The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 7 March 2019

ՆԱՏԱԼՅԱ ՕՐԵՅՐՈՆ ՓՈԽԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՅԱՆՔԸ




Գաղտնիք չէ, որ այսօր մեր երկրում առողջական և ֆիզիկական խնդիրներ ունեցող երիտասարդները ստիպված են մեծ հոգեբանական և կենցաղային դժվարությունների միջով անցնել՝ ունենալով սոցիալիզացման հսկայական խնդիրներ, որոնք, ցավոք, արհեստականորեն ստեղծվում են հենց մեր՝հասարակության կողմից։
Ներկայումս Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները՝ ազատ տեղաշարժվելու, բարձրակարգ կրթություն ստանալու, հետագայում՝ համապատասխան աշխատանքի անցնելու, հասակակիցներից չտարանջատվելու, հասարակական կյանքի անբաժան և ակտիվ մասը կազմելու համար: Եթե, օրինակ, արտրեկրում խանութներում կամ ցանկացած տիպի սպասարկում մատուցող ոլորտում ամեն օր հանդիպում ես հաշմանդամություն ունեցող աշխատակիցների, իսկ հասարակության համար դա բնական է և նորմալ, ապա հայաստանյան իրականությունը դեռ մի փոքր այլ է. ֆիզիկական խնդիրներով երիտասարդները շարունակում են ունենալ սոցիալիզացման, շրջապատի անհանդուրժողականության և ինքնիրացման խնդիրներ։


