Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին առաջին հայկական աղոթատեղին չէր Ալմելոյի հայերի համար։ Մինչ եկեղեցու կառուցումը տեղի հայերը 1992 թվականից աղոթքների էին մասնակցում և պատարագներ մատուցում մի հին դպրոցում, որ ձևափոխել, օծել և դարձրել էին եկեղեցի:
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնադրել են Ալմելոյի հայերը, որոնք իրենց ընտանիքներով հաստատվել են Ալմելոյում 1966 թվականից ։ Եկեղեցու շինարարությունն ու հիմնարկեքը սկսել են 2003 թվականի մայիսից և ավարտին հասցրել ու օծել 2003 թվականի նոյեմբերի 29-ին` ձեռամբ Տեր Գյուտ Արքեպիսկոպոս Նագաշյանի, Հոգևոր հովվությամբ`Տեր Խաչատուր Ավագ քհնյ. Ֆրանգյանի:
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր ճարտարապետությամբ նման է հայ ավանդական եկեղեցիներին ։ Եկեղեցուն կից կառուցված է նաև Գալուստ Գյուլբեկյանի անունը կրող միջոցառումների սրահ: Եկեղեցու բակում կա Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված երկու հուշարձան, առաջինը հիմնադրվել է 2003 թվականին 1 խաչքարով, երկրորդը՝ 2014 թվականին, Հայաստանից բերված 16 խաչքարերով:
Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշհամալիրի մուտքի հուշաքարը |
2003 թ. նոյեմբերի 29-ից ցայսօր Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր տանիքի ներքո է հավաքում օտար հողում ապրող իր զավակներին: Ալմելոյում և շրջակայքում այսօր ապրում են շուրջ 6000 հայեր։
Սույն թվականի հունվարի 4-7-ը Ալմելո այցելեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում՝ Հռոմի Սուրբ Աթոռում Հայաստանյաց եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը: Այդ մասին ջերմորեն արձագանքեց սփյուռքի հայ մամուլը:
Լուսանկարում` ձախից Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը |
Գերաշնորհի այցն ընթացավ հագեցած օրակարգով և օգտակար հանդիպումներով:
Հունվարի 4-ին Խաժակ Սրբազանը հանդիպում ունեցավ Ալմելոյի եկեղեցական խորհրդի և Հոլանդիայի տարբեր քաղաքներում գործող հայ եկեղեցական համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը տեղեկացավ տարբեր համայնքներում ծավալվող գործունեությունների, ձեռքբերումների, հաջողությունների, ծրագրերի ու մարտահրավերների մասին և հույս հայտնեց, որ առաջիկայում առավել կազմակերպված և միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել մեր եկեղեցու դեմ ծառացած դժվարություններն ու նորանոր հաջողություններ կգրանցենք եկեղեցական մեր կյանքում` ի փառս մեր ժողովրդի, մեր պետության և Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու:
Հունվարի 4-ի երեկոյան Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Գալուստ Գյուլբեկյան սրահում Սրբազան Հորը ողջունեցին և բարի գալուստի խոսքեր ասացին Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Ծխական Խորհրդի ատենապետը և Հոգևոր հովիվը (Տեր Մաշտոց քհնյ. Բաղդասարյան, ատենապետ՝ Օնիկ Գելիջի), որից անմիջապես հետո եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոցի» անվան կիրակնօրյա դպրոցի սաները բեմադրեցին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան հանդեսը (տնօրեն՝ Սվետլանա Անդրեսյան): Իրենց գեղեցիկ երգեցողությամբ երեկոն առավել գեղեցկացրին եկեղեցու «Գեղարդ» երգչախումբը (խմբավար՝ Նելլի Արմենյան): Միջոցառմանը ներկա էր նաև եկեղեցու հովանու ներքո գործող «Զարթոնք» պարային համույթը, որի սաները կատարեցին հայկական գեղեցիկ պարերի շարան (պարուսույց՝ Լիլիթ Եղիազարյան): Միջոցառումը ավարտվեց հաճելի և համեղ ճաշկերույթով,որին ներկա էին վերոնշյալ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև սարկավագաց ու դպրաց դասերը, եկեղեցու կամավորների խումբը և Հայոց Ցեղասպանության Հուշարձանի պահպանման կոմիտեի անդամները: Երեկոյի սիրո սեղանի համեղ ուտեստները պատրաստել էր եկեղեցու Տիկնանց միությունը: Երեկոյի ավարտին Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին և հորդորեց շարունակել միասնական ջանքերով առաջ տանել հայապահպանության և եկեղեցաշինության նվիրական գործը:
