության պրոֆեսոր Նիկոլայ Լեոնտևիչի ընտանիքում, մահացել է՝ 1960 թ. Փետրվարի 9-ին, Փարիզում: ռուս գեղանկարիչ, պատմաբան-արվեստագետ, թատերական քննադատ, ռուս և արտասահմանցի արվեստագետների ստեղծագործությունները լուսաբանող բազմաթիվ գրական աշխատությունների հեղինակ,
Մոսկվայի և Պետերբուրգի, ինչպես նաև Եվրոպայի և Ամերիկայի շատ քաղաքների թատրոնների փայլուն բեմանկարիչն ու դեկորատորը: «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորման ու նույնանուն հանդեսի հիմնադիրն ու գլխավոր գաղափարախոսն է:
Որոշ ժամանակ ուսանել է գեղարվեստի ակադեմիայում:
Գիմնազիան ավարտելուց հետո (1885-90թթ) սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1890-1894):
1896թ. ընկերների հետ եղել է Փարիզում, ստեղծել հայտնի «Վերսալյան շարքի» նկարները:
Եղել է Պետերբուրգի ռուսական թանգարանի առաջատար մասնագետ: 1918-ին Բենուան գլխավորել է Էրմիտաժի արվեստի պատկերասրահը, հրատարակել է պատկերասրահի նոր տեղեկատուն:
1916-1917թթ. Նա նկարազարդել է Պուշկինի «Պղնձե հեծյալը» պոեմը,
միառժամանակ աշխատելով որպես գրքի եւ թատրոնի նկարիչ եւ ռեժիսոր, աշխատել է Պետրոգրադի Մեծ դրամատիկական թատրոնի ձևավորող և բեմադրիչ: 1925 թվականին մասնակցել է ժամանակակակից արդյունաբերական դեկորատիվ արվեստի Փարիզի միջազգային ցուցահանդեսին: 1926թ արտագաղթել է Ֆրանսիա: Աշխատանքի է անցել Փարիզում, որպես բեմադրող նկարիչ:
20-րդ դարի ռուսական մշակույթի պատմության մեջ մեծ ներդրում ունեցած, կերպարվեստի յուրօրինակ վարպետ-գեղանկարիչը, որը նաև թատրոնի և կինոյի ակտիվ գործիչ էր, Եվրոպայի և Ամերիկայի շատ քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսների ակտիվ կազմակերպիչը ՝ նաև գեղարվեստի արժեքի բացառիկ քարոզիչն էր:
Հայտնի նկարիչ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուայի 1899-1902թթ գրած «XIX դարի ռուսական գեղանկարչության պատմություն» աշխատությունը դարձավ ոչ միայն 19-րդ դարի ռուսական գեղանկարչության զարգացման համապարփակ ամփոփագիրը, այլև ռուսական արվեստի մշակույթի արծաթյա դարաշրջանի հիանալի հուշակոթողը: Բենուան արվեստի այն գիտակներից է, որի հետ արժեր հաշվի նստել:
Բենուայի արվեստի վարպետներին տրված եզակի ու անկրկնելի, վառ բնութագրումները, սուր զգացողության ընկալումն ու այլոց
«գեղեցկության գաղտնիքը» փոխանցելը՝ Ա.Ն.Բենուայի աշխատանքին տալիս է կենդանի հատուկ հետաքրքրություն: Նրա այս արժեքավոր գիրքը հրատարակվել է 1902 թվականին, այնուհետև այն մի քանի անգամ վերահրատարակվել է:
Նրա հետաքրքիր գործերից են 1904թ. Պետերբուրգում լույս է տեսած «Այբուբենը նկարներում» և «Ռուսական գեղանկարչության դպրոցը» և այլ արժեքավոր գրքերը, որոնք ևս վերահրատարակվել են ռուսերեն:
Ի համալրումը Բենուայի կենսագրության, պակաս արժեքավոր չէ նրա «իմ հիշողությունները» ինքնակենսագրականը: Այն 2 հատորով, ըստ երևույթին առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականին Նյու-Յորքում՝ «Նկարչի կյանքը: Հիշողություններ» (Жизнь художника. Воспоминания) վերնագրով: Արդեն «Իմ հիշողությունները» վերնագրով, այն լույս է տեսել Ռուսաստանում: Սա Բենուայի մասին մի ամբողջական ինքնակենսագրական է ՝ սկսած նրա մանկությունից ու պատանեկությունից մինչև նրա իսկական մարդ-արվեստագետ ձևավորվելը:
***- Վալեչկա, Վալտեր Նուվել (1871—1949) «Արվեստի աշխարհ» ասոսացիայի համահիմնադիրներից, համանուն ամսագրի երաժշտական բաժնի խմբագիր, երաժշտական
երեկոների կազմակերպիչ: Ծառայել է միապետական պալատի նախարարական գրասենյակում, որպես հատուկ հանձնարարությունների պաշտոնյա: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆրանսիա: Ինչպես Ամատունին, Թաղված է Փարիզի մերձակա Սենտ Ժենևև Դե Բուա քաղաքի համանուն գերեզմանատանը):