Երկար տաիրներ ապրելով Եվրոպայում՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի և լրագրող, եկել եմ այն եզրահանգման, որ վերոնշյալ խնդրի լուծման հիմքն անհրաժեշտ է դնել հենց դպրոցական տարիքից: Մենք գրեթե ոչինչ չգիտենք այն մարդկանց մասին, ովքեր ստիպված են պայքարել առողջ լինելու, մեկ քայլ ավել ինքնուրույն դնելու, մեկ բառ ավել արտասանելու, արևի լույսը տեսնելու կամ հարազատի խոսքը լսելու ու հասկանալու համար։ Եթե դպրոցից հիմք դրվի մեր երեխաների իրազեկությանը, խրախուսվի և համապատասխան պայմաններ ստեծվեն առողջ և հաշմանդամ երեխաների շփման համար, ապա էլ երբեք չենք ունենա նման իրավիճակ, երբ հարևանդ կարող է պատահաբար և, հուսամ, չմտածված իր խոսքում «երեսովդ տալ» (մատնացույց անել) առողջական խնդիրդ կամ տհաճ հարցեր ուղղել, օրինակ, խուլ կամ կույր երեխայի մորը։
Իմ հերոսը՝ 32-ամյա Արման Գրիգորյանը, բոլորից լավ գիտի վերոնշյալ խնդրի իրական նշանակությունը. նա մանկուց 1-ին կարգի հաշմանդամ է, ունի տեղաշարժման խնդիր, օգտագործում է ձեռնափայտեր։ Արմանի պատմությունը հետաքրքիր է. նա կարողացել է չընկճվել, շարժվել առաջ՝ գտնելով մեկին, ում օրինակով կոգեշնչվի, կամքի ուժ ձեռք կբերի և իր կյանքը նոր գույներով ու երազանքներով կլցնի։ Երիտասարդի համար այդ մեկը դարձավ ծագումով Ուրուգվայից հանրահայտ արգենտինական երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն, ով, լինելով հասարակ և անապահով ընտանիքից, Մոնտեվիդեոյից եկավ Բուենոս-Այրես և, հաղթահարելով բազմաթիվ ու բազմազան փորձություններ ու դժվարություններ, իրականացրեց իր երազանքը, դառնալով պրոֆեսիոնալ երգչուհի, դերասանուհի, և ձեռք բերեց համաշխարհային ճանաչում:
Արմանի պարագայում «Նատալյա Օրեյրո» ֆենոմենն առավել ուշագրավ է, քանի որ նրա շնորհիվ երիտասարդին հաջողվել է հաղթահարել հոգեբանական և անձնական մի շարք խնդիրներ և դժվարություններ, ուսման հանդեպ մեծ հետաքրքրություն է ձեռք բերել։ Նրա հետ զրույցում փորձեցի պարզել Օրեյրոյի ֆենոմենը. այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի մարդ կարողանում է գերել ու հմայել տարբեր տարիքի, սեռի, տարբեր մասնագիտություններ, նախասիրություններ, ազգություններ ունեցող միլլիոնավոր մարդկանց։
- Արմա՛ն, ե՞րբ սկսեցիր հետաքրքրվել Նատալյա Օրեյրոյով։ Ի՞նչը քեզ այդքան գերեց նրա մեջ։
- Արդեն քանի տարի է անցել այն օրվանից, երբ Նատալյան «Վայրի հրեշտակը» և «Հարուստներն ու հռչակավորները» հեռուստասերիալներով մեր էկրաններին հայտնվեց։ Հիշում եմ, թե ինչպես էի ամեն օր սպասում «Վայրի հրեշտակի» յուրաքանչյուր ցուցադրմանը. նույնիսկ ձայնագրում էի վիդեո-կրիչների վրա, երեկոյան ևս մեկ անգամ նայում։ Կարծում եմ՝ նախ ինձ շատ գերեց հեռուստասերիալի պռոմոն (բացման տեսահոլովակ), որում օգտագործվել էր հենց Նատալյայի «Cambio Dolor» երգի տեսահոլովակը։ Ինձ, ինչպես շատերին, գերեց իր անթերի գեղեցկությունը, ձայնային տեմբրը, բազմազան և բազմաժանր երգերը, իր մարմնավորած կերպարները ֆիլմերում և սերիալներում, նրա տաղանդն ու պրոֆեսիոնալալիզմը: Ես ոչ մի արտիստի մեջ դեռ չեմ տեսել այն բարին, դրականը, որ տեսնում ու զգում եմ հենց Օրեյրոյի մեջ. նա յուրահատուկ անձնավորություն է իրականում՝ բարի, հոգատար, աստղային հիվանդություն երբեք չի ունեցել, չափազանց հասարակ է և բանիմաց։ Իր անկեղծ ժպիտը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունն ինձ ոգեշնչեցին նոր հաղթանակների, հասկացա, որ կյանքը մեկն է բոլորի համար, որ ես ունեմ մեծ հնարավորություններ կատարալագործվելու, կարող եմ երազել ու աշխատել իմ երազանքներն իրական դարձնելու ուղղույամբ։ Հասկացա, որ ոչինչ անհնար չէ. քրտնաջան աշխատանք ու անկոտրուն ձգտում է պետք միայն։ Օրեյրոն հեռվից հեռու ինձ սովորեցրեց, որ այս կյանքում մարդուն ոչինչ հենց էնպես չի տրվում. մեկը հեշտությամբ է կանգնում իր ուղու վրա, մյուսին առավել մեծ ջանքեր են պետք այդ ճանապարհին հասնեու համար։
- Դու ունես ֆիզիկական խնդիրներ՝ հաշմանդամություն։ Ցավոք, առողջական խնդիրների հետ բախված երիտասարդներին հայ իրականության մեջ փոքր-ինչ դժվար է սոցիալիզացվել։ Ի՞նչ անձնական հաղթանակներ ես ունեցել՝ հետևելով նրա օրինակին։
- Ես չեմ կարող, ավելի ճիշտ, չեմ ուզում բարձրաձայնել և պատմել իմ դժվարությունների մասին՝ ֆիզիկական վիճակիս հետ կապված, քանի որ հիմա շատ ուժեղ մարդ եմ հոգեպես, ու երբեք չեմ փորձում մարդկանց մոտ խղճահարություն առաջացնել։ Կասեմ միայն, որ Նատալյան յուրահատուկ ու հարազատ մի մարդ է իմ կյանքում, ով դարձավ իմ լուսավոր կետը, կյանքիս իմաստը, ումով ապրել եմ, հետևել և հիացել իր աստղային կյանքով ու առօրյայով։ Ինքն է եղել իմ «մոտիվատորը»՝ շարժիչ ուժը, իրենով եմ կյանքս գունավորել ու հետաքրքրացրել, ապրել յուրահատուկ զգացողություններ, անձնական հաղթանակներ։ Օրեյրոյի նպատակասլացությանը հետևելով՝ հասկացա, որ ուզում եմ ու կարող եմ նոր լեզու ուսումնասիրել. սովորեցի իսպաներեն շատ կարճ ժամանակահատվածում։ Գրանցվել եմ «Couchsurfing» կայքում և հաճախ հյուրընկալում եմ իմ տանը Հայաստան ժամանող իսպանախոս զբոսաշրջիկների, ընկերներ եմ ձեռք բերում ամբողջ աշխարհով, կատարելագործում եմ խոսակցական իսպաներենս։
- Նատալյան՝ ի տարբերություն իր հասակակից արտիստների՝ տարիներ շարունակ մնում է ճանաչված և պահանջված, լցնում բազմաթիվ դահլիճներ Արգենտինայում, Ուրուգվայում, Եվրոական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, այս տարվանից՝ արդեն Հայաստանում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շարունակում է ակտիվ նկարահանվել ֆիլմերում, սերիալներում, գովազդային հոլովակներում. մեկ կտեսնես՝ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կնքամայրն է ճանաչվել, մեկ էլ տեսնում ես դարձել է Յունեսկոյի «Բարի կամքի դեսպան»։ Ի՞նչ ես կարծում՝ ինչու՞մն է նրա հաջողության գաղտնիքը։ Ինչու՞ իր հասակակից ոչ պակաս տաղանդավոր երգիչներն ու դերասանները պահանջվածության և աշխատանքային մեծ խնդրի առաջ են կանգնած, իսկ Օրեյրոյի վրա ժամանակը, կարծես, ոչ մի բացասական հետք չի թողել. շարունակում է մնալ գեղեցիկ և հաջողակ։
- Կարծում եմ, նա իրականում ծնվել է հաջողակ աստղի տակ և ունի բոլոր նախապայմանները հաջողակ լինելու համար. տաղանդավոր է, աշխատասեր, բարի, գեղեցիկ, կրեատիվ և եռանդուն։ Նա այսօր հետաքրքիր է ոչ միայն արգենտինական և ռուսական կինոարտադրողների համար, այլ նաև՝ հոլիվուդյան։ Հոլիվուդյան Paramount Pictures և արգենտինական Telefe կինոարտադրող ընկերությունների համագործակցությամբ նկարահանվել և Արգենտինայում, Ուրուգվայում արդեն ցուցադրվել է նրա «Re Loca» (Խելագարը) ֆիլմը, որտեղ Նատալյան գլխավոր դերում է։ Մարտին կցուցադրվի Թայվանում։ Օրեյրոն օրինակ է իր երկրպագուների համար. նա հետևում է առողջ սննդակարգին, ինչով էլ, կարծում եմ, պայմանավորված է նրա «թարմ»և երիտասարդ արտաքին տեսքը:
