Страницы

Tuesday, 26 March 2019

Նիդերլանդների հայ ուսուցիչները քննարկում են կրթական ծրագրեր



 Դեռ տարեսկզբին  Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած հայկական մշակութային և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքի  ժամանակ ի թիվս այլ հարցերի, շոշափվեց նաև Նիդերլանդների  հայկական կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական աշխատանքի գործընթացը միասնական ու  համատեղ հարթակով  կազմակերպելու  խնդիրների ու պահանջների մասին, այն  մշակելու,  ընդգրկելու նոր համապարփակ կրթական, միասնական ծրագրում: Այդ ժամանակ  Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչության ներկայացուցիչները առաջարկեցին կազմակերպել կլոր սեղան, այս  հարցերը քննարկելու համար` հնարավորություն տալով Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների բոլոր հետաքրքրված ուսուցիչներին ու մանկավարժներին իրենց մտքերն ու մտահոգությունները փոխանակելու գործնական և ընկերական շրջապատում: Որպես հանդիպման հարթակ  էլ առաջարկվեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահը: Առաջարկը պատրաստակամությամբ ընդունվեց հանդիպմանը ներկա Հոլանդահայ համայնքների ներկայացուցիչների կողմից:Հանդիպում կազմակերպելու առաջարկին արձագանքեցին Նիդերլանդների գրեթե բոլոր հայկական դպրոցները:

Եվ ահա Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահում,  օրերս  տեղի  ունեցավ  մանկավարժ-գործընկերների սպասված հանդիպումը, որին  մասնակցելու  էին եկել Ալմելոից, Հաագայից, Էյնդհովենից, Նայմեխենից, Դեն Բոսից, Դորդրեխտից: Ավելի, քան վեց ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին գործնական, աշխատանքային  փորձի փոխանակման, ուսուցողական  ծրագրերին և այլ թեմաներին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակումն անցավ ջերմ ու  ընկերական, անկաշկանդ մթնոլորտում: Երկրի  տարբեր վայրերից ժամանած հայ ուսուցիչների միմյանց աշխատանքային  փորձին ծանոթանալն ու ներանձնային շփումները, նաև փորձառու  ուսուցիչների  հետ մտքերի փոխանակումը` նոր  ու  բովանդակալից քննարկումների  հիմք հանդիսացան: Ցավոտ հարց է, որ սփյուռքի դպրոցները չունեն միասնական ուսուցման համապարփակ ծրագիր ու լավ է, որ մեր ուսուցիչները ինքնուրույն կարողանում են ելք որոնել:

Հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել երկու աշխատանքային խումբ՝ Նիդերլանդներում արդեն մի քանի տարի գործող մեկօրյա հայկական դպրոցների համագործակցության զգալի լայնացված հարթակի ներքո: Աշխատախմբերը կմշակեն Հայոց լեզվի դասավանդման երկփուլային միասնական ծրագիր, այն աստիճանաբար կփորձարկվի դպոցներում: Մանկավարժները գիտակցում են  որ այս գործընթացը  ժամանակատար է ու  շատ ջանք կպահանջվի , ուստի տրամադրված են համբերությամբ ու հաստատակամությամբ` հույսով, որ  այն հաջողությամբ է պսակվելու: Որոշվեց նաև նման հանդիպումներ կազմակերպել պարբերաբար, առնվազն տարին մեկ անգամ:











No comments:

Post a Comment