Հունվար 5-ին Սրբազան Հայրը Ալմելոյի Ծխական Խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջիի ուղեկցությամբ այցելեց և իր օրհնությունը տվեց Ալմելոյում առաջինը հաստատված հայ ընտանիքներից ոմանց:
Լուսանկարում` Ալմելոյի Ծխական Խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջին (աջից առաջինը) Գերաշնորհ տերերի և հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քհնյ. Բաղդասարյանի հետ: |
Պատարագին ներկա էր և իր խոսքն ասաց Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանը |
Հունվարի 5-ին ժամը 17:00-ին Սրբազան Հայրը մասնակցեց Սբ. Ծննդյան Ճրագալույցի Սբ. Պատարագին, որին ներկա էր նաև Նիդերլանդներում ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Պողիկարպոս Արքեպիսկոպոսը: Պատարագը մատուցեց Ալմելոյի Հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քհնյ. Բաղդասարյանը: Պատարագին ներկա էր նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանը: Պատարագին ներկա էին հարյուրավոր հայ հավատացյալներ, որը մեծ ուրախություն պատճառեց Սրբազան Հորը:
Նույն օրը երեկոյան՝ պատարագից հետո Խաժակ Սրբազանը հանդիպում և ճաշկերույթ ունեցավ Ալմելոյի եկեղեցական խորհրդի ներկա և նախկին անդամների, Գերաշնորհ Պողիկարպոս Արքեպիսկոպոսի, ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանի, Տեր Խաչատուր Ավագ քհնյ. Ֆրանգյանի, Տեր Մաշտոց քհնյ. Բաղդասարյանի և Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը և զարգացմանը նպաստած տասնյակ հայորդիների հետ:
Հունվար 6-ին Սրբազան Հայրը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տօնին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում : Որպես առընթերական Գերաշնորհ Սրբազան Հորը սպասավորեց Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մաշտոց քհնյ. Բաղդասարյանը: Հավարտ պատարագի Սրբազան Հայրը կատարեց նաև Ջրօրհնյաց արարողություն: Երկու օրերի Սուրբ Պատարագներին Տիրոջ Սուրբ Ծննդյան Ավետիսին հաղորդ եղան շուրջ 3 հազար հավատացյալ հայորդիներ:
Ալմելոյում տեղի ունեցող միջոցառումներին արձագանքեց սփյուռքի մամուլը: Մի ամբող էջ լուսաբանմանբ հանդես եկավ «Պայքար» շաբաթաթերթը, որն ի դեպ համագործակցում է «Նիդերլանդական օրագրի» հետ: |
Մեծ էր եկեղեցու հավատացյալների ուրախությունն ու ոգևորությունը Գերաշնորհ Խաժակ Սրբազանի հետ անմիջական շփման, Հայրական սիրո և ուշադրության շնորհիվ:
Պատարագից հետո Սուրբ Ծննդյան ճաշկերույթը կայացավ եկեղեցուց դուրս, Սրբազան Հոր, Հայաստանի մեծարգո դեսպանի և եկեղեցու կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ՝ տոնական մթնոլորտում:
Հունվարի 6-ի երեկոյան Սրբազան Հայրը իր օրհնությունն ու Տիրոջ Սբ. Ծննդյան Ավետիսը փոխանցեց Հ.Մ.Ը.Մ. և Հ.Բ.Ը.Մ. միությունների կազմակերպած տօնական խրախճանքին ներկա հայորդիներին:
Սրբազան Հոր քառօրյա այցելությունն ավարտվեց հունվար 7-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեռելոցի հոգեհանգստյան կարգից հետո։
Սա ընդամենը Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և այնտեղ տեղի ունեցած միջոցառումների տարվա առաջին ամսվա մի քանի օրերի մասին էր: Ալմելոյի հայ համայնքի 2019 թվականի գործունեության մեկնարկը տրված է:
ՍՎԵՏԼԱՆԱ ԱՆԴՐԵՍՅԱՆ
«Հոլլանդ-Արմենիա» բարեգործական միության հիմնադիր նախագահ, թարգմանչուհի, Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն
No comments:
Post a Comment