# - Դմիտրի Ֆիլասոֆով: Ռուս գրող, արվեստաբան, գրականագետ, կրոնական, հասարակական և քաղաքական գործիչ: Ծնվել է 1872թ. մարտի 26-ին (ապրիլի 7) Սանկտ Պետերբուրգում: Մահացել է 1940 թվականի օգոստոսի 4-ին Օտվոցկում (Օտվոդսկ), Լեհաստան: Ֆիլասոֆոֆները սերում են հին ազնվական տոհմից: Հայրը՝ Վ.Դ. Ֆիլոսոֆովը (1820—1894) եղել է ռուսական բանակի բարեփոխումներ իրականացրած զինվորական նախարար Դ.Ա. Միլյուտինի ամենամոտ օգնականը: 1861-1881թթ. գլխավոր ռազմական դատախազ և ռազմական դատական դեպարտամենտի ղեկավար, 1881 թվականից` Պետրոգրադի Պետական խորհրդի անդամ:Մայրը` Աննա Պավլովա Ֆիլասոֆովան (Դյագիլևա) գրականագետ, Ռուսաստանի կանանց շարժման հայտնի գործիչ, կանանց բարձրագույն ուսումնական հաստատությունների հիմնադիրներից մեկը:
Դմիտրի Ֆիլոսոֆովը ավարտել է Կ.Մայի մասնավոր գիմնազիան 1890 թվականին: Արվեստի նկատմամբ հետաքրքրությունը և ինքնակրթության ցանկությունը նրան մոտեցրեցին Ա.Ն. Բենուային, Կ.Ա. Սոմովին, Վ.Ֆ. Նուվելին, ովքեր մտերիմ ընկերներ էին: 1895-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ավարտից հետո
վերապատրաստվել է Հեյդելբերգի համալսարանում:Այնուհետեւ ծառայել է Պետական խորհրդի կարգավորման (կոդիֆիկացիոն) բաժնում, 1898 թ.-ից `Սանկտ Պետերբուրգի կայսերական հանրային գրադարանում (այժմ Ռուսաստանի ազգային գրադարան) 1897 թվականից նա սկսեց զբաղվել ժուռնալիստական գործունեությամբ, տպագրվել է «Հյուսիսային տեղեկագիր («Северный вестник»), «Կրթություն», («Образование»), «Աշխատանքային օգնություն», («Трудовая помощь»), «Արդարադատության նախարարության հանդես», («Журнале Министерства юстиции») ամսագրերում: Ֆիլասոֆովը «Արվեստի աշխարհ» ամսագրի (1898—1904), .գեղարվեստական բաժի խմբագիրն էր , ավելի ուշ զբաղեցրել է գրական քննադատություն բաժնի ղեկավարի պաշտոնը: «Նոր ուղի» («Новый путь», 1903—1904) ամսագրի համահիմնադիրներից է, եղել է վերջին տարվա խմբագիրը: !906-08թթ. ապրել է Փարիզում: Վերադարձել և կրկին աշխատակցել է մամուլին, խմբագրել ու հիմնել հանդեսներ, միաժամանակ Պետերբուրգի Կրոնական-փիլիսոփայական ընկերությունում վարել է մի շարք պաշտոններ , եղել է քարտուղար (1908), այնուհետև նախագահ(1909—1917) : Բոլշևիկների իշխանության գալուց հետո 1918—1919 թվականներին Դ. Վ. Ֆիլասոֆովը աշխատել է հանրային գրադարանում:1919թվականի դեկտեմբերին իր մի քանի ընկերների հետ կարմիր բանակի զորամասեր գործուղման քողի տակ արտագաղթել է Լեհաստան, պայքարել բոլշևիզմի դեմ: Ակտիվ գործունեություն է ծավալել մինչև 1936 թվականը, մահացել է 1940թվականին: Նա թաղվել է Վարշավայում գտնվող Ուղղափառ գերեզմանոցում:
##- Ալեքսանդր Նիկոլայի Պիպին. ծնվել է 1833թվ. մարտի 25-ին (ապրիլի 6) Ռուսաստանի կայսերության Սարատով քաղաքում: Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսն էր (1898) , 1904թ ԳԱ փոխնախագահը, ռուս ազգագրագետ, գրականագետ, իսկական պետական խորհրդական: Մայրական շառավիղով (Պիպինի մորաքրոջ տղան) եղել է ռուս փիլիսոփա, ուտոպիական սոցիալիզմի տեսաբան , գրող, քննադատ, հրապարակախոս Նիկոլայ Չերնիշևսկու (1828- 1889) զարմիկը:
1849 թ. Կազանի համալսարանից տեղափոխվում է Սանկ Պետերբուրգի համալսարան և 1853 թվ. ավարտում է այն:1857 թվականին գիտական թեզը պաշտպանելուց հետո 1860 թվականից Սանկտ Պետերբուրգի համալսարանի Պատմության եւ բանասիրական ֆակուլտետի գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր:
1891 թ. ընտրվել է ռուսաց լեզվի և գրականության բաժնի թղթակից- անդամ, իսկ 1898 թ., Գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ:
Բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի հետ խմբագրել է ԳԱ «Известия» ОРЯС ամսագիրը, համագործակցել, այնուհետև խմբագրել է «Современник» ամսագրին, նաև այլ թերթերի ու հանդեսների:
Մահացել է 1904 թ. Նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում : Թաղվել է Նովոդեվիչի գերեզմանատանը :
Ծանոթությունները` Hay Azian-ի
Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝ «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:
Ամատունիների իշխանական տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները
Ամատունիների շառավիղները
Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)
Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում
Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ
Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին
Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին
Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից
Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին
Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.
ԺԱՄ (ռուս.)
No comments:
Post a Comment