Страницы

Wednesday, 20 February 2019

Երբ առկա է միասնության ու համագործակցության ոգին

 «Նիդերլանդական օրագրի» հյուրերն էին  Հաագայի Աբովյան մշակութային միության և հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը և  նույն կազմակերպությունների քարտուղար Ինգա Դրոստը:


Հաճախ ջերմ, սրտաբուխ ու անմիջական հանդիպումից հետո լավ մտքեր, առաջարկություններ ու մտահաղացումներ են ծնվում: Շատ գովելի է, երբ հայկական համայնքի անդամներն այցելում են միմյանց,  ծանոթանում  աշխատանքային ծրագրերին, անկաշկանդ զրուցում , քննարկում արված ու կատարվելիք գործերը, ամենատարբեր թեմաների շուրջ հարցեր ու խնդիրներ առաջադրում, կամ էլ այս տիպի հարցերը քննարկելուն զուգընթաց զբոսնում ու լավ ժամանակ անցկացնում:

 Նման պարագայում համագործակցության ու միասնության ոգին բարի ու դրական պտուղներ է տալիս` նոր գործերի սկիզբ դառնում: Օրերս «Նիդերլանդական օրագրի» հյուրերն էին նիդերլանդահայ համայնքի ակտիվ անդամներ, ամուսիններ`
Հաագայի Աբովյան մշակութային միության և հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգա Դրոստը, և նույն կազմակերպությունների նախագահ Մաթո Հախվերդյանը: Բավական է ասել, որ Մաթո Հախվերդյանի ղեկավարած Աբովյան մշակութային միությունը Հոլանդիայի ամենահին ու երկարակյաց կազմակերպությունն է, որի գոյությունը չափվում է շուրջ երեքուկես տասնամյակով: Ինգա Դրոստին Էլ թեև բոլորն են ճանաչում, բայց քչերը գիտեն, որ նրա անմիջական ջանքերի և կապերի շնորհիվ  2004 թ. Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Այս բանաձևի քննարկման և ընդունման ժամանակ Ինգան և Մաթոն հայկական կողմի միակ ներկայացուցիչներն էին,  որ խորհրդարանի հանդիսատեսների
պատշգամբից անմիջականորեն հետևում էին քվեարկությանը: 
Հավելենք, որ  ևս մեկ անգամ`2018թ. Նիդերլանդների խորհրդարանը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը:
Ինգա Դրոստի դերը նմանատիպ աշխատանքներում մեծ է: Մասնագիտությամբ լինելով իրավաբան, նա անչափ կարևոր օղակ է հայ համայնքի, մյուս կողմից էլ նիդերլանդական իշխա-նությունների և հասարակական կազմակերպությունների
 միջև։
 «Նիդերլանդական օրագիրը» բաց լրատվական դաշտ է նիդերլանդահայ բոլոր կառույցների  համար, պատրաստակամ է բոլորի հետ ակտիվ համագործակցություն ապահովելու, հանդես գալու հավաստի լրատվությամբ, քննարկելու կատարված ապագա գործերն ու ծրագրերը:
Այդ տեսակետից «Նիդերլանդական օրագրի» հետ բավական սերտ ու արդյունավետ են համագործակցում վերոհիշյալ կազմակերպությունները, փոխկապակցված ձևով օգնում, սատարում միմյանց: Նման փոխվստահությունը և արդյունավետ համագործակցություն հաստատելու եզրերը արդեն տարիների պատմություն ունեն: Դա նպաստում է համայնքի միասնությանն ու նպատակասլաց գործունեությանը: Հատկապես Աբովյան մշակութային միությունը առաջնորդվում է նախօրոք կազմված հստակ տարեկան ծրագրով, որով էլ իրագործվում, կյանքի են կոչվում շատ նախագծեր:

«Նիդերլանդական օրագրի» աշխատատեղում Մաթո Հախվերդյանին, Ինգա Դրոստին և «նիդերլանդական օրագրի» խմբագրին  շուտով միացան նույն լրատվամիջոցի թղթակից Դարիո Կրամերը (Դավո Պողոսյան),  որը ՈՒտրեխտից է և աչքի է ընկնում հայ համայնքի տարբեր հասարակական աշխատանքներում և Dear Angel կազմակերպության հիմնադիր-տնօրեն Փերի կնյազյանը, ով իր կարողությունների չափով ֆինանսապես կարողանում է աջակցել մեր լրատվամիջոցին և օգնության ձեռք մեկնել Հայաստանի անապահով երեխաների մի խմբի:

Սուրճի սեղանի շուրջ ծավալվում է հաճելի, մտերմիկ զրույց հայ համայնքային կյանքի, Հայաստանի ներքաղաքական վիճակի և առհասարակ նիդերլանդահայ կյանքին վերաբերվող տարբեր հարցերի շուրջ: Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես միասնական համագործակցության արդյունքում` ճեղքվեց թուրք-ադրբեջանական արհեստական մենաշնորհի պատնեշը, «Նիդերլանդական օրագրի» թղթակիցը կարողացավ հայտնվել դատարանում և ողջ հայ հանրությանը ներկայացնել ազգայնամոլ Իլհան Աշկինի դատավարությունը: Սահմանափակ ժամանակամիջոցում Ինգա Դրոստին և Մաթո Հախվերդյանին հաջողվեց միջամտել ձեռք բերելու տեսանկարահանման իրավունքը: Մինչ այդ պատճառաբանվում էր, որ սահմանափակ տարածքում երկու տեսախցիկներից ավել չեն կարող աշխատել: Մինչդեռ հիշյալ երկու տեսախցիկներն ապահովում էին մեկը` Թուրքիայի, և մյուսը Ադրբեջանի լրատվամիջոցները: Մաթո Հախվերդյանը և Ինգա Դրոստը այսուհետ ևս պատրաստակամություն հայտնեցին, իրենց ուժերի ու գիտելիքների ներածին չափով օգտակար լինել «Նիդերլանդական օրագրին» ամենատարբեր հարցերում:

Այնուհետև հյուրերը կարճ շրջագայություն կատարեցին`ծանոթանալով Նիդերլանդների հարավային Zeeuws-Vlaanderen տարածաշրջանի մի քանի վայրերին: Նրանք եղան Զելանդի մարզի ամենահին բնակավայրում` Արդենբուրգում: Այնտեղ մարդիկ են բնակվել սկսած քարե դարից, բնակավայրը ծառայել է բերդ ամրոց, միջնադարում էլ եղել է Ֆլամանդական 17 քաղաքներից մեկը: Այժմ մտնում է Sluis-ի վարչատարածքային կազմի մեջ, որտեղ բնակվում է մոտ 2500 մարդ: Այստեղ 959 թ հիմնվել է Sint-Bavokerk եկեղեցին, այն մի քանի անգամ ավերվել և վերականգնվել է:
Հետաքրքիր էր այստեղ դիտել մի ցուցանակ, որտեղ ռուսերենով և նիդերլանդերենով գրված էր Պուշկինի Աննե Կերնին նվիրված սիրո «К***» հայտնի բանաստեղծությունը: Ռուսական էլի հետք կա Sluis համայնքի Քազանդ բնակավայրին մոտ` որտեղ այցելեցին մեր հյուրերը: Այստեղ` ծովից քիչ հեռու, հնամենի մի շինություն-կացարան կա , որը ծառայել է ռուսական ցարի ընտանիքին: Մի քանի տարի առաջ դեռ տան պատին փակցված էր`«Ռոմանովների ամառանոց» ցուցանակը: Հետո այն  ռուսական եկեղեցի է ծառայել: Բոլշևիկների իշխանության գալուց հետո պետությունն այն օտարել է  գերմանացի  մի ընտանիքի: Տանտերերը, որ հազվադեպ են այստեղ լինում, պահպանել են ռուսական իրերն ու խորհրդանշանները:
 Այնուհետև հյուրերն այցելեցին ծովափնյա զբոսաշրջային Քազանդ Բադ քաղաք, որից հետո եղան Խրուդե գյուղում: Հիսունական թվականների ջրհեղեղից ամենաշատ տուժված վայրերից է, որտեղ հազարավոր մարդիկ են զոհվել ու անօդևան մնացել: Այս գյուղի մոտակայքում պահպանվում են համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներից, ֆաշիստական Գերմանիայի հրամանատարական անձնակազմի համար կառուցված երկաթբետոնյա բունկերները: Այն հենակետ է ծառայել ռմբակոծելու Անգլիան: Պահպանելով հաստափոր այս շինությունները` տեղի քաղաքապետարանը այն դարձրել է երեխաների զբոսատեղի: Այն գրավիչ կանաչ տարածք է, որտեղ կա խաղահրապարակ, կարելի էր տեսնել կենդանիների` նաև որպես ուղեկից գեղեցիկ սիրամարգերի, որոնք սիրում էին լուսանկարվել:
Նման փոխայցելություններն ու համագործակցության եզրեր որոնելը միայն ու միայն նպաստում են համայնքների միջև ակտիվ գործակցության ու ամուր կապերի հաստատմանը:

 Իսկ միասնության ոգին պահպանելը այսօր առավել քան երբեք կարևոր են մեզ: Թեև ադրբեջանական քարոզչամեքենան անցած տարիներին պետական մակարդակով Նիդերլանդներում բավականին գումարներ է ծախսել, մասնավորապես լավ կայք
պահելու,  կինոլուսանկարահանման սարքավորումներ ունենալու վրա` միևնույն է  ընկրկում են հայ ոգու և միասնության առջև: 

Ադրբեջանցիները թվաքանակով 4-րդն են, որ հետևում են մեր ֆեյսբուքյան էջին:

Նման «խանդը»  հետևանք է Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների (SAO) համերաշխության  ու ակտիվ  գործունեության:

 «Նիդերլանդական օրագիր»












Aardenburg, 

 Sint-Bavokerk և երկու լեզուներով գրված Պուշկինի Աննե Կերնին նվիրված սիրո «К***» հայտնի բանաստեղծության ցուցատախտակը:





Sluis համայնքի  Cadzand  Քադզանդ բնակավայրին մոտ գտնվող այս կացարանը ծառայել է ռուսական ցարի ընտանիքին: Այստեղ հիշատակվում է նաև Գրիգորի Ռասպուտինի անունը: Նա հայտնի է եղել որպես ցարական ընտանիքի մտերիմ  բարեկամ:




 Sluis համայնքի Cadzand-Bad ծովափնյա   բնակավայրը






Groede: ֆաշիստական Գերմանիայի հրամանատարական անձնակազմի համար կառուցված երկաթբետոնյա բունկերներից մեկը: Այն  հիմա երեխաների  զբոսայգի ու ժամանցային խաղերի վայր է:

No comments:

Post a Comment