- Դու այն միլլիոնավոր երկրպագուների շարքում ես, ով անդավաճան է մնացել իր սիրուն՝ շարունակելով ուշի-ուշով հետևել սիրված երգչուհու, դերասանուհու գործունեությանը։ Նոր երգերից, վերջին նախագծերից, ֆիլմերից, որո՞նք են քեզ ամենաշատը դուր գալիս և ինչու՞։
- Ես սիրում եմ իր բոլոր երգերը. դրանցից յուրաքանչյուրն ինձ համար առանձնահատուկ է, դրանցից յուրաքանչյուրը կյանքիս մի հատվածի հետ է կապված։ Դրանք երգեր են, որ չեն ծերանում, չեն մահանում։ Նորերից սիրում եմ «No Me Arrepiento De Este Amor»-ը, «Corazon Valiente-ն, «Fuiste»-ն, «Se Me Ha Perdido Un Corazօn»-ը, «United by Love»-ը և այլն։ Այս երգերն ինձ տալիս են էներգիա, յուրահատուկ զգացողություններ, որոնք ստիպում են մտածել միայն լավ բաների մասին, սիրո մասին՝ առաջացնելով բարի զգացողություններ։ Իմ սիրած հեռուստասերիալներից են` «Վայրի Հրեշտակը» (Muneca Brava), «Դու Իմ Կյանքն ես» (Sos Mi Vida), «Կաչոռռան» (Kachorra)։ Ֆիլմերից` «Խելագարը», «Ջիլդան»։ Սիրում եմ իր հեռուստասերիալներն ու ֆիլմերը քանի որ դրանք իմաստավոր են, շատերը՝ ուսուցողական։ Ինձ դուր են գալիս իր մարմնավորած կերպարները. Օրեյրոն մեծ պատասխանատվությամբ է մոտենում իրեն առաջարկվող ցանկացած դերի և նախագծի ընտրությանը։ Նա շատ տաղանդավոր դերասանուհի և երգչուհի է: Հիանալի խաղում է թե՛ կատակերգական ժանրում, թե՛ դրամայում; կատարում է տարբեր ոճի երգեր։ Քիչ է պատահում, որ մի մարդու հաջողվի կատարելության հասցնել այն, ինչն իր մասնագիտությունն է կոչում՝ չվախենալով ոչ մի տեսակի ստեղծագործական փորձարկումներից։
- Նատալյան արդեն 18 տարի շարունակ համերգներով հանդես է գալիս նաև Ռուսաստանում։ Երբևէ ներկա գտնվե՞լ ես նրա համերգներից մեկին, հաջողվե՞լ է հանդիպել նրան։
- Ոչ, ցավոք, ես երբեք չեմ ունեցել նման հնարավորություն։
- Գիտեմ, որ առաջիններից ես գնել Օրեյրոյի՝ ապրիլի 7-ին Կ.Դեմիրջյանի անվան մարզահամերգային համաիրում կայանալիք հայաստանյան մեծ համերգի տոմսերը։ Ի՞նչ սպասումներ ունես համերգից։
- Նատալյան պերֆեկցիոնիստ է. նա 100% աշխատում է բեմի վրա, նրա համերգներն անցնում են մեկ ակնթարթի նման (ինձ այս մասին վստահեցնում են իմ բոլոր ընկերները, ում հաջողվել է այնտեղ ներկա գտնվել)։ Մենք՝ հայերս, ջերմ ազգ ենք, հյուրընկալ: Համոզված եմ, որ համերգը կանցնի շատ դինամիկ՝ ուրախ ու մտերմիկ մթնոլորտում։ Նատալյան ինքն էլ ջերմ մարդ է, կարծում եմ, միանգամից կզգա մեր ջերմությունն ու սերը և լավ տպավորություններով կհեռանա Երևանից։ Հուսամ, շուտով իր արգենտինյան հարցազրույցներում կհնչեցնի նաև մեր երկիրը, հիացած կպատմի հայերի մասին։

- Արմա՛ն, ո՞րն է այսօր քո երազանքը։
- Երազում եմ իրական կյանքում տեսնել նրան՝ Նատալյային։ Երազում եմ նաև շատ ճանապարհորդել ու լինել տարբեր երկրներում, ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին, թեկուզ մի քանի ժամով, բայց դառնալ նրանց առօրյայի մի մասնիկը։ Կարծում եմ, որ ճանապարհորդելու արդյունքում մարդը շատ է զարգանում։
Լատինոամերիկյան երգչուհու՝ երևանյան այցի շրջանակներում խոստանում ենք իրականացնել Արմանի երազանքը և անդրադառնալ նրա պատմությանը հաջորդիվ։

Զրուցեց՝ Մարիշա Շիկը
(Nid.Oragir)

No comments:

Post a Comment